Ֆուտբոլասեր ավագ սերունդը Թահմազյան Հովհաննեսին շատ լավ է ճանաչում, իսկ նոր սերունդը, ամենայն հավանականությամբ նրա մասին կիմանա իր ծնողներից, մարզիչներից, սակայն ընդհանրացրած՝ մեր գյումրեցիները պետք է լավ ճանաչեն իրենց զավակներին, որոնք մեծ ու փոքր որևէ ներդրում են ունենում քաղաքի կերտման ճանապարհին՝ բոլոր բնագավառներում:
Գյումրիի «Շիրակի» լեգենդ Հովհաննես Թահմազյանն իր կարիերան սկսել է Լենինականի «Շիրակ» ակումբում 1991թ-ին։ Այդ տարում ակումբը ԽՍՀՄ առաջնության երկրորդ լիգայում զբաղեցրել է 2-րդ տեղը։ ԽՍՀՄ անկումից հետո արդեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվեցին Հայաստանի բարձրագույն ու առաջին լիգաների առաջնությունները և Հայաստանի գավաթի խաղարկությունը։ Թահմազյանը «Շիրակի» կազմում բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն և Սուպերգավաթի հաղթող, սակայն ոչ մի անգամ չի նվաճել երկրի Գավաթը։ 2004 թվականին Թահմազյանը տեղափոխվեց Աշտարակի «Միկա», որի կազմում երկու անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր (2005, 2006) և մեկ անգամ նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը (2006)։ 2007թ-ին «Միկայի» կազմում մասնակցելով առաջնության յոթ խաղի՝ Թահմազյանը վերադարձավ հարազատ «Շիրակ»։
Թահմազյանն եղել է Հայաստանի առաջնությանը մասնակցող ամենատարիքավոր ֆուտբոլիստը։ Ներկայում նա ռեկորդակիր է Հայաստանի Պրեմիեր լիգա անցկացրած խաղերի թվով՝ 462 խաղ: 2011 թվականին նա որոշեց ավարտել ֆուտբոլիստի կարիերան և «Շիրակի» մարզչական կազմում տեղ գրավել, սակայն այդ թվին պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգվեց։ Նույն թվականի սեպտեմբերի վերջին վերջնականապես հայտարարեց խաղացողի կարիերան ավարտելու և մարզչական գործունեության անցնելու որոշման մասին:
-Հովհաննես, փառավոր ուղի ունեք անցած, բայց այսօր Ձեր անունը չկա, չի երևում: Ո՞ւր եք: Ինչո՞ւ գոնե «Շիրակ» ակումբի մարզչական կազմում չեք, ինչո՞ւ մանկական ֆուտբոլի զարգացման գործում ներգրավված չեք:
— Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ինքս էլ չգիտեմ դրա պատասխանը. իվիճակի էի շարունակելու՝ այո՛, կարող էի օգտակար լինել՝ այո, բայց…
— Լավ, եթե այդպես է, ապա միգուցե խոսենք ներկայիս «Շիրակ» թիմի մասին, քանի որ այնքան էլ չի գոհացնում ելույթները:
— Գնահատական, որպես այդպիսին՝ չէի ասի, այլ կարծիք կհայտնեմ, պիտի մի քանի տարի կինոժապավենի պես կադրերը հետ տանք… Երբ մարզչական շտաբում էի, և երբ դեռ Վարդան Բիչախչյանն էր մարզիչը, թիմն իրեն դրսևորում էր մաքսիմում: Այն ժամանակներում մենք պայքարում էինք հաղթանակների համար, իսկ հիմա… Ինչպես գիտեք, եկավ մի պահ՝ կարծեմ 2018-ին էր, ակումբը ֆեդերացիայի հետ խնդիրներ ունեցավ, հայտարարեց, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ չի ներկայացնի: Հետո լարված իրավիճակը կարգավորվեց, մինչդեռ մնացել էր 10 օր՝ առաջնության մեկնարկին և, եթե թիմը ֆիզիկապես պատրաստ էր, նույնը չէիր ասի հոգեբանականի մասով: Պատրաստ էինք, բայց չկարողացանք հոգեբանական բարդույթները հաղթահարել: Սակայն դրան հաջորդող տարում արդեն բավական լավ դրսևորեցինք, և Եվրոգավաթում ևս խաղեր ունեցանք: Իսկ 2020թ-ին, երբ Վ.Բիչախչյանը, մյուս մարզիչները և թիմից 7-8 առաջատար ֆուտբոլիստներ տեղափոխվեցին այլ ակումբ, վիճակը վիճակ չէր: Մարզչական կազմից միայն ես էի մնացել: Նույնն է, երբ «Բարսելոնայից» միայն Մեսսին գնաց՝ թիմի մեջքը կոտրվեց, մեր պարագայում 10 հոգի միանգամից… Եկավ նոր մարզիչ, մինչ «Շիրակ-2» կազմը կհարմարվեր առաջին լիգայում, բավական բարդ շրջան անցանք: Ես թիմի երկրորդ մարզիչն էի: Հետո ես լքեցի «Շիրակը» (ոչ իմ նախաձեռնությամբ): Ներկայիս կազմով դժվար վիճակ է, այս պահին գավաթի խաղերն են, և «Շիրակը» կիսաեզրափակչում է: Գոնե այս իրավիճակում շանս ունեն կպնելու, որ կարողանան Եվրոգավաթում հանդես գալ:
— Ի՞նչ կասեք՝ տեղացի ֆուտբոլիստնե՞րն են ավելի լավ պայքարում հարազատ ակումբի համար, հարազատ քաղաքի անունի համար, թե՞ դա կապ չունի, ու լեգիոները, որը պայմանագիր է կնքել՝ հանդես գալու տվյալ թիմից, պարտավոր է մաքսիմում իրեն դրսևորել:
— Տեսեք, դրա մասով միանշանակ գնահատել չի լինի, սակայն եթե Ձեր նշածի կողմով դիտարկենք, ապա կստացվի հետևյալը. լեգիոներին բերում ես, ինքն իր գումարը, աշխատավարձը ստանում է, ու պիտի պայքարի ակումբի, թիմի համար: Եթե կզգաս, որ, այսպես ասած՝ լրիվ չի նվիրվում, գլուխ է պահում, ապա կարող ես պայմանագիրը խզել, բայց, ի վերջո, բացատրում ես, որ բերել ես՝ թիմը առաջ տանելու, երիտասարդ խաղացողներին իր հետ առաջ տանելու:
— Ասենք՝ «Շիրակ» բերեցին ոչ հայտնի լեգիոների, նրա խաղն առաջին անգամ ֆուտբոլասերը «Շիրակում» պիտի տեսներ, կարող է, և այդ խաղացողն այնքան լավը չլիներ, քան մեր տեղացի խաղացողը:
— Դե, դա այդպես չէ: Նախ մարզչական շտաբն է ծանոթանում ֆուտբոլիստի հնարավորություններին, կարծիք է հայտնում: Եղել է, լեգիոներ է եկել, ու հենց առաջին խաղից իրեն բարձր մակարդակով է դրսևորել: Իսկ եղել է, որ եկել են, ու իրենց չեն կարողացել դրսևորել, ու հեռացել են:
— Հետո կարծեմ մի նոր ռազմավարություն ներմուծվեց «Շիրակ». թիմի կազմի մեծամասնությունը տեղացիներով էր համալրված:
— Այդպես էլ եղավ, բայց այս պահին հրավիրվածներ ունի թիմը: Հայաստանի առաջնությունը թույլ է տալիս 3 ֆուտբոլիստի հայաստանյան անձնագրով: Թե դրանից ավել քանի լեգիոներ կարող է ունենալ, դա ակումբի ցանկությունն է: Բայց լեգիոներներին Դուք այդպես վերապահումով մի ընդունեք. մենք բարձրակարգ լեգիոներներ շատ ենք ունեցել: Օրինակ, Սերժ Դեբլեն, Ժան Բուգուին, Դանիել Դիոպը, Բեկոն…
— Հովհաննես, տեղյակ եմ, որ հարյուրավոր երեխաներ են մարզվում ֆուտբոլով: Իսկ այդ հարյուրավորներից, հասկանում եմ, որ տասնյակները իսկական ֆուտբոլիստ կարող են դառնալ, սակայն պետք է չէ՞, հարյուրավորներին մարզել… Բա մարզիչները քիչ չե՞ն:
— Ճիշտ եք նկատում: Այդ խնդիրները միայն Գյումրիում չեն, բոլոր ակումբներում էլ կան: Այս պահին ֆուտբոլի ակադեմիայում կան մարզիչներ, որ երեք թիմի հետ են աշխատում: Իրոք, որ դա լավ օրից չէ: Մի հոգին չի կարող երեք թիմի հետ աշխատել, ի վերջո ֆիզիկապես հնարավոր չէ: Պետք է անպայման տարբեր տարիքային խմբերի համար տարբեր մարզիչներ լինեն, վերջիվերջո, մարդը որպես մանկավարժ՝ տվյալ տարիքի հետ կարող է լավ աշխատել: Պիտի փոխանցումով լինի, ինչպես դպրոցում՝ տարրական դասարան կա, միջին ու բարձր կա, ուսուցիչներն էլ համապատասխանաբար փոխվում են, չէ՞: Բայց իմ ասածը թող դոգմա չհնչի, ի վերջո որոշելիքը ակումբի ղեկավարությանն է ու հենց մեկ մարզչի, որը հանձնառնում է թիմ մարզել:
— Բացի այդ, նաև ձմեռային շրջանում Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի սաների մարզման վիճակը բարդանում է. չունենք ծածկած դաշտ… Իսկ գարնանը միանգամից սկսվում է առաջնությունը, և այլն…
— Այո, հաշվի առնելով մանավանդ այն, որ մեր մարզում ձմեռը երկար է տևում: Ու դրա համար այն տարածաշրջաններից, որտեղ ձմեռը երկարատև է, ֆուտբոլային տաղանդները քիչ են ստացվում: Տաղանդավոր ֆուտբոլիստներ տաք տարածքներում են բացահայտվում, որովհետև տարին 12 ամիս գնդակով խաղալու հնարավորություն ունեն:
— Երևի կհիշեք, ԽՍՀՄ տարիներին զարգացած էր բակային ֆուտբոլը: Ներկայիս բառապաշարով ասած՝ ագենտները հեշտությամբ էին կարողանում տաղանդներ բացահայտել: Իսկ հիմա՞:
— Դուք լավ բան եք ասում, բայց մի բան հաշվի չեք առել. այն ժամանակ բակեր կային, իսկ հիմա ավտոտնակներ են… Այն ժամանակ հետաքրքրությունները դրսում էին, իսկ հիմա հեռախոսների ու համակարգիչների մեջ… Ու նման բազմաթիվ հին ու նոր տարբերություններ ունենք: Ես հաճախ եմ տաք եղանակներին մեր թաղի դաշտում տղայիս հետ կազմակերպում նման խաղեր: Ու չեք պատկերացնում, թե որքան մարդ է գալիս այդ խաղերին հետևելու, մանավանդ, տարիքովները: Կարծես մի տեսակ կարոտ կա… Հիմա Գյումրիում մի քանի ազատ փոքր դաշտեր կան… Թաղամասերում ինչպես ասացի՝ չկա:
— Գյումրիում մի «Շիրակ» ակումբ կա… Իսկ այդքան երեխաները, որ ուզում են ֆուտբոլային կարիերան շարունակել, հնարավորությունների բացակայության պատճառով կամքի դրսևորումն իմաստազրկվում է:
— Մնացյալի մասով՝ ճիշտ եք, իսկ ինչ վերաբերում է կամքին, ապա եթե սպորտսմենի մեջ եղավ կամք, եթե նա իր ներսում զգում է այդպիսին, ապա դա այդպես է: Կյանքում ընկճվել էլ կա, հիասթափվել էլ կա, բայց հոգու մեջ այն մեծ իղձը որ կա, ուրեմն այն է քեզ ուղղորդելու: Իմ խաղային հաշվարկների մեկնարկը 1992-ից են հաշվում, միայն առաջնություններում մասնակցել եմ 462 խաղի, իսկ ընդհանուր՝ Գավաթ, Եվրոգավաթ, և այլն՝ 581 է հաշվվում: Որ Սովետական շրջանն էլ հաշվենք, ավելին է ստացվում:
— Ի՞նչ կպատմեք էն «լավ ժամանակներից»:
— 47 տարեկան էի, Անթալիայում էինք հավաքի: Ընկերական խաղ ենք պայմանավորվել: Մեր պաշտպաններից մեկը վնասվածք ստացավ: Ես տեղը խաղացի: Ես միշտ թիմի հետ մարզվում էի, հետ չէի մնում: Մոլդովայի 19 տարեկանների հետ էինք խաղում՝ 3:0 հաղթեցինք: Իրենց հավաքականի մարզիչը մեր մարզչին հարցնում է, թե էն մեծը քանի՞ տարեկան էր: Ասում է՝ 47: Զարմացած դառնում է իր սաներին, հայհոյախառը ասում՝ «Ես 45 եմ, դուք՝ 19, իսկ ինքը 47 է… Ո՞նց չկարողացաք իրան ծալել…»: Վերջին խաղս եղել է Կապանում, երբ 41 տարեկան էի, որին «Լավագույն ֆուտբոլիստ» եմ ճանաչվել: Մրցանակը վերցրել, մտել եմ հանդերձարան ու երիտասարդներին ասել. «Էս մրցանակը դուք պիտի տանեիք…»: 25 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլ, 10 տարի՝ մարզիչ… Սա է իմ հետագիծը: Ու մի զավեշտալի դեպք էլ պատմեմ. հիշում եմ՝ տարիներ առաջ դուք տպագրական ծառայություններ էիք մատուցում, նաև վերնաշապիկների վրա ֆոտոներ տպագրում: 2000 թվականին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ խաղից առաջ իմ լուսանկարով վերնաշապիկ պատրաստեցիք և խնդրեցիք, որ այն հագնեմ մարզաշապիկիս տակից, նաև կատակով ասացիք, թե խերով է… Հիշո՞ւմ եք, չէ՞: Ես էլ խոստացա, որ անպայման գոլ կխփեմ: Այդպես էլ եղավ, թե ներսի խաղում, թե դրսում գլխով գոլերի հեղինակ դարձա, չնայած Բելառուսում 1-2 պարտվեցինք, իսկ Գումրիում 1-1 խաղացինք: