30 տարի առաջ… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են… Մի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ու… այդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:
Պատմում է շուրջ 60 տարի սպորտի ոլորտում գործունեություն ծավալած, սպորտի վաստակավոր գործիչ ՀՐԱՉՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Ես Լենինականի համար միշտ պատրիոտ եմ եղել, իմ քաղաքը շատ եմ սիրում: Երկրաշարժից առաջ բազմաթիվ երեխաների եմ մարզել, սպորտսմենների համար կյանքի ուղի հարթել: Ես աշխատել եմ «Լենշինտրեստում»՝ որպես սպորտի բաժնի պետ, և մենք մեծ հնարավորություններ ենք ունեցել, հիմնել էինք սպորտային մարզահամալիր, որտեղ զարգացում ապրեց սուսերամարտը, ծանրամարտը, ըմբշամարտը, թենիսը, մեզ մոտ են սկիզբ առել Իսրայել և Վարդան Միլիտոսյանները, Յուրի Վարդանյանը, և այլոք: Շինարարների ակումբը, որը հենց «Գորկա» այգուն կից էր, «Լենշինտրեստը» տվեց Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդին (ՀԱՄԽ), և մենք սա դարձրեցինք թվարկածս սպորտաձևերի համալիր:
Այն ժամանակ միայն ցանկություն ունենալը բավարար չէր, որպեսզի երազանքդ իրականացնեիր. պետք է քաղաքային իշխանության հետ լեզու գտնեիր, հետո՝ մայրաքաղաքայինի, իսկ իրենք էլ իրենց «կանալներով»՝ վերևները՝ մոսկվաները: Այնպես որ, երբ խոսքերիս մեջ հաճախ հնչի, թե սրա-նրա հետ լեզու գտա, որ սա կամ նա անեինք, թող չթվա, թե հեշտ գործ էր: Այդպես մեկին համոզելով, մեկի հետ լեզու գտնելով, սարքել տվեցի Վարդբաղը՝ իր սպորտային ճամբարով ու հանգստի տնով, որը մեծ համբավ ձեռք բերեց թե՛ իր ունեցած հնարավորություններով, թե՛ կենսունակությամբ: Հետո Ավտոկայանին կից լողարանը կառուցել տվեցինք, երբ ՀԱՄԽ-ն ինձ ընտրեց Շիրակի մարզի ներկայացուցիչ: Այն ժամանակ այդ արհմիությունները բավական կենսունակ կառույցներ էին, մեծ հնարավորություններ ունեին, և ի նպաստ ոլորտի էին ծառայում:
Ես նաև շինարար եմ եղել, ու դրա համար որևէ խնդիր չունեի ինչ-որ ձեռնարկ ավարտին հասցնելը, քանի որ անձամբ ինքս էլ գլխավորում էի շինարարական բրիգադները: Սպորտսմենների համար առաջին շոգեբաղնիսը ես եմ բացել, Դուք չեք հիշի, իսկ ձեզանից մեծերը կհիշեն, որ ասում էին՝ «Հրաչի բաղնիքը»… Այն ժամանակ Լենինականում սկսեցին գործել մի քանի սպորտ ընկերություններ. «Աշխատանքային ռեզերվներ», «Սպարտակ», «Դինամո»… Միայն մեր մոտ 2400 բանվոր կար աշխատող, ապա պատկերացրեք, թե այս սպորտային ընկերություններում, ակումբներում ինչ թիվ էին կազմում մարզվող սաները: Լենինականում սպորտի զարգացումն հատկապես մեծ թափ առավ, երբ մեր տղաներից միջազգային ասպարեզներում հաղթանակներ գրանցեցին: Ճիշտ է, այն ժամանակ Սովետական Միության անվան տակ էր, բայց մենք հո գիտեի՞նք, որ, ասենք, Յուրի Վարդանյանը լեննականցի է, Իսրայելն ու Վարդան Միլիտոսյանը լեննականցի են, Ռոբերտ Էմմիյանը, Մեխակ Ղազարյանը լեննականցի են… Գիտեք, Լենինականն այն քաղաքն էր, որ գիտեր հարգել, գնահատել ու մեծարել իր ծոցից ելած զավակներին, մենք չափից դուրս պատվախնդրությամբ էինք վերաբերվում «մերոնց» իրենցով անողների նկատմամբ:
Մեղավորը…
Երկրաշարժին փլվեցին հիմնականում լենինգրադյան նախագծերով շենքերը: Դեռ այն ժամանակներին, երկրաշարժից առաջ, տրեստի կառավարչին ուզում էին դատել, Մոսկվայից եկան ստուգումների, գտան, որ հիմնական սխալը միացումների մեջ է, որոնք պետք է պահեին շենքը… Եթե բուն մեղավորը տրեստի ղեկավարը լիներ, նրան հաստատ կդատեին, բայց մեղավորությունը նախագծողներինն էր… Բայց, միայն նախագծողների վրա էլ չեմ գցում ողջ մեղավորությունը, մեղավորները շատերն էին. անպատասխանատու աշխղեկներ, անփույթ շինարարներ: Իմ քեռին Սավոյանն է, նրա բառերն են. «Լենինականում 3-հարկանի շենքից բարձր շենք չպետք է կառուցել»: Բայց Սովետական կարգեր էին, մինչև Մոսկվան չհաստատեր… իրենց թույլտվությամբ նոր կարող էր որևէ հանրապետությունում որևէ նախագծով շինարարություն ընթանար: Թե չէ շինարարը կառուցում էր այն նախագծով, ինչը վերևից հաստատած իջնում էր, այլ հարց էր, որ գողանում էին…
Աղետը…
Մեր շենքը Լենինգրադյան փողոցի վրա էր, երկու գլխամասերն էին փլվել: Ես համալիրում էի աշխատանքի, կինս՝ Ելենան, Շինարարների պալատի (ներկայում՝ «Թումոյի») մշակույթի բաժնում… Մեծ աղջիկս ինստիտուտում էր սովորում, տանն էր, մյուսը՝ դպրոցում, վերջին դասարանում էր: Այդ օրը նրանց պրակտիկայի օրն էր, փախել էին դասից, ու կինո էին գնացել: Երբ ցնցումն եղել է, աղջիկս գետնին է ընկել, ու քաոսի մեջ փախնողները նրա վրայով են անցել, կողքը բացվել էր… Մի կերպ հասցրեցինք Թալին, որ կար դնեին… Մենք ստիպված բնակություն հաստատեցինք հենց մեր համալիրում, ուր ապրում ենք մինչև այժմ: Հենց առաջին օրվանից ես հագել եմ շինարարական գլխարկս ու բաճկոնս ու չեմ էլ հիշում, թե երբ եմ հագիցս հանել, որովհետև հենց առաջին պահից, մեր տրեստի շինարարների ու սպորտսմենների հետ սկսել ենք փրկարարական աշխատանքներին լծվել, ողջերին ու մեռելներին զատել… Առաջին օրը դագաղները բերեցինք…
Ես նույնիսկ անվճար ճաշարան էի կազմակերպել՝ ավտոկայանի տարածքում, որպեսզի աշխատող ուժն օրվա մեջ սնվեր, հետո շարունակեր որոնողական աշխատանքները: Չնայած, այդ ընթացքում մեզ մոտ էին սնվում նաև սումգայիթյան փախստականները: Գիշեր ու զօր աշխատում էինք, ամեն օր մեծ բեռնաթափերով սնունդ ու հագուստ էին ուղարկում ամբողջ աշխարհից, տարբեր անկյուններից օգնություն էր գալիս… Բանվորներին, փախստականներին, ում պետք էր՝ նրանց, բաժանում էինք, ռուսական բանակի զինվորականներն էին եկել, պահակակետ դրել, որպեսզի գողության դեպքերը բացառվեր:
Երբ Ռիժկովը եկավ, բերեցին վրաններ, յուրտաներ, մի քանի օրվա մեջ կազմակերպեցին տնակների բերելը, մոնտաժելը… Իսկ տոննաներով եկած դեղորայքը հենց էլի մեր համալիրի տարածքում էին լցրել, ուրիշ տեղ դեռ չկար: Բայց ի՞նչ արեցին. ժողովրդին չբաժանեցին հազար ու մի պատճառով, հետո էլ ժամկետանց էր՝ վառեցին…
Որպես առաջին օգնության եկածներ, հիշում եմ մեծամորցիներին, ովքեր բահերով ու քլունգներով՝ պատրաստված եկել էին, դպրոցների վրա էին աշխատում:
Ես մի ցավոտ թեմայի մասին եմ ուզում բարձրաձայնել. երկրաշարժից շատ չանցած, կամ նույն օրն այն ժամանակվա ղեկավարությունը քաղաքից փախել էր… ոչ մի ղեկավար չէր մնացել, որպեսզի քաղաքում կազմակերպեին աշխատանքները: Այդ ժամանակ մոսկվաներից ու երևաններից էին գալիս, որպեսզի կանոնակարգեին, մինչդեռ որքան կարևոր էր, որպեսզի տեղի ղեկավարները մնային, շփվեին, աշխատեին իրենց ժողովրդի հետ, կիսեին մարդկանց վիշտը, ցավը… Չգնացին, այլ փախան, թող իմանան իրենց գնահատականը: Ես միշտ էլ պայքարող եմ եղել և ուղիղ խոսացող, թող մեկը գա ասի, թե ես սխալ եմ… Ով եկավ ղեկավար, թալանեց ու տարավ: Ես դառել էի բոլորի կոկորդի ոսկորը, երբ դեմ-երեսներին ասում էի ամենը, նեղվում էին. ինչո՞ւ, որովհետև ճիշտն էի ասում: Մարդիկ ագահ էին, ես կարծում էի, թե աղետը նրանց մեջ բան պիտի փոխեր, բայց չէ՝ ավելի էին ագահացել…
Հիշո՞ւմ եք, գործարանների սեփականաշնորհման գործընթացը, ի՞նչ, կարծում եք առաջինը պիտի իշխանությա՞նը մեղադրեմ. բոլոր գործարանների ղեկավարները սարքերը մասնատեցին, տարան թուրքիաներ՝ վաճառեցին: Իսկ շենքե՜րը… Գիտե՞ք, որ շենքեր կային, օրինակ՝ Տերյան փողոցի, որ տանկերով քաշում էին՝ չէին քանդվում: Եթե Լենինականի մի մասն աղետը ավիրեց, մյուս մասը բնակիչներն ավիրեցին, գիտեին, թե երկու տարվա մեջ դղյակներ են կառուցելու և բաժանելու… Ոմանք իրենց «սև քյարի» համար, քանդել տվեցին ամուր հիմքերի վրա կանգնած, միայն ճաքեր ունեցող շենքերը: Ես կռվում էի բոլորի դեմ, բայց իմ պես մի քանիսն էին: Ասենք թե գործարանի շենքի մի պատը փլվել էր, իսկ մեքենասարքավորումնե՞րը… Եթե ամեն մեկը մտածեր, որ կյանքը շարունակվում է, միայն իրենց անձի վրա չկենտրոնանային, ապա քաղաքի շատ գործարաններ դեռ մասնակի հնարավորությամբ՝ կվերակենդանացնեին: Ամենքը թալանեց, գնաց, այստեղ տներ ստացան, դրսերում տներ ետ գցեցին, իսկ որքան ճակատագրերի վրայով դա եղավ…
… «Գորկա» այգին ինչպե՞ս մնաց, գիտե՞ք. էս թաղի՝ Սլաբոդկի տղեքի օր ու գիշեր հերթապահելու շնորհիվ մնաց, որ ծառերը չկտրեցին: Ինստիտուտի շենքը, որի տեղում հիմա ՏՏ կենտրոնն է, գիտե՞ք, որ համարյա բան չէր եղել, մեկին պետք էր եղել կաղնե հատակի փայտերը, քանդեց, մնացածն եկան, կիսատ մնացածը շարունակեցին…
Բայց այս թալանի կողքին ես ինչպե՞ս կարող եմ չնշել, որ շատ մարդիկ էլ իմ պես մնացին, Լենինականից չփախան, բոլորի նման ապրեցին, ամեն ինչ արեցին, որպեսզի քաղաքի հոգսերը թեթևացնեն: Մեր քաղաքը դուխով ղեկավար պիտի ունենար, ունենա, թեկուզ կին լինի՝ Դոնարայի նման, որ դուխով պայքարե, կռիվ տա, բերե, համախմբե՝ միասին մաքրենք, կառուցենք, պրծնենք:
Պիտակներ՝ #երկրաշարժ