«Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, լրագրող, Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ թավշյա հեղափոխության վերաբերյալ դասախոսությունների շարքով Միացյալ Նահագներում ու Կանադայում է: ԱՄՆ-ի հայաշատ գաղթօջախներում նա ներկայացնում է հայկական հեղափոխությունը ներսից՝ ականատեսի աչքերով: «Շրջապատը» նրա հետ զրուցել է թավշյա հեղափոխության առանձնահատկությունների, այդ օրերի սփյուռքի աջակցության, Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների ու երկրի ապագայի մասին:
— Պարոն Հակոբյան, հեղափոխությունից չորս ամիս անց ինչպիսի՞ն են այսօր տրամադրություններն Հայաստանում: Այդ օրերի ոգևորության ալիքը պահպանվե՞լ է:
— Այո, ոգևորության ալիքը դեռ պահպանվում է, բայց իհարկե, դա նվազելու է, որովհետև չես կարող այդ հեղափոխական էյֆորյան անընդհատ պահել: Եվ պետք էլ չէ: Հեղափոխությունն արդեն ավարտվել է և ժամանակն է, որ կառավարությունն անցնի իր հիմնական առաքելությանը՝ Հայաստանի կառավարմանը: Սակայն Նիկոլ Փաշինյանի վերջին հանրահավաքը, երբ 100.000-ից ավել մարդ էր եկել հրապարակ, ապացույցն էր այն բանի, որ այդ էյֆորիան դեռ պահպանվում է:
— Հանրահավաքներ, հետընտրական զարգացումներ Հայաստանում շատ են եղել, բայց իշխանություններին միշտ հաջողվել է ճնշել դրանք, բռնի ուժ կիրառել, մարդկանց բանտարկել: Ինչո՞ւմն էր թավշա հեղափոխության հաջողության գրավականը, ինչո՞ւ ժողովուրդն այս անգամ հաջողեց:
— Հաջողության պատճառները մի քանիսն էին՝ առաջինը այն, որ այս հեղափոխությանը նախորդել էին Մարտի 1 և մի շարք քաղաքացիական շարժումներ, այդ թվում նաև Սասնա ծռերի ապստամբությունը: Այդ ամենը տարիների ընթացքում կուտակվել էին, և բոլոր այդ ձախորդություններն ինչ-որ դաս էին թողել: Այսօրվա հեղափոխության առաջնորդները կարողացան այդ դասերից ճիշտ օգտվել: Կային կուտակված խնդիրներ, որոնք նաև ինչ-որ իմաստով ատելի էին դարձրել իշխանություններին, և ժողովուրդը հասկացավ, որ սա հնարավորություն է ռեժիմից ազատվելու և այդ հնարավորությունն օգտագործեց:
Հաղթանակի ամենակարևոր հանգամանքներից մեկն այն էր, որ այս անգամ պայքարը ցանցային էր, լոկալ չէր, ամբողջ Հայաստանն էր ոտքի կանգնել, բոլորն իրենց զգում էին իրադարձության մասնակից: Շատ կարևոր էր, որ հեղափոխությունն այս անգամ ներառել էր ոչ միայն միջին տարիքի սերնդին, այլեւ երիտասարդությանը: Այս անգամ հիմնականում փողոց էին դուրս եկել 18-20 տարեկան երիտասարդներ, այդ թվում՝ շատ աղջիկներ, և դա նոր շունչ էր հաղորդում շարժմանը: Պատճառներից էր նաև առաջնորդի խարիզմա ունենալը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, արդարության պակասը… Բազմաթիվ գործոններ կային, որոնք, ի վերջո, բերեցին այս հեղափոխության հաջողության:
— Սփյուռքը ևս շատ ակտիվ էր հեղափոխության օրերին: Ի՞նչ եք կարծում, սփյուռքի աջակցությունը՝ թե՛ նյութական, թե՛ ֆիզիկական առումով, հեղափոխությանն ինչ—որ չափով օգնե՞ց:
— Ես չէի կարևորի նյութական աջակցությունը, եթե անգամ եղել են որոշակի նվիրատվություններ, բայց շատ կարևոր էր այն, որ ռեժիմը հասկացավ, որ իրենց դեմ է ոչ միայն Հայաստանը, այլև սփյուռքը: Իշխանությունները տեսնում էին, որ հեղափոխությունը համահայկական ընդգրկում ունի: Սա հոգեբանորեն աշխատում էր ընդդեմ իշխանությունների և օգուտ Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության: Իհարկե, սփյուռքի աջակցությունն այս առումով շատ կարևոր էր, որովհետեև հայաստանյան իշխանությունները միշտ աջակցություն են փնտրել դրսում ու նաև սփյուռքի շրջանակներում: Այս անգամ նրանք այդ աջակցությունը չգտան ոչ օտար երկրների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ոչ էլ սփյուռքի:
— Հայաստանն այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության հարցերում: Երկրի հետագա զարգացման գործում սփյուռքն ունի՞ իր դերակատարությունը:
— Միանշանակ ունի, ընդ որում՝ դերակատարություն ունի և՛ ավանդական սփյուռքը, և՛ նոր սփյուռքը, և՛ ՀՀ քաղաքացիները: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագայի մեջ այս հեղափոխության հարցում յուրաքանչյուրն իրեն իր չափով պետք է զգա Նիկոլ Փաշինյան, որպեսզի մենք կարողանանք հաջողություն ունենալ: Ես կարծում եմ՝ սփյուռքը ունի շատ մեծ ներուժ, և այդ ներուժը պետք է օգտագործել, բայց պետք է վերջ տալ նախկին տարիների մտածելակերպին, որ սփյուռքը բանկոմատ է, որից կարելի է միայն փող քաշել: Դա չաշխատող, պատիվ չբերող ձև է: Այո, սփյուռքը պետք է նաև ֆինանսապես օգնի, որովհետեւ սփյուռքում կա գումար, բայց այդ գումարները պետք է ծառայեցնել այնպես, որ և՛ սփյուռքահայի համար, և՛ պետության համար շահավետ լինի: Այսինքն՝ պետք է գտնել մոդել, որպեսզի սփյուռքահայը կարողանա իր գումարը աշխատեցնել ու գումար աշխատել իր հայրենիքում: Պետք է բոլորն իրենց պատկերացնեն այս հեղափոխության դերակատար մաս և աջակից:
— Որո՞նք են այն առաջնահերթությունները, որտեղի՞ց նոր կառավարությունը պիտի սկսի փոփոխությունների մեծ գործընթացը:
— Ամենագլխավորը կոռուպցիան կազմաքանդելն է՝ հասցնելով զրոյի: Կաշառակերություն միշտ էլ կլինի, բայց ես խոսում եմ համակարգված կոռուպցիայի մասին, երբ իշխանություններն են դրա հովանավորողը: Երկրորդ՝ դատական համակարգը, իրոք, պետք է դառնա անկախ, որովհետև դատական համակարգի անկախությունը նաև ներդրումներ է բերելու: Քանի դեռ դատական համակարգը անկախ չէ, դրսի ներդրողները չեն վստահելու պետությանը, ինչքան էլ այդ պետության առաջնորդները ասեն՝ եկեք, ներդրում արեք: Շատ կարևոր է նաև մենաշնորհների վերացումը: Եվ, իհարկե, պետք է ռեֆորմներ իրականացնել կրթության, առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներում:
— Մոտ ապագայում այս փոփոխություններն իրատեսական համարո՞ւմ եք:
— Մոտ ապագայում ես տեսնում եմ լուրջ դժվարություններ, Հայաստանում կյանքը կարող է մի քիչ էլ դժվարանա, բայց սա մի ճանապարհ է, որ բոլորս պետք է հաղթահարենք: Հայաստանը խրոնիկ հիվանդություն ունի, և այդ հիվանդությունը բուժելու ճանապարհը վիրահատությունն է: Սա լավ առիթ է, որ վիրահատվենք, մի քիչ ցավոտ է լինելու, բայց պետք է դիմանալ, որպեսզի առողջանանք, այլապես մենք կնմանվենք մի օրգանիզմի, որի մեջ բուն է դրել չարորակ ուռուցքը և ամեն օր մեզ մաշում, տանում է: Մեզ պետք է վիրահատություն: Հուսով եմ, դրանից հետո կունենանք լավ Հայաստան:
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լոս Անջելես-Գյումրի