Հայաստանում վերջերս դարձյալ շրջանառության մեջ մտավ H1N1 կամ՝ խոզի գրիպ վտանգավոր վիրուսային հիվանդությունը: Բանն այն է, որ հարևան Վրաստանում արդեն 13 մարդ է զոհվել այս գրիպից, իսկ Հայաստանի հիվանդանոցներում շատացել են գրիպի ու հազի, վիրուսային հիվանդություններով հիվանդների թիվը: Նաև այն, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկում արձանագրվեց H1N1 գրիպ, բնական է, որ բնակչության մոտ անհանգստություն է առաջանում: Այդ իսկ պատճառով, զրուցեցինք Գյումրու «Կարմիր Խաչի» պոլիկլինիկայի մանկական ազգաբնակչության պատասխանատու բժշկուհի Սանդրոսյան Անահիտի հետ: Վերջինս նշեց, որ գրիպի տարածվածությունը չի հատել այն տագնապալի սահմանը, որ խուճապ առաջացնի. «Գրիպի տարածվածությունն այնքանով է, որքան բնորոշ է այս սեզոնին: Ոչ մի ցցուն ցուցանիշ չկա: Կարծում եմ, ավելի շուտ սա խուճապ է, որն անփութորեն տարածվեց բնակչության մոտ»:
Հարցին, որ Վրաստանում մահացության դեպքեր են արձանագրվել, և այն հանգամանքը, որ մեր շատ հայրենակիցներ տոներն անցկացրել են այդ երկրում, հնարավո՞ր է, որ նրանց միջոցով այս վտանգավոր վիրուսը ներթափանցել է Հայաստան, բժշկուհին պատասխանեց. «Շատ ուրախալի է, որ մեր ժողովուրդը դարձել է զգոն, ուշադիր իր առողջությանը բայց բռնկում որպես այդպիսին չկա: Եթե լինի, մեր առողջապահական համակարգը կազմ-պատրաստ է, մենք ապահովված ենք բոլոր անհրաժեշտ դեղահաբերով: Ծանր դեպքեր, բարձր ջերմությամբ դեպքեր, այնուամենայինվ, չեն արձանագրվել»:
Այն դիտարկմանը, որ շատ ծնողներ վախենում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, բժշկուհին ասաց. «Ենթադրում եմ, որ ծնողներն են զգուշավորություն դրսևորել: Օրինակ, այսօր, մանկապարտեզից երկու երեխայի բերեցին մեր մոտ, բայց ոչ մի վտանգավոր բան չկար, այլ ընդամենը մեր իմացած սուր շնչառական վիրուս: Թեթև կլինիկական ձևով է արտահայտված ներկայիս վիրուսները, որոնցով հիվանդանալու դեպքում կարելի է անգամ ոտքի վրա տանել»:
Պոլիկլինիկայում պատմեցին, որ ուրախալի է այն հանգամանքը, որ բնակիչները գալիս, գրիպի դեմ պատվաստվում են. «Բազմաթիվ զանգեր ենք ստացել, եկել, գրիպի վակցինա են ստացել: Խրոնիկ հիվանդներն են եկել, հղիները, շաքարային դիաբետով հիվանդները… մեր ստացած բոլոր 367 պատվաստանյութերը սպառվել են»: Նաև նշեցին, որ առողջապահության նախարարի հանձնարարականով, իրենք ամեն օր տվյալներ են հաղորդում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներ և, եթե իրենց կողմից ոչ մի տագնապ չի հնչել, ապա ամեն ինչ ընթանում է ըստ սեզոնին բնորոշ ակտիվության:
Նշենք, որ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանն էլ համարյա ամեն օր իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է անում՝ կապված սուր շնչառական վարակների հետ: Վերջին գրառումը վերաբերում էր Վրաստանի իր գործընկերոջ հետ զրույցին. «Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։ Կոչ եմ անում՝ հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»։
Ըստ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի համաճարակաբան, համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու, բժշկագիտության դոցենտ Արմինե Անդրյանի ևս՝ անհանգստանալու, խուճապի մատնվելու ոչ մի նախադրյալ ու հիմք չկա: