ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Հումորի քաղաքում չափից դուրս պատասխանատու է ծիծաղ կորզելը…»

Հարցազրույց դերասան ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ հետ:

Հոկտեմբերի 5-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում ցուցադրվում է «Սուպեր մամա 2» կատակերգական ֆիլմը: Գյումրիում այն ցուցադրվեց հոկտեմբերի 15-ին, իսկ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը, ֆիլմի ստեղծագործական կազմի որոշմամբ՝ փոխանցվելու է «Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» հիմնադրամին:

Հայկ, արդարացա՞ն Ձեր սպասելիքները. նկատի ունեմ՝ տոմսերի վաճառքը, հանդիսատեսի ընդունելությունը և այլն:

— Սպասելի՜ք… Գիտե՞ք, իմ մեջ երկու մարդ է ապրում. մեկը ստեղծագործող, մյուսը՝ ֆինանսիստ: Երբ նոր ֆիլմ ենք ստեղծում և հանձնում հանդիսատեսի դատին, ֆինանսիստի համար սպասումները բնական են, քանի որ մենք մեծ գումարներ ենք ներդնում ու, բնականաբար, նաև սպասումներ կլինեն: Բայց միշտ ստեղծագործական կողմը խեղդում է նրան, որովհետև նրա համար առաջնային է, որ ֆիլմը մարդկանց դուր գա, մարդիկ ուրախանան, լիաթոք ծիծաղեն, քանի որ ֆիլմը կոմեդիա է, սա է ստեղծագործողի համար կարևոր սպասումը: Ֆիլմի հաջողությունը՝ թողած տպավորությունն է. ծիծաղի դոզան ճի՞շտ ենք դրել, դրամատուրգիան ճի՞շտ է աշխատում, թե՞ ոչ: Պրեմիերայից հետո հենց դա է ստուգվում: Այս անգամ, ոնց մենք պատկերացրել էինք, հենց դա էլ ստացել ենք, անգամ մի փոքր ավել: Սա էմոցիայի առումով: Իսկ ֆինանսի առումով, այն կախված է հենց էմոցիայից. եթե ֆիլմը մարդկանց դուրը եկավ, ապա ավտոմատ կերպով լուծվում է նաև ֆինանսական հարցը:

Գյումրիում ֆիլմն ինչպե՞ս ընդունեցին:

— Օ՜, հումորի քաղաքում չափից դուրս պատասխանատու է ծիծաղ կորզելը… Բայց լսելով հանդիսատեսի ծիծաղը, սիրտս տեղն ընկավ:

Հայաստանում, համեմատած այլ երկրների հետ, կարծես կինոթատրոն գնալու մշակույթը, մեղմ ասած, այն չէ:

— Իհարկե, չեմ հակադրվում… Որքան շատ կինոթատրոնների պահանջարկ լինի, ուրեմն այնքան շատ հանդիսական կլինի: Բայց մենք էլ այնպես չէ, որ ուզում ենք միանգամից ծախսածածկում ապահովել. դա մի քանի ամիսների աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի: Եվ, եթե ֆիլմում ֆինանս ես ներդրել, աշխատում ես այնպիսի ֆիլմ ստեղծել, որը գոնե ծախսերը կփակի:

Իսկ ապահովագրվա՞ծ եք, այսպես ասած, «պիռատներից»: Մարդիկ կարող են հեռախոսներով նկարահանել ու տարածել:

— Հավատացեք, առաջին օրվանից մենք պայքարում ենք դրա դեմ: Այստեղ ավելի շուտ մարդկանց չիմացության հետևանք է… Նկարահանում, գցում են համացանց՝ արտահայտելով իրենց «սերը», սակայն չեն էլ պատկերացնում, որ արդեն հեռախոսով նկարելը ՀՀ օրենսգրքի խախտում է, քրեորեն պատժելի արարք: Ճիշտ է, մինչև հիմա կոշտ գործողությունների չենք դիմել, բայց կարող է և ստիպված լինենք… Մարդիկ ասում են՝ «է, հա, ի՞նչ ենք անում, որ»: Եթե մտնես խանութ ու, ասենք, 200-300 հազար դոլարի բան գողանաս, ասելու ես՝ «է, հա, ի՞նչ ենք անում, որ»: Չէ՞ որ ֆիլմ նկարահանելը նույնպես էժան հաճույք չէ: Հասկանում եմ, մարդիկ ոչ թե ուզում են վատություն անել, բայց թող ընդունեն, որ իմ ասած խոսքերի մեջ ճշմարտություն կա:

Դե, Ձեզ սիրելով են անում

— Գիտե՜մ… Բայց միևնույն ժամանակ խնդրում եմ, թող հասկանան, որ դրանով վատություն են անում:

Հայկ, ի՞նչ կասեք՝ Հայաստանում ֆիլմարտադրություն կա՞: Լավ կինո, ամերիկյանին, եվրոպականին չզիջող կինո ինչո՞ւ չեն նկարահանում:

— Ես մտածում եմ, որ չկա: Բայց լավ կինո ասվածը դա երկար խոսելու թեմա է: Մեզ մոտ կինոքննադատների դպրոց չի գործում, չկա մի մարդ, որի ասածը կնիքը դրածի տեղ անցնի: Իմ համար կողմնորոշումը՝ դա ժողովուրդն է: Եթե մեծամասնության դուրը գալիս է, ուրեմն դա կարելի է համարել, որ լավ ֆիլմ է: Սա միայն մեկ դեպքով պատկերացրեցինք: Լավ կինո էլ կա, օրինակ՝ «Օսկար» տարած քանի՞ ֆիլմ գիտեք, որ հանդիսատեսի մեծամասնությանը այն կարող է դուր չգալ, ճաշակին չհամապատասխանել… Այնպես որ, լավ ֆիլմը դա հարաբերական է:

Վերջերս սկսել են սերիալներ նկարահանել: Դա բխում է պահանջարկի՞ց:

— Առաջին հերթին՝ հեռուստատեսությամբ սերիալ դիտելն անվճար է. հեռակառավարման վահանակը ձեռքիդ, բազմոցին պառկած, կարող ես ալիքները հերթով թերթելով՝ լիքը սերիալներ դիտել: Հարցն այն է, որ մարդը դուրս գա տնից, տեղ գնա՝ ընտանիքով, ընկերներով, վճարի տոմսի համար, ու կինոթատրոնում վայելի ֆիլմը: Ու դա անի մի քանի անգամ:

Միգուցե՞ ժամանակներն են փոխվել, թե՞ կինո գնալու կուլտուրան է վերացել:

— Այո, սովետական ժամանակաշրջանում գնում էին կինոթատրոններ, հետո քանդվեց հասարակարգ, պատերազմ եղավ, երկրաշարժ, երկրի տնտեսական վիճակը վատացավ, այս ընթացքում այդ կուլտուրան ասես վերացավ: Հայաստանում մի քանի տարի նորից այն վերգտավ իրեն, սակայն պետք է փաստեմ, որ կոնկրետ վերջին երկու տարում դարձյալ նվազեց: Հայաստանում վերջին երկու տարում ֆիլմ, Ձեր ասած՝ լավ ֆիլմը չեն նկարահանել: Միակ կոմերցիոն ֆիլմը դա մեր ֆիլմն է եղել, իսկ ոչ կոմերցիոն, այսինքն՝ պետական կամ ՊՆ ֆինանսավորմամբ, նկարահանվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմը:

Մշակույթի նախարարությունը կարծես անընդհատ փորձեր անում է վերակենդանացնելու ֆիլմարտադրությունը, անգամ օրենք մշակվեց, բայց

— Հա, «Կինոյի մասին օրենք» կա, որը դարձյալ բավական բացեր ունի, խութեր ունի: Ես՝ որպես կինոարտադրող, կարող եմ մի քանի կետ ասել, ու արդեն կարող է կինոարտադրությունն աշխուժանալ: Մնում է ցանկությունը, որը ես չեմ տեսնում, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվում է:

Լավ, վերադառնանք ՁեզԴուք Ձեզ լուրջ ֆիլմերում տեսնո՞ւմ եք:

— Ես ամեն ժանրի մեջ էլ տեսնում եմ ինձ, իսկ ավելի ճիշտ, կինոպրոբա կանցնեմ, եթե հարմար գտնվեմ, ապա ինչո՞ւ չէ: Բայց որպես պրոդյուսեր, ես երբեք չեմ նկարահանի լուրջ ֆիլմ, այսպես ասած՝ դրամա կամ թրիլլեր: Հայաստանում երբեք դրա մեջ ֆինանս չեմ ներդնի, որովհետև գիտեմ, որ հետ չի գա: Նման ֆիլմերը, ռիսկայնությունը հաշվի առնելով, երևի պետք է պետությունը ֆինանսավորի: Պետությունն էլ կոմերցիոն ֆիլմերին ոչ մի ուշադրություն չի դարձնում: Ինչ-որ կա տարեկան մեկ ու կես միլիոն դոլար է, որը պետությունը տրամադրում է ֆիլմարտադրության համար, բայց ոչ մեկը ոչ մի ֆիլմ չի տեսնում, ոչ մեկը չգիտի՝ ինչ են լինում «էդ ֆիլմերը», փողերը մաշվում են, կորչում, փոշիանում:

Հայկին ի՞նչը կարող է ստիպել՝ փոխել կյանքի սկզբունքները:

— Համոզմունքը փոխվում է այն ժամանակ, երբ նոր համոզմունք է ձեռք բերվում: Եթե դու մի բանի մասին այսպես էիր մտածում, բայց ժամանակի ընթացքում համոզվում ես, որ այն այլ է: Այս դեպքում չի նշանակում, թե դու սկզբունք պահող մարդ էիր, բայց հիմա հետ կանգնեցիր դրանից:

Հայաստանն ո՞ւր է գնում

— Առայժմ դոփում է տեղում, զարգացում չեմ տեսնում:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

— Ես ևս շնորհակալ եմ Ձեզ ու նաև հանդիսատեսին:

 Ս.ՄԵԽԱԿՅԱՆ