Հարցազրույց տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
— Պարոն Խաչատրյան, եղավ հեղափոխություն, եղավ իշխանափոխություն: Հայաստանը նոր փուլ է սկսում, իսկ յուրաքանչյուր երկրի զարգացման հիմնաքարերից մեկը՝ տնտեսությունն է: Մենք գիտեինք, որ երկիրն անխնա թալանում էին, բյուջեն աննպատակ ծախսում, բայց… Դուք, որպես տնտեսագետ, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը: Եվ, արդյո՞ք, հնարավոր է:
-Ոչ ոք չգիտի, թե իրականում մենք ինչպիսի տնտեսություն ունենք, ամենամեծ պրոբլեմը սա է, որովհետև իրական պատկերը որ չունենք, մենք չգիտենք, թե սպասելիքները որոնք կարող էին լինել: Իսկ իրական պատկերը չունենք, որովհետև հրապարակած պաշտոնական թվերը մեզ խեղաթյուրված են ներկայացրել, և չունենք նաև այն պատճառով, որովհետև պարզվեց՝ տնտեսության ստվերային մասն իրականում ավելի մեծ չափերի է եղել, քան կարելի էր պատկերացնել: Նույնիսկ միջազգային տարբեր կառույցների հրապարակած թվերին նայենք՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, ապա ստվերային տնտեսությունը 44 տոկոս է: Մի այլ հանգամանք ևս կա, որը շատ կարևոր է ու իրականություն է դարձել. մեր տնտեսության խնդիրները թաքնված են ոչ թե տնտեսական դաշտում, այլ քաղաքական: Կոռուպցիան, մրցակցության բացակայությունը և հովանավորչությունները մի այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ հնարավոր չէր ապահովել որևէ զարգացում, ստեղծված արդյունքի բաշխման մեխանիզմներն այնպիսին էր, որ 25-30 ընտանիքից բացի, մնացածները հնարավորւթյուն չունեին կենսամակարդակ բարձրացնել, անգամ երազել: Հեղափոխությունն այս առումով արվել է, և շատ բաց Կառավարության ծրագրով նշվում է: Եվ սա հույս է տալիս, որ չիմանալով, թե ինչ ունենք, բայց քաղաքականություն ենք փոխել, խաղի կանոններ են փոխվել, և մասնավոր բիզնեսի գնահատականները տրվելու են ոչ թե անձնական նվիրվածությունից ելնելով, իսկ սա նշանակում է, արդեն պոտենցիալը օգտագործելու հնարավորություն է ստեղծվել:
— Ի սկզբանե վարչապետի և նոր կառավարության կողմից հայտարարվեց, որ ոչ մի վենդետա չի լինի: Սակայն բոլորս գիտեինք, որ մեզ անխնա թալանել են, և մարդիկ ուզում են, մեղմ ասած, հաշվեհարդար տեսնել թալանչիների նկատմաբ:
— Վենդետա չի լինելու ու չի կարող լինել, և ես կողմնակից եմ Նիկոլ Փաշինյանի այս սկզբունքին, քանզի վենդետան միշտ բումերանգի էֆեկտով կարող է աշխատել, դրանով հարցը չի լուծվում: Այժմ փոխվել են խաղի կանոնները և այն ստուգումները, որ մենք տեսանք, արդյունավետ է գործում: Հրապարակում եղավ, որ Երևանի քաղաքապետարանի դեմ 4 էպիզոդներով գործեր է հարուցված: Սա ասում է այն մասին, որ ովքեր խախտումներ են արել, անօրինական են աշխատել, կուտակումները վերադարձնելու ժամանակն է եկել: Օրեր առաջ խոսել եմ ՊԵԿ-ի ղեկավարի հետ, նրանք էլ հստակ գիտեն, որ պետք է այդ գումարները վերադարձվեն, բայց մի «բայց» կա. գործող օրենսդրության շրջանակներում 3 տարուց ավել իրավունք չունեն պետական, հարկային մարմինները ստուգումներ կատարել: Բայց, երբ որ քրեական հանցագործության շրջանակներում է արվում, դա արդեն ուրիշ կարգավիճակ է: Խորացա, որ պարզ լինի՝ սա վենդետա չէ, այլ հանցագործությունների բացահայտում՝ օրենսդրության սահմաններում: Իսկ ժողովրդին հասկանում եմ, որ այս ամենից ավելի է բորբոքվել ու պահանջներ ունի:
— Իսկ օֆշորային գոտում տեղի ունեցած այն «ծածկադմփոց» պատմությունների հանգուցալուծումն ի՞նչ է լինելու:
— Նույնն էլ այստեղ է. օֆշորային գոտիներում հաշիվներ ունեցող կազմակերպությունները Հայաստանում չպիտի գործեն, դա, մասնավորապես, վերաբերում է մեր հանք-արդյունաբերությանը, քանզի հենց օֆշորային գոտում է աշխատում ու կասկած է հարուցում: Պետք է բոլորս իմանանք, թե մեր ընդերքի հարստությունները ոնց են օգտագործվում, ինչու են գնում օֆշոր:
— Պարոն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում, իշխանության կողմից կամքի դրսևորում տեսնելով, քաղաքական կուրսի փոփոխություն տեսնելով, ներդնողների համար հնարավո՞ր է Հայաստանը հետաքրքիր դառնա:
— Ներդրողների համար երեք չափանիշ է գործում. կայունություն ու գրավչություն, ցածր հարկեր, խելամիտ օրենքներ: Դեռևս կայուն չենք, բայց գրավիչ ենք, որովհետև իրավիճակը փոխվեց, ցածր հարկեր, ցավոք, չունենք, և սա խնդիր պետք է դարձնենք մեզ համար: Իսկ խելամիտ օրենքներ, հուսով եմ, դեռ կունենանք: Սպասելիքները դրական են, բայց որ ասեմ՝ ներդնողները կվազեն Հայաստան՝ դեռ այդ վիճակում չենք:
— Իսկ եթե որևէ մարզ, օրինակ Շիրակի մարզը, հայտարարվի ազատ տնտեսական գոտի, սա չի՞ գրավի ներդրողին:
— Ճիշտն ասած, միշտ դրան դեմ եմ եղել, ավելի կողմ եմ նրան, որ օրենքները գործեն, բոլորը հասկանան ու համոզվեն, որ օրենքը հավասար է բոլորի համար, որ առանձին մարդիկ արտոնյալ չեն, տեղական իշխանություններն են երաշխավոր հանդիսանում: Կարծում եմ՝ այդ ամենը բավարար են, որպեսզի ներդրողներ գան:
— Բայց գիտե՞ք, Իսրայելից խոշոր ներդրող էր եկել Գյումրի, նախկին իշխանությունների հետ բանակցում էր, որ եթե Գյումրին հայտարարվի ազատ տնտեսական գոտի, իրենք մեծ ներդրումներ կանեին ու հազարավոր աշխատատեղեր կապահովեին:
— Գյումրու, Շիրակի մարզի համար ես լրիվ այլ մոտեցում ունեմ. կառավարությունների համար Գյումրիի լիարժեք վերականգնումը պետք է դառնա թիվ մեկ խնդիր:
— Բոլոր իշխանավորները, վարչապետերը կախարդական փայտիկ ունենալուց են խոսում. նույնն ասաց Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ կախարդական փայտիկ չկա, ու մեր պարագայում թեկուզ նոր Հայաստանում, պետք է համբերատար սպասենք:
— Ես ասում եմ՝ արդեն կա կախարդական փայտիկ, և շուտով մենք տնտեսական մեծ փոփոխությունների ականատեսը կլինենք: