ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանն ապրիլի 6-ին Շիրակի մարզպետարանում հանդիպեց համայնքապետերի հետ: Եղան ակտիվ քննարկումներ, խնդիրների բարձրաձայնում, հարցադրումներ իշխանություններին, նաև խնդիրների լուծման ճանապարհներ, խոսեցին դիզվառելիքից, պարարտանյութից, սերմացուից, կաթի ու գյուղմթերքի իրացումից, անմշակ արոտավայրերից, անասնաբույժեր ունենալուց, անասունների գլխաքանակ ավելացնելուց և այլն:
«Այցելելով մարզեր, տեսնում ենք, որ գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, լավ է, որ գյուղացին չի թողնում հողը: Պարարտանյութի հատկացումը, սերմացուի տրամադրումը, դիզվառելիքի բաժանումը սկսել ենք, կուզենայինք ձեզանից իմանալ, ինչպես է վիճակը»,- խոսքը սկսեց գյուղնախարարը: Հայկասարի համայնքապետը հարց բարձրացրեց, թե ինչու դիզվառելիքը դեռ իրենց չի մատակարարվում: Նախարարն անակնկալի եկավ: Համայնքը փողը հավաքել է, տվել է, բայց պետական մրցույթ շահած և պետության կողմից սուբսիդավորվող դիզվառելիք մատակարարող «Ֆլեշ» ընկերությունը չի կատարում իր պարտականությունը: Համայնքապետերը բացատրեցին, որ մատակարարն ասել է, որ դեռ չունեն պայմանագիր, վերջինս էլ ուշացնում է մատակարարումը: Նախարարը զարմացած դիմեց ՇՄ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանին. «Հիմա դուք հետաքրքրվա՞ծ եք, որ դիզվառելիք մատակարարվի»: Ստանալով դրական պատասխան, հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը: «Տարիներ շարունակ գործընթացն այսպես է եղել. մատակարարը պայմանագիր է կնքել մարզպետարանի հետ, նոր միայն համայնքները ստացել են իրենց չափաբաժինը: Մինչ այս պահը պայմանագիր չի ուղարկվել»,- բացատրեց Մ.Մանուկյանը: «Ինչի՞ չեք խեղդում՝ պայմանագիրն ուղարկի»,- խրատեց նախարարը։ «Եթե խեղդելն էդ զանգն է, մենք տեղյակ պահել ենք»,- պատասխանեց Մովսես Մանուկյանը:
Սակայն դիզվառելիքի հարցը սրանով չավարտվեց: Համայնքապետերը բարձրաձայնեցին, որ ազատ շուկայում դիզվառելիքն ավելի էժան է՝ 380 դրամ, քան մրցույթ հաղթած «Ֆլեշինը»՝ 440 դրամ: Նախարարը կրկին զարմացավ. «Դիզվառելի՞քը: 380 դրամո՞վ: Ո՞վ է վաճառում, ասեք: Ինչի՞ չեն եկել մրցույթի մասնակցել, մենք էլ իրենց կսուբսիդավորեինք, էժան կլիներ»: Անիի համայնքապետն էլ բացատրեց, որ իրենց 17 համայնքներից 2 տոննա դիզվառելիքի պահանջ են ներկայացրել, որովհետև թանկ է: «Շուկայում 440 է, էդ ո՞նց է 380»,- պնդեց նախարարը: «Օպտավիկները 380-ով են բերում»,- արդեն բոլորը սկսեցին պնդել: Երբ նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը հարցրեց, թե անուն ասեք, ո՞վ է էժան բերում, գյուղապետերը նեղված ասացին, որ մարդիկ են, ովքեր շուկայում էդ գինն են առաջարկում: Գյուղնախարարը նեղվեց. «Մի րոպե, եկեք մի բան պարզաբանենք. հիմա, եթե ասում եք, որ 380 դրամով շուկայում կա, այդ մարդիկ կարող էին մասնակցել մրցույթին, հաղթեին, և մենք կսուբսիդավորեինք, էսօր դուք կստանայիք ավելի էժան։ Հիմա, եթե ինքը չի եկել մրցույթի մասնակցել, մենք ի՞նչ անենք»։
Հաջորդ հարցը ֆոսֆորական կալիումական պարարտանյութին էր վերաբերում: Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը նախ շնորհակալություն հայտնեց էժան գնով սերմացու տրամադրելու համար, սակայն հացահատիկային կուլտուրաների իրացման մասով նշեց. «Եթե առաջ դիզվառելիքը 2.800-3.000 դրամ էր, իսկ պարարտանյութը՝ 3.000-4.000, հացահատիկը 80-100 դրամ էր: Հիմա պարարտանյութն հասել է 7 հազար դրամի, դիզվառելիքը՝ 7-8 հազար դրամ, մեր հացահատիկն էլի իրացվում է 80-100 դրամով: Հարկավոր է այս դաշտին ուշադրություն դարձնել: Հաջորդ հարցս հանքային պարարտանյութերին է վերաբերում. բոլոր ժամանակներում կալիումը և ֆոսֆորը 2-3 անգամ էժան են եղել ամոնիակային սելիտրայից։ Այսօր դա շատ գերազանց բան է, որ դաշտերում օգտագործել ենք, և մթերքի պահպանության հարցում լավ արդյունք ենք ստացել։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել գնի վրա, այն չի կարող ամոնիակային սելիտրայի գնին լինել, դա ընդամենը հանքաքար է, որը հանքերից են արտադրում կամ փաթեթավորում են, կամ խտացնում, դարձնում են կրկնակի սուպերֆոսֆատ։ Չի կարող գործարանային խոշոր տեխնոլոգիական պրոցես անցած ամոնիակային սելիտրայի գնին լինել։ Ես խնդրում եմ. պարոն նախարար, այդ դաշտը ավելի ճիշտ ուսումնասիրել»։
«Մենք այդ հարցն ուսումնասիրել ենք: Նայեք, Վրաստանում արտադրություն չկա, Ռուսաստանից կամ Չինաստանից ենք ներկրում»։ Վ.Իկիլիկյանն էլ հիշեցրեց, որ եթե մեր կարտոֆիլը հասնում է մինչև Ադրբեջան, ապա նույն կերպ կարելի է պարարտանյութ ստանալ. «ժամանակին գնում էինք Ադրբեջանից, ընդ որում՝ անսահմանափակ քանակությամբ»։ Նախարարը հարցրեց, թե նա կարո՞ղ է ավելի էժան բերել, ինչին համայնքապետը պատասխանեց. «Ես արտադրող եմ, ես բերող չեմ»:
Երկար քննարվեց ոռոգման ջրի հարցը: Գյուղապետերը փաստեցին, որ Կառնուտի ջրամբարում ջրի քիչ պաշար է կուտակվել, եթե այն չլցվեց, ապա շատ լուրջ փաստի առաջ կկանգնեն: ՀԷԿ-երի պատճառով ջուրը չի հասցնում լցվել: «Շիրկանալի» պատասխանատուն բացատրեց, որ իրենք ՀԷԿ-երին նամակով դիմել են, սակայն արձագանք չեն ստացել: Նաև հավաստիացրեց, որ, եթե ջուրը տան, իրենք կոսմետիկ շինարարություն արել են, այնպես որ ջուրը տեղ կհասցնեն:
Խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդրի առաջ են կանգնած Արթիկի տարածաշրջանի՝ Մանթաշի ջրամբարից սնվող համայնքները, այստեղ ջրի կորուստը 70-80 տոկոս է կազմում: Համայնքապետը բազմիցս դիմել է, ենթադրում է, որ միգուցե եկել, ուսումնասիրել, գնացել են: Խնդրեց նախարարին, որ մի քիչ Արարատյան դաշտավայրերից հյուսիսային հատվածին էլ ուշադրություն դարձնեն:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ թեպետ նշեց, որ դա գյուղնախարարի տիրույթում չի գտնվում, բայց, քանի որ գյուղատնտեսությանը ուղղակի առնչվում է՝ իր հերթին կարևորեց Շիրակի մարզում ոռոգման ջրի խնդիրը, մանավանդ Կապսի ջրամբարի արագ կառուցումը: