«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «Մեծ կտավի մեկ կտորը» կամ՝ «Տնակից տուն մեկ քայլ է» փազլների գնման բարեգործական ակցիայի նախանշված ժամկետին մնացել են հաշված օրեր: Թե որքան փազլ է գնվել, զրուցեցինք հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանի հետ:
— Այս պահի դրությամբ (սեպտեմբերի 13-ին) մնացել է 6200 մասնիկ, բայց լիահույս ենք, որ մինչև Սեպտեմբերի 21-ը բոլորը կվաճառվեն,- ասում է Գևորգ Գրիգորյանը,- այս օրերին ակցիային են միացել կոլեկտիվներ՝ բուժհաստատություններից, դպրոցներից, բուհերից, իսկ մինչ այդ մեզ էին միացել բանկերի, սեփական ընկերությունների կոլեկտիվները: Ներկայում ունենք մեզ միանալու խոստումներ: Համոզված ենք, որ պատկերը ամբողջական կստանանք: Բայց փակցնելու գործընթացն է մի քիչ երկար, այնպես որ, մի քանի օր պետք է սպասենք, եթե, իհարկե, ըստ ենթադրությունների, Սեպտեմբերի 21-ին սպասվող մեծաթիվ հյուրեր մոտենան մեր փազլային պատին:
— Հետաքրքիր է, անհատներից եղե՞լ են մարդիկ, որ միանգամից մեծ ներդրում են կատարել ու մեծ քանակով փազլներ գնել:
— Բարեգործական ընկերություններից սեպտեմբերի 10-ից է շարժ նկատվում: Սփյուռքահայեր են անընդհատ մասնակցում՝ բայց 10-15 մասնիկ գնելով: Կա որ առաջարկել են միանգամից գնել մնացյալ մասնիկները, սակայն մենք բացատրել ենք, որ դա ցանկալի չէ և առաջարկել, որ եթե մեծ թվով ներդրում են ուզում անել, ապա թող առանձին բնակարան գնեն:
— Պետական այրերից գնորդներ ունե՞նք:
— Եղել են մարդիկ, որ գնել են, բայց պաշտոնապես չեն ներկայացել: Օրինակ՝ վարչապետի աշխատակազմից և, երբ լուսանկարը տեղադրել ենք «Ֆեյսբուքում», նոր միայն իմացել ենք, թե ով է: Իսկ միանգամից մեծ գումար փոխանցողներից են նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ 400 հազար դրամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 100 հազար դրամ, Գյումրիում հայտնի գործարար Տոնոյանների որդին՝ Արմանը՝ 100 հազար, չնայաց իրենց ընտանիքն արդեն փազլներ ձեռք բերել էր, Երևանի ավագանիներից՝ 48 հազար դրամով: Բացի այս, գյումրեցի գործարար Սուրեն Թովմասյանը, հենց ակցիայի սկզբի օրվանից, ամեն օր, նախ մտնում է եկեղեցի, ապա դուրս է գալիս ու պարտադիր մեկ փազլ գնում: Եթե ստացվի, որ քաղաքում չլինի, հաջորդ օրը 2 հատ է գնում:
— «Գյումրու օր» խոշոր միջոցառման ժամանակ սպասելիքներն արդարացա՞ն:
— Այն թվով, որով սպասում էինք, չեղավ, բայց մոտ 980 հազար դրամի անհատական գնումներ ենք ունեցել, 135 հազարից ավել էլ՝ օն-լայն հարթակով:
— Վերջերս մեծ թվով դիվանագետներ էին այցելել Գյումրի, որևէ մեկը մոտեցա՞վ պատին:
— Ոչ: Ի դեպ, ասեմ, որ Շիրակի մարզից ընտրված պատգամավորներ կան, որ շաբաթական 3 օրից ավել Գյումրիում են ու ոչ մի անգամ չեն մոտեցել, չեն հարցրել, թե ինչպես են գործերը: Բայց կան, որ իրենց ընտանիքի անդամները մասնակցել են, բայց իրենք անձամբ չեն մոտեցել. օրինակ՝ Ղուկասյանները: Վարդևան Գրիգորյանն է եղել, Նազելի Բաղդասարյանը, կարծեմ նաև Սարիկ Մինասյանը… 15 դպրոցների արհմիություններն են միացել՝ 150 հազար դրամով:
— Իսկ քաղաքապետարանը՞, որը նախկինում, ամսական աշխատավարձից ետպահմամբ՝ մշտապես փոխանցումներ էր անում, սակայն վերջին տարին դադարեցրել էր՝ ինչ—ինչ պատճառներով:
— Ոչ, քաղաքապետարանի կառույցը, որպես այդպիսին, դեռ չի միացել, հույս ունենք՝ կմիանան, բայց ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներն համարյա բոլորն էլ մասնակցել են, և շարունակում են աշխատավրձից 1 տոկոս փոխանցումները: Իսկ, օրինակ, «Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն» այս ամիսների ընթացքում անդադար մասնակցություն է ունեցել:
— Երբ ԱԺ պատգամավորներն այցելեցին ու կոչ արեցին իրենց գործընկներին՝ ևս միանալ… կոչը տեղ հասե՞լ էր:
— Ոչ այնքան, որքան կարելի էր ենթադրել: Մոտ 10 հոգի՝ ինչպես վերևում նշեցի, եթե մեր մարզից ընտրված պատգամավորներ կան, որ դեռ ոչ մի անգամ չեն այցելել՝ գոնե հետաքրքրության համար, ապա… Եղել է, որ 10 հատով են գնել, եղել է, որ մեկ հատ:
— Իսկ օն—լայն հարթակով փոխանցումնե՞րն են շատ, թե՞ անձամբ գնողները:
— Օն-լայն այնքան շատ չի լինում. եղել է 3 հատ 100 հազարական դրամ, որից մեկը Է.Մարուքյանն է, մեկը՝ ԱՄՆ-ից, մեկն էլ ՌԴ-ից:
— Բավական թվով հայտնիներ ունենք, այսպես ասած՝ աստղեր…
— Ի՞նչ իմանամ, թե Հայաստանում հիմա ո՞վ է ավելի շատ հայտնի կամ անհայտ… Բայց, այդ «աստղաբույլից» երևելիներ հատուկ չեն այցելել:
Հ.Գ. Ի դեպ, իմ այցելության պահին մասնիկներ գնելու համար կտավի մոտ այցելեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը, ով վերադասի անունից 50 կտոր գնեց: Բացի այս, խոստացել են, որ ֆուտբոլիստները ևս՝ իրենց թիմերով, կայցելեն: