Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի ռևմատոլոգ ԱՆԱՀԻՏ ԱՆՏԻԿՅԱՆԻ հետ:
— Բժշկուհի, ռևմատոլոգիական հիվանդությունները շա՞տ են տարածված:
— Տարածվածությունը բավականին բարձր մակարդակում է՝ բոլոր տարիքային խմբերում: Պետք է նկատենք, որ մեր կլիմայական պայմաններն էլ են նպաստում, որ հոդային ցավերը շատ են ի հայտ գալիս: Բացի դրանից, քանի որ ռևմատոլոգիական հիվանդությունները մեծ խումբ են կազմում՝ հոդերից բացի ընդգրկում են նաև ներքին օրգանները, այսինքն, համակարգային վասկուլիտները, այս դեպքում պետք է փաստենք, որ այն ավելի շատ է տարածված, քան ժողովուրդն է պատկերացնում: Ընդհանուր առմամբ, շատ պացիենտներ ունենք, որոնք տարիքային հոդի մաշվածություն ունեն, որոնք գերակշիռ մասն են կազմում, և արդեն բորբոքային խրոնիկական հիվանդությունները, որոնք ավելի քիչ տոկոս են կազմում, բայց նույնպես տարածված են:
— Արդյո՞ք ռևմատիկ հիվանդությունները ժառանգական բնույթ ունեն, կամ միգուցե սեռային առանձնահատկություն, մանավանդ, հաճախ ենք լսում հատկապես կանանց մոտ հոդացավերի բողոքներ:
— Մեծամասնությամբ ռևմատոլոգիական հիվանդությունները ժառանգական նախատրամադրվածություն ունեն, սակայն եթե ասենք ծնողներից մեկն ունի ռևմատոիդ արթրիդ, ապա երեխան անպայման կունենա՝ դա սխալ պատկերացում է, բայց որոշակի գենոտիպեր գոյություն ունեն, որոնք նախատրամադրում են, որ այդ հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է: Ժառանգական հիվանդություն որպես այդպիսին պարբերական հիվանդությունն է՝ ժողովրդի մեջ ավելի տարածված է «հայկական հիվանդություն» անվամբ. սա հստակ գենետիկ փոխանցվող հիվանդություն է: Բեխչետի ախտանիշը նույնպես ունի գենետիկ նախատրամադրվածություն: Հիվանդության նշաններից են բերանի լորձաթաղանթի և միզասեռական օրգանների ցավոտ խոցերը, հոդացավերը, աչքերի բորբոքումը: Ինչ վերաբերում է սեռային պայմանականությանը, ապա մի շարք հիվանդությունների դեպքում բնականաբար սեռային տարբերություններ լինում են. օրինակ՝ ռևմատոիդ արթրիդը կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, բայց չի բացառվում տղամարդկանց մոտ լինելը: Երիտասարդ աղջիկների մոտ համակարգային կարմիր գայլախտ հիվանդությունն է բնորոշ: Ի դեպ, գայլախտը ժողովրդի մոտ սխալ պատկերացումով է. կարծում են, թե հիվանդը արտաքնապես փոխվում է: Չնայած, իրոք, ծանր հիվանդություն է, կարող է տարաբնույթ կլինիկայով սկսվել, որ սկզբնական հատվածում չախտորոշվի, նեղ մասնագետի մոտ չհասնի, ու հասնի այն աստիճանին, երբ արդեն ախտահարած լինի որևէ օրգան, և արդեն դժվար լինի դրա բավարար բուժումը: Հիվանդության ընդհանուր մեխանիզմն այն է, որ իմուն համակարգը օրգանիզմի բջիջները ճանաչում է որպես օտար, դա կարող է լինել նյարդային համակարգը, հոդերը, երիկամները: Եվ երբ մարդու իմուն համակարգին թվում է, թե որևէ օրգան համակարգի բջիջները օտար են, սկսում է հակամարմիններ սինթեզել՝ «վնասազերծելու» համար, ու այս դեպքում սկսվում է տվյալ օրգանի բորբոքային պրոցես: Բուժման հիմնական մեխանիզմը իմուն համակարգի սխալ աշխատանքը ճնշելն է, ընկճող դեղորայքներ են տրվում: Գայլախտը հանդիպում է նաև տղամարդկանց մոտ: Սեռային նշանակություն ունի դեգեներատիվ հիվանդությունը՝ աղային կուտակումը, քանի որ կանացի հորմոնները՝ էստրոգեններն ունեն հոդերը պաշտպանող հատկություն, հետկլիմակտերիկ շրջանում, երբ կլիմաքս է սկսվում, էստրոգենները նվազում են, հոդերի մաշվածությունը սկսում է խորանալ: Իսկ պոդագրան տղամարդկանց մոտ է բնորոշ:
— Երբ նշեցիք կլիմայական պայմանները, դա պետք է հասկանալ լեռնային շրջաննե՞րը, որտեղ, ասենք, ծովային կամ, ավելի ճիշտ, յոդացված օդի պակաս կա:
— Հիմնականում, երբ խոսում ենք խրոնիկ կամ բորբոքային հիվանդությունների մասին, ապա դրանք կրում են սեզոնային բնույթ. գարնանը և աշնանը ավելի են զգացնել տալիս, անձրևոտ, սառը եղանակները նպաստում են հիվանդության գլուխ բարձրացնելուն, հիվանդները մետեոզգայուն են դառնում: Բայց տարիքային դեգեներատիվ փոփոխությունները նույնպես հիվանդներին դարձնում են մետեոզգայուն. հոդացավերը ակտիվանում են: Եթե ապրեինք տաք կլիմայական պայմաններում, մի քիչ ավելի քիչ կլիներ:
— Ասել է թե` տաք երկրներում նման հիվանդություններն ավելի քի՞չ են:
— Զուտ մետեոզգայունության առումով: Ոչ թե եղանակն է ազդում, որ հիվանդությունն առաջանա, այլ այն զուտ զգայունությունն է բարձրացնում:
— Իսկ որո՞նք են առաջացման նախապայմանները, կամ առաջին ախտանշանները, որոնք վկայում են ռևմատոլոգիական խնդիրները կամ, հնարավո՞ր է, որ ռևմատոլոգիական հիվանդությունը օրգանիզմում գաղտնի զարգանա:
— Առաջացման հստակ պատճառ չենք կարող նշել, որ ասենք, հենց դա է պատճառը, որ ռևմատոիդ արթրիդ, գայլախտ կամ սկլերոդերմիա է: Բայց կան մի շարք նախատրամադրող գործոններ. օրինակ՝ ռևմատոիդ արթրիդը՝ իգական սեռի մոտ, ինչպես վերևում նշեցի, կամ ինչ-որ վիրուսով հիվանդանալը, ծխելը, և մի շարք ֆակտորներ, որոնք հրահրում են հիվանդության առաջացման: Հատկապես Քովիդից հետո շատերի մոտ են գլուխ բարձրացրել ռևմատոլոգիական հիվանդություններ, բայց այս պահին ասել, թե հենց այդ վիրուսն է եղել պատճառը, մի քիչ դժվար է, հնարավոր է, Քովիդը դրել է սկիզբը: Կամ հնարավոր է այլ վիրուսային հիվանդությունից հետո, վնասվածքներից, վիրահատություններից հետո են լինում դեպքեր, երբ հիվանդությունն առաջանում է, և դրանք զուտ նախատրամադրվածություններ են: Ռևմատոլոգիական հիվանդությունների մասին հուշող առաջին գանգատը հիմնականում հոդացավն է, որոշ դեպքերում՝ այտուցը և շարժումների սահմանափակումը: Ռևմատոլոգիական խնդիրների մասին կարող է վկայել, օրինակ, մկանների կարկամածությունը. բռնված մկաններ, դժվարանում է շարժվելը՝ ուրեմն ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլում է հիվանդը: Կարևոր է հոդացավը տարբերել հոդաբորբոքումից: Ռեյնոյի համախտանիշի դեպքում էլ նշան կարող է լինել մատների ծայրերի, ոտնաթաթերի սառչելը, իսկ, օրինակ, համախտային գայլախտ հիվանդության ժամանակ մարդիկ լավ չեն տանում արևի ուղիղ ճառագայթները, և ռևմատոլոգիական հիվանդությունը կարող են շփոթել արևային ալերգիայի հետ:
— Վատ սովորույթներ վերևում նշեցիք, սակայն հաճախ սպորտսմենների մոտ ենք լսում, որ ռևմատոլոգիական հիվանդություն է, մինչդեռ կարծիք ունեինք, որ եթե մարդը առողջ ապրելակերպ է ունենում, ակտիվ շարժումների մեջ է, առողջությունը ավելի բարձր մակարդակում է, քան պասիվ շարժունություն ունեցողների մոտ:
— Սպորտսմենների պարագայում այլ խնդրի հետ գործ ունենք. իրենց մոտ մկանների գերծանրաբեռնվածություն է. մի կողմից հոդը չաշխատացնելն է խնդիր, մյուս կողմից գերծանրաբեռնելը: Նրանց մոտ հոդերի գերշարժունություն է, նախատեսվածից մեծ ծավալի, այդ դեպքում ունենում ենք հոդերի աճառի մաշվածություն՝ ժամանակից շուտ, դա հիվանդություն չէ, ուղղակի կյանքի որակի վրա է ազդում, ունենում են հոդերից ձայներ, երբեմն ցավեր:
— Իսկ նյարդային գործոնը կապ ունի՞:
— Նյարդային գործոնն այնքանով է պայմանավորված, որքանով հիվանդը գիտակցում է, որ ռևմատիկ հիվանդությունները հիմնականում համարվում են անբուժելի, հատկապես խրոնիկ հիվանդությունների դեպքում վերջնական բուժման շանս չունենք, սրացումներ կլինեն, թե ինչ ինտենսիվությամբ, դա էլ հստակ չենք կարող նշել: Լինում է, որ հիվանդությունը զարգացման սկսնակ փուլում է, և դեղորայքային ամենացածր դոզայով կարողանում ենք քնացնել և այդպես պահել, բայց կա էլ, որ ամենաբարձր դոզայով դեղորայքն այնքան ազդեցություն չունենա:
— Արդյո՞ք սննդակարգը կապ ունի:
— Կոնկրետ ինչ-որ սննդային գործոն նշելու չկա, երբ հիվանդներն էլ են հարցնում՝ ինչ կարելի է ուտել, ինչ՝ ոչ, առանձնահատուկ ցուցումներ չկան. եթե ալերգիկ հիվանդություն չունեն, կարող են անգամ թթու կամ կծու օգտագործել՝ չափավոր, ի դեպ, սա բոլոր դեպքերում ճիշտ է, առողջ, բալանսավորված սնունդի օգտագործումը լավ պայման է: Սակայն պոդագրայի՝ հոդատապի դեպքում մենք ունենք հստակ դիետա, որի պահման դեպքում հիվանդի մոտ դեղորայքից էլ ավելի էֆեկտիվ է աշխատում: Հայկական հիվանդության դեպքում էլ որոշակի առումով կծու-թթուի սահմանափակումներ են նշվում:
— Աղային կուտակում որ ասում են՝ իրո՞ք սննդի աղ շատ օգտագործելը կարող է այդ հիվանդության առաջացմանը նպաստել:
— Աղային կուտակում ասելով աղի չարաշահում պատկերացնելը սխալ է: Իրականում հոդերը, որոնք պատված են աճառով, ու երբ այն մաշվում է, հոդերի երկու ոսկորների շարժման դեպքում ոսկորն է կպնում ոսկորին, և տալիս է ոսկրային գերաճ:
— Տարիքային առանձնահատկությանն անդրադառնալով, ինչպե՞ս է, որ երեխաների մոտ է առաջանում ռևմատոլոգիական հիվանդություն:
— Երեխաների մոտ կարող են հանդիպել ռևմատոլոգիական բորբոքումները, բայց ոչ հոդերի աճառների մաշվածությունը: Սովորաբար երեխաների մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում: Բայց այսօր գիտությունը մեծ զարգացում է ապրել, և կան թանկ դեղորայքներ, որոնց էֆեկտիվությունը բարձր է՝ հիվանդությունը քնացնելու համար:
— Ի՞նչ կասեք այցելուների հաճախելիության մասին:
— Բավականին շատացել են բժշկին դիմողները: Կենտրոնում իմ 3-ամյա աշխատանքի ընթացքում կարող եմ փաստել, որ հիվանդների հոսքը աճել է, շատացել է նաև առաջնային օղակից հիվանդներին ճիշտ ուղղորդումը նեղ մասնագետի մոտ: Երբ հիվանդը դիմում է պոլիկլինիկա, կատարվում է առաջնային սկրինինգ հետազոտություններ, հայտնաբերվում են բորբոքային ցուցանիշների իմունոլոգիական բարձր մարկերներ, նրանք միանգամից հիվանդին ուղղորդում են մասնագետի մոտ:
— Իրո՞ք որոշակի մասնագիտություններ կան, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ՝ մարդու որոշակի հատվածների հոդացավերի առաջացմանը:
— Կան, իհարկե: Օրինակ, երբ մարդն ամբողջ օրը ոտքի վրա է, կամ գերծանր աշխատանքով է զբաղված, կամ ամբողջ օրը նստած է՝ հոդի մաշվածությունը ժամանակից շուտ է առաջ գալիս, ինչպես սպորտսմենների օրինակով վերևում բացատրեցի: