ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Համապետական շաբաթօրյակ էր, բայց քաղաքացին ակտիվ չէր

[vc_row][vc_column][vc_column_text]

Հուլիսի 29-ին հայտարարված Համապետական շաբաթօրյակին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու քաղաքապետարանի աշխատակիցները՝ կոմունալ ծառայության աշխատակիցների հետ միասին, Բուլվարային թաղամասի Կուրսկի պուրակից մինչև ֆուտբոլի ակադեմիա տանող բանուկ փողոցի շրջակայքում մաքրման աշխատանքներ իրականացրեցին:

Նշեմ, որ չնայած հեռուստատեսությամբ ու քաղաքապետարանի կայքով այդ մասին իրազեկվել էր, սակայն, գոնե ես, որ տեղանքում էի և մասնակցում էի մաքրման աշխատանքներին, ոչ մի բնակչի չտեսա: Այս առումով քաղաքապետն ասաց. «Նորից ու նորից եմ դիմում մեր բնակիչներին. գոնե այն տարածքներում, որտեղ նրանք բնակվում են՝ մաքրեն, պահպանեն: Իրազեկել ենք, կուզենայի, որ ամբողջ քաղաքը ոտքի վրա լիներ… Քաղաքապետարանի, մարզպետարանի կամ մի քանի գերատեսչությունների կոլեկտիվներով չէ շաբաթօրյակը… Գիտեմ, որ շատ տեղերում մեր քաղաքացիները դուրս են եկել, մաքրում են, բայց կուզենայի, որ քաղաքացիներն ավելի ակտիվ լինեին»:

Հարցին, թե վարչարարություն կիրառելը՝ աղբի տուգանք սահմանելով, արդյո՞ք կնպաստի քաղաքի մաքրությանը, քաղաքապետը պատասխանեց. «Կառավարության կողմից վարչական տույժեր սահմանելը շատ ճիշտ քաղաքականություն է, որպեսզի մաքուր մնա մեր բնակավայրը, մանավանդ՝ Գյումրին: Ինչպես գիտեք, երկրաշարժից հետո, այս տարիների ընթացքում, մենք աղբի կուտակման շատ լուրջ խնդիր ունենք. աղբը մեծ ծավալների է հասնում՝ թե՛ շինարարական, թե՛ կենցաղային: Քանդված փողոցն իր հերթին է փոշի առաջացնում, աղբն՝ իր հերթին: Ամեն դեպքում, պետք է անենք ամեն ինչ, որ մեր քաղաքը մաքուր պահենք: Ուղղակի հասարակությունը պետք է ակտիվ լինի»:

Հետաքրքրվեցի, թե աղբարկղերի քանակի ավելացում լինելո՞ւ է: «Նախ ասեմ, որ մեր բնակիչներին շատ դժվար է համոզելը, որպեսզի իրենց շենքի մոտ կամ հարակից տարածքում աղբաման դնենք: Գիտեք, որ պատնեշով տարբերակ էինք մտածել, բայց դա իրեն չարդարացրեց: Այո, շատ աղբամաններ են պետք: Այս ընթացքում գնեցինք, պատրաստել տվեցինք, սեփական միջոցներով ձեռք բերեցինք, բայց դեռ անհրաժեշտ են: Կառավարությունը խոստացել է, տեսնենք, ոնց որ Երևանում են տեղադրել, եթե դրանք լինեն, շատ լավ կլինի: Եթե բնակիչն էլ կարգապահ լինի, ոչ թե աղբը ուր պատահի՝ գցի, ոչ թե մեքենայով անցնեն ու նետեն՝ ուր պատահի, ապա արդյունքի, թերևս, կարելի է հասնել»,- նշեց Ս.Բալասանյանը:

Քաղաքապետին նաև հարցրեցի՝ ի վերջո, քաղաքում գործելո՞ւ են հանրային զուգարաններ: Պատասխանեց. «Բարդ խնդիր է, բայց փորձում ենք հարցը կարգավորել: Մի բան էլ կա՝ դա ծառայություն է, իսկ եթե նման տարածքներ ավելացնում ես, աշխատակիցներ պիտի պահես, աշխատավարձ տաս… Այո, համաձայն եմ, տուրիզմի զարգացման համար դա առաջնային խնդիր է: Տեսեք, Մարմաշենի վանքի մոտ էլ չկա, այնտեղ ևս անհրաժեշտ է: Միանգամից ոչ մի բան հնարավոր չէ անել, կամաց-կամաց կկարգավորվի: Գետնանցումներում էլ չեղավ, որովհետև կոյուղու խնդիր կար»:

Ս.Մ.

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_single_image image=”2018″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”1/2″][vc_single_image image=”2019″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_single_image image=”2017″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”][/vc_column][/vc_row]