ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Խոսում ենք իրավունքներից, բայց մոռանում պարտավորությունների մասին»

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր (ՀՀԿ) ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

Պարոն Ավետիսյան, հետահայցք գցելով վերջին իրադարձություններին՝ Թավշյա հեղափոխություն, իրավիճակի փոփոխություն, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը շուրջ 20 տարի հանդիսանում էր իշխող ուժ, ուներ հարյուր հազարավոր կուսակիցներ, բոլոր լծակները գտնվում էր իր ձեռքում, զիջեց իր դիրքերը, այսպես ասած՝ պարտվեց հեղափոխությանը:

— Օբյեկտիվորեն դիտարկելով, պետք է ասեմ, որ երկրում կային լուրջ խնդիրներ, հատկապես՝ սոցիալ-տնտեսական, որը հնարավորություն չէր տալիս ապահովել այնպիսի տնտեսական աճ, որը մարդուն հնարավորություն կտար բարելավելու իր սոցիալական վիճակը: Եվ այս պարագայում ունենալով աղքատության շատ բարձր ցուցանիշ, գործազրկության շատ բարձր մակարդակ, մի բան, որի մասին ես բազմիցս եմ ասել ԱԺ-ում՝ շատ պետական կառույցների կողմից քաղաքացիների նկատմամբ շատ վատ վերաբերմունք, նույնիսկ արհամարհական, ինչու չէ, նաև բարձր մակարդակով կաշառակերություն՝ տարբեր ոլորտներում… Այս ամենը, բնական էր, որ մարդկանց վրա թողել էր բացասական ազդեցություն, ինչպես նաև, սկսած 1995-96թթ. մինչև վերջին ընտրությունների ոչ թափանցիկ, ընտրակաշառքներով պարբերաբար անցկացնելը տարբեր բողոքների դրսևորումներ էր առաջացնում: Այս ամենը կուտակվել էր, արտաքին քաղաքականության որոշակի ճնշումների նշույլներ արդեն կար, ուզենք, թե չուզենք, պետք է խոստովանենք, որ նաև գերտերությունների ազդեցության տակ ենք մենք ընկնում:

Այսինքն, երբ Սերժ Սարգսյանը, այսպես ասած՝ հանգիստ հայտարարեց. «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», դա նաև արտաքին ազդեցությա՞ն հետևանք էր:

— Այո, Սերժ Սարգսյանը շատ հանգիստ իշխանությունը տվեց: Ու ես դրա պատճառով չեմ ընդունում «հեղափոխություն» արտահայտությունը, որովհետև հեղափոխությունը ենթադրում է նաև լարված ու շատ վատ դեպքեր:

Բայց դրա համար էլ այս հեղափոխությունը կոչվեց «Սիրո և հանդուրժողականության»:

— Համենայնդեպս, փաստենք, որ իշխանությունը շատ հանգիստ տրվեց Նիկոլ Փաշինյանին: Ավելին ասեմ, եթե նրա փոխարեն մեկ ուրիշ լիդեր լիներ, հնարավոր է, որ նրա մոտ էլ այն ստացվեր: Նախ պետք է փաստենք, որ մինչ այս հեղափոխական շարժումը, նախորդել է «Սասնա ծռերը», «Էլեկտրիկը», և այլ շարժումներ: Եվ այս բողոքի ալիքը պետք է մի օր ավելի հզոր արտահայտվեր:

Պարոն Ավետիսյան, իսկ իշխանությունը, երկրի նախկին ղեկավարը չէ՞ր տեսնում, որ օրերից մի օր այդ «վառոդով լի տակառը» պիտի պայթեր:

— Ցավն այն է, որ կուլիսներում այդ խոսակցությունները կար, բայց վերնախավին ժողովրդի կարծիքը կարծես հասանելի չէր: Ես այդպես եմ կարծում, որովհետև ունենալով այդպիսի լծկներ, ինֆորմացիոն դաշտի կառավարում ու չգիտենալ, թե ինչ տրամադրվածություն կա ժողովրդի մե՞ջ… Եվ, եթե հստակ տեղեկություն երկրի ղեկավարությանը հասներ, ապա այս հեղափոխությունը չէր լինի, դրան չէր հասնի կամ ոչ թե կլիներ նման ձևով իշխանափոխություն, այլ յուրայիններից մեկ ուրիշի կբերեին իշխանության:

Հա, բայց նման սցենար կարծես խաղարկվեց, ավելին, ժողովուրդը համակերպվել էր անգամ Կարեն Կարապետյանին իշխանությունը հանձնելուն:

— Չեմ բացառում, այո, նման խոսակցություն կար և հետո, ամենավատն այն էր, որ անմիջապես Սահմանադրական փոփոխություններից հետո, շատ արագ, օրենսդրական փոփոխություններով գնացինք սուպերվարչապետական համակարգին: Եվ այս ամենը ժողովրդին հունից հանեց: Անդրադառնալով Ձեր առաջին հարցին, այո, Հանրապետական կուսակցությունը հզոր էր, հզոր էր գաղափարախոսությամբ ու նվիրյալներով, սակայն ժամանակի ընթացքում կուսակցություն սողոսկեցին պատեհապաշտ մարդիկ, որոնք այլ խնդիրներ լուծելու համար էին եկել, կամաց-կամաց հետին պլան մղվեցին կուսակցության նժդեհական գաղափարախոսությունը: Եվ ես գտնում եմ, որ վաղուց նման մարդկանց պետք է կուսակցությունից հեռացնեին…

Ինքնամաքրվեի՞ն:

— Այո, ինքնամաքրվեին, դա պարտադիր է: Տեսեք, ինձ հարցնում են՝ «ՀՀԿ-ից դուրս գալո՞ւ ես»: Ես դուրս չեմ գալու, դուրս պետք է գան այն մարդիկ, որ մտան մեր շարքեր ու վարկաբեկեցին: Ես 1997-98-ից կուսակցության անդամ եմ, և ես երբեք որևէ այլ ակնկալիքներ չեմ ունեցել, մանավանդ, որ ես և փոխքաղաքապետ եմ եղել, և պատգամավոր, պաշտոնի խնդիր չեմ ունեցել, այլ ես ընդունել եմ գաղափարախոսությունը: Եվ կարծում եմ, մեր հստակ գաղափարախոսության արդյունքում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ին հրաժարական տվեց: Ինձ համար հիմա այլ բան է անհասկանալի ու ցավալի, որ Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում իրար գլուխ հավաքվել ու որոշել, թե ինչ ենք անելու: Մենք՝ հնաբնակներով հաճախ հանդիպում ենք ու գտնում ենք, որ պետք է կուսակցությունը մաքրել ու առաջ գնալու հստակ ծրագրով հանդես գալ: Չէ՞ որ մեր շարքերում շատ խելացի, գրագետ, պետությանն օգտակար մարդիկ կան:

Այսինքն, ուզում եք ասել, որ կադրային քաղաքականությունն այսօր կաղո՞ւմ է:

— Այո, սխալ քաղաքականություն է վարվում: Օրինակ բերեմ, եթե առաջին անգամ՝ մայիսին, հասկանալի ու ընդունելի էր, ապա հիմա արդեն շատ դանդաղում է, կառավարության կառուցվածքը դեռևս անհասկանալի է ու չկա, ծրագրի մասին չեմ ուզում խոսել, իսկ պետությունն ունի ապագային միտված լուրջ թիրախային խնդիրներ: Եթե կառավարության կառուցվածքը չկա, դա պետության շարժը դանդաղեցնում է, նշանակում է՝ ներդնողն էլ սկսում է սպասել, մտածելով, թե ինչ-որ բան այնպես չէ, իսկ ամենակարևորը՝ սկսած լուրջ կառույցների ղեկավարներից, մինչև ներքևի ղեկավարները, խուսափում են պատասխանատվությունից: Տպավորություն է, որ չեն ուզում մտնել պատասխանատվության տակ: Դրա պատճառահետևանքները փոքր օրինակներով էլ է տեսանելի. ասենք, համայնքի ղեկավարը դիմում է գրում, դուրս է գալիս, հետո նորից ընտրվում է, նորից գնում են բողոքելու: Նշանակում է, այդ համայնքում էլ վստահություն չի լինի, գործ էլ չի արվի: Պարբերաբար նման բաներ լինում են: Իհարկե, ես համաձայն եմ, եթե մարդը չարաշահում է արել, պետք է պատասխան տա և, եթե մարդը, որին անվստահություն եք հայտնել, հետո նորից ընտրվել է, ուրեմն բարի եղեք հարգելի ժողովուրդ՝ գնացեք այդ մարդու հետ ուս ուսի տված գործ արեք, այլ ոչ թե խանգարեք: Դրան ավելացրած, անընդհատ փորձում են կեղծ օրակարգեր առաջ քաշել՝ հանրության քննարկման համար: Դա շեղման համար է, որը պետք չէ անել: Այսօր մենք այնքան լուրջ ու ծանր խնդիրներ ունենք, պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը զարգանա, պետությունը հզորանա, ժողովրդի սոցիալական վիճակը բարելավվի, պետք է առաջ գնանք: Ոչ թե անընդհատ հետևենք, թե ահա՝ ում բռնեցին, ինչ արեցին, կամ երբեմն բարձր մակարդակով այնպիսի անպատասխանատու հայտարարություններ են անում պաշտոնյաներն ու պատգամավորները, որը շատ վտանգավոր է:

Իհարկե, բոլորս ատամներս սեղմած սպասում ենք, որ տնտեսական հեղափոխության շրջանը սկսվի: Բայց մի՞թե կոռուպցիայի, կաշառակերության մեջ թաթախվածներին բացահայտելով, բռնելով, պետությանը հասցված վնասները վերականգնելով արդյունք չի գրանցվում:

— Անկեղծ ասեմ, դա չի նպաստի: Ցանկացած թիվ հետ բերելու համար պետք է ունենալ հիմնավորումներ. եթե իքս գումար կաշառակերից հետ ես բերում, ուրեմն դա անբեկանելի պետք է լինի որևիցե մարմնի կողմից՝ կամ դատարանի վճռով, կամ հարկային մարմնի հստակ հաշվարկների, որպեսզի հասարակության համար հասկանալի լինի, թե որտեղի՞ց է գնացել, որքա՞ն ու ինչպե՞ս է վերականգնվում: Որովհետև մարդն, որն ուզում է գալ ու բիզնես դնել, նա կարող է կասկածել, թե վաղն իրեն կասեն, թե դու այսպես-այնպես: Պետք է կամայականություններ չլինեն, այլ օրինականության դաշտում: Նաև մեր ներքին բիզնես միջավայրը պետք է օրինակ ծառայի: Եթե մեր բիզնեսմենները ներդրումներ ներսում չանեն, կառավարությունն էլ նրանց համար հստակ քաղաքականություն չվարի, ապա դրսինները հաստատ կշրջանցեն: Մենք այսօր կնճռոտ հարցեր ունենք խոշոր ներդնողների հետ, մանավանդ բնապահպանական խնդիրներով: Այո, այստեղ կա երկրի ու բնության շահը, երկրորդը՝ արդեն ներդնողի կողմից կատարված ներդրումը, և 3-րդ, չեմ թաքցնում, որ կան կառույցներ, որոնք փորձում են ամեն կերպ խոչընդոտել այդ գործընթացներին: Առավոտից իրիկուն տեսնում ենք, որ կառավարության դիմաց բողոքող մարդկանց խմբեր են, բողոքի ակցիաներ են… Արդեն ժամանակն է, որ մենք այս ամենից վեր կանգնենք, հասկանանք, որ նա, ով ուզում է աշխատել, պիտի աշխատի, պետությունն էլ նրա կողքին պիտի կանգնի, իսկ ով չի ուզում աշխատել, ուրեմն հստակ այդ մարդկանց պետք է ասել՝ մի խանգարեք:

Չեմ հավատա, թե նախկին ղեկավարները չգիտեին, որ իրենց կողքինները կոռուպցիայի մեջ թաթախված են

— Պատմությունն է ցույց տվել, որ մեր նման երկրները, որոնք կայացման փուլում են, այո, գալիս է մի ժամանակ, որ գործարարները սերտաճում են իշխանության հետ, գալիս է մի պահ, որ քաղաքական կամք դրսևորելն իշխանության համար դառնում է արդեն անկարելի: Հստակ գնահատականներ տրվել են, բայց երբեք կոնկրետ գործողություններ չեն իրականացվել:

Էլ չենք խոսում կադրերի մասին:

— Կադրերի ճիշտ ընտրությամբ շատ բան է պայմանավորած. մարդը կարողություն ունեցավ, պատասխանատվություն կարող է վերցնել, մյուս կողմից, կարող է մեծ գիտելիքներ ունենալ, բայց չկարողանա անգամ երեք հոգու կառավարել: Նման ու շատ այլ սխալների հետևանքով է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվեց:

Գիտե՞ք, պատկերացնելով Հայաստանում խտացված բոլոր խնդիրները, իմ մոտ այն տպավորությունն է, ասես մենք նորնոր Սովետական Միությունից անկախություն ձեռք բերած պետությունն ենք, որն ինքնուրույն պիտի երկար ճանապարհ անցնի:

— Այո, լավ ասացիք, լրիվ նույն զուգահեռները կարելի է տանել: Ուղղակի ունենալով անցած ճանապարհ, մենք պետք է հստակ ամրագրենք, թե մեր երկիրն ինչ ունի ու ինչով կարող է զարգացում ապահովել: Եթե գյուղատնտեսությունն առաջնային օղակ է՝ տնտեսությունը զարգացնելու համար, ապա մեր բոլոր ուժերն այդ ուղղությամբ պետք է տանենք: Սխալներն ուղղելով, պետք է առաջ գնալ, պետք է ներկրողից դառնանք ինքնաբավ երկիր, ապա նոր արտահանող: Մենք կարող ենք էկոլոգիապես մաքուր ու համեղ արտադրանք տալ, ամբողջ աշխարհն ունի դրա կարիքը: Օրակարգից պետք է դուրս հանել սևերն ու սպիտակները, «մենքն» ու «դուքը»:

Դուք 1995 թվականից ԱԺ պատգամավոր եք եղել և, բնականաբար, շատ հետաքրքիր է Ձեր գնահատականը ներկայիս օրենսդիր մարմնին:

— Միշտ էլ ԱԺ-ի մասով եղել են վերապահումներ: Համեմատական որ տանենք, 1995-99թթ. օրենսդիր մարմինն ամենաուժեղն է եղել՝ և՛ քաղաքական, և՛ անձերի առումով: Հետո կամաց-կամաց օրենսդիր մարմին ձևավորելու վատ մեխանիզմների հետևանքով, այնպիսի մարդիկ հայտնվեցին ԱԺ-ում, որ… Վերջին ընտրություններն եղան ոչ թե անձերի, այլ կոնկրետ մեկ անձի շուրջ հավաքված մարդկանց: Ես անընդունելի եմ համարել, երբ սերնդափոխությունը «կացնային» քաղաքականությամբ է արվում: Անընդունելի եմ համարում, որ տղամարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, պետականաշինության գործին են լծված: Մարդիկ են անցել ԱԺ, որ զարմացած են մնացել, որ չեն էլ հասկացել, թե ուր են հասել: Եվ պիտի կրկնվեմ, դրա համար էլ, այնպիսի հայտարարություններ են անում, որ վտանգում են թե հայի իմիջը, թե ԱԺ-ի նշանակությունը, թե շատ այլ հարցեր: Այսօրվա ԱԺ-ում պատգամավորի ինստիտուտը կաղում է:

Ժողովրդավարությունն որքան էլ լավ բան է, այն կարող է բերել քաոսի, հետո՝ դիկտատուրայի:

— Այո, այսօր բոլորը սկսել են մտածել իրենց իրավունքների մասին, բայց քչերն են խոսում պարտավորություններից: Ներքին մշակույթի զարգացման խնդիր ունենք, պետք է յուրաքանչյուրս մեզնից սկսենք, նպաստենք, աշխատենք, թե չէ գնալ, փողոց փակել ու պահանջել… Իսկ ի՞նչ ես արել՝ մինչև պահանջելը: Կառավարությունն էլ, իր հերթին, իր բոլոր օղակներով, ամբողջ հանրային սեկտորը պետք է մտածի աշխատանք ստեղծելու մասին, թե չէ օպտիմալացնում են, կրճատում են, ու դրանով գործազուրկների բանակն են շատացնում: Իսկ հետո՞, մտածե՞լ են, թե հետո ինչ է լինելու:

Բայց տեսեք, այսօր միջազգային հարթակներում կարծես Հայաստանը վատ դիրքեր չի զբաղեցնում, ուշադրությունն իր վրա սևեռված է պահում:

— Շատ լավ է, բայց չպետք է մոռանանք գերտերությունների, տարածաշրջանային խնդիրների, միջազգային կառույցների շահերի մասին. մեկի հետ գործընկեր ես, բայց մյուսը սկսում է նեղվել, շատ բարդ է: Բայց այս ամենից խուսափելու համար պետք է ոտքի կանգնել, ուժեղանալ: Պետք է ընկալելի լինի օբյեկտիվ քննադատությունը, թշնամական վերաբերմունքը պետք է դուրս բերել մեր միջից: Այս երկիրը մերն է, մենք չենք ուզում գնալ մեր երկրից, որևիցե տեղ մեր երկրից լավը չէ, իսկ դրա համար պետք է համախմբվենք, միասին կառուցենք:

Մարտի 1… Մենք ասես վերադարձրեցինք մեր կորսված գարունը: Գլխավոր մեղադրյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, ճաղերի հետևում է, չնայած դեռ շատ անելիքներ ու սպասելիքներ կան:

— Մարտի 1, Հոկտեմբերի 27… Սրանք Հայաստանի համար չփակված էջեր են: Ես դեռ չեմ տեսնում, որ Մարտի 1-ը բացահայտված է: Ես կհամոզվեմ, եթե ինձ ցույց տան հրաման տվողին ու կրակողին: Կրակող զենքը կա, ոճրագործություն եղել է, բայց դեռ չկա կրակողը, մինչդեռ այս բացահայտումները երկրի համար կարևոր են: Պետք է փակել էջերը, խարանը դուրս գա, ու նոր առանց հետ նայելու՝ առաջ գնալ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ