ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ըսի-ըսավ»՝ Տիգրան Վիրաբյանի հետ

Նա որոշել է թռնել տիեզերք, բացահայտել մոլորակային կյանքն ու նվերներով վերադառնալ Գյումրի, ցանկանալով զբաղեցնել Յուրի Գագարինի տեղը: Դա էլ քիչ է, ասում է, որ Մարս անունը ստացել է հայկական պատերազմի աստված Մարսի պատվին, հայկական դիցաբանությունում՝ Տիգրան: Եվ այն, որ ես տանը նստած իմ հեքիաթներն եմ պատմում Ձեզ, դա դեռ չի նշանակում, որ Տիգրան Վիրաբյանը, իսկապես, որոշել է հասնել Մարս և գրավել հայկական դիցաբանությունը:

Իսկ իրականու՞մ…

— Տիգրան Վիրաբյան դերասանը…

— Ցանկացած մարդ էլ ունի սխալվելու իրավունք ու այդ թվում նաև ես` ամենակարևորը ճիշտ ժամանակին հասկանալ: Երբ ես ընտրում էի առաջին մասնագիտությունս, հասկացա, որ այն էներգիան, որը ես ունեմ, չի կարող պարպվել բեմում, որովհետև իմ էներգիայի 27-30 տոկոսն է պարպվում բեմում: Որոշեցի զբաղվել ադմինիստրատիվ աշխատանքով, որն ինձ սկսել էր ավելի դուր գալ, և արդեն ստիպված էի վերջնական հրաժարվել թատրոնում որպես դերասան աշխատելուց: Փորձեցի ստանալ երկրորդ մասնագիտություն` արվեստի կառավարում: Ես ինձ հիմա ավելի լավ եմ զգում, քան բեմում:

— Բեմը քեզ համար…

— Բեմում ինձ ամեն ինչ շատ հետաքրքիր է, բայց բեմական մեկ ու կես ժամը, որը ես ապրում եմ` դա խոսուն է: Բեմն ունի իր ֆենոմենը և ոչ բոլորին է տրված մեկ ժամ լինել թագավոր, մեկ ժամ լինել հերոս ու գնալ այլ ժամանակաշրջան: Այս առումով շատ հետաքրքիր է, բայց, ցավոք, երևի թե թատրոնը միակ մասնագիտությունն է, որը սիրուհիներ չի սիրում` դու պետք է լինես ամբողջովին նրանը` և վերջ:

— Բավարարվել ունեցածով, թե՞…

— Գուցե ստեղծագործական առումով ես չեմ բավարարում, բայց կան պահեր, վայրեր, որոնք լրացնում են և բավարարում են ինձ ու փնտրտուքի կարիք չկա:

— Դերեր, որոնք…

— Ցանկացած դերի մեջ, որպես մարդ, քո մասնակցությունը շատ մեծ է, որովհետև, երբ կերպարը ստեղծում ես, դա ստեղծվում է քո շուրջ, իսկ կան դերեր, որոնք ասոցացվում են և հոգեհարազատ են: Իմ ամենասիրելի դերերից մեկը` «Առնետներ»-ում  հայի կերպարն էր, որը գտնում եմ հետաքրքիր տեսակ է` կռվող, մի քիչ վախեցած, բայց ամեն դեպքում իրենն ասող: Դերն ինձ ասող այնքան շերտեր ուներ, որ կարևոր էր ապրել այդ դերով: Հիմա էլ մեծ սիրով խաղում եմ այդ դերը, եթե Գյումրու դրամատիկական թատրոնն այդքան վճարունակ է (ծիծաղում է):

— Տիգրան Վիրաբյան՝ պրոդյուսեր…

— Ցանկացած աշխատանք մեծ սիրով եմ կատարում: Երբ ուսանող էի, փորձում էի ինձ համար ստեղծել ֆինանսական միջոցներ և զբաղվում էի ադմինիստրատիվ աշխատանքով, տոմսավաճառից մինչև ուսանողական միջոցառումներ: Ինչպես հիմա եմ սիրում իմ աշխատանքը որպես ղեկավար, այդպես էլ այն ժամանակ սիրում էի, որպես տոմս վաճառող: Ու, երբ դու սկսում ես քչից և ինչ-որ տեղ ես հասնում քո կյանքում, բնականաբար, ավելի կայուն ես լինում և հեշտ է դառնում անելիքդ: Հիմա, երբ հարցնում են, ինչո՞ւ է քեզ հեշտ ղեկավարել թատրոնը և ինչպե՞ս է, որ Գյումրու դրամատիկականն ամենալավն է այսօր, ես պատասխանում եմ, որ անցել եմ թատրոնում աշխատակազմի բոլոր փուլերով`ադմինիստրատորից մինչև դերասան և տնօրեն: Ես գիտեմ՝ ինչ է լինել դժգոհ դերասան, լինել բեմում աշխատող և այն խնդիրները, որոնք ունեցել եմ, փորձում եմ, որ իմ աշխատակազմն այսօր չունենա:

— Առաջին աշխատանքը…

— 2007 թվականին նոր էի վերադարձել բանակից և Գյումրու դրամատիկական թատրոնում խաղում էին «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը՝ երջանկահիշատակ Վարդուհի Վրադերեսյանի մասնակցությամբ: Այդ ներկայացման մեջ հրավիրեցի Խորեն Լևոնյանին, որպեսզի համատեղ անենք ներկայացումը և սրանով ազդարարվեց թատերական շարքը: Այնուհետև սկսեցի համերգային ծրագիր, որը կոչվում էր «Լեգենդները իրականում», և մենք ունեցանք Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի, Լևոն Մալխասյանի համերգները, որոնցից ստացված հասույթը տրամադրում էինք սոցիալապես անապահով ընտանիքներին:

— Դժվար չէ՞ր…

— Իմ կյանքում, որպես պրոդյուսեր կայանալուն իր «չար» գործն է արել Հրաչ Քեշիշյանը, որովհետև սովորել եմ իր կուրսում, առաջին աշխատանքները կատարել եմ իր մոտ: Դեռ «Սպանված աղավնի» ֆիլմից աշխատել և մինչ օրս մեծ սիրով համագործակցում ենք: Այսօր նաև  բախտ ունեմ ընկերություն անել նրա հետ: Այդ ճանապարհին, երբ սկսեցի ադմինիստրատիվ աշխատանքով զբաղվել, ինձ օգնեց Գյումրի քաղաքը, քանի որ, գիտեք, քաղաքը ֆենոմեն ունի: Ինչպե՞ս կարելի է մեկին զանգել, ասել՝ Վանաձորից եմ և ասել` Գյումրիից եմ, բնականաբար, ռեակցիաները տարբեր են, չվիրավորելով մյուս քաղաքներին: Երբ Գյումրիից ես, դա արդեն առավելություն է:

— Տիգրան Վիրաբյան տնօրենը…

— Ավելի պատասխանատու է քո աշխատանքը, երբ քեզ վստահում է աշխատակազմը և բարձր ատյաններում ասում են, որ այս մարդը կանի լավագույնը: Երբ քեզ համար զանգահարում և ասում են, թե ինչ-որ մեկի հորեղբոր տղան ես, միանշանակ, դա ավելի հեշտ է, որովհետև հորեղբոր մեկ զանգից հետո լուծվում են քո հարցերը: Բայց, երբ քեզ սատարում է 150 տարվա մեծ պատմություն ունեցող թատրոնի անձնակազմը, երբ քեզ վստահում են Անահիտ Քոչարյան, Ռազմիկ Բադալյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սուսաննա Բաղդասարյան և մի շարք այլ արտիստներ, բնականաբար, պատասխանատվության զգացումն էլ ավելի է մեծանում, որովհետև նախ խնդիր ունես ինքդ սևերես չլինելու, հետո` իրենց սևերես չթողնելու: Ինձ համար շատ կարևոր է, թե քաղաքն ինչքան է կապվել թատրոնին, թե՛ Հայաստանն ինչքան է կապվել Գյումրու թատրոնի հետ: Մենք անցյալ տարի ունեցել ենք 42 հազար հանդիսատես, իսկ դա նշանակում է, որ այս մարզում յուրաքանչյուր երկրորդն եկել է թատրոն:




— Երևա՞ն, թե՞ Գյումրի…

— Բնականաբար, ոտքերը պահելով Գյումրիում, աշխատել Երևանում, որովհետև, ամեն դեպքում, մենք այստեղից ենք սնուցվում: Այն էներգիան, որ տալիս է Գյումրին, նաև ռեալիզացնում ենք մայրաքաղաքում: Չի՛ կարելի մայրաքաղաքից կտրվել, դա գյուղական կոմպլեքս է` մերժել մայրաքաղաքին և բավարարվել ունեցածով:

— Սիրելի վայր Գյումրիում…

— Երբ ժամանակ է լինում, սիրում եմ Ռիժկովի փողոցով քայլել՝ մինչև Ամենափրկիչ եկեղեցի և վերադառնալ՝ Յոթ վերքով, Ալեքսանդրովսկի: Ինձ մոտ Գյումրին ասոցացվում է այդ տարածքով և իմ ականջին միշտ հնչում է այն տեքստը, երբ ասում են. «պարտադիր իրգունը վարը կեղնիս»: «Վարը» մեծ հասկացություն է… Գյումրիում բոլորը գիտեն, որ «վարը» նշանակում է «Կինո Հոկտեմբերի» դիմաց:

— Հետաքրքրություններ…

— Միշտ ուզում եմ գնալ, դիտել այլ թատրոնների աշխատանքները, համերգային ծրագրեր, ֆիլմեր…

Զրուցեց` ՆԱԻՐԱ ԳՐԻԳԸ

Լուսանկարները` ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Պիտակներ՝