Չնայած Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 155-րդ թատերաշրջանը բացել էր դեռ 2020թ. հոկտեմբերին՝ կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումով, սակայն հայտնի պատճառներով թատրոնի աշխատանքները դադարել էին: 2021-ի մարտին որպես 155-րդ թատերաշրջանի առաջնախաղ հանդիսատեսի դատին հանձնվեց գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քեյս» ներկայացումը: Եվ թատրոնի ղեկավարությունը հույս հայտնեց, որ 155-րդ թատերաշրջանում կլինեն նորություններ, կխաղան կատակերգություններ, թեթև ոճի ներկայացումներ հանդիսատեսի հետ կխոսեն միայն լավ բաների մասին՝ չմոռանալով վերապրածը։
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, թատերական միջոցառման փոխարեն տոնական օրը նշանակալից դարձավ երկար սպասված իրադարձությամբ. Գյումրու դրամատիկական թատրոնը ազդարարեց, որ այսուհետ ունի պաշտոնական կայք. gyumritheatre.am, որը ստեղծվել է Brain Fors ընկերության հմուտ ծրագրավորողների և Գյումրու դրամատիկական թատրոնի թիմի համատեղ աշխատանքի արդյունքում։
Այսուհետ թատրոնի ողջ տեղեկատվական բազան հասանելի կլինի կայքում, իսկ առավելությունն էլ այն է, որ հանդիսատեսը կկարողանա տեղեկանալ, թե ինչ ներկայացումներ են նախատեսված և առցանց տոմս գնել: Կայքում կարող եք ընթերցել թատրոնի ստեղծման պատմությունը, 155 թատերաշրջանների մասին, ծանոթանալ գործող դերասանների կյանքին ու խաղացանկին, ամսական նորություններին, դիտել ռեպորտաժներ և այլն:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, քանի որ դեռ համաճարակային իրավիճակը տիրող է, Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում հավաքվել են մտերիմ մարդկանցով: Օրվա խորհրդով թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի անունից շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց նախ լրատվամիջոցներին, իր խոսքով՝ ամենադժվար պահերին թատոնի կողքը լինելու, դժվարությունները լուսաբանելու, ինչպես նաև հաջողությունների մասին խոսելու համար: «Գիտեք, ամեն տարին սկսելը մեզ համար թատերական տոն է եղել, ու միջոցառումներ են եղել, բայց ինձ համար ամենամեծ նվերն եղավ այսօր. մենք 4-5 տարի շարունակ մտածում էինք այս ամենի մասին, բայց չէր ստացվում: Այն, ինչը անվարձահատույց արել է Brain Fors ընկերությունը, սա անսահման մեծ նվեր է: Անգամ ծանոթ չեմ տնօրինությանը, որովհետև կայքի աշխատանքների ընթացքում մեր գործընկերներն են նրանց հետ շփվել, լուռ աշխատել են: 21-րդ դարում սա ամենակարևոր բանն է, որ մենք պիտի ունենայինք: Անչափ շնորհակալ եմ, մեր հզոր կոլեկտիվի անունից երախտագիտություն եմ հայտնում Brain Fors ընկերությանը, «Անի ֆոտոսերվիս»-ին՝ 2 տարի թատրոնի կողքին լինելու համար, լուսանկարների համար, Գյումրու սիմֆոնիկ նվագախմբին, և մնացյալ բոլորին, ովքեր եղել են մեր կողքին, առանձնահատուկ՝ շնորհակալություն եմ հայտնում մեր հանդիսատեսին, և մեր կոլեկտիվին՝ դրամարկղի հսկիչին, բեմի բանվորներին, դերասաններին, բոլորին: Թատրոնի հաջողությունը պայմանավորված չէ գեղարվեստական ղեկավարով, ժամանակավոր են, մնայուն արժեք են դերասաններն ու աշխատակազմը: Մարտ ամսին Դուք խաղացել ու սպասարկել եք 26 ներկայացում… Ես հզոր եմ, ուժեղ եմ ձեզանով: Եղեք առողջ, միշտ ստեղծագործական, և կարևորը խաղաղ ապրենք»:
Կայքի շնորհանդեսին վիզուալ ներկայացվեց կայքի գործարկման մանրամասները: Բանախոսեցին թատրոնի մենեջեր Ադելինա Հարությունյանը, Brain Fors ընկերության աշխատանքները համակարգող Մերի Մարդոյանը: Թատրոնի կողմից պատվոգրեր հանձնվեց Brain Fors ընկերության հիմնադիր-տնօրեն Գուրգեն Ղարիբյանին և «Անի ֆոտոսերվիսի» տնօրեն Գագիկ Մխիթարյանին՝ արդյունավետ համագործակցության համար:
Համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի միջնորդությամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից, Թատրոնի միջազգային տոնի առիթով շնորհակալագրեր հանձնվեցին թատրոնի մի շարք աշխատակիցների. դերասաններ՝ Ֆրունզիկ Ամիրխանյան, Սարգիս Ղարիբյան, Արսեն Սաղաթելյան, Դիանա Մացոյան, Հասմիկ Սուվարյան, Նառա Սանթոյան, մենեջմենթի գծով փոխտնօրեն Տիգրան Բարսեղյան, գլխավոր ադմինիստարտոր Փառանձեմ Կարապետյան։
Շնորհավոր տոնդ՝ մեր սիրելի թատրոն: