ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ինձ համար ամենաբարձր կոչում ունեցողները Հայրենիքի Հերոսներն են»

Հարցազրույց Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Պարոն Կարապետյան, այսօր, երբ արդեն անցել ենք այնպիսի փորձությունների միջով, ինչպիսիք են կորոնավիրուսը, պատերազմը, հետահայաց կատարելով՝ ամփոփենք անցնող ուստարին:

— Ինչպես գիտենք, թե՛ մարդը, թե՛ կոլեկտիվը, թե՛ մեծ ձեռնարկությունը և թե՛ պետությունը կյանքի քննություն են բռնում որևէ փորձության ժամանակ, մանավանդ՝ ծանր փորձության՝ թե որքանով կենսունակ է, կայուն է, կազմակերպված է, միահամուռ է: Մեր դպրոցը կյանքի բարենպաստ շրջաններում ցույց է տվել իր դիմացկունությունը, համարվել և համարվում է քաղաքի լավագույն դպրոցներից մեկը… Թող անհամեստություն չթվա, սակայն փաստերն իրենք են խոսուն. առաջին դասարանցիների մեծ թվով, օլիմպիադաներում մասնակից ու հաղթող աշակերտների թվով, երբ միջնակարգ դպրոց էինք՝ մեդալակիրների թվով, հանրապետության և արտերկրի լավագույն բուհերում սովորող մեր սաների թվով և այլն: Այս ամենը ցուցիչ են դպրոցի վարկանիշի համար: Եվ ահա եկավ կամ, այսպես ասած՝ աշխարհին պատուհասեց COVID-19 կոչվող երևույթը: Այս փորձության ժամանակ էր, որ առավել համոզվում ես, որ քո ղեկավարած հիմնարկությունը կամ քո պետությունը դիմակայող են: Գուցե դա մեր ազգային գենի մեջ է՝ ուժերն իմի բերել, համախմբվել, վերագնահատել ունեցածը, դիմակայել դժվարություններին, ու ծանր փորձությունից դուրս գալ: Այս դժվարությունների ժամանակ շատ բան հասկացանք և, ցավոք սրտի, ոչ մի բան մարդուն այդքան չի հասունացնում, որքան դժվարությունը, տառապանքը, վիշտը: Մենք հասկացանք, որ այլևս դատապարտված ենք կազմակերպված, հրատապությունները զգացող, թիրախային իրավիճակներում կողմնորոշվող դպրոց լինել:

Ձեր դպրոցի 5 շրջանավարտ նահատակվեցին Հայրենիքի պաշտպանության պատերազմում

— Ես հպարտությամբ կուզենամ խոսել մեր աշակերտների հայրենասիրությունից… Բայց հուզմունքս չեմ կարող զսպել… այդքան ջահել, մատաղ սերունդ կորցրեցինք: Ռոբերտ Սարգսյան, Անդրանիկ Խաչատրյան, Սամվել Հովակիմյան, Ազատ Հեքիմյան, Մարտուն Տոնոյան: Արցախյան առաջին պատերազմում զոհված Ալիխանյանի անվան դասասենյակ ունեինք դպրոցում, Ապրիլյան քառօրյայից՝ Վարդանյանի անվան դասասենյակ, իսկ վերջին պատերազմի հերոս նահատակների անունով հուշատախտակ ենք տեղադրել դպրոցում: Ամեն մի մարդ, երեխա պետք է գնահատեն, որ հայրենասիրությունը հոգու հաղթանակն է մարմնին: Հանուն Հայրենիքի զոհվելը հավերժ ապրելուն հավասար է: Մեր դպրոցը շատ գիտնականներ, չեմպիոններ, արվեստագետներ է տվել, բայց ինձ համար ամենաբարձր կոչում ունեցողները Հայրենիքի Հերոսներն են:

Ուսուցիչներն ինչպե՞ս են գնահատում աշխատանքի արդյունավետությունը՝ կապված հեռավար դասապատրաստման հետ:

— Մի թևավոր խոսք կա. ամեն լավի մեջ վատ բան կա, ամեն վատի մեջ՝ մի լավ բան կա: Վատի մեջ լավը գիտե՞ք որն էր. որ ուսուցիչները՝ սկզբում ստիպված լինելով, բայց և ժամանակի պահանջով, կենտրոնացան դեպի համացանցային գիտելիքները: Եթե մարդը բան ունի ասելու, գիտելիք ունի փոխանցելու, ուրեմն ամեն հնար ու միջոց կգտնի: Իսկ ինչ մնում է աշակերտների գիտելիք ստանալու միջոցին, ապա ես բազում անգամ եմ զրուցել մեր ուսուցիչների հետ, կարծիք հայտնել, որ 21-րդ դարում կավիճով գրատախտակի վրա գրելը արդեն անցյալ է, ձանձրալի է: Երեխաներն հիմա հիանալի տիրապետում են համակարգչին, հեռախոսային ծրագրերին և կարծում եմ, երեխաներին ավելի գրավիչ կլինի ժամանակակից դասապրոցեսը: Պատկերացրեք, երեխան ամբողջ օրը տանը հեռախոսով կամ համակարգչով է զբաղվում, գալիս է դպրոց ու կավիճով գրատախտակի մոտ կանգնում: Ուսուցիչը պետք է արդիական մտածելակերպ ունենա, տեխնիկական միջոցներին տիրապետի:

Իսկ ինչպե՞ս կարողացաք համալրել տեխնիկական բացը, քանի որ աշակերտների մեծ թվով դպրոցներից եք:

— Բնականաբար, դպրոցի ունեցած հնարավորությունները բավարար չէին կարող լինել, և մեր պետությունը՝ նախարարությունը, մարզպետարանը օգնեցին, դպրոցն էլ իր ունեցած հզոր համակարգչային բազան գործի դրեց, կարողացանք ապահովել: Անմիջապես կազմակերպվեցին ու անցկացվեցին հեռավար դասընթացներ: Մենք համավարակի ընթացքում մի քանի ծրագրերի մասնակցեցինք, նույնիսկ հաղթեցինք, այդ ընթացքում նաև դպրոցական գույք ստացանք, նոր համակարգիչներ ստացանք: Այսինքն՝ կարողացանք թեկուզ ինքներս մեզ համոզվել, որ կենսունակ ու մեկ ամբողջական օրգան-համակարգ է մեր դպրոցը:

Ի՞նչ կարծիքի եք, նոր ուսումնական տարի՞ն էլ հիբրիդային մեթոդով կշարունակվի:

— Ինչ խոսք, որքան էլ հիբրիդային դասապրոցեսը իրավիճակից դուրս գալու ելք է, սակայն կասկած չունեմ, որ բոլորս էլ ուզում ենք նորմալ, դասական դասապրոցես, ամենօրյա շփում: Սակայն ստեղծված իրավիճակում և, իհարկե, առաջնայինը երեխայի առողջության պահպանումն է: Ինձ համար առաջին պատասխանատվությունը՝ երեխայի անվտանգությունն է:

Ինձ համար ուրախալի էր, երբ սահմանափակումների ամիսներին տեսնում էի, որ դպրոցը մեռյալ լռության մեջ չի թաղվել, այլ շնչում է. ընթանում էին շինարարական աշխատանքներ, բակային հատվածի թարմացում

— Այո, մենք այդ ընթացքում կարողացանք շինարարական աշխատանքներ իրականացնել, դպրոցում դասաենյակներ ավելացրեցինք, պատուհանները փոխեցինք:

Դպրոցն ինչպիսի՞ խնդրի առաջ է կանգնած:

— Ես բնույթով մշտապես ինքս ինձանից դժգոհող մարդ եմ. այսինքն՝ պահանջկոտ: Շատ բաներ կուզենայի, որ լիներ… Եթե մտածեմ, թե դպրոցն ամեն ինչ ունի, էլ ի՞նչ է պետք, ուրեմն կլճանանք, այլևս առաջընթաց, զարգացում չենք ունենա: Եվ, Ձեր հարցին պատասխանելով, կասեմ՝ շատ բաներ կան, որ կուզենայինք ունենալ: Առաջինը, որ մեր ցանկություններին չի համապատասխանում մեր հնարավորությունները՝ դա դպրոցի շենքի տարածքն է, որը հնարավորություն չի տալիս ընդարձակվելու: