ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդն ու Բնությունը

Մարդը բնության մի փոքրիկ մասնիկն է ընդամենը: Ուղղակի, նա Աստծո կողմից ստեղծվելով որպես բանական էակ, կարող է և հիանալ արևով, աստղերով, սարերով ու լեռներով, հարթավայրերով, օվկիանոսներով ու լճերով, նաև բույսերով ու կենդանիներով: Մենք նաև հիանում ենք մարդկային արարչություններով: Ճիշտ է՝ հաճախ պատահում են մարդիկ, որոնք ուղղակիորեն թշնամաբար են մոտենում բնությանը, սակայն փառք Աստծո, կան մարդիկ էլ, որոնք ուղղակի քարն են ծաղկեցնում: Պետք է, ի վերջո, որպես բանական էակներ  հասկանանք, որ առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և արարել: Որքան էլ մեր կյանքն ու առօրյան բազմաթիվ խնդիրներով լի լինեն, բավական է հայտնվել մի փոքրիկ բնապատկերի առջև կամ ոտք դնել տաք հողին՝ և կարծես խնդիրներն ի չիք են դառնում ու մարդն անէանում է: Ասել է թե՝ մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է, և պետք է բնությունը պահի ու պահպանի…

Գյումրու համայնքապետարանի շենքը գեղեցիկ, ճարտարապետական լուծումներով կառույց է: Յուրաքանչյուրը, ով գեթ մեկ անգամ ոտք է դրել ներս, կհավաստի, որ ներսից էլ է շատ գեղեցիկ ու մաքուր: Քաղաքապետարանի շենք ոտք դնող յուրաքանչյուր ոք անտարբեր չի կարող մնալ, քանզի ամեն կողմ հայացք թերթելիս՝ բնության մի գողտրիկ մասի կհանդիպի: Պարզվում է, քաղաքապետարանի բուսաշխարհի ստեղծման հեղինակը Վարդան Ղազարյանն է, ով երկար տարիների փորձ ունի անցած համայնքային գործունեության մեջ՝ տարբեր պաշտոններում, սակայն ներկայում, իր ասելով, այս ամենը ստեղծել է բուսականությունը սիրելով. «Տեսա, որ քաղաքապետարանի այս հսկայական շենքում բուսականություն չկա, մի երեք հատ էր ընդամենը, իսկ ես՝ լինելով բուսասեր և ունենալով բազմատեսակ բույսեր, նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ խորհրդակցելով, սկսեցինք օր օրի հարստացնել բուսականությունը: Իմ ունեցածները բերեցի, մեկից խնդրելով, մյուսից գնելով, երրորդից նվիրատվություն ստանալով, երեք բույսից հասցրեցինք 208-ի»:

Հարցին, թե անգամ մեկ բույսի խնամքն ու հոգ տանելը մարդուց գիտելիք, ժամանակ ու ցանկություն է պահանջում, ինչպե՞ս է Վարդան Ղազարյանին հաջողվել արևի քիչ ներթափանցման շնորհիվ այսքան փարթամ բուսականություն ստեղծել, պատասխանում է. «Ես ամեն օր, մինչ աշխատանքային օրը սկսվելը, բույսերին խնամում եմ: Եթե հարցնեք, թե ինչո՞ւ եմ այս ամենն անում, կպատասխանեմ՝ բուսականություն սիրող մարդը չի կարող չոր ու ցամաք միջավայրում գտնվել, կոմֆորտի մեջ չի զգա իրեն և բացի այդ, ես ամեն ծաղկի մեջ հոգի եմ դնում, երևի դա է պատճառներից մեկը, որ անգամ չորացած ճյուղը հողի մեջ դնելով, այն ժամանակ առ հետո սկսում է ապրել…»: Իր հավաստմամբ, անգամ թառամած, առաջին հայացքից՝ մահացած բույսին հնարավոր է եղել կյանք տալ: