ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Ժուլիկ» Հարութիկի գերդաստանը

[vc_row][vc_column][vc_column_text]

Էրզրումից հայերի ամենամեծ ներգաղթը Գյումրի նկատվել է 1830 թվականին: Մեծ է հավանականությունը, որ կարնեցի Կարանյանները հենց այդ ժամանակ են եկել Գյումրի և հիմնվել այստեղ՝ դառնալով արդեն տոհմիկ գյումրեցիներ:

Կարանյանների գերդաստանը մեծ է եղել: Մի մասը Սլաբոդկա թաղամասում է ապրել, մյուսը՝ ներկայիս Հաղթանակի պողոտային հարող տարածքում: Այստեղ բնակություն հաստատած Կարանյանների ճյուղը Գյումրիում հայտնի է եղել ի շնորհիվ գերդաստանի ավագի՝ Ժուլիկ Հարութիկի: Բայց «Ժուլիկ» բառը, ասում են, թե այս դեպքում պետք չէ հասկանալ իրավագիտական մերօրյա իմաստով, այլ պետք է կապել նրա մասնագիտության հետ: Ժուլիկ Հարութիկ Կառանովը և նրա եղբայրները վաճառականներ էին, ռուսական կրթություն ստացած մարդիկ, իսկ ամենակրտսերը՝ սպայական կոչմամբ ծառայում էր ռուսական բանակում: Եղբայրներից միայն նա էր ամուրի, ով այդպես էլ չամուսնացավ: Մյուսները բազմազավակ ընտանիքների տեր էին և տարիների հետ 24 փողոցի վրա (այժմ՝ Սպանդարյան) գտնվող տունը նեղացել էր իրենց զավակների համար, ուստի այն թողնելով երեք քույրերին, տեղափոխվել են հարևան 26 փողոց ու գնած նոր տանը կից մասնաբաժիններ կառուցել:

Դարից երկար է ապրել ներկայիս Թումանյան փողոցի 89 տունը: Ընդարձակ բակում Կարանյանները մետաղագործական աշխատանքների համար հատկացրած տարածքներ են ունեցել: Ռուսական զորամասերից պատվերներ են ստացել: Այնպես որ, այս առումով ևս, գերդաստանն աշխատանքի պակաս չի ունեցել: Բայց աշխատանքի կարգողն էլ ու, ինչպես ասում են, համակարգողն էլ տան ավագն է եղել՝ «ուտող խմող Ժուլիկ Հարութիկը»: Հարսներն իրար կատակով ասել են. «Մեզի առավոտից գործի կդնե, ինքն էլ ոտը ոտին կգցե ու իրա նարգիլեն կքաշե»:

Որոշ տեղեկությունների համաձայն, Կարանյանները համարվել են քաղաքի հինգ մեծահարուստներից մեկը: Ունեցվածքի չափի այս ոչ պաշտոնական ցանկում անվիճելի առաջատարը եղել է Ձիթողցյանների գերդաստանը: Այն ժամանակվա մեծահարուստներին բնորոշ նախասիրությունը չէր շրջանցել նաև Կարանյաններին: Դա կրթասիրությունն էր և դրանից բխող մեկ այլ հատկանիշ՝ հարգանքը երևելի գիտնականների հանդեպ:

— Մեր պապական տան դահլիճում երեք ռոյալ և մեկ դաշնամուր կար: Երբ երեխաները ցանկություն էին ունենում նվագել, ապա ուզած պահի կարող էին՝ առանց մեկը մյուսին խանգարելու,- հիշում է Հարություն Կարանյանի թոռնուհին՝ մանկավարժ Լաուրա Գուրգենյանը,- և, ընդհանրապես, իմ բոլոր քեռիներն ու մորաքույրները ժամանակին լավագույն կրթություն են ստացել՝ «Գիմնազում» և «Կամերչեսկում»:

Իր մորից՝ Վարդիթերից տիկին Լաուրան իմացել է, որ Հարություն պապն ու նրա եղբայրը՝ Հակոբը, իրենց տան բակում թանգարան են հիմնել, որը նաև գիտական շրջաններից իր այցելուներն է ունեցել: Երևի Կարանյան եղբայրների հենց այս նախասիրությունն էլ շատ գիտնականներին՝ նրանց հետ բարեկամանալու, կապեր հաստատելու հիմք է հանդիսացել: Օրինակ՝ հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը, ով ուսումնասիրել և չափագրել է Անիի եկեղեցիները, յոթ տարի շարուանակ, որոշ ընդմիջումներով, հյուրընկալվել է Կարանյանների հարկի ներքո: Հարություն Կարանյանը պրպտող ճարտարապետին տարբեր հարցերում իր օժանդակությունն է ցուցաբերել:

Պատմական նշանակություն ունի 1913 թվականին Կարանյանների օջախում արված լուսանկարը, որում խնջույքի սեղանի շուրջ, բացի ընտանիքի անդամներից, պատկերված են Ն.Մառը, Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յա. Ստրժիգովսկին, արվեստաբան Լ.Լիսիցյանը, գրող Ատրպետը և Թ.Թորամանյանը:

— Թորամանյանն է այս հիշարժան խնջույքը լուսանկարել,- պարզաբանում է Լաուրա Գուրգենյանը,- պարզապես հետագայում իր պատկերը նա ֆոտոմոնտաժի միջոցով «տեղադրել» է այստեղ: Ընդհանրապես, Թորամանյանը շատ է կապված եղել մեր գերդաստանին, բայց ափսոս, որ իր երախտիքն հայտնելու տխուր առիթ է ունեցել: Վարսենիկ տատիս մահվանից հետո, 1911 թվականին Մարսելում տպագրված իր «Տեկորի տաճարը» գիրքը նվիրել է նրա հիշատակին:

1914 թվականի թուրքական ներխուժումներից ահաբեկված, Կարանյանների մի մասը որոշում է ապահովության համար միառժամանակ Թիֆլիս տեղափոխվել: Այնտեղից արդեն վերադարձել են ընտանիքի ոչ բոլոր անդամները: Ոմանք զոհվել էին, ոմանք էլ՝ թալանի պատճառով, զրկվել ունեցվածքից: Բայց գերդաստանն ամենամեծ հարվածը ստացել է «կուլակաթափության» տարիներին: Դրանք հուսալքության տարիներ էին և ամեն մեկը շտապել է հեռանալ քաղաքից՝ որևէ գյուղում պատսպարվել, որպեսզի կարողանա մի կերպ գլուխը պահել:
— Արաքսյա մորաքրոջս էլ, օրինակ, բաժին էր հասել երկու քույրերին ու եղբորը պահելու հոգսը,- ասում է տիկին Լաուրան:- Մորաքույրս ամուսնացել է հեղափոխական Սուրեն Սուրենյանցի հետ՝ «օժիտ տանելով» հենց իր քույրերին ու եղբորը: Մայրս, որ մեծացել է այդ տանը, երախտագիտությամբ էր հիշում այդ մարդուն:

Չնայած այս ամենին, գերդաստանի հաջորդ սերունդն հիշեցրեց իր մասին. Հայկազ Կարանյանը եղել է Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարության գլխավոր ինժեները, Գերասիմ Կարանյանը մոսկվայում ուսում առնելով, անցել է երկրաբանի աշխատանքի՝ Հեռավոր Արևելքում, Արամայիս Կարանյանը եղել է Լենինականի Տեքստիլ կոմբինատի առաջին գլխավոր ինժեները, Համազասպ Կարանյանը երգել է Թաթուլ Ալթունյանի ժողգործիքների անսամբլում…

— Ի դեպ, նա իմ հարսանիքին մասնակցել է,- իր անվանի ազգականների թվարկումն ավարտելով, հիշում է տիկին Լաուրան,- նա իր երգով ինձ նվեր մատուցեց, և դա ես երբեք չեմ մոռանա… Այնպես, ինչպես չեմ մոռանա մեր պապական տունն ու պարտեզը: Հիմա շատ բան է փոխվել: Չկա վարդերի պարտեզն ու բակի գեղեցիկ դարպասը, որ մի օր բեռնատարը մխրճվեց մեջը: Երեխաները հավաքեցին դարպասի կտորներն ու հանձնեցին որպես մետաղի ջարդոն: Իսկ հիմա ԱՄՆ-ում բնակվող Վարդանուշ մորաքրոջս որդին զանգում է ու խնդրում, որ դարպասի լուսանկարն ուղարկեմ: Կարոտել է: Հիմա արի ու նրան բացատրի, որ այդ դարպասը չկա այլևս: Ու, ընդհանրապես, ո՞նց հասկացնես, որ այստեղ էլ պատմության անիվը կանգ չի առնում, այն մշտապես ընթացքի մեջ է…

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_single_image image=”1154″ img_size=”full” style=”vc_box_outline” border_color=”black” onclick=”link_image”][/vc_column][/vc_row]

Պիտակներ՝