Հարցազրույց «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն ԺՈՐԱ ՍԵՐՈԲՅԱՆԻ հետ:
— Բժիշկ, շուրջ 6 ամիս է, ինչ ստանձնել եք հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը և, այսպես ասած, Ձեզ բաժին ընկավ նաև վատ շրջան. պանդեմիա… Այդուամենայնիվ, ի՞նչ փոփոխություն հասցրեցիք իրականացնել:
— Ես այս պահին կուզենամ ամենակարևորներից մեկի մասին խոսել. հիվանդանոցը մոտ 3-4 տարի ռենտգեն սարքավորման խնդիր ուներ, օգտագործում էինք շարժական ռենտգենը: Մրցույթ ենք հայտարարել, արդեն ունենք հաղթող մասնակից, պայմանագիրը կնքել ենք, օգոստոսին արդեն թվային նոր ռենտգեն սարքավորում կունենանք: Մենք մանկական արագ արձագանքման ծառայությունն ենք այս ամիսներին ավելացրել. առողջական ծանր վիճակով երեխաների և նորածինների տեղափոխումն ենք իրականացնում՝ մեր հիվանդանոցից այլ բուժհաստատություններ և հակառակը: Այս գաղափարն առաջացավ դեռ փետրվարին, երբ առողջապահության փոխնախարարն էր այցելել: Կահավորեցինք ռեանիմոբիլը և արդեն ըստ իմաստի՝ գործածության մեջ է. երկու օր առաջ էր, Գյումրուց երեխա ենք տեղափոխել Երևան, Արթիկից էլ՝ նորածին ենք տեղափոխել մեզ մոտ:
— Հիվանդանոցում աշխատանքներն ինչպե՞ս են ընթանում:
— Բավական լարված է: Ամբողջ անձնակազմն ամեն ինչ անում է՝ վիրուսի դեմ պայքարելու համար: Իրականացնում ենք ՀՀ պարետի, առողջապահության նախարարի ցուցումները, հիվանդանոցում շատացրել ենք ձեռքերի ախտահանիչ սարքերի և լուծույթների կետերը, թթվածնային կետերն ենք շատացրել, վերակենադանացման երկու սենյակ ունեինք, որտեղ չկային թթվածնային սարքեր, համալրել ենք, անհետաձգելի սենյակ ենք ավելացրել: Որքանով հնարավոր է, փորձում ենք բուժաշխատողներին պաշտպանել, բայց դա կախված չէ միայն մեր հիվանդանոցի ներսի պաշտպանական բարձր մակարադակից, այլ նույն աշխատակիցը դուրս է գալիս, տուն է գնում, խանութից է օգտվում, և դա միշտ չէ, ու բոլորին չէ, որ հաջողվում է:
— Հիվանդանոցի ծանրաբեռնվածությունն այս պահին ինչպե՞ս կգնահատեք:
— Պատկերացրեք, թերծանրաբեռնվածություն է. ունենք 100 մահճակալ, որից 40-50-ն է զբաղեցված: Դիմելիությունը ցածր է: Հավանաբար, ավելի շատ առաջնային օղակով են անցնում՝ համաճարակով պայմանավորված:
— Կարծում եք՝ ծնողները վախենո՞ւմ են ու, եթե ստացիոնար բուժման կարիք լինի՝ չե՞ն բերում:
— Իհարկե, եթե առաջնային օղակից ստացիոնար բուժման ցուցում կա, պառկեցնում են, իմ ասածը՝ պլանային վիրահատություններին էր վերաբերում:
— Այսինքն, ծառայություններն են պակասել, որոնք հիվանդանոցի բյուջեն էին լցնում…
— Այո: Ճիշտ է, անցած ամիս պետպատվերի կատարողականն իրականացրել ենք ամբողջությամբ, բայց այս ամիս երևի թերակատարում կլինի:
— Իսկ սեզոնին բնորո՞շ է, որ թերծանրաբեռնված է հիվանդանոցը:
— Մի քիչ այո, սակայն հիմնականում նոր վիրուսի հետ է կապված, ինչպես նշեցի, պլանային վիրահատությունների սահմանափակման հետ է կապված:
— Այս պահին կորոնավիրուսով վարակված երեխա կա՞:
— Մենք հիվանդանոցում մինչ այժմ 3 դեպք ենք ունեցել, որից մեկը երեխա է, մեկը ստացիոնար բուժվող երեխայի մայր, և հղի ենք ունեցել: Այս 3 դեպքն էլ ի սկզբանե գտնվել են հիվանդանոցի մեկուսարանում, ընդհանուր բաժանմունքներ չեն տեղափոխվել: Սկզբից ևեթ կասկածելի է թվացել, նմուշառում ենք իրականացրել, սպասել ենք լաբորատորիայի պատասխանին, երբ տեսել ենք դրական է, արդեն համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկել:
— Իսկ բուժանձնակազմից վիրուսակիր ունե՞ք:
— Բուժանձնակազմից ունենք վարակվածներ, որոնցից մի քանիսն այլ բուժհաստատությունում համատեղության կարգով են աշխատում, ունենք աշխատողներ, որոնք արձակուրդում են գտնվել, և այնտեղ են վարակվել, ունենք նաև աշխատակիցներ, ովքեր վարակված են եղել, ըստ ցուցման, զանգել, զգուշացրել են, և իրենց արգելված է հաճախել:
— Եթե ֆինանսական տեսակետից գնահատենք հիվանդանոցի վիճակը, ապա…
— Մինչ համաճարակը, մեր ֆինանսական վիճակը շատ լավ էր, ունեինք գերակատարումներ, ռեզերվային գումար ունեինք կուտակած: Համաճարակի սկսվելուն պես, երբ սկսվեց թերծանրաբեռնվածությունը, պլանային վիրահատությունների սահմանափակումը, բնականաբար, պակասել է վճարովի մուտքերը, սակայն մինչև այս պահը մենք չենք ունեցել աշխատավարձի ուշացում, բոլորի արձակուրդայինը ժամանակին վճարվել է:
— Հարկադիր պարապուրդի մեջ ունե՞ք աշխատակիցներ:
— Ունենք մանկական վերականգնողական ծառայություն, ռիսկը շատ բարձր էր և, քանի որ ի սկզբանե արգելվեց պլանային այցերն հիվանդանոց, այդ բաժանմունքն ամբողջ թիմով արձակուրդ վերցրեցին, հետո նաև հարկադիր պարապուրդ ձևակերպվեց, բայց մենք վճարել ենք նրանց հասանելիք 70 տոկոսը: Հիմա արդեն վերականգնվել է իրենց աշխատանքային պարապուրդը, բացթողնվածն են փորձում վերականգնել, քանզի իրենց մոտ մշտապես գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ է եղել: Մեզ համար շատ կարևոր է աշխատակիցների սոցիալական վիճակը:
— Ըստ վիճակագրական տվյալների, Գյումրու առաջին 5 ամիսների ծնունդների թիվը, անցյալ տարվա հետ համեմատած, նվազել է:
— Եթե կոնկրետ մեր հիվանդանոցի տվյալները վերցնենք, ապա անցած տարվա համեմատ մեր մոտ ծնունդների թվի նույնիսկ աճ կա: Բավական լարված են ընթանում աշխատանքներն այս բաժանմունքում, քանի որ իրենք գտնվում են բարձր ռիսկային խմբում: Բուժանձնակազմն էլ այս բաժանմունքում շատ են, բոլորը հատուկ պաշտպանիչ միջոցներով ապահովված են:
— Իսկ արտահագուստ, ախտահանիչ և այլ հակահամաճարակային միջոցները հիվանդանոցն ի՞ր հնարավորություններով է ձեռք բերել:
— Մեզ օգնել են մարզպետարանը, քաղաքապետարանը, նաև մեր հիվանդանոցում ունեինք որոշակի պաշար:
— Ի՞նչ կասեք, ինչպե՞ս կհաղթահարվի այս վիճակը:
— Ես լավատես եմ, կարծում եմ, շուտով հաղթանակած դուրս կգանք այս իրավիճակից: Մյուս կողմից, ամեն ինչ կախված է բնակչությունից, նրանց վարքագծից, իշխանության հորդորներին, որոշումներին հետևելուց: Պետք է մեր բնակիչն իր համար մի բան ֆիքսի. դիմակը կրում ես քո և դիմացինի առողջության պահպանման համար: Եթե բնակիչը տեսնում է մեկին, որը դիմակ չի կրում, պետք է զգուշացնի, եթե խանութում չեն կրում դիմակ, այդ խանութից չպետք է օգտվեն. սա ոչ թե մեկի, այլ բոլորի առողջության խնդիրն է: Ի վերջո, համաճարակը հաղթահարելով, մեր երկրի տնտեսական վիճակի բարելավմանն ենք օգնում:
— Եվ վերջին հարցը. ի՞նչ էտապում է գտնվում հիվանդանոցին կից նոր ծննդատան շենքի կառուցումը, որը հովանավորվում էր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի միջոցներով:
— Այս պահին հողային, հիմքային, նկուղային շինաշխատանքներ են գնում: Շինարարությունն ընթանում է:
Պիտակներ՝ #covid_19