ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հումորի քաղաքում հումոր անելիս ամեն ինչ չէ, որ «հալած յուղի պես» են ընդունելու

Հումորի քաղաքում հումոր անելիս ամեն ինչ չէ, որ «հալած յուղի պես» են ընդունելու

Հուլիսի 4-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կայացավ Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» հեղինակային մոնոներկայացումը, որը հանդիսատեսին Հայաստանում կատարված վերջին դեպքերի, իրավիճակների վերհիշելու և անգամ վերապրելու հնարավորություն տվեց: Ելույթը հագեցած էր երաժշտական հիանալի կատարումներով՝ Շառլ Ազնավուրից սկսած, վերջացրած հայկական, խառը ոճերով և պարային կատարումներով:

Հայկ Պետրոսյանը հայտնի դերասան, նմանակող, դրամատուրգ, երգահան, երգիչ, նկարի, կատակերգու Վարդան Պետրոսյանի որդին է, իսկ որպես առանձին անհատ՝ դիվանագետ, երգիչ, դերասան, երգերի հեղինակ, բեմադրիչ և, իհարկե, կատակերգու: Հայկն առաջին անգամ բեմ է բարձրացել հայրիկի հետ 8 տարեկան հասակում:

2008 թվականին նկարահանվել է «Հաջողակները» ֆիլմում: 2009 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին: 2010 թվականից հանդես է եկել հեղինակային մոնոներկայացումով, որը կոչվում էր «Հայկա-սթրես»: 2011 թվականից երևանյան մի շարք ակումբներում հանդես է եկել մենահամերգներով: 2016 թվականին նկարահանվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որտեղ կերտել է Լևոնի կերպարը: 2016 թվականին հանդես է եկել նաև «Եթե ես լինեի պապա» ներկայացումով: 2017 թվականին նկարահանվել է «Արմենիա» TV-ով հեռարձակվող «Ֆուլ Հաուս» սիթքոմի 6-րդ եթերաշրջանում՝ հանդես գալով Սևակի դերում։ 2017 թվականի դեկտեմբերին հանդես է եկել ՀԱՅԿական Նոր տարի համերգ-ներկայացումով:




Ներկայացումից հետո «Շրջապատը» զրուցել է  Հայկ Պետրոսյանի հետ:

Հայկ, խոսենք «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» մոնոներկայացումից: Դու անցած տարի ասել էիր՝ «Որոշել եմ հնարավորինս քիչ քաղաքական հումորներ անել»։ Այս ներկայացումը կոնկրետ քաղաքական, հեղափոխական Հայաստանի մասին է:

— Սա իմ երրորդ մոնոներկայացումն էր: Այո, այս մեկը տարբերվում էր նախորդ երկուսից նրանով, որ ես միշտ իմ բենդի հետ եմ հանդես գալիս, իսկ այս մեկում՝ ոչ: Իսկ առաջին երկու ներկայացումները տարբեր թեմաներից էին, ավելի շատ կյանքի այլ տեսանկյունից էին ներկայացված՝ կին-տղամարդ, երեխա, ու մի քիչ քաղաքական հումոր: Այո, սա ամբողջովին քաղաքական էր՝ նվիրված շարժմանը, բենդն էլ չկար: Այս իմաստով, սա ինձ համար էլ էր նորություն:

Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց, որ սցենարը գրեք, քանզի այնքան էլ ժամանակ չի անցել հեղափոխությունից, չնայած, այնքան բան տեղի ունեցավ, որ ստեղծագործական ձիրք ունեցողների համար եղածը մի քանի տարի ստեղծագործելու մեծ հնարավորություն է ընձեռնում:

— Բավականին արագ ստացվեց: Երկու ընկեր ունեմ, որ ինձ հետ աշխատել են, բայց ընդհանուր ես եմ գրել, շատ արագ ստացվեց… Բնականաբար, շարժման ընթացքում էնքան բան եղավ, այնքան բան կար հավաքված, որ մնում էր հավաքել ու մատուցել ժողովրդին: Մայիսի կեսերից սկսեցի գրել, հունիսի 5-ին արդեն Երևանում առաջնախաղն էր:

Ինչպիսի՞ն էր Գյումրու հանդիսատեսի ընդունելությունը:

— Դահլիճը լիքն էր՝ սա իմ սպասածից ավելին էր: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թատրոնի տնօրենին՝ Տիգրան Վիրաբյանին: Իսկ գյումրեցի հանդիսատեսի մոտ քննություն բռնելու, անցնելու մասին միայն ես չէ, որ խոսում եմ, այլ համարյա բոլոր արտիստները մեծ պատիվ են համարում Գյումրու բեմում հանդես գալ ու գյումրեցի հանդիսատեսի կողմից ծափահարությունների արժանանալ: Գյումրեցի հանդիսատեսը խիստ է՝ լավ իմաստով, ելույթ ունեցողին զգաստացնող, հումորային քաղաքում հումոր անելիս ամեն ինչ չէ, որ այսպես ասած՝ «հալած յուղի պես» են ընդունելու, ասում են՝ «հըլը տեսնինք՝ ինչ ես ասելու»: Փառք Աստծո, ես գոհ եմ. նախ հենց վարագույրը բացվեց, արդեն ջերմ ընդունելության արժանացա` շատ շնորհակալ եմ նրանց: Մանավանդ, որ այս շարժման առաջին քայլը հենց Գյումրիից սկսվեց, ինձ համար կարևոր էր հենց Գյումրիում ներկայացնել այս մոնոներկայացումը:

Ներկայացումը նաև մեկ այլ բանով աչքի ընկավ՝ հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

-… Այո, նշանակալի էր, որ հենց Մեծն Ֆրունզի ծննդյան օրը Գյումրիի բեմում էի:

Ի՞նչ ծրագրեր ունես:

— Սեպտեմբերին ներկայացումներ կունենանք՝ մի քիչ արդեն թարմացված տարբերակներով, իսկ աշնանը նախատեսել ենք Միացյալ Նահանգներում հանդես գալ:

Իմպրովիզներ հաճա՞խ են լինում:

— Հաճախ չէ, բայց լինում են, մանավանդ, երբ ուղղակիորեն համընկնում է թեմայի հետ:

Բոլորիս շատ հետաքրքրող հարցը. ինչպե՞ս է մեր սիրելի Վարդան Պետրոսյանը:

— Շնորհակալություն, զգացված եմ… Լավ է, նորմալ է, փառք Աստծո: Այս պահին Փարիզում է: Հաջորդ տարի անպայման կգա Հայաստան՝ ներկայացումով:

Հայկ, ներկայացումներ բեմադրելիս հայրդ օգնո՞ւմ է:

— Միշտ, ինչ ներկայացում արել եմ, հայրիկիս ներկայացրել եմ, նրա հետ քննարկել, խորհուրդներ հարցրել: Բայց այս մեկը, որ ինձ համար նորություն էր՝ քաղաքական էր, ու պապայի ժանրից, ավելի շատ էի ուզում, որ նա տեսներ, թարսի պես՝ չստացվեց, չհասցրեցի նրա հետ քննարկել, դե «սկայպ»-ով ներկայացնելն էլ էն չէր…Հույս ունեմ, որ երբ գա, կդիտի ու կհավանի: