ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կփորձենք այս փորձությունից պատվով դուրս գալ

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Պարոն Կարապետյան, սեպտեմբերի 15-ից պաշտոնապես սկսվում է նոր ուստարին: Այն նման չէ նախորդ տարիներին, քանզի COVID-19-ով պայմանավորված բազմաթիվ պարտականություններ ու հանձնարարականներ են տրված. ջերմաչափումներ, պարտադիր դիմակներ, առանց դասամիջոցների, դասարանների կիսում, առանց բուֆետ և այլն… Մեր դպրոցները պատրա՞ստ են:

— ԿԳՄՍ-ի կողմից ուղեցույցներ կան մշակված, ըստ որի, կոնկրետ չափորոշիչներով և կոնկրետ եղանակներով է տրված երեխաների մուտքը դպրոց, դասասենյակներում կոնկրետ մակերես ապահովելով, սոցիալական հեռավորությամբ նստարանների դասավորումով, ինչպես նաև ախտահանիչ նյութերով ու դիմակներով ապահովելով: Բացառությամբ Քարաբերդի դպրոցի, որի կտուրը ուժգին քամին ամբողջովին ցած էր բերել ու դեռ վերականգնման աշխատանքները չեն ավարտվել, մնացած բոլորը կազմ պատրաստ են: Դասապրոցեսից առաջ դպրոցը կախտահարվի, դասապրոցեսի վերջում ևս: Մեկ ամսվա չափով դպրոցներն ապահովված են ախտահանիչ նյութերով ու դիմակներով: Բացի այդ, «Վորլդ Վիժըն» միջազգային և այլ կազմակերպությունների կողմից դպրոցներին տրամադրվել և տրամադրվելու են լրացուցիչ նյութեր, դիմակներ: Այլ խնդիր է կոնկրետ տարածքներ ապահովվելն ու խմբերի բաժանելը: Հնարավոր է՝ փոքր խնդիրներ առաջանան գյուղական միջավայրերում, շատ տեղերում շենքային պայմաններն են բավարար, շատ տեղերում էլ եթե ինչ-որ չափով դպրոցի դասասենյակների մակերեսները չի բավարարում, այդ տիպի դպրոցներում աշակերտական համակազմի թվաքանակը շատ ավելի քիչ է: Հետևաբար կարելի է ապահովել անհրաժեշտ հեռավորությունը:

— Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասել էիք, թե ծնողներից դժգոհություներ չունեք՝ կապված երեխաների դիմակներով հաճախելուն: Միգուցե գրավոր բողոք չունեք, սակայն սոցիալական ցանցերում ծնողները մտահոգություն են հայտնում երեխաների՝ մի քանի ժամ նույն տարածքում գտնվելու և դիմակներ կրելու վերաբերյալ:

— Այո, ուղեցույցում հատուկ կարգադրություն կա, որ ամբողջ դասապրոցեսի ընթացքում երեխան և ուսուցիչը պետք է դիմակ կրեն: Սա ժամանակի հարց է, խնդիրներ կան, որ ժամանակի ընթացքում գործնականում կարող են ի հայտ գալ: Հուսով եմ, որ հաշվի առնելով իրողությունը և խնդիրներից զերծ մնալու հանգամանքը, ըմբռնումով կմոտենանք այս ամենին, կհետևենք պարետի որոշումներին:

— Դուք նշեցիք գյուղական համայնքներում խնդիրներ, սակայն ես այդպիսիք պատկերացնում էի աշակերտական մեծ թվակազմով դպրոցներում:

— Գիտեք, որ հնարավորություն է տրված 20 և ավել համակազմ ունեցող դասարանները կիսել երկու խմբի: Նաև հատուկ չի ընդգծված, որ պարտադիր 20 և ավելին: Եթե ունենք դասարաններ, որոնց համակազմն ավելի քիչ է, այդ դասարանները կամ կկիսվեն, կամ ոչ: Չեմ կարծում, որ մակերեսների խնդիրներ կլինեն, եթե լինեին, տնօրենները կբարձրաձայնեին:

— Իսկ դիմակներով ապահովման հնարավորություն կա՞, քանի որ բազմաթիվ կարգավորումներով ասվում է, որ կես ժամը մեկ դիմակ պիտի փոխեն…

— Աշակերտները դպրոց պետք է հաճախեն դիմակներով և մեկական հավելյալ ունենան իրենց հետ: Դպրոցը կապահովի նրանց, ովքեր այդ պահին չունեն, մոռացել են կամ սոցիալապես որոշակի խնդիրներ են առաջացել: Դպրոցներն ունեն խնայողություններ և պաշարել են անհրաժեշտ պարագաներ: Հետագայում դպրոցներին հատկացվելու են որոշակի գումարներ՝ ախտահանիչ նյութեր ու դիմակներ ձեռք բերելու համար:

— Դպրոցներն աշխատելու են երկհերթ, եռհերթ տարբերակներո՞վ:

— Եթե խոսքը գնում է ամբողջ համակազմի խմբերով դասապրոցեսի կազմակերպմանը, ապա չի  ենթադրում, որ նույն օրվա մեջ կիսված երկու խումբն էլ պետք է ներկա գտնվեն: Կիսված խմբերն օրը մեջ հաճախումով են գալու դպրոց: Այնպես որ, տարածքները խնդիրներ չեն առաջացնի, որ հերթերով աշխատեն:

— Այնուամենայնիվ, ներկայիս ակտիվ երեխաներին պարտադրված պասիվությունը հղի է այլ հոգեբանական վտանգներով: Եվ, ի՞նչ ապահովություն, որ երեխաները դիմակները փոխս չեն գցի, այդպիսով ավելի բարդություններ առաջացնելով:

— Մտահոգություններ, իհարկե կան, բայց փաստացի բողոքներ չունենք, մտահոգություն միայն ծնողները չէ, որ հայտնում են, այլ ուսուցիչներն էլ են մտահոգ, աշակերտներն էլ… Մենք պետք է գիտակցված մոտենանք հարցին. ի՞նչ ենք ուզում՝ ամեն գնով ունենալ որակյալ կրթություն, թե՞ առողջությունը պահպանելով ունենալ կրթություն:

— Դիլեմա…

— Այո, չի լինի մի ծնող, որ ասի՝ իմ համար կարևոր է երեխայի կրթությունը, քան առողջությունը: Բացի այդ, եթե երեխան կարիք ունենա դուրս գալու միջանցք, օդը չբավականացնի, ուսուցիչը պարտավոր է ապահովելու: Ինչ խոսք, բոլորս էլ գիտենք, որ երեխաների վարքագծերը տարբեր են, և հնարավոր չէ մի տեղում անշարժ մնալը: Բայց կփորձենք այս փորձությունը պատվով անցնել, չվնասելով ոչ առողջությունը, ոչ կրթվելու հնարավորությունը: Հորդորում եմ ծնողներին, որ երեխան պարտադիր տանը ջերմաչափվի, նոր դպրոց բերեն, եթե ընտանիքում մեկը հիվանդ է, պարտադիր բոլոր միջոցները ձեռնարկվեն:

— Իսկ ֆիզկուլտուրայի դասաժամեր լինելո՞ւ են:

— Եթե դպրոցների տարածքները նման հնարավորություն ունեն՝ բացօթյա, եթե ոչ՝ դասասենյակում: Ուսուցիչները կունենան նաև լիցքաթափման վարժություններով երեխաների ակտիվությունը սպառելու տարբերակ: