Հարցազրույց Կյոկուշինկայ կարատեի սև գոտի, 4-րդ դան ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
— Արման, հիշում եմ, երբ հանդիպել էինք 2014թ—ին, դու սև գոտի 3-րդ դան թեստն էիր հանձնել, և արդեն իսկ տարաձայնություններ կային այն տեսանկյունից, որ Կյոկուշինկայ կարատեում կա կանոնակարգ, երբ որոշակի տարիքում են հանձնում գոտիավորման աստիճանները, և այլ մարտարվեստների նման չէ, որ, ասենք, երեխան մի քանի հայաստանյան մրցումների մասնակցելով սև գոտիի հասնի:
— Այո, այդպես է, տարիքային ցենզ կա: 3-րդ դանը ես հանձնել եմ 2013-ի դեկտեմբերին՝ Ռուսաստանում, ես 23 տարեկան էի: Ես այն ժամանակ ապրում էի Մոսկվայում, հետո տեղափոխվեցի Աբխազիա, բայց կապը ՌԴ-ի Կյոկուշինկայի ֆեդերացիայի հետ սերտ էր մնում: Եվ շատ հաճախ, միջազգային միջոցառումներին ինձ հրավիրում էին: Ես էի խնդրում, որ ինձ միշտ նկատի ունենան, որովհետև Կյոկուշինը լոկ մարզաձև չէ, այն հոգեվիճակ է, այն ապրելակերպ է՝ նվիրյալների համար: Այո, 3-րդ դանի գոտին ստանալով, ես իմ վրա մեծ բեռ էի զգում. պատասխանատվություն, որպեսզի համապատասխանեի ստացածս գոտիին, լուրջ վարպետների կողքին ես ինձ ընկճված չզգայի: Որքան էլ տեխնիկային տիրապետես, բայց մենք ունենք սուբորդինացիա՝ սեմպայների, սենսեյների, առավել ևս՝ շիհանների նկատմամբ: Իմ իսկ ցանկությամբ, 2014թ-ին վերահանձնել եմ դան թեստը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում՝ սև գոտի, 9-րդ դան Հանշի Կազյուկի Հասիգավայի մոտ: Եվ ահա, երբ ես 3-րդ գոտին էի վերահանձնում, շիհանն ինձ ասաց, որ կարող է չընդունել իմ քննությունը, բայց իր համար հետաքրքիր էր, թե ես իրո՞ք արժանի եղել եմ, որ ինձ տրվել է: Վերահանձնելու բարդությունը նրանում էր, որ շիհան Հասիգավան և ՌԴ Կյոկուշինի ֆեդերացիայի նախագահ շիհան 8-րդ դան Յակունինն էր ներկա: 30 մենամարտ՝ մեկական րոպեով. ես պատվով այն հանձնեցի: Այդպիսով, ես վերահաստատեցի գոնե ինձ համար, որ արժանի եմ 3-րդ դանին:
— Վերադառնանք 4-րդ դանին…
— Մինչև 4-րդ դանը, ես պետք է նախ բազմաթիվ վերապատրաստման և ուսումնամարզական հավաքների մասնակցեի: Նպատակ էի դրել՝ մասնակցել բոլոր խոշոր միջազգային միջոցառումներին: 2012-ից մինչ օրս 6 անգամ եղել եմ Եվրոպայում, Ճապոնիայում, Ռուսաստանում մոտ 20 տարբեր վարպետների մոտ սեմինարների եմ մասնակցել: Սա ֆինանսական մեծ թվեր է ենթադրում, բայց ես ուզում էի սովորել, սովորել, նույնիսկ խնդրեցի ՌԴ Կյոկուշինկայի ֆեդերացիայի նախագահ, մեր համաքաղաքացի Գևորգ Ղարիբյանին, որպեսզի թույլ տա, որ գամ Հայաստան՝ մասնակցելու Կյոկուշինի այլ ֆեդերացիայի անցկացվելիք սեմինարին, որը վարելու էր կանտյո Ռոյաման: Իսկ դա, գոնե Դուք, որ այս մթնոլորտին ծանոթ եք, հասկանում եք, թե որքան բարդ է, քանի որ տարբեր մարտադպրոցների հարաբերությունների խնդիր կար: Բայց ես անդրդվելի էի… Նամակ գրեցինք Հայաստանի կազմակերպիչին, նույն նամակը հասցրեցին կանտյո Ռոյամային: Ի վերջո, կապ հաստատվեց սեմինարի կազմակերպիչ, Տաշիր քաղաքից շիհան 4-րդ դան Սևակ Սերոբյանի հետ, և ինձ թույլ տվեցին մասնակցել այդ սեմինարին: Շուրջ 130 մասնակից էր հրավիրված:
Իսկ այս տարվա մայիսին, իմ ընկերների ու մտերիմների ֆինանսական աջակցությամբ, կարողացա մասնակցել Ճապոնիայի 49-րդ բաց առաջնությանը: Մասնակցեցի բացարձակ քաշային կարգում: Մենամարտերից մեկում հակառակորդս 107կգ էր, իսկ ես 70կգ: Բայց դա ինձ չընկճեց: 3 մենամարտ ոչ-ոքի էր գրանցվում, ես մնում էի ոտքի վրա, ստիպված ևս 2 րոպեանոց մարտ ավելացրին: Էլի դիմացա… Ինչպես գիտեք, ռեֆերիի որոշմամբ, հաղթանակ է տրվում քաշով թեթևին: Եվ ահա, բաղձալի հաղթանակը տրվեց, բայց թե ես ինչպես պիտի դուրս գայի տատամիից, երբ անգամ չգիտեի՝ կոտրվածք ունե՞մ, ի վիճակի՞ եմ… Այդ պահին ինձ փաթաթվեց սև գոտի 6-րդ դան, 60-ամյա մարտիկ Կամերոն Քուինն ու ասաց. «Ես կարծում էի, թե քեզ կսպանեն… Արի նկարվենք»: Փաստորեն, անգամ ողջ մնալու հույս չէին փայփայել (ծիծաղում է)… Այլևս չէի կարող շարունակել ու դուրս մնացի առաջնությունից:
Թվով 20 շիհաններ էին նստած, որոնց ներկայությունից անգամ մարդ շփոթմունքի մեջ է ընկնում: Ես ցանկություն հայտնեցի՝ մասնակցել Հոմբու-դոձյոյում մարզվելու: Իսկ ցանկություն ունենալը շատ քիչ է: Խնդրեցի Ռուսաստանի շիհաններին, իրենք էլ խոսեցին շիհան Դայգո Օշինի հետ, ի վերջո, ինձ թույլ տվեցին: Նշեմ, որ այս սեմինարին քննություն որպես այդպիսին չկար: Սովորական ստուգատես էր, ասեմ, որ բոլորը չէ, որ իրենց արդարացրին: Ամեն մի մասնակից՝ առանձին, 10-րդ կյուից մինչև 3-րդ դան կատաները պիտի ներկայացներ: Նորից եմ ասում, որքան ներքուստ համոզված ես, որ գիտես, բայց դիմացդ 9-րդ դան վարպետ է կանգնած: Գոհ մնացին, թե դժգոհ, բայց նրանց, ումից դժգոհ էին, կտրուկ հեռացնում էին, ումից գոհ էին, ասում էին՝ բավարար է: Ինձ չկանգնեցրին: Դա ինձ տարակուսանքի մեջ էր գցել: Ստուգատեսից հետո շիհանն հայտարարեց, որ յուրաքանչյուրս 30 մենամարտ ենք անցնելու՝ 50-ի փոխարեն, մտնելով մասնակիցների դրության մեջ, որ առաջնության մասնակիցներ էին:
Ճապոնացի վարպետների համար խնդիր չէ որևէ մեկի տեխնիկայի մեջ սխալ գտնելը, նրանց համար առավել հետաքրքիր էր, թե այլազգիները որքանով են տիրապետում ճապոնական մարտարվեստին: Այս փորձությունն էլ անցանք: Ինձ թույլ տրվեց մասնակցելու Սայա-նարային (խնջույք, որին մասնակցելը պատվաբեր է), ինչի հույս ես բնավ չէի փայփայել: Շիհաններին հերթով ներկայացնում էին ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Երբ ՌԴ-ին ներկայացրին, իմ մասին շիհան Հանշի Հասիգավան մյուսներին հարցրեց՝ ի՞նչ կարծիքի եք: Որը ձայն չհանեց, որը գովաբանեց, հետո հարցրեցին, թե ում մոտ եմ մարզվել: Իսկ ես ինչպե՞ս բացատրեի, թե ինչ երկար ճանապարհ եմ անցել այս տարիներին, բայց որ սկիզբը սենսեյ Էդիկ Սարգսյանի մոտ էր դրվել, իսկ նրան երևի միջազգային մակարդակում ավելի լավ գիտեն, քան Հայաստանում, այդպես էլ ասացի: Միևնույն ժամանակ շեշտեցի, որ իմ զարգացման վրա շուրջ 100 մարդու ամակ կա: Պատասխանս նրանց շատ գոհացրեց:
Վերջին օրը Հանշի Հասիգավան ինձ մոտեցավ, սեղմեց ձեռքս, շնորհավորեց: Թարգմանիչը զարմացած ինձ նայեց: Ես պահելով սուբորդինացիան, ռիսկ չարեցի հարցնել, թե ինչն է շնորհավորում: Մտածեցի, երևի գոհ են մնացել: Շիհան Գևորգը միանգամից գլխի ընկավ, բայց ոչինչ չասեց: Բայց ինձանից ուզեցին բուդո-անձնագիրը, սև գոտիների ստացման ցանկը, և այլ փաստաթղթեր: Երբ վերադարձանք Ռուսաստան, Մոսկվայից 200կմ հեռավորության վրա գտնվող Նարո-ֆոմինսկ քաղաքում մեծ հավաք էր կազմակերպված՝ Ռուսաստանի մարզչական և խորհրդի անդամների համար, որն անցկացնում էին երեք շիհաններ, ու հետաքրքիր զուգադիպությամբ՝ երկուսը հայ. շիհան Էդգար Ասատրյանը և շիհան Գևորգ Ղարիբյանը, իսկ երրորդը շիհան Անտոն Գերանինը Իսրայելից էր: Ինձ մեծ անակնկալ էր սպասվում… պաշտոնական ինձ հանձնվեց անվանական 4-րդ դանի սև գոտին: Ես մինչև հիմա այդ գոտին չեմ կապել, ես շփոթմունքի մեջ եմ, կանոնակարգում հստակ գրված է, որ մինչև 40 տարեկանը 4-րդ դան չի կարող հանձնել… Բայց, ինչպես ասում են, փաստը մնում է փաստ, և հավաստագիրն էլ այն վկայությունն է, որ ես այդ չհայտարարված քննությունն անցել եմ: