ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հատընտիր քարոզի մրցակցություն

Այսօր Գյումրու մարդաշատ վայրերում հաճախ կարելի է հանդիպել ոչ ավանդական կամ, այսպես ասած, այլընտրանքային կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր քարոզչական անվճար գրականություն են առաջարկում անցորդներին, նրանք նաև պատրաստ են բոլոր հետաքրքրվածներին ամենայն բարյացակամությամբ խորհրդատվություն տրամադրել, Աստվածաշնչի ուսումնասիրման համար տնային անվճար կապի հնարավորություն ստեղծել:

Վերջերս ծանոթացա մի կնոջ` Մարինեի հետ, ով հենց Աստվածաշնչի տնային ուսումնասիրման համար առաջարկ էր ստացել Լյուդմիլայից: «Խնդրում եմ` սխալ չհասկանաք,- ասաց ինձ Մարինեն,- իմ երեխաները կնքված են Առաքելական եկեղեցում, ուղղակի Լյուդմիլայի տրամադրող վերաբերմունքն իմ հանդեպ հետաքրքրություն առաջացրեց, թեկուզ հպանցիկ, ծանոթանալ «Եհովայի վկաների» ուսմունքին: Հետո ես Ռուսաստանում ապրող իմ ծանոթներից իմացել էի, որ նախագահ Պուտինն ընդգծված անհանդուրժողական վերաբերմունք ունի «Եհովայի վկաների» նկատմամբ ու, ընդ որում` այն աստիճան ընդգծված, որ այդ կրոնական կազմակերպության անդամները ստիպված են եղել անցնել ընդհատակյա գործունեության: Դա էլ, իր հերթին, հետաքրքրությունս գրգռելու իր ազդեցությունն էր թողել: Ուղղակի Լյուդմիլան` զուտ մարդկային առումով, այնպիսի տպավորություն էր թողել մեր ծանոթության մի քանի րոպեների ընթացքում, որ ցանկություն էի ունեցել քիչ ավելին իմանալ այն կրոնական դոգմաների մասին, որոնց առջև ինքն ու իր նման շատերն անվերապահորեն խոնարհվում են»:

Լյուդմիլայի առաջին այցն իրենց բնակարան սկսվել է դռան թակոցից: Մարինեն կասկածում էր, թե իրենց պատահական հանդիպումը, թռուցիկ զրույցն ու իր հասցեն իմիջիայլոց իմանալու նրա խնդրանքը, մի քանի օր անց այսպիսի ընթացք էր ստանալու: Ներս է հրավիրել: «Նա մի տեսակ վերացական հարցեր էր տալիս ու ինքն էլ պատասխանում դրանց: Ճիշտն ասած, որպես կրոնափիլիսոփայություն, նրա արտահայտած կարծիքներն ինձ համար խորթ չէին, ավելի կոնկրետ` դրանց հիմքում բարությունն էր: Պարզապես չէի հասկանում, թե Առաքելական եկեղեցու հետ հակադրվելու նրանց հիմքերը որո՞նք էին»:

Լյուդմիլան հաճախ Մարինեի բնակարան էր գալիս նաև այլ կանանց հետ: Նրանք հորդորում էին Մարինեին ու ընտանիքի մյուս անդամներին՝ ավելի մտերմիկ հաղորդակցվել իրենց հետ, հավաստիացնում էին, թե այդ կերպ իրենք կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: «Լյուդմիլան, բնականաբար, զգում էր, թե ինչպիսի աննախանձելի սոցիալական վիճակում ենք ապրում և ամեն կերպ ցանկանում էր հուսադրել մեզ, առանձնապես` ամուսնուս, որովհետև հասկանում էր, որ մեր ընտանեկան պայմաններից ավելի շատ նեղվածն ու մտահոգը նա էր»: Մարինեի գործազուրկ ամուսնուն ոչ միայն չէին գոհացնում Լյուդմիլայի, ինչպես ինքն էր ասում` արծաթյա սկուտեղով մատուցված գաղափարները, այլև` նյարդայնություն էին պատճառում:

Մարինեին ամեն անգամ չէ, որ հաջողվում էր կանխել ամուսնու համար այս ցավոտ թեմայի «զարգացումը», թեև Լյուդմիլային մի քանի անգամ բացատրել էր, որ ամուսինը գործազուրկ է և նրան հաճելի չէ ապարդյուն սփոփանքներ լսելն ու դրանց ապավինած ապրելը: «Երբ Լյուդմիլան ամեն անգամ դատողություններ էր անում այն մասին, թե իրենց Աստծո կողմից սոցիալական հավասարության երաշխիքն հանդիսանում է իրենց հավատքի հիմնաքարերից մեկը, ամուսինս դա լսելով, ծայր աստիճան նյարդայնանում էր: Լյուդմիլայի գնալուց հետո մեր տանն հաճախ էին վեճեր լինում իմ ու ամուսնուս միջև»:

Մյուս կողմից, Մարինեն իրեն լավատես մարդ համարելով, այնուհանդերձ գտնում էր, որ նաև զուրկ չէ իրատես լինելուց, ուստի հարց էր ծագում, թե որտեղի՞ց է սկիզբ առնում Լյուդմիլայի լավատեսության հունը, ո՞վ է օգնում նրան` կրոնակա՞ն համայնքը, չէ՞ որ իր իսկ խոստովանությամբ, խոպանում ամուսնու աշխատածն էլ ընդամենը չնչին գումար էր և անթաքույց դժգոհում էր, որ այդպիսին է իրականությունը:

Ըստ Մարինեի, կոնկրետ վիճակագրություն չկա, թե ավանդական և այլընտրանքային կրոնական կազմակերպություններ ներկայացնողների տոկոսային հարաբերակցությունն ինչպիսին է: Եթե անգամ փորձ է արվում պաշտոնապես խոսել ինչ-որ վիճակագրության մասին, ապա դրան, թերևս, ճիշտ կլինի որպես «բավական վիճելիի» գնահատականը տալ: Մինչդեռ ամեն կրոնական կազմակերպություն իր շեմն հրավիրողներին առաջին հերթին զարմացնում է իրեն անդամակցողների մասին երևակայական տոկոսներ հայտնելով: Սակայն Մարինեն համոզվել է, որ դա չէ կարևորը, կարևորն այն է, որ մեր խղճի ազատությունը «հմայվածությամբ» պայմանավորված չլինի, այլ ուղղորդված լինի մեր խղճի «բանականությամբ»: Այժմ նա վերականգնել է իր հաճախումները Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցի ու գոհ է, որ ամեն ինչ այդպես ստացվեց:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ