ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Կորստի ցավի հետ չեմ համակերպվել

Ապագա ամուսնուս հետ ծանոթացել եմ նրա հորաքրոջ միջոցով. մենք կոլեգաներ էինք (կարևոր չէ՝  որտեղ): Տիկին Նինային (պայմանական անուն) բոլորս շատ էինք սիրում. կատակչի էր, ձեռնառատ: Գիտեինք, որ 3 որդի ուներ, պատահական հարստացել էին. միջնեկ որդին լոտոյով մեքենա էր շահել, գումարն են վերցրել, հետո տոկոսով են տվել՝ ավելացրել եկամուտը, իսկ ավագ որդին Ռուսաստանում հարուստ աղջկա հետ էր ամուսնացել, ու այդպես նրանց ընտանիքը երկրաշարժից հետո բավականին բարեկեցիկ կյանք էր ստեղծել: Իսկ ահա փոքրին դեռ չէր հաջողվել գտնել կյանքի ընկեր:

Տիկին Նինան հաճախ էր մեզ իրենց տուն հրավիրում, առատ սեղան էր գցում, հյուրասիրում: Եվ մենք բոլորս նրա տանը մեզ զգում էինք ինչպես մեր տանը: Հենց նրանց տանն էլ ծանոթացա նրա եղբոր տղայի՝ ապագա ամուսնուս հետ: Պետք է փաստեմ, որ շատ լավ տեղ էի ամուսնացել. սկեսրանցս հարազատությունը, իրոք, առանձնահատուկ էր՝ համերաշխ էին, իրար հասնող:

Վերջապես տիկին Նինային հաջողվեց փոքր որդուն էլ ամուսնացնել, ու այդ հիշարժան հարսանիքը մեր երիտասարդ ընտանիքի համար վերջին հարազատական միջոցառումն էր, քանզի ամուսնուս աշխատանքի բերումով, արտագաղթեցինք:

Մոտ երկու տարի բացակայել էինք հայրենի քաղաքից: Այդ ընթացքում ինչեր ասես, որ տեղի չէր ունեցել ազգի մեջ. մեծերից շատերը մահացել էին, բաժանվել էր տիկին Նինայի փոքր որդին… Մայրս պատմում էր, որ հարսը բոլորին իրար էր զարկել, խռովություն մտցրել անգամ մոր ու ավագ որդու ընտանիքի միջև: Այնքան է արել, որ բոլորը նրանցից երես են թեքել: Իսկ մի օր էլ փախել է ծնողների մոտ՝ Ռուսաստան: Երբ զանգեցի տիկին Նինային, այնպես էր լալիս, այնպես էր լալիս, սիրտս ճմլվեց: Ասացի՝ թքած ամեն ինչի վրա, դու քեզ նայիր, բայց տիկին Նինան հակադարձեց. «Ա՜խր, որդիս է կործանվում…»:

Շուտով վերադարձանք հայրենիք: Ամուսնուս խնդրեցի՝ գնալ տիկին Նինայենց տուն: Այն, ինչին ականատես եղա, սիրտս կտոր-կտոր եղավ: Նախ՝ բարեկեցիկ բնակարանից բան չէր մնացել՝ չորս պատ ու մի երկու անկողին, չուլ ու փալաս: Տիկին Նինան պատմեց գլխով եկածը. պարզվում է, հարսի եղբայրը խուլիգանի մեկն է եղել՝ թղթախաղով տարված, ու այլանդակ մարդ: Նույնիսկ իր կեղտոտ գործարքների մեջ է ներքաշել փեսային՝ մեր տղուն: Քույրը՝ Նինայի փոքր հարսը, փոխանակ ամուսնուն հետ պահի, հակառակը՝ թև է տվել: Ու այդպես, կամաց-կամաց, Վ.-ն ընկել է պարտքերի մեջ, ստիպված վաճառել է ամեն ինչ… Երբ օրերից մի օր կատաղած իրեն պատեպատ է տվել, տիկին Նինան շտապօգնություն է կանչել և պարզվել է, որ որդին առաջվա մաքուր, քաղցր տղան չէ, այլ՝ թմրամոլ: Հարսը պատճառ բռնելով ամուսնու՝ թմրամոլ լինելը, հեռացել է:

Ամուսինս շատ վշտացավ, սպասեցինք Վ.-ին: Երբ հայտնվեց՝ ի վիճակի չէր անգամ մեզ ճանաչելու, թեպետ ինքն էլ ահավոր անճանաչելի էր դարձել: Ողջ գիշեր մնացինք նրանց տանը: Երբ արթնացավ, ամուսինս հետը առանձին զրույց ունեցավ: Հետո սենյակից դուրս եկավ, ասաց, որ Վ.-ին փրկելն այնքան էլ հեշտ չի լինի: Նույն օրը ամուսինս նրան տարավ համապատասխան բուժհաստատություն՝ գրանցեց: Թե որքան գումար ծախսեցինք՝ դա չէր կարևորը, բայց Վ.-ին թմրանյութի կախվածությունից փրկել չհաջողվեց: Մահացավ… Իսկ կես տարի անց մահացավ նաև տիկին Նինան:

Տարիներ են անցել, բայց մինչ օրս կորստի ցավի հետ չեմ կարող համակերպվել: Այնպես եմ ազդվել, այնպես եմ մղկտում: Ինչո՞ւ նման «վարակ» մարդիկ կան կյանքում, ինչո՞ւ այդ ընտիր ընտանիքին նմանները հանդիպեցին, որ կործանման տարան…

Անանուն


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: