ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Թեյի շուրջ` ջազի մասին. երազանքների պաստառից մինչեւ Իտալիա

Ամենաուշադիրը հնչող երաժշտության նկատմամբ է… ընդհատում է զրույցն ու որսում կենդանի հնչյունը, հաճելի զարմանում է սրճարանում երգչուհու առկայությունից, ժպտում ու ինձ հետը տեղափոխում Իտալիա, որտեղից նոր է վերադարձել: Խոսելիս ոգևորությունն այնքան մեծ է, որ թվում է` Բարրի Հարրիսին ես էլ եմ հանդիպել: Թեյի սուրճ զրուցում ենք թղթին գրված երազանքների, ջազի ու ճակատագրական հանդիպումների մասին: Ամեն բան ջազի նման է. ոչ ես եմ հարցեր պատրաստել, ոչ ինքն է հատուկ նախադասություններ շարադրել` ավելի լավը կամ ավելի խելացի թվալու համար… ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆՆ իսկական է, ինչպես ջազը…

Լուսինե, մեր հանդիպման առանցքում քո այցն է Իտալիա, որտեղ դասեր ես վերցրել աշխարհահռչակ ջազ դաշնակահար ու մանկավարժ Բարրի Հարրիսից: Որպեսզի ընթերցողի համար ամեն բան ավելի պարզ լինի, խնդրում եմ պատմել` ինչպե՞ս ջազի ճանապարհն հասցրեց քեզ Իտալիա:

— Բարրի Հարրիսին հանդիպելու, նրա դասերին մասնակցելու երազանք վաղուց ունեի: Նա արդեն 60 տարուց ավելի դասավանդում է, ու այդ դասերը տեղի են ունենում ոչ միայն Նյու Յորքում, որտեղ ինքն ապրում է, այլև Եվրոպայի տարբեր քաղաքներում, ամենաշատը` Հռոմում: Նա հավաքում է տարբեր ջազ երաժիշտների ու անցկացնում վարպետության դասեր: Բարրի Հարրիսի մասին ես իմացել եմ, երբ Երևանում Վահագն Հայրապետյանը հյուրընկալում էր մի երաժշտի Նյու Յորքից: Համերգի վերջում նրանք նվագեցին մի ստեղծագործություն, որ կոչվում էր «Նաշիմենտո»: Շատ հավանեցի այդ գործն ու իմացա, որ հեղինակը Բարրի Հարրիսն է: Սկսեցի շատ լսել նրան, հետևել համերգներին, ուսումնասիրել գործունեությունն ու բացահայտեցի, որ մեծ ներդրում ունի ջազային երաժշտության զարգացման գործում: Սկզբում նայեցի նրա վիդեո-դասերը, հետո հասկացա, որ ուզում եմ մասնակցել նրա վարպետության դասերին ու մեկնեցի Իտալիա:

Ես գիտեմ, որ այդ որոշմանդ ու, առհասարակ, քո ջազային կենսագրության մեջ ուղղորդիչ նշանակություն ունի Վահագն Հայրապետյանը:

— Այո, նա եղել է Բարրի Հարրիսի ուսանողն ու աշակերտը: Ինձ բախտ է վիճակվել պարապել նրա մոտ ու նա պարապել էր, փաստորեն, հենց Բարրի Հարրիսի սխեմայով:  Ես դա հասկացա, երբ գնացի Հարրիսի դասերին ու ևս մեկ անգամ բացահայտեցի, թե ինչ ահռելի գիտելիքներ է ինձ տվել Վահագն Հայրապետյանը: Ես շատ պատրաստված էի ու տեղյակ, թե այս կամ այն քայլից հետո մեզ ինչ է սպասվում, ու ես ինչ պետք է անեմ: Հարրիսի մոտ ես լիարժեքորեն հասկացա այն ամենը, ինչ ժամանակին ինձ բացատրում էր Վահագն Հայրապետյանը:

Յուրաքանչյուր նպատակ, որն այլևս իրականություն է, որպես կանոն, իր հետ բերում է դատարկության զգացողություն: Ինչպե՞ս լիցքավորվել կամ ո՞րն է հաջորդ նպատակային կետը:

— Ես կարող եմ ինձ բախտավոր մարդ համարել, որովհետև իմ երազանքներն իրականանում են: Տանը` պատին, ունեմ երազանքների պաստառ, որի վրա գրել եմ իմ երազանքները, ու այդ ցուցակում առաջինն եղել է հանդիպումը Բարրի Հարրիսի հետ, նրա դասերին մասնակցելը: Երբ շատ ես սպասում այս կամ այն բանին, անհնար է, որ ինչ-որ դատարկություն չլինի քո մեջ, բայց փրկում է այն փաստը, որ կան նոր երազանքներ ու դու պարտավոր ես ձգտել ու հասնել դրանց: Հաջորդ երազանքս՝  ուսումս Նյու Յորքում շարունակելն է: Հիմա դա անհնարին է թվում, բայց հասկացել եմ, որ, երբ շատ ես ուզում ու աշխատում դրան հասնելու համար, հնարավոր չէ, որ դա տեղի չունենա: Պետք է միշտ հստակ իմանալ` ինչ ես ուզում ու ինչ է պետք դրան հասնելու համար: Ուզում եմ դրսում սովորել ու  պարտադիր վերադառնալ` Հայաստանում դասավանդելու համար:

Ի՞նչ մնաց, ի՞նչ փոխվեց, ի՞նչը հաստատվեց կամ ժխտվեց:

— Նախ ծանոթություններ հաստատվեցին ու մնացին, ինչը շատ կարևոր է երաժշտի համար: Նրանցից շատերին գիտեի, շփվել էի համացանցի միջոցով: Ժամանակակից աշխարհում հնարավոր է ծանոթանալ, լսել, ընկերություն անել աշխարհի տարբեր անկյուններում ապրող երաժիշտների հետ, փոխանակվել ինֆորմացիայով, գրքերով, նոտաներով ու ես այդ երաժիշտների մեջ բացառություն չեմ: Բայց մեկ այլ բան է, երբ այդ երաժիշտները քեզ հետ հանդիպելուց հետո ցանկություն են հայտնում համատեղ համերգներ ունենալ, նվագել քեզ համար. հենց դա է այն ոգեշնչումը, որ ստիպում է ավելի շատ աշխատել:




Ինչպե՞ս գնահատեց Բարրի Հարրիսը Լուսինե Սարգսյանին:

— Ի զարմանս ինձ` նա լավ գնահատական տվեց ու հավանեց այն, ինչ հիմա կարողանում եմ անել: Ես հիմա ժամանակ ունեմ աշխատելու, փոխվելու ու նորից վերադառնալու: Դասընթացներն ինձ օգնել են հասկանալ, թե ինչքան բան ես գիտեմ ու ինչքան բան չգիտեմ, որովհետև, երբ դու չգիտես, քեզ թվում է` դու շատ ավելին գիտես, բայց, երբ դու գնում ես ու հասկանում ինչքան բան կա սովորելու, սկսում ես անվերջ աշխատելու ցնակությամբ լցվել:

Հայաստանն ունի՞ համապատասխան ջազային միջավայր` աշխատելու, զարգանալու համար:

— Մի փոքր բարդ հարց է: Ես այս տարի ավարտում եմ կոնսերվատորիան, բայց մեր ուսումնական կյանքում ջազն առկա չէ: Սակայն ինքնակատարելագործվելու համար միշտ հնարավոր է եղանակներ գտնել: Ինդուստրիան թեև փոքր է, բայց կա ու, եթե ուզում ես` կգտնես զարգացման հարթակ: Մենք հրաշալի երաժշիտներ ունենք, այստեղ շատ բան ենք սովորում ու ստանում: Անգամ համացանցից կարելի է շատ կարևոր դասեր հավաքել ու լցնել քո գլխի մեջ:

Քո և ջազի առաջին հանդիպումը

— Ես երգում եմ Գյումրու «Տիրամայր Հայաստան» երգչախմբում և ամեն շաբաթ-կիրակի մաեստրո Մլքեյանի հետ գալիս եմ Գյումրի: Ջազն հենց այդ ճանապարհին է բացահայտվել ինձ համար: Մաեստրոն ճանապարհին ջազ է լսում ու ես սկսել եմ ջազ լսել Երևան-Գյումրի-Երևան ճանապարհին: Հետո ինձ սկսեց հետաքրքրել նաև ջազմենների կյանքը, որովհետև պետք էր հասկանալ` ինչ կյանք են ապրել այդ մարդիկ, որ այս տեսակ երաժշտություն են ստեղծել: Միշտ, որպես օրենք, նրանք շատ ծանր և դժվար կյանք են ունենում, երգչուհիները բացառություն չեն: Մաեստրոյի եզակի ջազային նմուշները լսեցի ու սիրահարվեցի ջազին…

Ու հոգ չէ, որ դժվար է լինելու նաև քեզ համար ու «աստղային շքեղությունները» ջազերգչուհիների համար չեն:

— Այո, որովհետև, երբ դու սկսում ես, իրոք, երաժշիտ դառնալ, հասկանում ես, որ հայտնի լինելն ու երկրպագուների բանակ ունենալը չէ կարևորը: Կյանքի գերագույն երջանկությունը, որ ստանում եմ, տեղի է ունենում բեմին` բարձրակարգ երաժշիտների հետ երգելիս: Պաստառներ փողոցներում, հայտնիություն, դրանք պակաս կարևոր են ինձ համար: Ես, ուղղակի, ուզում եմ լինել կրթված ու պրոֆեսիոնալ երաժշիտ, որ պահանջված լինեմ որակյալ երաժշիտների կողմից, առաջարկներ ստանամ՝ ելույթ ունենալ նրանց հետ:

Ինչի՞ց է վախենում երազանքների հետևից գնացող աղջիկը:

— Չգիտեմ: Ես ահավոր նվիրվող մարդ եմ թե՛ գոծին, թե՛ մարդկանց, ու երևի վախենում եմ այդ նվիրվածությունը կոտրող մարդկանցից:

Ի՞նչն է պակասում մեզ:

— Պոզիտիվը: Ավելի շատ լավատեսությունն է պակասում ու կենցաղի մեջ շատ գտնվելն է խանգարում: Մենք շատ ժամանակ ենք կորցնում անտեղի բաների վրա… Դրսում շատ ռացիոնալ են վերաբերվում իրենց օրվան ու ժամանակին:

Սկզբունք, որով ապրում է ապագայի ջազանունը:

— Միշտ լինել հավասարակշության մեջ իմ խղճի հետ: Ցանկացած բան, որից հետո իմ խիղճն ինձ տանջելու է, ես չեմ կարող անել: Ես պետք է միշտ հավասարակշռության մեջ լինեմ իմ խղճի հետ:

Գյումրին քեզ համար:

— Սկզբնակետ է, որտեղ սկսել եմ զբաղվել արվեստով ու վերադարձի քաղաք է, որին ես միշտ կարոտելու եմ, ուր էլ լինեմ…

ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ