Միջազգային հարցերով ՌԴ պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ մենք իրավունք չունենք ԼՂ հակամարտության լուծումը թողնել մեր թոռներին։ Մինչդեռ Հայաստանում և Ադրբեջանում երկու ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ոչ բարյացակամ տրամադրվածությունը և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը հակառակն են փաստում՝ մոտակա ժամանակներում դժվար թե այս հիմնախնդիրը կարգավորվի: Թեմայի վերաբերյալ «Շրջապատը» զրուցել է պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Մելքոնյան, ինչո՞վ կպայմանավորեք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացող անպտուղ բանակցությունները:
— Բանակցություններն, իհարկե, արդյունավետ չեն և, բնականաբար, չեն կարող բավարարել երկու կողմերին, բայց դրանք ավելի նախընտրելի են, քան ռազմական գործողությունների վերսկսումը: Իսկ այն հարցին, թե ինչու են անպտուղ, ապա պատասխանը շատ պարզ է. երկու կողմերն էլ Արցախյան հարցում ոչ միայն չեն փոխել իրենց դիրքորոշումը, այլև ավելի են այն կոշտացրել, հատկապես Ադրբեջանում, որտեղ ապրիլյան պատերազմից հետո, ցավոք, ամրացավ այն տեսակետը, որ ռազմական ճանապարհով հայկական կողմից հնարավոր է որոշակի զիջումներ ակնկալել: Իսկ մեր կողմից ապրիլյան դեպքերից հետո ձևավորվեց բանակցային գործընթացի նկատմամբ խորը անվստահություն, որը մինչև հիմա չի անցել:
— Կարնեգի հիմնադրամի Մոսկվայի կենտրոնի գիտական խորհրդի անդամ, քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրական հեռանկարներ չի տեսնում: Կիսո՞ւմ եք նրա այս տեսակետը:
— Նախ պետք է հասկանալ, թե ինչ է ասել կարգավորման հեռանկարներ ու հետո վերլուծել, տեսնել կամ՝ ոչ: Բնականաբար, մեր մոտ Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները խիստ տարբերվում են ադրբեջանական կարգավորման հեռանկարներից, էլ չեմ ասում միջազգային ուժերի կողմից առաջ քաշված կարգավորման հեռանկարները: Հետևաբար, նախ պետք է հասկանալ, թե Մալաշենկոն որ կողմից է մոտենում խնդրի կարգավորմանը: Ինձ համար ակնհայտ է, որ Արցախյան խնդրի կարգավորման բանալին գոյություն ունի, պարզապես խնդիրը նրանում է, որ առաջին հերթին երկու պետությունների հասարակությունները, ցավոք, դեռ պատրաստ չեն դրան, իսկ սահմանային միջադեպերը, որոնք հանգեցնում են զոհերի, ավելի են խորացնում անվստահությունը միմյանց նկատմամբ և խնդրի խաղաղ կարգավորման հարցում:
— Որոշ վերլուծաբանների շրջանակներում առկա է այն տեսակետը, ըստ որի, լինելով ավտորիտար, ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ և այն ծառայեցնում են իրենց շահերին՝ երկարաձգելով իրենց իշխանությունը:
— Նման տեսակետներ հաճախ են հնչում, որ իշխանության պահպանման համար երկու կողմին էլ հակամարտության ձգձգումը ձեռնտու է, բայց ես չեմ կիսում այդ տեսակետը և ասեմ ինչու… Որովհետև իշխանությունների հիմնական աքիլեսյան գարշապարը հենց հակամարտությունն է և այդ հարցում յուրաքանչյուր սայթաքում նույն իշխանության համար կհանգեցնի անկանխատեսելի զարգացումների:
— Ըստ քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սվարանցի, ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգն ավելի քան ակնհայտ է: Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ ինչպիսի՞ն է:
— Միանշանակ համաձայն եմ այն տեսակետին, որ կողմերի միջև ռազմական գործողությունների վերսկսումն ավելի հավանական է, քան խնդրի լուծումը բանակցային ճանապարհով: Մի քանի օր առաջ Հայաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի համատեղ հայտարարության վերլուծումը ցույց է տալիս, որ հայկական կողմը զգում է այն նոր հնարավոր սադրանքի նախապատրաստությունը և լրջորեն պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանը, որի նախադրյալները, ցավոք, ակնհայտ են, ուղղակի շատ քչերն են դա գիտակցում: Իսկապես, Արցախյան հարցում մեր նկատմամբ ճնշումները գնալով մեծանում են: Դրա մասին խոսել եմ դեռ ամիսներ առաջ և դա հաստատվում է: Այդ ճնշումներից խուսափելու հնարավոր տարբերակներից մեկը նոր շեղող հնարքի կիրառումն է, որը վախենամ այս անգամ չաշխատի: Բայց մանևրելու բավական հետաքրքիր տարբերակներ ունենք, որոնց մասին հիմա նպատակահարմար չէ բարձրաձայնել: Ամեն դեպքում, հայկական կողմը պետք է պատրաստ լինի նաև դեպքերի ամենաանկանխատեսելի սցենարին, որին մեր մամուլը և վերլուծական շրջանակները գրեթե չեն անդրադառնում:
— Ժամանակը չէ՞ վերանայելու հակամարտության կարգավորման մասին մեր մոտեցումները: Հայկական դիվանագիտությունն ինչպե՞ս կարող է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեզ համար կարևոր սկզբունքների կյանքի կոչմանը և միջազգային հանրությանը ծառայեցնել իր շահերին:
— Նախ պետք է անկեղծ լինել և համարձակորեն ասել, որ մեր դիվանագիտությունը չունի այն ֆինանսական, լոբբիստական ներուժը, որ կարողանա միջազգային հանրությանը ծառայեցնել իր շահերին: Նման մտածողությունը բնորոշ է 19-րդ դարի վերջին մեր ազգային-ազատագրական ռոմանտիզմին, որն, իհարկե մեզ ոչինչ չտվեց, էլ չասենք, ավելի վնասեց մեր շահերին: Մյուս կողմից՝ Արցախյան հարցում մեր մոտեցումները մենք պետք է փոխեինք դեռևս 1994 թվականից, այսինքն զինադադար կնքելուց անմիջապես հետո: Հիմա շատ դժվար կլինի: Միջազգային այն ուժերը, որոնք ընդգրկված են Արցախյան խնդրի կարգավորմանը, մեզ ճիշտ չեն հասկանա. չէ՞ որ ինչպե՞ս կարելի է տասնամյակից ավելի բանակցել և հետո կտրուկ շրջադարձեր անել: Այսօր իրավիճակը տարածաշրջանում ձևավորվել է այնպես, որ Արցախյան հարցում մեզ համար կարևոր սկզբունքների կյանքի կոչման կամ պահպանման համար մեր հիմնական հենարանը շարունակում է լինել Ազգային բանակը, այլ ոչ թե ԱԳՆ-ն, քանի որ հարևան պետությունում խնդրի կարգավորումն արդեն երկար տարիներ տեսնում են ուժի կիրառման միջոցով, այլ ոչ թե բանակցությունների: Հետևաբար, որքան էլ կարևոր է ԱԳՆ-ի աշխատանքն այս հարցում, ակնհայտ է, որ Արցախյան հարցում մեր սկզբունքների պաշտպանման միակ գրավականը լինելու են մեր զինված ուժերը:
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ