ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Լեննագան. տո էս խոսալ-խնդալն էլ օր չէղնի…

Լեննագանի (ես չեմ սիրե Լենինական ու Գյումրի. ըսպես լավ է) մասին առասպելներ դեռ կհասցնենք հյուսել, կպատմեմ ձեզ էն ժամանակ, երբ վերջապես իմ վաղեմի երազանքս իրականություն կդառնա ու Լեննագանս կհռչակվի առանձին հանրապետություն: Ու հեչ մեկին գաղտնիք չէ, oր մենք եսօր էլ ենք առանձին ու մենք մեզի չենք կապե Երևանի կամ Վանաձորի հետ: Ունինք առանձին օրենսդրություն`օրենքի առաջին հոդվածի, առաջին կետի համաձայն  ղոնախներին՝ օտարերկրացիներին, էլի, բդի աղով-հացով դիմավորենք ու ճամփու դնենք:

Ես օր կսեմ օտարերկրացի, դուք Հայաստանն էլ հասկցեք: Մենք միշտ մեր կողքի հանրապետություններին վախով ենք պահել` մէ կողմից Մայր Հայաստան, մյուսով`վիշապով թուրքերին ահ կուտանք:

Հըլը էն ժամանակներին ուկրաինացի սիրուններին բերել, աշխատցրել ենք ստեղ: Էն Վրաստանի սահմանին էլ մի քանի գյուղ հայ ենք ղրկել՝ առոք-փառոք ապրելու, մեր համար ազատ գոտի բացելով, օր երբ ուզենանք՝ էրթանք-գանք, չնայած մինչև հասնինք վրացական սահման՝ ըտեղ հլը լիքը թոզ ու դուման կա, բայց ըդիկ մեզի համար դժվար չէ` ըդպե՜ս ճամփեք ենք անցել: Մենք ունինք մեր լեզուն, Աստված վկա, սաղ կսիրեն, կեսից շատը կխելռին, բայց հըլը սպասե՛ք՝ խելռել պետք չէ, առանց էդ էլ խելառի պակաս չունինք: Մեր մոտ օր ձեզի կսեն «խելառ անտեր» կամ «սայլուգի մեկը», իմացե՛ք, լավ բանի համար կըսեն, ամեն մարդու ըդպես օրհնանք չենք տա:

Եկար Լեննագան` բդի Կիրովով իջնիս, նստիս յաղլի ուտես թեթև հոգով, ու լիքը փորով էրթաս թանգարանները՝ մեր Մեծերին չեստ տալու. Իսահակյան, Շիրազ, Մհեր Մկրտչյան, իյա, Ձիթողցոնցն էլ չմոռանաս:

Լեննագան մեծ հրապարակ կա՝ ոտներիդ տակ քարե գորգ է քցած: Ու լիքը եկեղեցի ունինք, հմը չմտնել Սուրբ Յոթ Վերք՝ ըդիկ մեղք գործել է: Աստվածածինն էլ, կըսեն, Անիի տաճարի կոպիան է: Ետևը պուրակ կա, ընդեղ Պոլոզ Մուկուչը սաղ դվիժենին կաշե:

Լեննագան Լաչինի միջանցք ունինք, տո, հո, մեծ բազարմ չէ՜, ամեն ինչ կա, որ դրսից գուկան, առաջինը բազար կտանինք, օր համ աչքերը կուշտ էղնի, համ փորերը:

Գուզես ընգնիս հիշողությունների գիրկը ու հայտնվիս կինոների մեջ, կերթաս «Մեր մանկության տանգոյի» բակ՝ «վառե, վառե» բալգոնին աշե, Ֆրունզը աչքիդ դեմը գուկա: Իջի սադը տես, տես մեր հի՜ն թատրոնի շենքը, ուրտեղ, երբ օր «Անուշ» օպերա կխաղային, շատ ազգեր հըլը ծառերի վրա էին: Հետո ոտ-ոտ քելե դեպի բալկոն: Ետ դառի հրապարակ. Լեննագան ըդպես է, ով, ուր կերթա, էլի հրապարակի մեջ ռաստ գուկան:

Չհասած հրապարակ, մե հատըմ հի՜ն վարսավիրանոց ունինք, թե տղամարդ ես՝ մենակ մտի, կնիգդ ընդեղ գործ չունի: Թրաշվա՞ր, ել, ել աշե՝ կողքը մե հատըմ սիրուն ուլից ունինք` Ալեքսանդրովսկին: Ըստեղ «Հարսնացուն հյուսիսից» կինոյի Մուրադի պես քթներս վեր կցցենք. գիշերները հավեսդ գուկա, օր ման գուկաս, ինչխոր սիրահարված հոգին թափառե: Մուրադ ըսի՝ միտս ընկավ. մեր քաղաքը հո մենակ թատրոն-թանգարան-ուլիցով չէ, օր հարուստ է, մենք մենակ արվեստով, մշակույթով չէ, օր հարուստ ենք, ըբը մեր սպորտսմեննե՜րը. բախտներդ բերեց, կռնա մեր օլիմպիական չեմպիոն Սիպտակ Արջին էլ տեսնիք… Ու լիքը չեմպիոն տղեք ու աղջիկ ունինք:

Էդ օր եկան էն վերևի ըսածս արտասահմանցիք (երևնցիք էլի) ըստեղ թազա ուլից շինին, իրանք ինչքան գուզե անունը Ռուսթավելի ըսեն, մենք խասյաթ ունինք, ըդիկ մենք «14 փողոց» կըսենք, գուկաք կֆռֆռաք, կերթաք (հազիվ ըդոնք կարգին բանմ էրին): Ըդպես ուղիղ իջնիք-ելնիք-իջնիք… հա-հա-հա, ըդիկ մեր ուլիցն է «ամերիկական գորկա», ձախ դառեք՝ «Կալբասի սադի» կողքով վեր ելեք, հասա՞ք, ըդիկ մեր պարծանքն է, մեր թասիբն է, մեր մեծ թատրոնի շենքն աչքերիդ դեմը գուկա: Անպայման կմտնիք, բանմ կաշեք, ըդիկ ձեր տեսած թատրոններին նման չէ, համ էլ՝ քաղքից դուս էրթալուց Ֆրունզը ձեզի խիստ կհարցնե. «Թատրոն մտա՞ք»:

Մենք մե դրական կողմմ էլ ունինք` ուրիշ հեչ մե տեղ քյալա չեն ուտե, մենք կուտենք, պանրխաշ կսարքենք, օր էլ հեչ մե երկիր ու քաղաք չի կռնա սարքե: Մեզի հմար ըսպես առոք-փառոք, մեր ունեցած ու չունեցածով, խնդալ-խոսալով կապրինք: Խնդալ-խոսալ ըսի, չմոռանամ զգուշացնեմ, օր Լեննագան օր հումոր կենեն, սրտներիդ չառնիք, ըդիկ մեր խասյաթն է, մենք առանց կատակ, խնդալ-խոսալու ապրել չենք կռնա, մենք վշտի մեջ էլ հանաք կենենք:

Եկե՛ք մեր երկիր, ըստեղ տեսնելու, լսելու ու սորվելու լիքը բան կա: Կտանիք ձեր երկիրը կզարգացնեք: Մենք բարի մարդիկ ենք, սաղ ձրի նվեր կուդանք:

ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ