Օգոստոսին տեղի ունեցած կարկտահարությունը մեծ վնասներ էր հասցրել Շիրակի մարզի Ազատան, Մարալիկ, Սառնաղբյուր, Լեռնակերտ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Փոքր Մանթաշ համայնքների գյուղացիական տնտեսություններին: Վնասվել էին նաև գյուղացիների տնամերձներում ցանած բանջարաբոստանային կուլտուրաներն ու պտղատու այգիները: Ազատանում ցորենի, կարտոֆիլի և եգիպտացորենի ցանքերը լուրջ վնասներ էին կրել: Ստեղծվել էին աշխատանքային խմբեր՝ վնասը հաշվելու համար:
Հիշեցման կարգով նշենք, որ օգոստոսի 15-ին Շիրակի մարզ էր այցելել գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման աջակցության հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ: Հավաքված գյուղացիները բարձրաձայնել էին իրենց դժգոհություններն ու բողոքները, պահանջելով, որպեսզի պետությունն աջակցի իրենց, իսկ նախարարը բացատրել էր. «Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գյուղնախարարությունը կգնահատի վնասի չափերը և աջակցություն կցուցաբերի, բայց նախարարության տեսակետն այն է, որ մարդը վնաս է կրել՝ փոխհատուցվի կանխիկ դրամի տեսքով, այլ ոչ թե տարբեր պարտավորություններ իր փոխարեն մենք կատարենք»: Նախարարը նաև ասել էր, որ գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր կիրականացվի 3 մարզերում՝ Արարատում, Արմավիրում և Շիրակում: Առաջին երկու մարզերում կապահովագրվի խաղողն ու պտուղ-բանջարեղենը, Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը։
«Շրջապատը» Շիրակի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսական բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կառավարության կողմից շրջաբերական իջեցվել է՝ գյուղացիների վնասի հատուցման, կամ փոխհատուցման, կամ աջակցության առումով:
— Երբ նախարարն այցելեց մեր մարզ, ասաց, որ հնարավոր է՝ աջակցություն լինի,- ասաց Անդրանիկ Նալբանդյանը:
— Դա գիտեմ, նկատի ունեմ, արդեն որևէ քայլ արվե՞լ է:
— Քանի որ միայն Շիրակի մարզը չի կրել վնաս, այլ ողջ հանրապետությունում կարկտահարված համայնքներ եղան, կարծում եմ, ընդհանուր մոտեցում պետք է լիներ, ողջ վնասը հաշվարկվեր, թե ինչ գումարների մասին է խոսքը, թե քանի շահառու են, և որքանով կկարողանան օգնել գյուղացուն:
— Արդեն հաշվարկներ կա՞ն, թե քանի համայնք է ընդհանուր վնաս կրել, և ինչ գումարի մասին է խոսքը:
— Շիրակի մարզի 24 համայնքներում շուրջ 3 միլիարդ դրամի վնաս է եղել: Դժվար թե ամբողջությամբ այդ վնասը փակվի: Այս պահի դրությամբ դեռ ոչինչ չունենք ասելու այդ ուղղությամբ:
— Խոսենք բերքատվությունից, մանավանդ, ձմեռման համար կարևոր սննդամթերքներից՝ կարտոֆիլի, նաև հացահատիկի…
— Հացահատիկի բերքահավաքը գրեթե ավարտին է մոտեցել, մնացել է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններինը, շուտով սա էլ կավարտեն: Հացահատիկի դարձյալ բարձր բերքատվություն ենք ունեցել. 30-35 ցենտներ: Նախորդ տարի 20-22 ցենտներ էր:
— Իսկ կարկտահարությունը չի՞ ազդել բերքատվությանը կամ որակին:
— Չէ, կարտոֆիլի բերքատվությունը պահպանվել է: Իսկ ինչ մնում է կարկտահարված ցանքատարածությունների կարտոֆիլի ձմեռացմանը պիտանի չլինելուն, բնականաբար, դա այդպես է, բայց այդ կարտոֆիլը հնարավոր է աշնան ընթացքում վաճառվի: Մենք միշտ ձմեռման համար բավարար կարտոֆիլի պաշար ապահովել ենք: Կարտոֆիլ մարզում 3500-4000 հեկտար ցանք է կատարվում, միջին բերքը 250-300 ցենտներ է կազմում, մենք միշտ կարտոֆիլի հավելում ենք ունեցել:
— Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարտոֆիլ վաճառողը չի օգտվի առիթից, թե իբր կարկտահարություն է եղել, բերքը քիչ է եղել, և այլն, ու գները բարձրացնի:
— Շուկայական ազատ հարաբերություններ են, բայց մյուս կողմից, մեր կարտոֆիլը հնարավոր է նույնիսկ իրացման խնդիր ունենա, ուր մնաց պահեն, արհեստական բաներ անեն: Նման բան չեմ կարծում լինի: Դեռ ասածիս չափից ավելին ենք սպասում, ներքին սպառման համար լրիվ բավարար է:
— Նույնը կարո՞ղ ենք մյուս բանջարա—բոստանային կուլտուրաներից խոսել. կաղամբ, գազար, ճակնդեղ…
— Մենք տարեկան շուրջ 500 հեկտար կաղամբ ենք ցանում, որի բերքատվությունը 280-300 ցենտներ է, և ոչ մի տարի կաղամբի գների բարձրացում չի արձանագրվել:
Հ.Գ. Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են նախատեսում բնակլիմայական աղետներից տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցությունը: Նախարարը պատասխանեց. «Անցյալ տարի աջակցություն դեկտեմբերին է տրամադրվել: Հուսամ, որ այս տարի ավելի շուտ կլինի, եթե, իհարկե, մեր որոշ մարզպետարաններ բարեհաճեն մի քիչ արագ շարժվել: Այդ հարցում Շիրակի մարզպետարանը շատ պունկտուալ էր: Բայց չենք կարող այսօր Շիրակի մարզին տալ, վաղը մեկ ուրիշին»: