ՍՊՈՐՏ

Ընդամենը մեկ բրոնզե մեդալ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երբեք նման անհաջող մրցելույթներ չէր ունեցել:

Անշուշտ, մենք առնվազն մեկ ոսկե մեդալ ակնկալում էինք գյումրեցի 98կգ քաշային, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից: Մինչև վերջին պահը բաց էր մնում մեր ըմբիշի մասնակցության հարցը, քանի որ Արթուրն ուներ ոտքի լուրջ վնասվածք: Ու, իմ անձնական կարծիքով, ճիշտ կլիներ, եթե նա չմեկներ Նովի Սադ և ուժերը պահպաներ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու համար: Սակայն մարզչական շտաբը գտավ, որ մեր առաջատարը կարող է հանդես գալ:

Արթուրը վստահ սկսեց որակավորման փուլը և 4-0 հաշվով առավելության հասավ լիտվացի Վիլիուս Լաուրինայտիսի նկատմամբ: 1/8 եզրափակիչ փուլում մեր օլիմպիական չեմպիոնին դիմակայեց սերբ ըմբիշ Միխեիլ Կայան, որին նույնպես մեր մարզիկը ծնկի բերեց՝ 5-1 հաշվով: 1/4 եզրափակչում Արթուրի մրցակիցը նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆն էր: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ մեր ըմբիշը դժվարություն կունենա այդ գոտեմարտում: Դիմակայությունն ավարտվեց 2-2 արդյունքով, և հաղթանակը շնորհվեց Բալդաուֆին: Ի վերջո, Արթուրը դարձավ բրոնզե մեդալակիր, քանի որ նորվեգացին կարողացավ հասնել եզրափակիչ: Ներկայացնելով մրցակցությունների արդյունքները, նշենք, որ սփոփիչ գոտեմարտում Արթուրը 4-3 հաշվով առավելության հասավ Չեխիայի պատվիրակ Արթուր Օմարովի նկատմամբ, իսկ 3-րդ տեղի համար դիմակայությունում գյումրեցի ըմբիշը 5-0 հաշվով ջախջախեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին:

130կգ քաշային կարգը ներկայացնող Վաչիկ Եղիազարյանը ևս հնարավորություն ուներ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն՝ չստացվեց: Մրցակիցը՝ ռուս Վիտալի Շչուրին, առաջին սփոփիչ գոտեմարտում 4 միավորի առավելությամբ պարտության մատնեց մեր հայրենակցին: Ցավոք, այդ օրն առավել քան անհաջող դասավորվեց նաև մեր մյուս պատվիրակների համար: 66կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում 1-3 հաշվով տանուլ տվեց թուրք Ստական Յուսելին: Նրա «օրինակին» հետևեց 59կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Վերջինս մեկնարկային գոտեմարտում 2-3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին: Անհաջողությունների շղթան շարունակվեց նաև հետագայում. 71կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը հենց մեկնարկային դիմակայությունում 1-6 հաշվով պարտվեց թուրք մարզիկ Մուրադ Դագից, իսկ 80կգ քաշային Սարգիս Քոչարյանը նույն մրցափուլում պարտվեց ուկրաինացի Դիմիտրո Պեշկովին՝ 1-2: Նրանց մրցակիցները չկարողացան հասնել եզրափակիչ ու մեր ըմբիշները զրկվեցին հետագա պայքարի հնարավորությունից:

Շատ ավելի մոտ էին մրցանակներին 75կգ քաշային գյումրեցի Կարապետ Չալյանը և 85կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Կարապետ Չալյանը որակավորման փուլում ոչ մի շանս չթողեց սերբ Վիկտոր Նեմեսին՝ 6-2: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 2-1 հաշվով հաղթեց թուրք Էմրե Կուշին: 1/4-ում մեր համաքաղաքացին 0-4 հաշվով զիջեց հունգարացի Տամաշ Լորինցին: Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում կոտրեց վրացի Ռոբերտ Կոբիաշվիլու դիմադրությունը՝ 2-1, որից հետո 2-0 հաշվով պարտության մատնեց սերբ Դեյան Ֆրանկովիչին: Ու նորից բախտորոշ դարձավ քառորդ եզրափակիչը: Այստեղ Մաքսիմը Գերմանիայի ներկայացուցիչ Ռամսի Ազիզսիրի հետ դիմակայությունում պարտվեց 1-2 հաշվով:

Եվ այսպես, մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը հայրենիք վերադարձավ ընդամենը մեկ բրոնզե մեդալով: Ցանկացած այլ ըմբիշ մեր ընտրանու կազմում կուրախանար այդ հաջողությամբ, միայն ոչ Արթուր Ալեքսանյանը: Հիմա նրան հանգիստ է պետք: Կտրվել մարզական հոգսերից ու հանգստանալ: Եթե վնասվածքը խանգարում է, նաև՝ լիովին ապաքինվել: Ակնհայտ է, որ մեր հավաքականի հույսն առաջիկա աշխարհի առաջնությունում նա է:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ