ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Թեկուզ 4 տարի, բայց թող Գյումրին դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգություն

Օգոստոսի 21-ին Գյումրիում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները: Նրանք ուսումնասիրել են Գյումրիի ճարտարապետությունը, պատմական կառույցները, նաև հետաքրքրվել են շենքերի սեյսմակայունությամբ։

— Մենք սպասում էինք Ձեր այցին,- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին ողջունելուց հետո ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,- որովհետև գիտեմ, որ եկել եք՝ քաղաքն ուսումնասիրելու: Սպասողական է մեր վիճակը, որ տեսնենք, ինչ եզրակացություն կկազմեք… Չգիտեմ, արդեն ծանոթացե՞լ եք քաղաքին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ, պատմական կառույցների սեյսմիկ անվտանգության հարցերի մասնագետ Անդրեա Ջիաննանտոնին ընդգծեց իրենց այցի նպատակը. «Իմ աշխատանքը կապված է սեյսմիկ անվտանգության և արտակարգ իրավիճակների դեպքերում կանխարգելման միջոցառումների հետ: Իսկ պարոն Ջիովաննի Բոկկարդին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավարն է: Մի քանի ամիս առաջ Հայաստանի դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մոտեցավ ինձ և խնդրեց օգնել ուսումնասիրել Հայաստանի պատմամշակութային ժառանգություն ներկայացնող շենք-շինությունների պաշտպանությունը երկրաշարժերից: Մեր պատասխանը Ձեր դեսպանին այն էր, որ մենք կգանք և կուսումնասիրենք, թե ինչ խնդիրներ կան և ինչ հնարավորություններ կան` այդ  ռիսկերի նվազեցման միջոցառումներն իրականացնելու համար»:

Քաղաքապետը մի փոքր շփոթվեց ու ճշտելու համար հարցրեց, թե վերջիններս եկել են, որ ուսումնասիրեն ռիսկե՞րը, թե՞ որպես Գյումրին պատմամշակութային ժառանգության կրող քաղաք, ընդգրկեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Պատվիրակները բացատրեցին, որ կա երկու բաղադրիչ՝ առաջին հերթին սեյսմիկ անվտանգության ապահովումն է, երկրորդը՝ պատմամշակութային ժառանգության գնահատումն է: Ինչին քաղաքապետն արձագանքեց, որ իր համար շատ կարևոր է պատմական շենքերին գնահատական տալը, որովհետև պատվիրակներին սպասելը հենց դրա հետ էր կապված. «Մենք ունենք պատմական քաղաք, պատմական շենքեր, «Կումայրի արգելոց», և Հայաստանի Հանրապետությունում Գյումրին յուրահատուկ քաղաք է, ու կուզենայինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանկ ընդգրկի` որպես պատմական քաղաք: Իհարկե, սեյսմիկ անվտանգությունը հաշվարկելը, ռիսկերը ուսումնասիրելը ևս շատ կարևոր է»:

Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպել էր կազմակերպության գլխավոր տնօրենի հետ և ցանկություն հայտնել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությունը, պատմաճարտարապետական արժեքավոր շինությունները, որոնց մեծ մասը վթարային վիճակում են, օժանդակեն, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ դրանք պահպանվեն ու վերականգնվեն:

Իսկ ավելի վաղ՝ 2012-ին, քաղաքապետը դիմում էր ներկայացրել՝ Գյումրին որպես պատմական քաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու մասին, նույն հարցով, առավել ծավալուն բովանդակությամբ դիմում էր ներկայացրել նաև  2019-ի փետրվարին:

Ջիովաննի Բոկկարդին նշեց, որ իրենք տեղյակ են այդ ամենից և ներկայացրեց, թե ինչ ընթացակարգեր են սպասվում. «Երբ որ անվանակարգային փաթեթը ներկայացվում է համաշխարհային ժառանգության կոմիտեին, ապա կից ունենում է նաև տեխնիկական փաստաթղթեր, որոնք ներկայացվում են, թե ինչպես պետությունը կամ տվյալ դեպքում` իշխանությունները պետք է հոգ տանեն պատմամշակութային ժառանգության ուղղությամբ։ Մեր այցը հենց հիմնականում կապված է դրա հետ, թե ինչպես կարելի է հուշարձանները պահպանել երկրաշարժի ռիսկերից, վտանգներից, որը շատ կարևոր բաղադրիչ կլինի անվանակարգային փաթեթի մեջ»։

Սամվել Բալասանյանը հետաքրքրվեց, թե ինչ ժամանակահատված է պահանջվում՝ այդ տեխնիկական փաստաթղթերի պատրաստման պրոցեսի համար, եզրակացության համար, անվանակարգային փաթեթի պատրաստման համար. «Մենք ունենք 1200 պատմական շենքեր, որոնք վնասված են երկրաշարժից, այլ պատճառներով»:

«Ինչպես գիտեք, կոնվենցիայի կիրարկման համար գոյություն ունի գործառնական ուղեցույց, թե ինչպես պետք է քայլ առ քայլ իրականացնեն այդ գործողությունները,- բացատրեց պատվիրակը,- քանի դեռ մենք այստեղ ենք, մենք կարող ենք առավելագույնս ներկայացնել այս ամենը՝ անվանակարգային փաթեթի կազմման հարցում: Մենք կնստենք և կքննարկենք այն»:

Քաղաքապետի հարցին, թե նրանց դուր եկե՞լ է մեր քաղաքը, հյուրերը պատասխանեցին, որ դեռ մեկ օր են քաղաքում, բավականին մեծ տպավորություններ են կազմել, կենսունակություն կա քաղաքում: Քաղաքապետն էլ կատակեց. «Այստեղ մարդիկ կան, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին են արժանի»: Պատվիրակները նշեցին, որ կա ընդհանուր 10 չափորոշիչ, բայց առաջնային 2 բաղադրիչի պետք է պատասխանել. ինչո՞ւ պետք է քաղաքը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում, ի՞նչ արժեք է իրենից ներկայացնում, պետք է համաշխարհային բացառիկ արժեք ունենա, և սա պետք է հայկական կողմը հիմնավորի:

Քաղաքապետը ևս մեկ անգամ փորձեց ներկայացնել, թե որքան հին է Գյումրին. «5000 տարվա պատմություն ունեցող տարածաշրջան է, մենք հնագիտական թանգարան ունենք, որտեղ ապացուցում ենք այս ամենը, և մենք այն կհիմնավորենք, իհարկե»: Ջիովաննի Բոկկարդին արձագանքեց. «Դա երկար գործընթաց է. յուրաքանչյուր պետություն ունի իր նախնական ցանկը, որքանով տեղյակ ենք, Գյումրին դեռ այդ ցանկում ներառված չէ, աշխատանքը պետք է սկսել հենց այստեղից: Ես չգիտեմ ինչ կարգավիճակում է գործընթացը, արդյո՞ք դուք նախապատրաստել եք անվանակարգային փաթեթը: Նախնական ցանկի համար նախատեսված ձևաչափը լրացվում է մոտավորապես 1-2 ամսում, և ներկայացվում է համաշխարհային ժառանգության կենտրոն: Դրանից հետո ընդունվում է որոշում, որ դա ընդգրկված է ՀՀ համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:  2020 թվականի փետրվարի 1-ին չեմ կարծում, որ կհասցնեք այդ անվանակարգային փաթեթը ներկայացնել, ուստի պետք է խոսել 2021 թվականի մասին: Դրանից հետո, որ կներկայացվի համաշխարհային ժառանգությանը, կսկսվի արդեն գնահատման պրոցեսը, որը 18 ամիս է տևում: Դա էլ եթե հաշվենք, կլինի 2022 թվականը»:

«Դե ինչ, թող որ պրոցեսը սկսվի: Թեկուզ 4 տարի, բայց թող Գյումրին դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքներից մեկը»,- արձագանքեց Սամվել Բալասանյանը։

Լրագրողների հետ զրույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները նշեցին, որ Գյումրիում հասցրել են լինել Ձիթողցոնց տուն-թանգարանում, ծանոթացել են գյումրեցու նիստ ու կացին, կենցաղին, շրջել են քաղաքում: «Իմ կարծիքով, Գյումրին հրաշալի քաղաք է՝ հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Մենք տպավորված ենք կոմբինացիայով՝ 19-րդ դարի կառույցներն իրենց մեջ կրում են նաև ավելի վաղ շրջանի տարրեր։ Մեզ դուր եկավ այցը Ձիթողցոնց թանգարան, որտեղ մեզ ներկայացրեցին Գյումրիի պատմությունը, մարդկանց սովորույթները, ավանդույթները, կենցաղը»,- ասաց Անդրեա Ջիաննանտոնին:

Հարցին, թե Գյումրին հավակնություններ ունի՞, հնարավո՞ր է, որ իսկապես դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, Ջիովաննի Բոկկարդին ասաց. «Բարդ հարց եք տալիս: Այս պահին կխուսափեմ որևէ պատասխան տալուց, որովհետև դեռ մեկ օր եմ Գյումրիում, բայց պետք է ասեմ, որ երբ անվանակարգային փաթեթը ներկայացվում է, որոշումը համաշխարհային ժառանգության միջկառավարական կոմիտեն է ընդունում, որը 21 անդամ ունի: Բացի դրանից ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը որոշում չի կայացնում, դա կայացնում է միջկառավարական կոմիտեն: Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ Գյումրին հարուստ է պատմամշակութային ժառանգությունով և առանձնահատկություններով»:

Պատմական կառույցների սեյսմիկ անվտանգության հարցերի մասնագետ Անդրեա Ջիաննանտոնիի կարծիքով էլ, պատմական միջուկի շենք-շինությունները լուրջ վնասվածքներ ունեն, մի քանիսն անգամ փլված են: Բայց ասաց անհանգստանալ պետք չէ: «Գյումրու պատմական միջուկն ընդհանուր կառուցվածքով լավ վիճակում է: Դա առաջին տպավորությունս է: Բայց կան նաև կառուցվածքային թույլ կողմեր: Խնդիրը հիմնականում այդ կառուցվածքային էլեմենտների կապի մեջ է: Իմ տպավորությունն այն է, որ երբ ժամանակը գա, կարողանալու ենք հեշտությամբ կարգավորել խնդիրը»: