Ժողովրդական խոսքով ասած «քյասիբի ձմռան»՝ առանց տեղումների եղանակների ստեղծած «բարենպաստ» միջավայրը, շատերի համար անբարենպաստ անդրադարձ ունեցավ. 39,5, երբեմն 40 աստիճան ջերմություն, մարմնացավեր, հազ… վիրուսի ստվերն է շրջում ընտանիքներում: Սակայն փառք տանք Բարձրյալին, որ սա չինական վիրուսը չէ…
Ինչպես հայտնի է, Չինաստանում կորոնավիրուսի օջախ է ստեղծվել, որն արդեն իսկ մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել, և սարսափ ու խուճապ է տարածել աշխարհում:
Չինաստանի հետ բոլոր սահմանային կետերը վերահսկվում են բարձր մակարդակով. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հայտարարեց, որ գերատեսչությունը տեղյակ է Չինաստանում տարածվող նոր վարակից և հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարություններին. «ՀՀ սահմանները գտնվում են սանիտարահամաճարակային ուժեղ հսկողության ներքո: Դեպքերի զարգացմանը զուգահեռ, եթե կարիք լինի միջոցներ ձեռնարկելու, մենք կձեռնարկենք»: Նախարարը նաև հայտնեց, որ այս վիրուսը կարող է փոխակերպվել թոքաբորբի, ինչպես գրիպի այլ տեսակների, ուստի քաղաքացիներին կոչ արեց կիրառել կանխարգելման այն միջոցները, ինչը կիրառում ենք այլ վիրուսների դեպքում։ Իսկ ախտանշանների ի հայտ գալու դեպքում, դիմել բժշկի։
Ինչպիսի՞ն է վիրուսային ցուցանիշները մեր առողջապահական հաստատություններում: Զրուցեցինք պատասխանատուների հետ:
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկական բաժանմունքի վարիչ, բժշկուհի Սուսաննա Տոնոյանի հավաստմամբ՝ համաճարակի վտանգ այս պահին չկա: «Մեր մոտ, ճիշտ է, սեզոնային վիրուս է տարածված, բայց դա ամեն տարվա, նույն սեզոնի ժամանակի մակարդակում է, որոնք ցրտերին զուգահեռ ակտիվանում են: Իսկ հատկապես երեխաների շրջանում՝ մանկապարտեզներ, դպրոցներ… շփումները շատ են, այդ իսկ պատճառով վիրուսների փոխանցումն արագ է տեղի ունենում և, բնականաբար, օդակաթիլային վարակները տարածվում են: Հունվարյան առաջին օրերին այնքան էլ բարձր չէր, սակայն այս օրերին մի քիչ շատ է վիրուսով հիվանդների թիվը, սակայն այն չի գերազանցում սովորական ցուցանիշը:
— Այսինքն, մենք համաճարակի, այսպես ասած, «կարմիր գիծ» չունենք արձանագրված:
— Այո, նման բան չկա: Նորից եմ ասում՝ բոլոր տարիների համեմատության մեջ՝ նույնն է: Ավելին ասեմ. եթե կար ժամանակ, որ ստացիոնարի համար անգամ մահճակալներ չէին բավականացնում, ապա այս տարի նման բան չի եղել, անգամ ազատ մահճակալներ ունենք: Ամեն ինչը վերահսկվում է, մենք շատ ուշադիր ենք: Հորդորում եմ առաջնային օղակների բժիշկներին՝ լինեն շատ ուշադիր, տեղամասերում թե՛ մեծերի, և թե՛ առավել ևս փոքրերի նկատմամբ ամենայն մանրամասնությամբ զննություններ իրականացնեն:
— Չնայած նրան, որ այս տարվա ձմեռն այնքան էլ ցուրտ չէր, որ շնչառական ուղիների հիվանդություններն ակտիվանային, սակայն շատերի պնդմամբ, անգամ ամբողջ ընտանիքում օդակաթիլային այդ վարակը տարածված է:
— Ինչ խոսք, սառը օդը, տեղումները կմաքրեին, կոչնչացնեին վիրուսները, բայց ի պաշտոնե հաստատում եմ, որ մեզ մոտ շատ ավելի հանգիստ վիճակում ենք ու ոչ մի արտառոց բան չկա:
— Իսկ այլ, ասենք՝ ջրծաղիկ, կարմրուկ, որոնք կարծես անցած տարեվերջ մի փոքր ակտիվացել էին…
— Հիմա, այս վերջին երկու ամսում այլևս չի նկատվում, թեպետ աշնանը մի թեթև ջրծաղիկը գլուխ բարձրացրեց: Բայց հիմա դա էլ չկա: Գուցե համաբուժարաններ են դիմում, որտեղից ստանում են բարձր մակարդակի բուժօգնություն, և ստացիոնար բուժման անհրաժեշտությունը չի լինում, բոլոր դեպքերում, եթե լիներ ակտիվություն, մենք տեղյակ կլինեինք:
— Ասել է թե՝ առաջնային օղակներն իրենց դերակատարմամբ, կարողանո՞ւմ են կառավարել հիվանդությունները:
— Իհարկե, եթե տեղամասեր ժամանակին դիմում են, ուրեմն կանխվում է հիվանդության բարդացումն ու տարածումը: Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, եթե բալիկների մոտ նկատում են ինչ-ինչ ախտանիշներ, պետք է տվյալ դեպքում մանկապարտեզ ու դպրոց թույլ չտան հաճախել, և դիմեն իրենց բժիշկներին: Պետք է հետևեն հիգիենայի կանոններին, գիտակից մոտենան թե՛ երեխաների, թե՛ իրենց առողջությանը:
Գյումրու բժշկական կենտրոնի թերապիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ ևս զրուցեցինք: Բժշկուհու պնդմամբ, չնայած հիվանդների դիմելիությունն ավելացել է, բայց համաճարակ և/կամ որևէ նման իրավիճակ չկա: «Ամեն տարվա այս սեզոնին բնորոշ է առայժմ. մենք նույն ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում, ինչ-որ նախորդ տարիներին: Բաժանմունքն այս պահին, ճիշտ է, գրեթե 100 տոկոս մահճակալային ծանրաբեռնվածությամբ է. շատացել են վերին շնչառական ուղիների հիվանդությունների դիմելիությունը թե՛ ամբուլատոր, թե՛ ստացիոնար առումով: Հատկապես ժամը 4-5-ից հետո ջերմողների դիմելիությունն ավելանում է, քանի որ պոլիկլինիկաները արդեն փակ են լինում, և դրա համար կենտրոն են դիմում: Այն հիվանդներին, որոնց մոտ հարկ կա ստացիոնար բուժման՝ նրանց ընդունում ենք, իսկ նրանց, որոնց խորհրդատվությունն է բավարար, ստանում են մասնագիտական խորհրդատվություն, ստանում են տնային բուժում: Հատկապես ստացիոնար բուժման են անցնում խրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդները. այն է՝ խրոնիկ բրոնխիտ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդները, սիրտ-թոքային անբավարարություն ունեցողները, որոնք տուժած իմունիտետ ունեն և հակված են վիրուսներն արագ ընկալելու, և որոնց մոտ հնարավոր է, վիրուսային բարդություններ լինեն: Իսկ ինչ մնում է վիրուսների փոխանցմանը, ապա դա էլ ինչ-որ տեղ մեր մենտալիտեդի հետ է կապված. նախ՝ հարազատաբարեկամական շփումները, բարևելիս՝ համբուրվելը, և այդկերպ վիրուսների ազատ փոխանակում է տեղի ունենում, և այն միայն օդակաթիլայիններին չի վերաբերում:
— Կարելի՞ է պնդել, որ այս պահին վիրուսները կառավարելի են, և այն չինական սարսափազդու վիրուսի հետք չունենք արձանագրված:
— Ոչ, չունենք: Խուճապն այս պահին Չինաստանում է բարձր, արտակարգ իրավիճակ է հայտարարված, միջոցառումներ են ձեռնարկում, իսկ այլ պետություններ սահմանահատման կետերում ևս բարձր զգոնություն և վերահսկողություն է իրականացվում, այդ թվում Հայաստանում: Իսկ մեր հայրենակիցներին հորդորում եմ՝ ընտանիքներում պետք է բոլոր միջոցառումները ձեռնարկեն. և՛ պրոֆիլակտիկ, և՛ հիգիենիկ, և՛ վիտամինաթերապիան, և՛ առողջ սնունդը, և՛ հեղուկների, և՛ դեղորայքների առումով: Հագուստին ևս պետք է ուշադրություն դարձնել. տաք գլխարկներ կրելը, ականջներն ու կոկորդը տաք պահելը կարևոր կանխարգելիչ միջոցներ են: Եթե բարդ իրավիճակներ են, բարձր ջերմություն՝ պարտադիր բժիշկ հրավիրել կամ դիմել: Պետք չէ սպասել՝ հիվանդության խորացմանը, զարգացմանն ու բարդացմանը, եթե բարձր ջերմությունը պահպանվում է, առավել ևս:
— Դիմակների կրելը կանխարգելի՞չ է:
— Դիմակները ցանկալի են և արդարացված փակ տարածքներում՝ տրանսպորտ, սենայկներ, բաց տարածքում դա անիմաստ է: Նաև կարևոր է ինքնագիտակցումը. եթե վիրուսով հիվանդ ես, ապա հարգիր դիմացինիդ: Առողջություն եմ մաղթում բոլորին: