ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքը բացահայտել՝ ինքներս մեզ համար

ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ (Շիրակի Բազե) հետ զրուցել ենք Գյոմրիում երիտասարդության համախմբվածության, զբոսաշրջության զարգացման, կարանտինից առաջ ու հետո կյանքի շարունակականության և այլնի մասին:

Արսեն, հայտնի է, որ դու պարբերաբար հանդես ես գալիս նորարար նախաձեռնություններովԻմ ֆռռիկը», «Տեյմորտակը», խցաններով խճանկարները, «Անեկդոտների պատը», գնացքով տուրիստական տուր կազմակերպելը, բազմապիսի հուշանվերների պատրաստումը), որոնք հետագայում դառնում են վարակիչ ու ոգևորիչ և օրինակ ծառայում մյուսների համար: Երբ պանդեմիա հայտարարվեց, շատ գործունեության տեսակներ փակուղի մտան: Մեր քաղաքի զարգացման հեռանկարներից մեկը նախանշել էինք զբոսաշրջության ոլորտը, որտեղ մեծ էր նաև քո և ընկերներիդ ներդրումը: Սակայն եղավ այն, ինչ եղավ. ի՞նչ ծրագրեր ունեիք նախանշած մինչ կարանտինը և առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Մեր բոլոր ջանքերը միտված էին նրան, որպեսզի մարդկանց միավորենք, ուժեր գեներացնենք, չզատենք մայրաքաղաքի, մարզկենտրոնների և տարբեր համայնքների: Եվ մեզ մոտ դա այնքանով էր ստացվել, որ արդեն ապակենտրոնացման ճանապարհներ էինք հարթել՝ մարզկենտրոնից դեպի գյուղեր… Բնականաբար, այս պահին այլևս անիմաստ է ապագայի պլաններից խոսելը, ինչպես և անիմաստ է բացասական զգացումներ հաղորդելը: Մանավանդ, մենք անընդհատ իրավիճակից լուծումներ փնտրող ենք, փորձում ենք խնդիրը ոչ միայն լուծել, այլև դարձնել գործընթաց: Կներկայացնեմ երկու փուլ, որը մենք ուզում էինք անցնել: Տեսեք, երբ մենք որևէ նախաձեռնություն էինք սկսում, հայտնվում էին մարդիկ, որոնք առաջարկում էին ֆինանսական ներդրում անել որևէ բիզնես գաղափարի մեջ: Սակայն մենք բացատրում էինք, որ ավելի հետաքրքիր կլինի, եթե այլընտրանքային գաղափարի մեջ ներդրում կատարվի: Օրինակ, դեռ 2011 թվականից գիտեինք, թե որքան բարդ է բացի մայրաքաղաքից, տուրիստական ուղի զարգացնելը դեպի Գյումրի, էլ չեմ ասում հանրապետության այլ վայրեր: Անգամ, եթե այդ տարիներին մեկ կամ երկու տուրիստ տեսնեինք մեր քաղաքում շրջելով, ոչ թե տուրիստն էր մեզ լուսանկարում, ինչպես ընդունված է, այլ մենք էինք սկսում նրան նկարել: Այդ էտապն անցանք, բայց հիմա մի այնպիսի շրջափուլ ենք մտել, որ պետք է դարձյալ մտածենք, թե ի՞նչ անենք, որպեսզի վերականգնենք ու առաջ գնանք այդ ուղղությամբ:

Մեր երկրորդ բարդ շրջափուլն եղավ 2016-ի ապրիլյան պատերազմից սկսած, քանզի շատ զբոսաշրջային առաջարկներ մերժվեցին անորոշ ժամանակով: Եվ մենք մտածեցինք, թե ի՞նչ կարելի է անել, որպեսզի, օրինակ, Գյումրի այցելած տուրիստի մոտ տպավորությունները երկար պահպանվեն կամ՝ գոնե որևէ հուշ մնա: Եվ մտահղացինք հուշանվերների տեսքով պրոդուկտ ստեղծելը: Մեր կարողություններով ստեղծեցինք «Իմ ֆռռիկը», որը, երբ որևէ երկիր հասել է, անպայման տեսաուղերձի տեսքով մեզ արձագանքել են: Իսկ է՞լ ինչպես անել, որպեսզի տուրիստը, որն եկել, վայելել է մեր քաղաքը, օգտվել մեր ծառայություններից, կարողանա կապը պահել մեզ հետ: Մտածեցինք հեռահար, օնլայն ծառայություն մատուցել. եթե որևէ բան ուզենար գնել, մեզ հետ կկապվեր, ու մենք այն իրեն կհասցնեինք: Սա ոչ թե առևտուր զարգացնելն էր, այլ այլևայլ մեթոդներով մեր քաղաքը պրոպագանդելը օտար ափերում:

Արսեն, այնտեղ, որտեղ մենք այս պահին զրուցում ենք, տեսնում եմ մեր շուրջը հուշանվերների լայն տեսականի կա՝ տարբեր ճաշակի, տարբեր տարիքի ու սեռի համար նախատեսված: Այսինքն, ձեր գաղափարները կյանքի կոչելու համար, դուք քաղաքի կենտրոնում հարմար տեղ եք տեղակայվելԿարծում եմ, հուշանվերների սրահ՝ որպես այդպիսին, մենք չունեինք, կամ՝ մեկերկուսն էր, բայց սա լրիվ ուրիշ է: Կներկայացնե՞ս:

— Սա ոչ միայն որպես հուշանվերների գողտրիկ անկյուն է, այլ ընկերասիրության ու աշխատասիրության սիմվոլ է: Մենք որոշեցինք, որ բացի մեզանից, շատ ու շատ մարդիկ կան, որ արժանի են, որպեսզի իրենց ճանաչեն, իրենց արհեստ+արվեստը ի ցույց դրվի: Մենք նաև հաշվի առանք այն հանգամանքը, թե մարդիկ, որոնք այցելում են Գյումրի, ինչ նախասիրություններ, ցանկություններ ու հետաքրքրություններ ունեն: Եվ ինչ կարող են իրենց հետ տանել: Մյուս կողմից, տեսեք, երբ դու խոսում ես որևէ պրոդուկտից, առավել քան հետաքրքիր է, երբ դու պրոդուկտի ստեղծողի հետ ես շփվում:

Այնպես, ինչպես, օրինակ, մուշուրբայի մասին գիտեն, գնում են և հնարավորություն ունեն նաև տեսնել վարպետին:

— Այո: Երբ տուր ես բերում, շատերը մեր պատմական ճարտարապետական արժեքներն արդեն իսկ ցույց տալիս են, իսկ մենք հետաքրքրությունների լրացման այլ լուծումներ մտածեցինք, ու պիտի ասեմ, որ չէինք սխալվել: Ու բացի այդ, մեր առաջարկներում չկան արհեստական բաներ, այլ բնական պրոդուկտ է. սկսած քարից, վերաջացրած փամփուշտներով պատրաստված զարդերը:

Կարանտինից հետո, երբ դեռ չգիտենք, թե ինչ է լինելու, ինչպե՞ս եք շարունակելու:

— Անհարմար կլինի՞, որ ասեմ՝ իմ համար երազանքների իրացման շրջան է սկսվել… Հայրենիքը բացահայտել՝ ինքներս մեզ համար…

Հասկացա, անգամ երկրի ղեկավարությունն է հորդորում զարգացնել ներքին տուրիզմը:

— Հայրենիքը բացահայտել՝ ինքներս մեզ համար. սա ինձ համար շատ կարևոր է: Երևի Դուք էլ լսած կլինեք, երբ ասում են՝ սա ի՞նչ տեղ է, սա ապրելու տեղ չէ, սա այսպես է, այն այնպես է… Եթե դու քո երկիրը չես ճանաչում, չես սիրում, քո հողի վրա մի ծառ, մի թուփ չես տնկել, քո ձեռքով որևէ արժեք չես ստեղծել, բնականաբար, ծառը կտրելը քեզ համար հոգ չէ, որևէ արժեք ավիրելն էլ քո դարդը չէ… չես գնահատի… Եվ երբ բարձրաձայնում ենք, թե մեր ամրոցները վնասված են, հուշակոթողներն անտերության են մատնված, մեզ դժվար կընկալեն նրանք, ում նոր ներկայացրեցի: Հիմա, որ ասում եմ երազանքային է, դա այն է, որ ներքին տուրիզմի շնորհիվ մենք ավելի լավ կճանաչենք մեր հայրենիքը: Կարանտինի պատճառով նրանք, ովքեր իրենց գործը կորցրեցին, կամ ուզում են շահութաբեր գործում ներդրում կատարել, կսկսեն խնամել, բարեկարգել իրենց տունն ու այգին, կսկսեն հայրենակիցների նկատմամբ հոգատար վերաբերվել՝ թեկուզ շահից ելնելով… Ապա հիշեք, քանի՞ անգամ եք ականատեսն եղել, երբ օտարազգի մեկի հանդեպ առավել հոգատարություն և ուշադրություն են դարձրել, առաջնակարգ սպասարկել, իսկ մեր հայրենակցին թողել հետոյի… Եվ թագավարակը պատճառ դարձավ, որ փոխվի այդ վերաբերմունքը: Մենք ավելի ուշադիր ու հոգատար կդառնանք մեր հարազատի, մեր հայրենակցի նկատմամբ: Այո, սրանից ավելի բարդ էտապներ ինձանից տարիքով մարդիկ անցել են, բայց հիմա այլ կերպ է կյանքը զարգանում, և ո՞ւմ մտքով կանցներ օն-լայն առևտուրը, հարազատի կարոտը հեռահար առնելը… Փոխվել են ժամանակները, զարգացել են տեխնոլոգիաները, և իմ սերնդակիցների համար լայն հնարավորություններ են բացվել: Եվ հիմա առավել, քան երբևէ, գնահատվում է բարձրակարգը, բարեհամբույրը, գրագետ մոտեցումները, օրիգինալ, կրեատիվ մոտեցումները, մարդկային ջերմ փոխհարաբերությունները… հիմա նման էմոցիաների ժամանակաշրջանն է: