ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրականության մեջ ընդհատված կյանքը երազում շարունակվեց

[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1401″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1405″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1404″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1402″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1403″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]Մինչերկրաշարժյան կանխատեսումներ՝ մարդկանց երազներում. այս երեւույթն ուսումնասիրել է էթնոհոգեբան ԿԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով աղետից 3 ամիս անց գրի է առել մարդկանց երազները եւ հետագայում դրանք ներկայացրել իր՝ «Հազար երազի հուշարձան» աշխատության մեջ: 

— Տիկին Սահակյան, փաստորեն, երկրաշարժից հետո հավաքագրել եք մարդկանց երազները, որոնք աղետի հնարավոր կանխատեսումներ են եղել: Ի՞նչ պարզեցիք այդ ուսումնասիրության ընթացքում:

— Աղետից անմիջապես հետո ֆրանսիացի հոգեբանների հետ գրի եմ առել բազմաթիվ երազներ: Դա և՛ իմ անձնական նախաձեռնությունն էր, և՛ նրանց խորհուրդը, որովհետև միակ բանը, որ կարելի էր այդ պահին անել, մարդկանց երազային աշխարհի հետ ծանոթանալն էր: Իրականությունը շատ ողբերգական էր, ու ենթագիտակցորեն գործեց մարդկանց ինքնապաշտպանական մեխանիզմը, մարդիկ իրենց փոխադրեցին երազների աշխարհ, իրական կյանքում կիսատ մնացած զրույցը տեղափոխվեց երազ: Փաստորեն, ողջերի աշխարհը հոգեբանորեն ազդեց ննջեցյալների վրա, և ննջեցյալների աշխարհը՝ ողջերի վրա, ու կապը չընդհատվեց: Մարդն առավոտյան արթնացել, գնացել է գործի ու չի վերադարձել, հազարավոր մանուկներ դպրոցից չեն վերադարձել… սակայն իրականության մեջ ընդհատված այդ կյանքը երազում շարունակվեց, ընդհատված զրույցները երազում կենդանություն ստացան: Ընդհանրապես, ասում են, Յունգը, Ֆրոյդն էլ են նույն կարծիքին, որ էքստրեմալ պահերին մարդը տեսնում է արքետիպային երազներ: Դա մարդկության փորձն է կամ փորձի մասին մի պատկերացում. մարդու մեջ արթնացավ իր նախնիների փորձը՝ վտանգի մեջ իրեն պաշտպանելու մասին: Իսկ այդ փորձը երազներում արտահայտվեց սիմվոլների ձևով: Ես 1000 և ավելի երազներ էի հավաքել, և դրանց միջից փորձեցի առանձնացնել սիմվոլները, ճշտել, թե ինչու վտանգի պահին այդ սիմվոլն արթնանում է մարդու մեջ: Ուսումնասիրությունից պարզեցի, որ սիմվոլները համամարդկային բնույթ ունեին, կային նաև ազգային կամ սոցիալ-մշակութային և անձնային բնույթի երազներ: Ես այդ երազները գրի եմ առել բնակչությունից, ու հատկապես այն խավից, ովքեր երկրաշարժին մարդկային ու նյութական կորուստներ են ունեցել, հաշմանդամ են դարձել, այսինքն՝ այն մարդկանց, որոնց միջոցով աղետն անցել ու հոգեկան աշխարհն է խաթարել, ինչպես նաև միջանձնային հարաբերություններում, զգայական աշխարհում փոփոխություն կատարել:

— Գրի առած երազներից որո՞նք էին առավել տպավորիչ ու երկրաշարժին առավել շատ առնչվող:

— Օրինակ՝ մեկը երազին տեսել էր, որ երկնքից գնում է Տիրամայրը՝ գրկին երեխա: Եվ նրա շորերի կեսը կարմիր էր, կեսը՝ սև, գրկի երեխան էլ էր այդպիսին: Ասում է՝ նա երկնքի երեսով անցնում էր լացելով ու ասում. «Ես դեռ կամ»: Սա համամարդկային երազ էր, քրիստոնյա ազգերին բնորոշ: Կա նաև ազգային սիմվոլներով: Օրինակ՝ մեկը երազին Անի քաղաքն էր տեսել, բայց ասում է՝ ոնց որ Գյումրին լիներ: Ասում է՝ ես ման էի գալիս այդ քաղաքում ու կանչում՝ «Անի ջան, Անի», որովհետև քաղաքը վերածվել էր գերեզմանոցի, Գյումրին Անիի հետ էր նույնացրել: Այսինքն՝ այդ ինֆորմացիան մարդիկ ավելի արագ են ստացել, քան երևույթը տեղի է ունեցել: Մեկն էլ երազին տեսել էր, որ Կարս տանող ճանապարհները բացվել են: Երևի իր կյանքի մայրամուտին նա տեսել է իր երազանքը, ու ասում է. «Ժողովուրդը մեծ ճանապարհի պատրաստություն էր տեսնում, բոլորը ճամպրուկներով էին, բայց երկնքում ագռավներ էին ու կռռոց էր լսվում»: Իսկ ամենատպավորիչ երազն ինձ համար այս մեկն է. մի մարդ պատմում է, որ իբր 50-ամյակի կամուրջի վրա «ջանդակներով» միս էին վաճառում, ասում է՝ բոլորն իր ծանոթ մարդիկ էին, ինքն էլ էր վաճառում, բայց իրենից ոչ մեկը չէր գնում: Ասում է՝ հետո հասկացա, որ այդ միսն իմ մարմինն էր, ով վաճառել էր՝ մահացել էր: Դա իր մեկնաբանությունն էր: Ես, առհասարակ, ոչ մի երազ չեմ մեկնաբանել, միայն լսել ու գրի եմ առել իրենց մեկնաբանությունները և այդ երազները նրանց նկարել եմ տվել:

— Շատերը երազի խորհրդանշաններին չեն հավատում: Գիտականորեն երազի ֆենոմենն ինչպե՞ս է բացատրվում:

— Երազները, փաստորեն, ենթագիտակցական փաստեր են, երազը չի կարելի ժխտել, որովհետև մեր երազները մեր կյանքի բովանդակություններն են: Երբեք ես չեմ կարող քո կյանքի բովանդակության վերաբերյալ երազ տեսնել, իմ երազներն իմ կյանքի բովանդակություններն են, վաղ մանկության տպավորությունները: Բոլոր մտքերը, որոնց մասին մտածում ենք ու չենք ցանկանում, որ լինեն, ուղարկում ենք ենթագիտակցություն, որն այս կամ այն կերպ ազդանշան է տալիս իրական կյանքի մասին:
Երազները երկու փուլով են ընթանում. քնի արագ և դանդաղ փուլ: Մենք երազներ տեսնում ենք արագ փուլում, դանդաղ փուլում հոգեկան ակտիվությունը շատ ցածր մակարդակի վրա է և երազներ չենք տեսնում կամ, եթե տեսնում ենք, չենք հիշում: Երազները սուտ լինել չեն կարող: Եթե մարդը երազ չտեսնի, կխելագարվի առօրյա ահռելի ինֆորմացիայից: Երազները զտում, մաքրում են մեր հոգեկան աշխարհը: Եթե մարդն ասում է՝ երազ չի տեսնում, այդպես չէ, ուղղակի չի հիշում: Նույնիսկ կենդանիներն են երազ տեսնում:

— Ի՞նչ ազդեցություն ունեցավ երկրաշարժն այդ սերունդի հոգեբանության վրա:

— Ես մի հոդված ունեի՝ «Ժամանակի գիծը ճգնաժամերի պահին»: Սա այն մասին է, թե մարդն ինչպես է ընկալում ժամանակը: Մարդուն թվում է, թե երկրաշարժը երեկ է եղել կամ նման բան չի եղել առհասարակ… Մի կնոջ հետ էի զրուցում, տղան 14 տարեկանում երկրաշարժին մահացել էր: Հետո նա նորից երեխա է ունեցել: Ասում էր՝ մինչ 14 տարին գիտեմ ինչ է լինելու նրա հետ, հետո՝ չգիտեմ: Փաստորեն, այդ մարդը վերարտադրել է իր կորցրած երեխաներին, ոչ թե երեխա է ունեցել, որ ապրի: Բայց այդ երեխան էլ ապրելու իրավունք ունի և երբեք այն մարդը չէ, ում տեղը ծնվել է: Սակայն մայրը միշտ նույնացնում է նրանց: Այսինքն՝ աղետից հետո հոգեբանական խորը դաշտ ստեղծվեց, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Բայց ամեն մարդ գտավ աղետից դուրս գալու իր ելուղին: Տեղի ունեցավ նաև կոլեկտիվ ընդօրինակում: Մեկը տեսավ, թե մյուսը վիշտն ինչպես է հաղթահարում, ինքն էլ փորձեց այդպես ապրել: Մեծ տարածում գտավ շինարարությունը: Մարդիկ որոշեցին իրենց օթևանը նորից կառուցել: Մարդուն ասված ամենամեծ անեծքը «Տունդ քանդվի»-ն է, չէ՞: Փաստորեն, մարդիկ որոշեցին իրենց տունը նորից կառուցել, ու երբ առաջին շինարարությունը եղավ, մարդիկ մի քիչ սկսեցին սփոփել իրենց վիշտը. մեկը լացով էր դա արտահայտում, մյուսը կոմպենսացիա տեսնում էր երազներում: Մի կին կար, ասում էր՝ աղջկաս կորցրել եմ, բայց ուղեղիս մեջ ինքը դեռ մեռած չէր, ես նրա համար օժիտ էի հավաքում: Կամ մյուսը տղայի համար հարսնացու էր փնտրում, բայց իրականում տղան մահացել էր: Վշտի ընկալումը միանգամից չի եղել, մարդիկ աստիճանաբար են հասկացել, թե ինչ են կորցրել: Մարդիկ կային գերեզմանոցներ սարքելով հանգստություն գտան, մեծ մասն էլ սուիցիդներ կատարեցին: Ու, առհասարակ, մենք մեր կյանքի մեջ կտրվածք մտցրեցինք՝ երկրաշարժից առաջ և հետո:

— Տիկին Սահակյան, աղետի ականատես մարդկանց մոտ այսօր հաղթահարվա՞ծ է այդ սթրեսը:

— Կան մարդիկ, ովքեր հավետ կապված մնացին մեծ ակնթարթին, ընդհանրապես չկարողացան անջատվել, կարող է այդ դեպքերը մոռացան, կարող է իրենց երազներն այլ բովանդակություն ստացան, բայց մեկ է, իրենց մտածողության ամենախորը շերտը սթրեսն է: Նայած թե ով կոմպենսացիայի ինչ ճանապարհ է բռնում և ում հոգեկան փսիխոկորեկցիան՝ հոգեվերականգնումը, ինչ արագության է լինում: Դա մարդու տեսակից է կախված, յուրաքանչյուր մարդ մի տիեզերք է: Մարդիկ կան, ընդհանրապես, հոգեբանի մոտ չգնացին, իրենք իրենց կարողացան կյանքի իմաստ փնտրել ինչ-որ մի բանում: Մարդ կա սկսեց բանաստեղծություններ գրել, մասնակցել համընդհանուր միջոցառումների, որտեղ, մտածում էր, որ ինքը մենակ չէ:

— Ետերկրաշարժյան՝ մասնավորապես 90-ականների սերունդը, աղետը չէր տեսել, բայց անմիջապես զգաց իր վրա: Հոգեբանորեն ի՞նչ կատարվեց այդ սերունդի հետ:

— Նույն խորությամբ չէ, բայց այդ սերունդն էլ է կրում երկրաշարժի հետևանքները. կիսաքանդ շենքերը, ծնողների լացը, հանգուցյալների նկարները, գերեզմանոցը… Ինչքան էլ ասես, թե ազդեցություն չի թողել, այդպես չէ:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գծանկարները՝ Վ.Թոփչյանի և Վ.Թադևոսյանի[/vc_column_text][/vc_column][/vc_row]