Կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի հարազատների կողմից քննության օբյեկտիվ ընթացքը խեղաթյուրելու ակնկալվող փորձերից և հնարավոր անհիմն շահարկումներից, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` 31.10.2019թ.-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և 01.11.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: