ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծիծաղի «հունձքը» մեր տեսադաշտում

Ինձ թվում է, թե մեր` գյումրեցիներիս հումորը պայմանավորված չէ տրամադրվածությունից: Այն նույնիսկ իրավիճակային էլ չես անվանի, ուղղակի դա մեր մտքի և խոսքի «համեմունքն» է, ու շատերս անգամ չենք գիտակցում, թե ո՞րն է մեր խոսքի մեջ ծիծաղելին: Անգամ առանձնակի կարևորություն չենք տալիս դրան և չենք էլ մտածում, որ մեր խոսքում ինչ-որ բան ուրիշների համար ծիծաղելի «նոտայով» է հնչում:

Որքան էլ զարմանալի է, լինում է նաև դատարանային հումոր: Երբ տարիներ առաջ դատարանում պետմեղադրողը 4,5 տարվա ազատազրկում պահանջեց ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանի համար, վերջինիս դեմքի արտահայտությունը փոքր-իսկ չփոխվեց, նա անտարբեր ասաց. «Քիչ չտվի՞ր»: Ինձ միշտ զարմացրել է նաև մահվան հետ մերձիմոտ ապրածների հումորի զգացումը: Դե, պատերազմ ապրած ժողովուրդ ենք, դա էլ է պատահել մեր կյանքում: Այն, առհասարակ, կարելի է համարել ռազմադաշտային հումոր: Մի կողմից, մտածում եմ, թե մահվան տեսիլքի ու հումորի հաշտությունը միանգամայն տրամաբանական կարող է լինել, մյուս կողմից, երբ խորն եմ մտածում, կարծում եմ, որ այդպիսի հումորը «վրաերթի» ենթարկված պիտի լինի «մահվան տեսիլով»:

Մենք այնքան հումորառատ ենք, որ նույնիսկ զարմանալի կլիներ, եթե պատերազմական տարեգրության բովով անցած մեր ժողովուրդը մի պահ խորթանար հումորից: Ես դրան պայմանական անվանում եմ գտել` «ռազմադաշտային հումոր»: Ահա երկու դրվագ դրանից:  Ազատամարտիկ Սերիկ Տոնոյանն այսպես է հիշում իր կյանքից մի դրվագ. «Կրասնի էինք, Սահրադյան Ամլիկոսն ինձ հետ խրամատում էր` քիչ հեռու: Ադինոչնի կկրակեր: Մտածեցի` զահլա տարավ, գլխին մե բանըմ սարքեմ, անղայրա չկրակե: Գիլզա էր դեմս ընկած, թափեցի իրա ուղղությամբ, ճակատին կպավ: Մեկ էլ լսում եմ. «Չհասկըցա` էս ի՞նչ էղավ, վրես կրակեցին` պուլի փոխարեն, գիլզեն էկավ-կըպավ ճակտիս»:

Ազատամարտիկ, իսկ կազմվածքով` իսկը ծանր քաշային մարզիկ, Գևորգ Ալիխանյանն է պատմում. «Հորադիզի բոյից հետո գուկանք: Երկու ընկեր եմ կորցրել` տեղս չեմ գտնի: Պեխ Անդոն հանկարծ ասաց. «Ապ ջան, սաղ բոյի վախտ կմտածեի, թե հանկարծ քեզի բան չեղնի, չխփեն: Հարցըրի` ընչի՞: Ըսավ. «Էդ եքա ջանդակդ ո՞վ բդի քաշ տար»:

Ժանրային առումով, Հայաստանում, կարծում եմ, որ հումորի զգացողության առանձնապես հարուստ երանգներով են օժտված բոլորը: Նույնիսկ գովազդային ոլորտը դրանից զերծ չի մնացել, թեև կարծում եմ, որ այստեղ արտաբերված մեկ բառն անգամ, էլ չեմ ասում` միտքը, գին ունի: Ահավասիկ, գովազդային շռայլ հումորից մի դրվագ: Ասում է` «Վայելեք այս պաղպաղակը, նույնիսկ` ամենաշոգ եղանակին»: Սկզբում հասկանանք, որ երևի սա հետևության տեղ է թողնում: Դրա համար պետք է պատկերացնել, թե պաղպաղակի վայելումն ավանդաբար նախատեսված է պաղ եղանակին, ինչպես երևի դա անում են չուկչիները կամ էսկիմոսները: Սակայն միաժամանակ չէր խանգարի երևակայել, ինչը ներշնչում է գովազդը, որ պաղպաղակի այս տեսակն առանձնահատուկ է նրանով, որ հնարավորություն է ընձեռնում այն վայելել անգամ խիստ տապ եղանակին: Եվ սա է, որ պետք է դիտել այս պաղպաղակի առավելությունը` պատկերացրի՞ք, հարգելի գնորդներ:

Սոցիալական դժվարին պայմաններում, իհարկե, իր ուրույն տեղն ունի սոցիալական հումորը: Եվ պետք է հարգանացս հավաստիքը մատուցեմ իրականությունում պողպատի պես կոփված մեր այն գյումրեցիներին, ովքեր այսպիսի պայմաններում չեն արժեզրկել հումորի բուն իմաստը, չեն կորցրել լիաթոք ծիծաղելու կարողությունը և այն անբացակա են պահել մեր կյանքի բոլոր իրադրություններում, նույնիսկ ֆորս-մաժորային վիճակներում (երկրաշարժյան անեկդոտներն ի նկատի ունեմ, բայց դրանց չանդրադառնամ): Կարելի է անվարան ասել, որ հումորը մեր էթնոմշակույթի անբաժանելի մասն է: Կարելի է նաև հումորի ժանրային անվանացանկը շարունակել, օրինակ` ընտանեկան, աշխատանքային, կենցաղային, խնջույքային, գինարբուքային, ոստիկանական, խուլիգանական, ճանապարհատրանսպորտային, տոնահանդեսային, այլմոլորակային, ռոմանսային, գրական, քաղաքական, հասարակական և այլն, և այլն:

Զորօրինակ` հասարակական-քաղաքական: Զրուցում են ոլորտի ներկայացուցիչները: Մեկն ասում է. «Խոսքի ազատությունն ուրվական է», մյուսը չհակադրվելով, միայն հավելում է` «Բայց ափսոս, որ փողի ազատության մասին նույնը չի կարելի ասել», իսկ երրորդը, ով նրանցից լավատես է գտնվում, խորհուրդ է տալիս. «Իսկ դուք ոչ մի բանի վրա մի կենտրոնացեք, մեկ է, ոչինչ իրական չէ, ամեն ինչ տեսիլք է»: Որսացի՞ք ծիծաղելի խոսքերի գաղտներանգը` մի տեսակ խոհափիլիսոփայություն էլ կա ոնց որ թե` հա՞: Կամ այս կենցաղ-տնտեսական հումորի նմուշը. ընկերն ընկերոջն հարցնում է. «Կինդ ինչը՞խ է, ախպերս»: «Ինչը՞խ բդի էղնի, թանկ կնստի»: Սա, ինչպես հասկացանք, մի տեսակ պրագմատիկ հումոր է, բայց, ահա, ռոմանսային հումորն այսպես է հնչում. գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանին մի տիկին` անչափ հետաքրքրված, հարց է տալիս. «Ո՞ր գույնն եք դուք սիրում»: Ճարտարապետը պատասխանում է. «Թափանցիկը»: Իսկ ընտանեկան հումորի ժանրից կարող եմ սեփական օրինակս բերել: Երբ աղջիկս փոքր էր, մի օր խնդրեց. «Պա, էդ բանը կուտա՞ս»: Հարցրի. «Ո՞ր բանը, բանն անուն չունի՞», նա էլ թե` «Անունը գնացել է գործի»:

Իսկ ընդհանուր առմամբ, պետք է խոստովանեմ, որ ըստ էության, ես գնահատում եմ «լուրջ», ոչ ջրիկ հումորը, որտեղ էլ դրա «երկունքը» կայանա:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ