30 տարի առաջ Արցախյան ազատագրական պայքարը հանրային դետոնատորի դեր կատարեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին ԽՍՀՄ տարածքում: Թերևս, Խորհրդային Միությունում առաջին անգամ էր, որ հանրապետական ընդվզումը չկարողացան կառավարել քաղաքական ետկուլիսային դիրիժորական փայտիկով:
Հանրային զարթոնքը սկիզբ դրեց ազգային հերոսամարտի, որին դարեր շարունակ պատրաստվում էր հայ ժողովուրդը: Երևանի թատերական հրապարակը դարձավ 88-ի ազատության ուրույն կղզյակ, որի «արբանյակները» վերածվեցին հայափրկիչ պայքարի նոր օջախների Հայաստանի մյուս քաղաքներում: Այսպիսով, ավտորիտար և ունիտար ԽՍՀՄ-ում բնավորվում էր ժողովրդավարական, ազգային ըմբոստություն: Գլխավոր դերակատարը համախմբված ժողովուրդն էր՝ իր հստակ պահանջով:
Թեև հայ ժողովուրդը չէր պատկերացնում՝ ինչպե՞ս է կյանքի կոչվելու «Ղարաբաղը մերն է» նշանաբանը, աննվազելի հավատում էր «Լենին, պարիտիա, Գորբաչով»-ին, սակայն հրապարակային ազգային հախուռն զարթոնքը շատ արագ վերածվեց ազգային չգրված գաղափարախոսության: Ինչո՞ւ է հայ ժողովուրդն այսօր կորցրել պայքարի ազգային, թող ներվի ասելու, կամային, որակն ու հատկությունը: Մի՞թե մենք ուժեղ ենք միայն «դրսից» պահանջելու, ոչ թե սեփական երկրի ներսում կարգ ու ընթացք սահմանելու հարցում: Ինչո՞ւ ենք «ծամում» քաղաքական ուլտրա դեմագոգիան, որը մեզ մատուցվում է որպես «զարգացման ծրագիր»՝ թխված մի քանի քաղաքական լաբորատորիաներում: Հայտնվե՞լ ենք ազգի կոնստրուկտիվ վարքի ռեֆլեքսիայի բացակայության իրավիճակում: Դարձե՞լ ենք քաղաքական պատրաստի սցենարների սպառող ու լռող:
Զգում ենք, բայց լռում ենք
Հայտնի փաստ է, որ հեղափոխությունները, ինչպես և ճգնաժամներն ու կոնֆլիկտները, նոր լուծումների լավագույն հնարավորություններ են: Մեր երկրում «համակարգային փոփոխությունների» անվան տակ փոփոխվում են ընդամենը քաղաքական դերակատարները, ընդ որում՝ ժամանակին երկրից բարեհաջող «փախածների», լատենտ օլիգարխների, օստրակիզմի ենթարկվածների կազմից: Մինչդեռ համակարգային կոնստրուկտիվ ցնցումները մեզանում օրապահանջ են: Այս իմաստով հռչակված բոլոր կառուցվածքային տրանսֆորմացիաները՝ ֆրանսիացի սոցիոլոգ Ժան Բոդրիարի եզրույթի համաձայն, «սիմուլյակր են»՝ կեղծիքի վրա հիմնված երևույթներ: Ավելորդ է հերթական անգամ հիշեցնել երկրի՝ անշեղորեն աճող արտաքին պարտքի, արտագաղթի, սոցիալական ծայրագույն լարվածության, կոռուպցիայի մակարդակի, անպատասխանատու չինովնիկական դասի բուծման մասին: Նման «խաղացողների» պարագայում քաղաքական իմաստով անհուսալի դեմքերն այլևս անելիք, աստիճանակարգային ապագա չպետք է ունենան: Նրանց դա պետք է ուղղակի հակացուցված լինի:
Սակայն հանրային լռելյայնությունը համատարած հղփացածության, նկարած թվերով Հայաստանը առաջանցիկ երկիր ներկայացնելու, երկրի կառավարության վերբալ աճպարարությունների վերաբերյալ սահմանափակվում են խոհանոցային ըմբոստություններով ու բացասականության զգուշավոր արտահայտմամբ:
Հեղափոխական հայրենասիրության պրպտումներ
Եթե փորձենք վերլուծել մեր ազգային վարքը՝ հիմք ընդունելով 88-ի քաղաքական պայքարի արդյունքը և մեր այժմյան «այրված» ինքնությունը, ապա պարզ կդառնա, որ 88-ի պահանջատեր, պայքարող ժողովրդից վերածվել ենք «վերևից» մատուցվող քաղաքական նախապատվությունների սպառողի: Ցավն էլ այն է, որ բոլորս հասկանում ենք՝ մեզ «գեղարվեստական» սուտ են մատուցում: Քաղաքական թաքստոցներում ստեղծում և հանրությանն են ներկայացնում «զուլալ» ընդդիմությանը, որին հետո «սպանում են»՝ նույն «թաքստոցային» որոշումների արդյունքում:
Մեկ այլ դեպքում էլ կերտում են քաղաքական «հաջողակ» ուժին: Դրա համար հանրային վստահության քվե են նկարում, հետո քաղաքական լուզեր՝ անհաջողակ, դարձնում: Մինչ հասարակությունը կփորձեր ընկալել, թե ինչու երբեմնի կոալիցիոն գործընկերները փոխադարձ ատելություն ու ոգեշնչված հիստերիա տարածեցին երկրում 2015 թվականին, ընդամենը մի քանի ամիս անց միմյանց «չարիք» անվանած այդ նույն անձինք գրկախառնվեցին: Իսկ երկու տարի հետո «այբն ու բենը» չիմացողին, «ռեսպուբլիկան խայտառակողին» և քաղաքականությունից դուրս շպրտածին, քաղաքական «ռեվերս» արեցին: 2017 թվականին վերադարձրեցին ԱԺ՝ նշանակելով «ընդդիմություն»: Հանրապետության ամենահարուստ մարդը կարո՞ղ է արդյոք ընդդիմադիր լինել: Տպավորություն է ստեղծվում, որ այսօրինակ «տիկնիկավարությունը» նպատակ ունի առանձնանալ գործող մարիոտներից: Հանրությունն իրականում չի հասկանում՝ ինչու պետք է դառնա այս «թատրոնի» դիտորդը և դուրս մղվի հանրային որոշումների կայացման վրա իր ազդեցությունից:
Եթե նախկինում մեզ արժեվորում էին որպես ընտրողի, ապա այժմ մենք ընդամենը բնակիչ ենք: Արդյունքում՝ ընտրությունները ոչ թե հանրային կամքի արտահայտման, այլ հիմնականում կեղծիքի միջոցի են վերածվում: Մեր կարծիքը, թերևս, որոշիչ չէ, երբ «գնացածների ու ետ բերածների գվարդիայից» են վարչապետ ու երկրի նախագահ նշանակում, մարզպետ, քաղաքապետ, նախարար են դարձնում հանրային նշավակությանը արժանացածներին, հանրային կարծիքը «բանի տեղ» չեն դնում, երբ սիմուլյացնում են բարեփոխումներ, բայց իրականում առավել ձգում հասարակության «գոտին»: Ժողովրդի ատելությունն անտեսում են, երբ պաշտոնի են բերում Բաղրամյան պողոտայից վատ բառով վռնդածին կամ Աժ-ում այնպիսի օրենքներ են «սղացնում», որոնք, մեղմ ասած, ազգանպաստ չեն: Ընդ որում, «կողմ» քվեարկողների շարքում էլ «ընդդիմադիրներ» են լինում:
Հանդուրժում ենք…
Մենք հանդուրժում ենք, հանդուրժում ենք, երբ մեզ ծաղրում են՝ առաջարկելով «կարտոֆիլակերություն»: Հանդուրժում ենք, երբ գնաճի մասին խոսելիս անամոթաբար ստում են, թե պայքարելու են դրա դեմ, երբ մեր երկրում որևէ ծրագիր իրագործելիս, անընդհատ մեջբերում են միջազգային փորձը: Հանդուրժում ենք, երբ «բիզնես շահից» ելնելով, դեղերը «դեղատոմսային» են դարձնում՝ մարդկանց հրահրելով զբաղվելու ինքնաբուժությամբ: Հանդուրժում ենք, բայցև հասկանում՝ մենք դարձել ենք ոմանց հարստանալու աղբյուրը: Անբացատրելի տոլերանտություն ենք ձեռք բերել այս ամենի նկատմամբ: Մենք դադարել ենք լինել 88-ի՝ համախմբված ժողովրդի արժեքների կրողը: Թույլ ենք տվել, որ հաշվեն մեր ատամները՝ զրոյացնելով մեր հեղափոխական հայրենասիրությունն ու անարդարության դեմ պայքարելու ոգին:
ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ