ՍՊՈՐՏ

«Հը՞, ի՞նչ կա, հեղափոխությունից հետո ի՞նչխ եք, դուխո՞վ եք, տղեք…»

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել էր մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ 2018 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին:

Մարզիկների թվում էին՝

Խաչատուր Հովհաննիսյան, ուժային եռամարտ, WUP վարկածի Եվրոպայի բացարձակ չեմպիոն:

Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն:

Երվանդ Մկրտչյան, աթլետիկա, Եվրոպայի չեմպիոն:

Դավիթ Պետրոսյան, ուժային եռամարտ, աշխարհի չեմպիոն:

Արթուր Ավետիսյան, ուժային եռամարտ, աշխարհի 2-րդ տեղ:

Վաչագան Սողոյան, սանդա-ուշու, Եվրոպայի 2-րդ տեղ:

Հովհաննես Մարգարյան, հրաձգություն, Եվրոպայի 3-րդ տեղ:

Գրիգոր Մխիթարյան, մարտական սամբո՝ Եվրոպայի 3-րդ տեղ:

Տիգրան Մկրտչյան, աթլետիկա, Եվրոպայի 3-րդ տեղ:

Արմեն Հովհաննիսյան, աթլետիկա, Եվրոպայի 3-րդ տեղ:

Արման Բաղդասարյան, հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի 3-րդ տեղ:



Դրամական պարգևներ հանձնելով մարզիկներին ու մարզիչներին, քաղաքապետը շնորհավորեց բոլորին, մաղթեց նորանոր հաղթանակներ: Ապա հետաքրքրվեց, թե ինչպիսի խնդիրներ ունեն մարզադպրոցներում: «Ես մի օր շրջայցով կմտնեմ բոլոր դահլիճները, գիտեմ, որ ահագին բան արել եք, տեսնենք, թե ինչով կարող ենք օգնել՝ կօգնենք»,- ասաց քաղաքապետը:

Մարզիչները քաղաքապետին ներկայացրեցին մարզադահլիճների հետ կապված խնդիրները:

«Համալիր մանկապատանեկան մարզադպրոցից» ներկայացրեցին, որ դահլիճի փտած հատակը փոխել են, պատուհանները փոխել են, ահագին աշխատանքներ արվել են… Քաղաքապետն արձագանքեց, որ լավատեղյակ է նրանց կատարած աշխատանքներից, ասաց, որ շատ գովելի է, որ իրենց ուժերով այդքան աշխատանք կատարել են, խոստացավ մնացած հարցերին էլ ծանոթանալուց հետ, անհրաժեշտության դեպքում, գումար դուրս գրել, եթե ավագանին համաձայնություն տա:

Այնուհետև անդրադարձավ «Արթուր Ալեքսանյանի անվան» հունահռոմական մարզադպրոցին, ասաց, որ մեծ պարտք ունեն այս դպրոցին ու չգիտեն էլ, թե վերջն ինչ է լինելու… մի պահ պաուզա տալուց հետո, հարցրեց. «Նորություն ունե՞ք, նոր կառավարության հետ չե՞ք հանդիպել: Հեղափոխությունն եղավ, էլի ձեր դպրոցը մնաց»: Անորոշ ապագայից մտահոգված,  քաղաքապետը խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ գոնե պետական ծրագրով ինչ-որ մի մաս օգնեն, մանավանդ, նախագիծն էլ կա, հաշվարկներն էլ արված են:

Հետո դառնալով բոլորին, հարցրեց. «Հը՞, ի՞նչ կա, հեղափոխությունից հետո ի՞նչխ եք, դուխո՞վ եք, տղեք… Ապրեք, ըդպես դուխով էլ ոսկե մեդալներ կբերեք»:

«Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Խաչիկ Երանոսյանը ներկայացրեց, որ վերականգնման համար որոշումները կան, բայց ինչ-որ խնդիրներ դեռ մնում են: Քաղաքապետն արձագանքեց. «Ես ձեր կողքը կանգնած եմ, մենակ կխնդրեմ, տղեք, ամեն ինչ օրենքով, մի հատ օրենքից մի տառ դուրս բան արեցիք, ես ձեր փոխարեն չեմ կարող պատասխան տալ: Մինչև հիմա կողքերդ կանգնած եմ եղել, էլի կեղնիմ, էլի օրենքով ենք աշխատել, եթե օրենքով մի բան պիտի արվի՝ կանենք»:

«Եսօր դուք հզոր տղեք եք, օլիմպիական, Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ եք, հալալ է, ձեզնով պարծեցել եմ, շարունակեք նույն ձևով, ինչքան կարող եք, քաղաքի պատիվը բարձր պահեք, ինչ հնարավոր է, ինչքան հնարավոր է՝ ձեր կողքին եմ: Պատանիներն էլ իրենց հերթին են լավ արդյունքներ ցույց տալիս: Շնորհավորում եմ բոլորիս»,- հանդիպումն ավարտելով, ասաց քաղաքապետը: