ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ինչու են բնակարաններն անտերության մատնված, կամ՝ 10 տարվա հանցավոր անտարբերություն, թե՞…

Գյումրու ավագանու ընդդիմադիր թևի «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել էր.  «10 տարվա հանցավոր անտարբերություն, թե՞Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքում առկա են մի շարք բնակարաններ, որոնք գտնվում են տարբեր գերատեսչությունների հաշվեկշռում։ Գյումրու համայնքապետարանի հաստատմամբ՝ դրանցից 8-ը, որոնք գտնվում են «Մուշ» թաղամասում և 10 տարուց ավել բնակեցված չեն, գտնվում են ՊՆ հաշվեկշռում։ Այսինքն, նշված թաղամասը շահագործման հանձնելու պահից առ այսօր այդ բնակարանները չեն օգտագործվել: Միևնույն ժամանակ անօթևաններին բնակարաններով ապահովման խնդիրը Գյումրիում շարունակում է առաջնային մնալ, դրան գումարվել են նաև այն զոհված զինծառայողների ընտանիքները, ովքեր ապրում են վարձակալած բնակարաններում կամ տնակներում։ Ուստի անհապաղ անհրաժեշտ է պետական համապատասխան կառույցների և Գյումրու համայնքապետարանի կողմից կազմակերպել գործընթաց՝ նշված բնակարանները հաշվառելու և կարիքավորներին բաշխման գործընթացն անաչառ կազմակերպելու համար»:

«Շրջապատը» Վարդևան Հակոբյանից հետաքրքրվեց.

Խոսքը քաղաքի ֆոնդում գտնվող բնակարանների՞ մասին է, դրանք արդյո՞ք մահացած միայնակ ծերերի բնակարանները չէին, թե՞

— … Մեր կողմից ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքի ֆոնդին առկա են մահացած միայնակ ծերերի բնակարաններ, որոնցից թվով 13-ը Ավագանու նիստին կայացված որոշմամբ տրվելու են որպես սոցիալական բնակարաններ: Բացի դրանից՝ էլի կան: Իմ ֆեյսբուքյան էջում արված գրառումը վերաբերում է այն բնակարաններին՝ 10-ից ավելի, որոնք պետք է ուսումնասիրվեն, դրանք գտնվում են համայնքի տարածքում, ու չգիտես ինչու, շուրջ 8-10 տարի չեն բնակեցվել: Պարզվել է, որ դրանք Պաշտպանության Նախարարության հաշվեկշռում են: Զարմանալին այն է, որ երբ մենք այդ բնակարանները հայտնաբերեցինք, համայնքի և համատիրության միջնորդությամբ դռները բացեցինք, մի կես մետր փոշի էր դրված ու մարդու ոտք ներս չէր մտել: Այս առումով եմ ասում, թե սա «հանցավոր անտարբերություն է», և դա այն դեպքում, որ այդ շատ լավ բնակարանները «Մուշ» թաղամասի շահագործման հանձնելու պահից ոչ մեկին չի տրվել, մինչդեռ ինչպիսի՜ ծանր պայմաններում բնակվող ընտանիքների տալով՝ նրանց ծանր վիճակից ազատած-փրկած կլինեինք:

Բայց որտեղի՞ց գիտեք, որ ՊՆի հաշվեկշռին է: Իրենցի՞ց եք պարզել:

— Մենք քաղաքապետարան հարցում ենք արել և պարզվել է, որ դրանք ՊՆ-ի հաշվեկշռին են հանձնված, ու նման բնակարանների թիվը քիչ չէ: Հարյուրավոր չէ, բայց մի քանիսն էլ չեն, տասնյակ և ավել է՝ 8-10 հասցե այս պահին մեր ձեռքի տակ կա:

Իսկ միգուցե օրենքով, կարգով, ինչոր բնակմակերես քաղաքային ֆոնդից տրվո՞ւմ է ՊՆին, որը գաղտնի է պահվում:

— Ասենք, թե դա այդպես է: Բայց խնդրում եմ, եկեք այն դիտարկենք, որ սակայն ինչո՞ւ բնակարանները պարապուրդ փոշակալվում են, ու ոչ մեկին չի տրվել բնակության նպատակով: Զուտ իմ վերլուծությամբ, կարծում եմ, չգիտեմ ում մոտ, ինչի համար, ասենք, ՊՆ-ի մի գրապահոցում տարիների փոշու տակ շպրտված է մի հաստափոր թղթապանակով բնակարանների ցանկ ու մոռացության է տրվել: Հակառակ պարագայում, ինչպես գիտեք, Գյումրիում զինվորական ընտանիքներ կան, որոնք անգամ երբ վարձակալությամբ են բնակվում, այդ վարձը պետությունն է տալիս: Ուրեմն, կարող էին, չէ՞, մեր հայտնաբերած բնակարանները տրամադրել, կամ մենք լիքը կարիքավոր զինվորական ընտանիքներ, Ապրիլյանում, Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներ ունենք, որ կարելի էր իրենց տրամադրել… Ես մյուսներից տեղյակ չեմ, բայց իմացել եմ, որ քաղաքի այլ տարածքներում ևս կան նմանատիպ բնակարաններ, «Անի» թաղամասում էլ կան… Գտնում եմ, որ պետք է անհապաղ ՊՆ-Գյումրու համայնք աշխատանքային խումբ ձևավորել, քննարկել այդ բնակարանների հետագան: Թող Կառավարության մասշտաբով որոշում կայացնեն, քանզի Գյումրիում բնակարանային խնդիրը շատ լուրջ է, միգուցե այդ բնակարանների մի մասը փոխանցվեն համայնքի հաշվեկշռին, կամ համատեղ որոշմամբ դրանք տրվեն էլի ՊՆ-ի ենթակա զինծառայողներին: Բացի այս, մենք նաև ճշտել ենք, որ բնակարաններ էլ կան, որ օգտագործվում են, սակայն առանց որևէ փաստաթղթավորման՝ ում կամքով, և թե ինչպես՝ բայց տրված են: Մեր հայտնաբերածներն այն բնակարանները չեն, որ ասենք՝ գաղտնի, ծառայողական նպատակով են գործածվելու: Թե ինչու են արել, ինչու չեն արել՝ չգիտեմ, պետք է պարզենք:

Ես հիշում եմ, որ քաղաքն ուներ բնակարանների ֆոնդ, որոնք ծառայեցվում էին, ասենք ոչ միայն ՊՆի, ԱԱԾի կամ ՆԳՆի աշխատակիցների համար, անգամ մշակույթի ոլորտին էր տրված, երբ հրավիրված մասնագետներ էին գալիս, այդ բնակարաններում բնակվեին:

— Դրա համար եմ ասում, որ երբ մենք ընտրվելու առաջին օրվանից Ավագանի գրություն էինք հղել, հանձնաժողով ձևավորվեց, բայց չաշխատեց ոչ մեր պատճառով՝ որ համայնքը վերջիվերջո գույքագրում ունենա արված, թե ինքն ինչ ունի: Այդպես պարզվեց նաև «Ճերմակ» հիվանդանոցի հետ կապված ոդիսականը, որ տարիներով կոպեկների դիմաց վարձակալության էր տրվել, իսկ երբ վարձակալության պայմանագիրն ավարտվել էր, ոչ մեկը հետևից չէր գնացել, թե գույքը հետ վերադարձրեք կամ վճարեք այսքան տարի գործածելու համար: Վերջը այն համայնքին վերադարձվեց, ինչպես գիտեք, այն վարձակալելու համար ընկերություններ են դիմել, հանրային լսում եղավ, առայժմ դրա որոշումը չկա, իսկ դրա պատասխանը պետք է տան ներկայիս քաղաքային իշխանության ղեկը ստանձնած երկու հուշագիր կնքած երկու կողմերը:

Իսկ ի՞նչ է սպասվում այդ շենքին:

— Այսօր էլ եմ զրուցել քաղաքապետի հետ, եկել ենք այն եզրակացության, որ պետք է դարձյալ սկսել գործողությունների շարք, որպեսզի այդ շենքը ևս պարապուրդի մատնված չմնա՝ կամ վարձակալությամբ տրվի, կամ վաճառքի հանվի՝ ի շահ քաղաքի 2000քմ տարածքը պետք է օգտագործվի:

Մի հարց էլ. Երկաթգծի հիվանդանոցի շենքը տրվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին

— … Այդ շենքը Կառավարությանն էր հանձնվել:

ԹեկուզևԲայց այն նպատակով, որ պիտի գործեր, այն խոստումները, որ տրվել էին, այն աշխատատեղերը, որ պիտի լինեինչեղավ, չկան

— Ես վաղուց եմ այդ թեմային անդրադարձել և դարձյալ կասեմ. համայնքապետարանը պետք է վեր կանգնի և իր տարածքում եղած շենք-շինությունների հանդեպ պետք է լինի պահանջատեր: Իսկ դրա համար նախ պետք է գույքագրում անել, հստակ նշել, որ շենքը, որ շինությունը, որ հողամասը՝ երբ, որքան ժամանակով և ինչու է տրվել որևէ մեկի պատասխանատվությանն ու ենթակայությանը: Ես մեր նախընտրական քարոզարշավն հենց այդ ուղղությամբ էլ տանում էի, որ քաղաքի կառավարումը դա լուրջ մենեջերի, այսինքն՝ կազմակառավարչական փորձ ունեցող մարդու գործ է ընդամենը: Այստեղ քաղաքական որևէ գործառույթ չկար:

Վերադառնալով վերը նշված թեմային. հույս կա՞, որ այդ բնակարանների ոդիսականը կպարզվի, որ հանձնախումբ կստեղծվի, որպեսզի դրանց նպատակային գործառույթներն իրականացվեն:

— Ես դիմել եմ քաղաքապետին, փոխքաղաքապետերին, հույս ունեմ, որ լրատվամիջոցներն էլ կլծվեն այս հարցի պարզաբանմանը, և խնդիրը լուծման դաշտ կբերենք: