«Զինծառայության մասին» օրինագծի տարկետման սահմանափակմանը վերաբերող կետը վերջերս հանրային բուռն քննարկումների պատճառ է դարձել: Մայրաքաղաքի ուսանողներն օրինագծի ընդունման դեմ բողոքի երթեր կազմակերպեցին: Նրանց փաստարկն այն էր, որ տարկետման սահմանափակման դեպքում ուսանողներն ու մագիստրատուրայում սովորողները կզինակոչվեն բանակ՝ ստիպված լինելով ընդհատել իրենց ուսումը, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա գիտությամբ զբաղվելու իրենց ձգտման, այդ ոլորտում ծրագրերի կառուցման հեռանկարի վրա: Մանավանդ որ, ըստ հետազոտությունների, ծառայությունից հետո, երիտասարդների զգալի մասի մասնագիտական պատրաստվածության խաթարում է տեղի ունենում ու նրանց հետաքրքրությունը մարում է գիտության նկատմամբ:
«Զինծառայության մասին» օրինագծի տարկետմանը վերաբերող կետի շուրջ Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրեն Լևոն Բաղդասարյանի հետ զրույցի ընթացքում էլ, մեկ այլ կարծիք հնչեց, որ ոչ թե բուհը պետք է տանել բանակ, այլ` բանակը բերել բուհ: Գործնականում նա դա պատկերացնում է հետևյալ կերպ. սկսած 8-րդ դասարանից, դպրոցներում ռազմագիտություն առարկայի` տարրական հիմունքներով դասավանդումից հետո, այն` խորացված ուսուցմամբ, տեղափոխվի բուհ, գործնական պարապմունքներ անցկացվեն: Արդյունքում` 4-րդ կուրսեցին, եթե իր մեջ կունենա ռազմական գործի նկատմամբ հակում, կաշխատի չխուսափել բանակից, որովհետև ինքն արդեն գիտելիքներով զինված կլինի, պատրաստ կլինի հոգեպես և կպատկերացնի, թե ինչ է իրենից ներկայացնում բանակ կոչվածը:
Ըստ Լևոն Բաղդասարյանի, ներկայում բանակից խուսափելու կոռուպցիոն երևույթների հավանականությունը բավական մեծ է բուհերում: Գաղտնիք չէ, որ ապահովված ընտանիքների երիտասարդների մի մասը, որ ընդունվում է ինստիտուտ, որպեսզի այդ կարգավիճակից բխող հնարավորությունները տարբեր կերպ օգտագործելով, խուսափի բանակում ծառայելուց: «Բայց սա դեռ ամենասարսափելին չէ,- ասում է նա,- այդպիսիներին ծառայելու բերելով, նաև կոռուպցիան բանակ բերելու հավանականությունն է մեծանում: Եթե մենք մեր պետությունում ունենք համեմատաբար կայացած կառույց, ապա դա բանակն է: Հիմա այդ կայացած կառույցի հիմքերին խփելը լի է մեծ վտանգներով: Ինչո՞վ է խփվում հիմքերին, ասեմ. եթե օլիգարխի ու պատգամավորի զավակները պարտադրաբար, զոռով են տարվում բանակ, որտեղ նրանց գտնվելն իրենց իսկ բառապաշարով ասած`«զապադլո» է համարվում, ապա վստահաբար նրանք իրենց հատուկ` «երեսառածի» վատ վարքագիծը կշարունակեն դրսևորել նաև այնտեղ: Այն սպան ու զինվորն էլ, ովքեր պարտաճանաչորեն ծառայում են, բայց կողքից տեսնում են ձևական, հովանավորյալ ծառայողին, հիասթափություն կապրեն: Այս հղփացած զինվորներն իրենց հետ բանակ կբերեն նաև սեփական թիկնազորին կամ` վարձու սկզբունքով, այն կկազմավորեն այնտեղ: Չարիքի մյուս կողմն էլ այն է, որ եթե այս տեսակները համալրեն սպայական կազմը, դրանով միայն կարատավորեն սպայի անունը»: Լևոն Բաղդասարյանի պատկերացմամբ, դրան կգումարվի նաև այն, որ բանակում կստեղծվեն «էլիտար» զորամասեր: Առավոտները «ծառայողները» կգան, իրենց «ջիպերը» կկանգնեցնեն զորամասի պարիսպների մոտ, կհագնեն համազգեստը, որ երեկոյան կողմ, նորից հանեն ու գնան քաղաքացիական կյանքով ապրելու: Մյուսներին, իհարկե, թողնելով իրենց ծառայությունից ստացած հիասթափության հետ»:
Ճարտարագետ Մամիկոն Ստեփանյանի կարծիքով, բանակի կառուցվածքը սկզբունքորեն պետք է փոխվի: Այն պետք է կազմված լինի հիմնականում պրոֆեսիոնալներից: Բանակում պետք է առանձնացվեն մասնագիտական հմտություններ ունեցող ու պահեստազորի զինվորական պատրաստվող մարդիկ: Օրինակ` այսքան թվով հրետանավոր, տանկիստ կամ անօդաչու սարք կառավարողներ են պետք, ուրեմն, բնականաբար, նրանք մասնագետներ պետք է լինեն: Մամիկոն Ստեփանյանը չի բացառում, որ ժամկետային ծառայողներից էլ նման մասնագետներ պատրաստելը որոշակի իմաստ ունի, բայց դրա արդյունավետությունը մեծ չէ: Ընդ որում, մասնագիտացված զինվորականների նկատմամբ առավելապես պետք է կիրառվեն պետության կողմից սահմանված արտոնությունները: Այսինքն` նրանց ծառայությունը պետք է հիմնված լինի ոչ միայն գաղափարական, գիտակցական հարթության, այլև` նյութական ապահովության վրա: «Եթե նյութական շահագրգռություն լինի, ծառայության արդյունավետությունը կբարձրանա, այդ դեպքում շատերը ցանկություն կհայտնեն ծառայելու, նույնիսկ որոշակի առողջական խնդիրներ ունեցողները պատրաստ կլինեն իրենց կարողություններին համապատասխան ծառայություն իրականացնել: Պահեստազորայիններն էլ պարբերաբար զինպատրաստության եռամսյա կուրսերի պետք է մասնակցեն, դարձյալ` վճարվելով երկրում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն` ոչ այնքան, որքան պրոֆեսիոնալ զինվորականներին կվճարվի»:
Աբրահամ Ավագյանը զինակոչվել է բանակ Շիրակի պետական համալսարանից, ծառայությունից հետո շարունակել է ուսումը և այժմ սովորում է մագիստրատուրայում: Ասում է. «Հասարակության մեջ կարծիք է ամրագրված, որ, եթե սովորողին բանակ տանեն, ապա ծառայությունից հետո սովորելու ցանկությունը կմարի: Իմ օրինակով կարող եմ ասել, որ դա այդպես չէ: Մինչ ծառայելս ես առաջադիմությամբ չէի փայլում, բայց վերադառնալով, սկսեցի գերազանց գնահատականներով սովորել, նույնիսկ այս տարի տեղափոխվեցի անվճար համակարգ: Տարկետման լինել կամ չլինելը սովորելու ցանկության վրա բացասաբար չի ազդում, ծառայելուց հետո ուսմանը մատների արանքով չես նայի, ավելի հասուն մարդ կլինես: Իսկ չսովորողին տարկետման իրավունքն էլ չի փոխի: Գտնում եմ, որ տարկետումը պետք է ուժի մեջ լինի»:
ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ