ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հովհաննես Հովհաննիսյան. «Թատրոնը հոգու զրույց է»

Գյումրու Աբովյան փողոցի վրա գտնվող 19-րդ դարի կառույցի նկուղային հարկում (նախկինում՝ «Կոնյաչնի բար») շուրջ երեք տարի է թատերասերների համար իր դռներն է բացել նորարարական և փորձարարական մոտեցումներով, սկսնակների համար ազատ և անկաշկանդ ստեղծագործելու հնարավորություններով լի «Մտորումների թատրոնը»: Թատրոնի հինադիրն է ՀՀ վաստակավոր արտիստ, Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը: Թատրոնի նախապատմությունն այն է, որ այն հիմնադրվել է ողջ աշխարհում ի հայտ եկած Քովիդ-19-ի ժամանակահատվածում, երբ մարդիկ սահմանափակումների մեջ էին ու կյանքն ասես կանգ էր առել: Բայց արի ու տես, որ թատրոն է հիմնվում, ներկայացումներ բեմադրվում:

Հարցազրույց  «Մտորումների թատրոնի» հիմնադիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

Պարոն Հովհաննիսյան, երբ Գյումրիում արդեն իսկ գործում էին Մայր թատրոնն ու Տիկնիկային թատրոնը, ինչպե՞ս ծնվեց ևս մեկ թատրոն ունենալու գաղափարը:

— Նախ, Գյումրիում այլընտրանքային թատրոն էր անհրաժեշտ, որը կտարբերվեր դրամատիկականից: Իսկ ինչու «մտորումների», որովհետև յուրաքանչյուր արծարծվող միտք մտորումներ է առաջացնում մարդու մոտ: Մենք թատրոնը հիմնեցինք նրա համար, որպեսզի հանդիսատեսն ունենա այլընտրանք՝ որտեղ ձևաչափը, միտքը, մոտեցումներն ուրիշ են: Ըստ իս, թատրոնը հոգու զրույց է, իսկ մեր դրամատիկականը ակադեմիական թատրոն է, հանդիսանքային է, իր հրամայականներով: Ես ուզում էի մի այլ տեսակի թատրոն հիմնել, որը չէր ունենա վարագույր, բեմահարթակ, և որ ամենակարևորն է՝ հանդիսատեսին շատ մոտ է, այնքան մոտ, որ թվում է, թե դերասանը հենց քո կողքին է նստած: Մեր մոտ ներկայացումներն ինտերակտիվ ֆորմատով է ընթանում, և հանդիսատեսը ներառվում է ներկայացման մեջ ու գրեթե դերակատար է դառնում:

Բայց նման թատրոն բացելու գաղափարն ավելի վաղ էր ծնվել. Մհեր Մկրտչյանի անվան թանգարանի հետ համագործակցում էի, և ուզում էինք, որ դերասանի թանգարանում գործեր մինի-թատրոն. մոնոներկայացումներ, երկխոսություններ, բայց մեր համայնքապետարանն այն չոգևորեց, չնախաձեռնեցին, և դա ինձ կարծես վիրավորեց, քանզի Ֆրունզի թանգարանը կարող էր ավելի ակտիվ գործունեություն ծավալել, օրվա մեջ եթե մի կես ժամ Արտիստի խաղացանկից այցելուներին ներկայացում տրամադրվեր, դա ավելի շատ հետաքրքիր կլիներ:

Անկեղծ ասած, սկզբում վախենում էի… Դե, զուր չեն ասում՝ «Գյումրեցի հանդիսատես», որի ուշադրությանն ու գնահատանքին շատ արտիստներ են ուզում արժանանալ: Կամաց-կամաց սովորեցրինք մեր թատրոնին ու սկսեցին այցելել: Ճիշտ է, փոքր է մեր թատրոնը, շուրջ 50 նստատեղով, թատերային չէ, հանդիսատեսը կարող է ոտքը ներս դնել ու գյումրեցու խոսույթով հարցնել՝ «Յա, քա ըսիկ է թատրո՞նը»… Բայց ներկայացումից հետո՝ զարմանալիորեն չուզենա գնալ՝ «Յա՜, ըսիկ ուրիշ թատրոն էր»: Մենք այնպես ենք կազմակերպում մեր աշխատանքը, որ հանդիսատեսն ուզի-չուզի՝ կմնա, ու կքննարկի ներկայացումը: Մենք այդպես էլ անում ենք, ներկայացումից հետո անմիջական զրուցում, քննարկում ենք հանդիսատեսի հետ, թե ինչ կուզենային տեսնել, ինչպես, և այլն:

Պանդեմիայի ժամանակ թատրո՞նՍա աննկարագրելի է:

— Ոչ միայն պանդեմիան, այլ նաև նույն տարում պատերազմը, և այս ծանրագույն ժամանակաընթացքում մնք չհանձնվեցինք: Քանի որ մեր թատրոնը բազմանշանակ միտումով էր հիմնված, մենք ուզում էինք կյանքի կոչել մոռացված՝ ստվերային ներկայացումները՝ Ղարագյոզը (ստվերային ներկայացման ձևաչափը կոչվում է Ղարագյոզ), ու հենց փողոցում. մայթեզրին սկսեցինք ներկայացում խաղալ, ցուցադրել ստվերային տիկնիկային՝ թե մեծերի, թե փոքրերի համար: Սիրեցին այդ մոտեցումները:

Նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, սկսնակներ

— Այո, թատրոնն հատկապես երիտասարդների համար է հիմնված, ինձ համար չէ, քանզի ես Աճեմյանցի եմ, մայր թատրոնի դերասան, բայց երիտասարդները, որոնք ավարտելով բուհը, թափառում են հանրապետությունում, տարածք փնտրում՝ ինքնադրսևորվելու, ինքնաբացահայտվելու, իսկ պետական թատրոնների մոտ ամեն ինչ խիստ է դրված, պահանջներն ու կազմի ընտրությունը բարդ, ապա կան տաղանդավոր երեխաներ, որոնք դուրս էին մնում: Ես հավաքեցի նրանց իմ շուրջը, նրանց ասացի, որ սա ձերն է, ազատ եք ձեր գաղափարներն արտահայտելու, համարձակ ու ըմբոստ, գժության դաշտ է:

Ասել է, թե Ձեզ համար առավել քան հեշտ է գտնել, բացահայտել այն նորին, տաղանդին, քանզի դասավանդելով Հայաստանի պետական Ակադեմիայի կինոյի և թատրոնի բաժնում, անմիջական հղկողն ու ուսուցանողն եք:

— Այո, մեր թատրոնը նաև այդ ֆունկցիան իր վրա վերցրեց՝ ճանապարհ բացելով երիտասարդներին ինքնաբացահայտվելու, քանզի ուսման 4 տարին այնքան քիչ է, որ նա պատրաստ լինի գնալու խիզախումների, խաղա, երբեմն էլ թող չստացվի, ու ինքն իր սխալների վրա ուղղվի: Եվ իմ շուրջը հիանալի երիտասարդական խումբ հավաքվեց:

Շիրվանզադե՝ «Քաոս», Դերենիկ Դեմիրճյան՝ «Ավելորդը», Մկրտիչ Կորյուն՝ «Անմահական խնձորը», Շարլ Պերո՝ «Կարմիր Գլխարկը», Սամվել Խալաթյան՝«Սիմոն Թագավորը» պիեսի մոտիվներով՝ «Իմպրովիզացիա» մոնոդրամա, Հայկ Հակոբյան— «Վայրի ձիերը ցորենի արտում»,  Լիլիթ Մկրտչյան՝ «Մայլից Մայլա» զավեշտախաղ, Հ.Հովհաննիսյան՝ «Ան տերերը» դրամախաղացանկը կարելի է դեռ շարունակել

— Բազմապլան է մեր խաղացանկը. սկսած արևմտաեվրոպականից մինչև հայկական դրամատուրգիա: Ես մանրազննին եմ ներկայացնում խաղացանկը՝ հարմարեցնելով թե թատրոնի ձևաչափին, թե ընտրելով այն հեղինակներին, որոնք դեռևս Գյումրիում չեն հնչել, այնպիսի պիեսներ, որոնք խոսում են այսօրվա մասին, կամ հարմարեցվում են այսօրվան: Օրինակ, Կարինե Խոդիկյանի պիեսը վերցրեցինք, ձևափոխեցինք՝ հեղինակի համաձայնությամբ անշուշտ, և ներկայացրեցինք: Դեմիրճյանի «Ավելորդը» տեղափոխեցինք Գյումրվա կյանք, որտեղ ևս եղել է փախեփախ, Հայկ Հակոբյանի «Վայրի ձիերը ցորենի արտում» պիեսը, որը հանդիսատեսի հետ քննարկման համար էր ներկայացված, իմ «Անտերերը», որտեղ արծարծվում է ցավոտ թեմա՝ արտագաղթը, Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա», որը հենց Գյումրու կոլորիտն է ներկայացնում: Միայն «Ավելորդը» 50-ից ավել արդեն խաղացել ենք: Արձագանքները շատ-շատ են, ռեժիսորական միտքն է այստեղ աշխատում, անդրադառնում ենք բոլոր այն խնդիրներին, որին անմիջական առնչվում ենք մեր իրականությունում:

Վերջերս կարծես ընդունված է համագործակցությունները, կամ հրավիրյալ դերասաններ: «Մտորումների թատրոնը» պատրաստվո՞ւմ է ընդունել այս ձևաչափը:

— Ինչ խոսք, մեծ ցանկություն կա համագործակցելու, սակայն մեր ձևաչափը թույլ չի տալիս, քանզի Հայաստանում չկա նմանը: Իսկ ինչ վերաբերում է հյուրախաղային ֆորմատին, կարծես դա էլ է դեռևս անհնար, դարձյալ ելնելով մեր թատրոնի ձևաչափից, բեմադրական ոճը կփոխվի:

Իսկ դա չի՞ լճացնում, կապվում տեղում: Դեկորները, դերասանական հագուստները:

— Ես դեկորներ չեմ օգտագործում, կարելի է ասել՝ ժուժկալ եմ այդ առումով, կարևորում եմ դերասանին, որը պիտի աշխատի հանդիսատեսի հետ, մեզ մոտ չկան ակադեմիական թատրոնի բարձրախոսությունը, խոսքը մինչև վերջին նստատեղի հանդիսատեսին հասցնելու պարտավորությունը: Մեզ մոտ կարծես կինոյի մակարդակով է ընթանում: Երբեմն նոր դերաաններ են գալիս, ու սկսում են գոռգոռալով խոսել… Ասում եմ՝ հանդարտվի, կյանքի պես խոսի, իրական խոսի, այդ թռիչքայնությունը պետք չի, եթե կարող ես, փորձիր կողքիդ նստած հանդիսատեսին համոզել…

Հանդիսատե՞սն ինչպես է իրեն պահում:

— Մենք ունենք մի ներկայացում՝ «Իմպրովիզացիա», որտեղ ես վերցնում եմ օրվա ակտուալ թեման ու պիեսը կառուցում անմիջապես տեղում: Հանդիսատեսը սկսեց ակտիվ մասնակցել, անգամ ըմբոստանալ ու վեճի բռնվել: Հիշում եմ, որ անգամ հանդիսատեսն իր «չէ»-երվ ինձ նեղը գցեց, բայց հետո հասա նրան, որ նա համոզվեց: Շատ-շատ պատասխանատու ներկայացումներ են..

Իսկ մարդիկ էլ այսօր կարիք ունեն իրական կյանքում ինքնաարտահայտվելու

— Այո, և այս վիճակները, որոնցում մենք ենք հայտնվել, մարդիկ ուզում են դրանցից խոսել, հոգի դատարկել, սոցիալական վիճակից խոսել, դժվարություններից… Եվ ստացվում է մեզ մոտ:

Ի՞նչ կասեք՝ կարող է լինեն մարդիկ, որոնք ուզեցել են դերասան դառնալ, այդ երազանքը չի իրականացել, իսկ ակադեմիական թատրոնում նրանց նման հնարավորություն տվող հաստատ չի լինի, ու հանկարծ Ձեր թատրոնում մարդն ուզենա ինքնադրսևորվել:

— Նման միտում կա, որպեսզի կազմակերպենք թատերականացված ընթերցանություն՝ անմիջական հանդիսատեսի մասնակցությամբ: Ասենք, մի տղա երազել է Ռոմեո խաղալ, օրը հայտարարվում է «Ռոմեո և Ջուլիետ» ընթերցում, և սեղմ խմբագրումով հանդիսատեսից այդ տղան կարող է և խաղալ… Դեռ այս էքսպերիմենտը խմորման փուլում է:

Շուրջ երեք տարի է՝ գործում է թատրոնը: Սկզբում ասացիք, որ վախենում էիք, հիմա՞:

— Այս թատրոնը պետք էր ստեղծել այս քաղաքում: Որովհետև ժամանակակից թատրոնը տարել ենք դեպի ցուցք, մոռանալով հոգու մասին: Մեզ համար կարևոր է գաղափարը, ցուցադրությունից դուրս գալը, ընդամենը զրուցել մարդկանց հետ, որը կայացել է: Մեր թատրոն արդեն զանգում, տեղեր են պատվիրում, դրսից են շատ գալիս, տուրիստներ են գալիս, ու արտահայտվում, որ հաճույք են ստացել, որ կրկին այցելելու ցանկությամբ են հեռանում:

Այսօր պատմություն ունեցող թատրոնների համար կան շատ դժվարություններ, հիմնականում՝ ֆինանսական: Ինչպե՞ս է դիմանում «Մտորումների թատրոնը»:

— Մեզ ոչ-ոք չի օգնել, չի աջակցել, մենք պետական չենք, ասում են՝ Հովիկի թատրոնն է, ինքը բացել է, թող ինքն էլ յոլա տանի: Ի շնորհիվ մեր թիմի նվիրվածության՝ աշխատում ենք:

 

Հ.Գ. Նոյեմբերի սկզբին «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 22-րդ  փառատոնում, որին մասնակցում էին 22 թատերախմբեր, Գյումրիի «Մտորումների» թատրոնստուդիայի 15-ամյա ռեժիսոր Սերգեյ Եղիկյանի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը հաղթել էր «Ինքնատիպ ռեժիսորական լուծում» անվանակարգում: Գյումրեցի պատանի ռեժիսորի բեմադրությունը փառատոնին մասնակցող 6 մարզային թատերախմբերի աշխատանքներից միակն էր, որ արժանացել է մրցանակի, մյուս բոլոր յոթ անվանակարգերում հաղթող են դարձել մայրաքաղաքի մանկապատանեկան թատրեախմբերը: