ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հին հայկական հարսանիք

Ինչպե՞ս և ի՞նչ ծեսեր են կատարվել հարսանիքից առաջ, հարսանիքի ժամանակ՝ Գյումրիում, այս մասին «Շրջապատը» զրուցել է ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, էթնոհոգեբան, ազգագրագետ՝ Կարինե Սահակյանի հետ:

«Նախկինում տղայի ծնողները կամ պետք է գնային թաղերում հետաքրքրվեին, իմանային՝ կա՞ արդյոք լավ աղջիկ, թե՞ ոչ, կարո՞ղ են տեսնել աղջկան, կամ ո՞ւմ աղջկան սալղ կանեն թաղեցիները, այսինքն՝ ում աղջկան կկամենան իրենց տղային: Եվ երբ արդեն աղջկան տեսել, հավանել են, հարցրել են, թե տղամարդկանց որտե՞ղ կարող են տեսնել, սա մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ ցանկացած հարցում գլխավորը տղամարդն է:

Հանդիպելով երկու կողմերի տղամարդիկ՝ խոսում էին իրար հետ, և խոսքակապը լինում էր ոչ թե տանը, այլ սրճարանում՝ Տիրատուրենց Մարգարի ղայֆախանեն հենց հարսանիքի քյասարբիչա կապելու վայրն է եղել Գյումրիում:

Այդ ղայֆախանի հետ կապված կա ավանդազրույց. Սիրուն Սեթոն իր աղջկան կնության է տվել ինչ-որ մեկին, բայց գալով տուն ու աղջկա համաձայնությունը չստանալով, հաջորդ օրը գնացել է ղայֆախանա, գլխարկը դրել գետնին ու ասել. «Բոլորդ թռեք վրայից, որովհետև ես իմ տված խոստումը չկարողացա պահել, աղջիկս համաձայն չէ ամուսնությանը»:

Երկու կողմերի ծնողները համաձայնության գալով իրար հետ, կատարում էին զույգերի նշանդրեքը, որի ընթացքում անպայման ոսկյա զարդեր էին դնում, և որին շատ քիչ մարդիկ էին մասնակցում: Նշանի մատանին պետք է ալմաստից լիներ՝ բախչալի, իսկ հարսանիքին արդեն կալցո պետք է դնեին, նաև անպայման նվիրում էին մարգարիտներ, նշաձև, կլապիտոնե եզրերով գոգնոցներ, որոնք սահման էին դնում, որ աղջիկն արդեն դառնում է հարս, գոգնոցը հենց դրա սահմանն էր:

Գյումրեցիների հարսանիքը տևել է երեք օր, սկսվել է հինգշաբթի օրվանից, այսինքն միս մորթելը, հինա դնելը, մաղժաժը, հետո անպայման շաբաթ օրը հարսանիք են արել, երեկոյան ժամը 8-ից 9-ի կողմերն են սկսել, որպեսզի ամբողջ գիշեր տևեր հարսանիքը:

Շատ հետաքրքիր է եղել նաև իրենց հրավիրատոմսերը, որ գրված էր. «խնդրում ենք ներկա լինել օրիորդ …ի և փեսացու …ի պսակադրությանը», և շատ հետաքրքիր վերջաբանով՝ «մուտքն առանց ընծաների», այսինքն նվերների չէին սպասում:

Ինչպես նշեցի, հարսանյաց ծեսը սկսվում էր հինգշաբթի օրվանից, որ կոչվում էր մաղժաժ, այսինքն հաց թխելու համար ալյուր էին մաղում, հացը ևս ուներ ծիսական նշանակություն:

Ալյուրը մաղում էին լուռ, որպեսզի հարսը համավոր լիներ, ալյուրմաղիքի տաշտի մոտ երկու մոմ էին վառում, որպեսզի հարսը զույգ մնար:

Մաղժաժին մասնակցում էին բացառապես բախտավոր կանայք, ովքեր նստում էին շրջանաձև, որը հարսի կյանքի շրջանն է, մեկը մյուսին էր փոխանցում մաղը, և բարեմաղթանքներ ասում, «մի բարձի ծերանա», «քարը գնա՝ կանաչ դառնա», «հողը բռնի՝ ոսկի դառնա» և, որ ամենակարևորն է,  «զույգ մնան»:

Այս բարեմաղթանքներն ասելով, մաղը հերթականությամբ, մեկը մյուսին փոխանցելով, մաղում էին ալյուրն ու այդ օրն էլ թխվում էր հարսանյաց լավաշը:





 

Հարսանիքի օրը լավաշը քցում էին հարսի ու փեսայի ուսին, և ամբողջ ծիսաշարի ընթացքում այն ուղեկցում էր նորապսակներին, որպես հետագա բարեբերության, միասնության, պտղաբերության, առատության խորհրդանիշ, որ այն տունը, որտեղ ոտք է դնելու հարսը, իր հետ բերի հաջողություն, սեր ու բարաքյաթ:

Հարսանիքի ժամանակ շատ կարևոր էր քավորի դերը: Յուրաքանչյուր քավոր, եթե որևէ անգամ Ալեքսանդրապոլում եղել է քավոր, անպայման ուներ արծաթե փոքրիկ ռյումկա, որի վրա պարզագույն ծաղիկ էր պատկերված, երկու հատ ռյումկա էին նվիրում, դնելով քավորի գրպանը, դա էլ նրա համար, որ մի ծաղիկը զույգ դառնա, այսինքն քավորը ծաղիկները զույգացնող, ամենասուրբ մարդն էր:

Հարսին հագցնելու գործընթացի անբաժան մաս էր կազմում «ասենք շնորհավորը. շնորհավոր հարսի զարդերը, շորերը»:

Որոշ զգեստներ էլ, որ մարդիկ կրում էին հարսանիք գնալիս, պատվիրում էին Ֆանտազի Արտաշի մոտ, ով իր պատմելով, Ֆանտազ անունը ստացել էր նրա համար, որ բոլորին ասում էր. «Ես երազում կտեսնեմ, թե ինչ տեսքով է քեզ սազում, ու քեզ կասեմ», և հաջորդ առավոտ հաճախորդին արդեն ներկայացրել է իր հագուստի տեսքը:

Հայերը միշտ պաշտել են շեմը, և երբ հարսին բերում էին, շեմի դրսի կողմը պետք է օրհնվեր: Պետք է օրհնվեր հարսի ոտքը, որով նա քաոսից մուտք է գործում տիեզերք, այսինքն՝ յուրաքանչյուր մարդու համար դուրսը քաոս է, ներսը՝ տիեզերք:

Կյանքի ամենակարևոր իրավիճակներն են աշխարհ գալը, աշխարհ մտնելը՝ այս դեպքում դա ամուսնությունն էր, և աշխարհից գնալը:

Աշխարհ մտնելու ծիսակարգն անպայման պետք է ուղեկցվեր քաղցրով, դրա համար էլ մեղր էին կերցնում նորապսակներին, որպեսզի հետագա կյանքը քաղցր լիներ:

Քանի որ հարսը երբեք չի խոսել, թե ինքն ինչպիսին է լինելու, դրա համար էլ մեծ պատիվ է եղել, թե հարսանիքի ընթացքում նա ում կհանձնի բաժակը՝ հորը, հորեղբորը, պապին, սկեսրարին, և ըստ այդմ հնչում էր բաժակաճառը:

Այնուամենայնիվ, Գյումրին կարելի է ասել՝ պարադոքսալ քաղաք է, որքան էլ ավանդապաշտ է նույնքան էլ այստեղ մեծ է սիրո գրավականը»:

 

ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՇՊՀ, Լրագրության բաժին,  4-րդ կուրս