ՍՊՈՐՏ

Հերմինեն Գյումրու սպորտի թագուհին է

Արտաշատում ավարտված Հայաստանի աթլետիկայի առաջնությունում գերազանց մրցելույթներ է ունեցել Գյումրու Ռոբերտ Էմմիյանի անվան աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի սան, հանրապետության բազմակի չեմպիոնուհի Հերմինե Ավետիսյանը: Նա միանգամից երկու մրցաձևում նվաճել է երկրի չեմպիոնուհու ոսկե մեդալները: Հերմինեն սկավառակը նետել է 42մ 28 սմ տարածությամբ, իսկ գունդը հրել է՝ ցույց տալով 11մ 73 սմ ցուցանիշը:

— Հայաստանի առաջնությանը մասնակցեցի միանգամից երկու ձևում: Թե՛ գնդի հրում, թե՛ սկավառակի նետում մարզաձևերում ցույց եմ տվել բավարար արդյունքներ: Մինչև Հայաստանի առաջնությունը, մարզումների ընթացքում շատ ավելի բարձր ցուցանիշներ եմ արձանագրել, ինչ-որ բան գուցե խանգարեց, սակայն, ընդհանուր առմամբ, դժգոհ չեմ, — նշեց Հերմինեն:

Մրցաշրջան 2017-ի երկրորդ կիսամյակն առատ է մրցումներով: Իսկ միջազգային մրցաշարերից առաջ շատ կարևոր են ուսումնամարզական հավաքները: Հենց այդպիսի մարզումների ընթացքում է հաջողվում ձեռք բերել առավելագույն մարզավիճակ, որն էլ հաջողության առաջնահերթ գրավականն է:

— Ծաղկաձորում Հայաստանի կանանց հավաքականի կազմում մասնակցելու եմ ուսումնամարզական հավաքի, որին հետևելու է Մալթայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Հուսով եմ՝ այդ մրցումներում ցույց կտամ ավելի բարձր արդյունքներ, — նշում է հանրապետության աթլետիկայի բազմակի չեմպիոնուհին:

Հերմինեի անձնական մարզիչն է բազմափորձ մասնագետ Իվան Սաֆոնովը: Վերջինս մտավախություն ունի, որ տաղանդաշատ մարզուհին կարող է թողնել ակտիվ սպորտը: Փակագծերը չի բացում, սակայն նշում է, որ մեր աթլետները միշտ էլ խնդիրներ են ունեցել մարզումների, հավաքների ու ընդհանրապես միջազգային մրցումների մասնակցության հետ կապված:

— Հերմինեն հոյակապ աթլետ է, ճիշտ է, ինքը շատ քիչ է պարապել` ընդամենը 4 տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում կարողացավ դառնալ սպորտի վարպետի թեկնածու: Իսկ գիտեք, թե ինչքան բարդ է աթլետիկայի որևէ մրցաձևից սպորտի վարպետի նորման լրացնելը: Նետումների մեջ հազվագյուտ երևույթ է, երբ տվյալ մարզիկին հաջողվում է ստանալ սպորտի վարպետի գրքույկը: Հերմինեի արդյունքների աճն այնքան արագ զարգացավ, որ ասելու չի: Շատ ուժեղ մարզուհի է: Եթե շարունակի պարապել, նա մեծ արդյունքի կհասնի:

Անկախ ամեն ինչից, Հերմինե Ավետիսյանը Գյումրու աթլետիկայի տարեգրությունում իր հաստատուն ու պատվավոր տեղն է վաստակել: Տարբեր տարիների Հայաստանի առաջնություններում նվաճած մեդալները հենց դա են հավաստում: Իսկ նրա անձնական մարզչի մտահոգությունն անհանգստացնում է, քանի որ Հերմինե Ավետիսյանի պես բարձրակարգ աթլետներն այնքան էլ շատ չեն մեր հանրապետությունում: Ուսումնամարզական հավաքներից հետո կհստակեցվի գյումրեցի մարզուհու հնարավորությունների սանդղակը:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ