Մարդկային կեցության պատմական փորձը ցույց է տվել, որ հարուստ լինելու երաշխիքը շատ հաճախ իրականացվում է աղքատություն ծնող երևույթի պարտադիր առկայությամբ: Այսինքն` հարստության ապահովման գործոնները աղքատների հաշվին և նրանց կեցությունը ծանրացնելու պարտադրանքով են պայմանավորված: Իսկ աղքատության ճիրաններից փրկվելու ցանկությունը աղքատների մտահորիզոնում շատ հաճախ հույսի ապավինության շնորհիվ է «առարկայանում»: Ակնհայտ է, որ սա հարուստների` իրենց ունեցվածքը հավերժորեն պահպանելու և առնվազն կրկնապատկելու կամքին զուգահեռ է ընթանում: Եվ այս ընթացքը, ինչպես հասկանում ենք, մի դեպքում` հույսին, մյուս դեպքում կամքին ապավինելու «կարճ միացումով» է գործի դրված:
Հույսը քրիստոնեական առաքինության և որոշ առումով նաև համբերության հետ է զուգակցվում, ինչը աղքատների «կենարար» աղբյուրն է` այս դարդաշատ աշխարհում ապրել կարողանալու գրավականը: Բայց, եթե գործնականորեն մոտենանք այս հարցին, ինչպես հայկական առածն է ասում` համբերության բաժակն էլ կարող է լցվել: Համբերությունն, ի վերջո, ավազե ամրոց է, որ կարող է նույնիսկ զեփյուռի սյուքից փլվել: Սեփական բարեկեցության դղյակում ապրողները կարող են դա չտեսնելու տալ, բայց ցնցումների էպիկենտրոնները վաղը, մյուս օրը, անշուշտ, կարող են կրկնվել:
Իհարկե, կարելի է փորփրել նշանակալի մարդկանց «ռեզյումեները» և պաշտոնական դիրքերի փոխատեղումներ անել, ինչպես վարվում են «վերևներում», բայց փորձը ցույց է տվել, որ մինչ այժմ տեղերը փոխելուց իշխանության շարքերում արդյունավետ փոփոխություններ չեն դիտարկվում: Իհարկե, իշխանավորները դեմքի լուրջ արտահայտությամբ քաղաքացիներին լավատեսություն ու հույս են ներարկել, բայց իրավիճակի վրա ի զորու չեն եղել դրականորեն ազդել: Փորձել են «ծանրակշիռ» փաստարկներ բերել` իրենց հավաստիացումներն ու խոսքը մարդկանց համար վստահելի դարձնելու համար, սակայն Գյումրիում, որի բնակչությանը վիճակված է ապրել աղքատության ու գործազրկության կրկնակի ծանր պայմաններում, այս եթերասփյուռ փաստարկները սոսկ հույսի խաբկանք ու նշանակություն են ունեցել:
Գյումրիում կարևորագույն հիմնախնդիրներից մեկը բնակչության զբաղվածությունն է, ինչով չի հաջողվում ապահովել մեր «հումանիստ» կառավարողներին: Այսուհանդերձ, անգամ պաշտոնական աղբյուրներն են անկեղծանում և նշում գործազրկության այն բարձր մակարդակի մասին, որ առկա է Գյումրիում` հանրապետության այլ վայրերի հետ համեմատած: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Փաստ է նաև այն, որ նույնիսկ զբաղված լինելը տարրական կենցաղային ապահովության երաշխիքներ չի տալիս: Այլ կերպ ասած` աշխատողների մի զգալի մասը չի վարձատրվում այնքան, որ կարողանա բավարարել ընտանիքի չնչին կարիքները: Ավելին, այդպիսի հոգս են կրում նույնիսկ այնպիսի ընտանիքները, որոնք երկու աշխատող անդամ ունեն:
Ընդհանուր առմամբ, Գյումրիում բոլոր բացասական ցուցանիշները խտացված են, ու դրանք մարդկանց աղքատության վիճակագրության ածանցյալներ են, որոնց ազդեցությունը՝ բարի կամքի դրսևորման դեպքում, իշխանություններին թերևս կհաջողվեր վերացնել, երբ դրանք դեռ այս աստիճան խորը բնույթ չէին կրում: Իսկ այժմ դա առավել դժվար կլինի, որովհետև ձեռք է բերել պաթոլոգիկ ախտանիշեր: Արդյունքում` մարդիկ սկսում են ժխտողականությամբ և անելանելիության մտածմունքներով տառապել, ինչն ուղղակիորեն մոտեցնում է համբերության սպառման եզրագծին, բավական հաճախ էլ ավելի հեռու տանում` այդ սահմանից անդին: Մեկը կար մեր թաղում, տնաշենը ամեն օր քննադատում էր իշխանությունների վարքուբարքը: Ու այնպես անողորմ էր քննադատում, որ մի գիշեր էլ քնեց ու սիրտը չդիմացավ: Թեև մարդը բավական ջահել էր: Շատերին էլ գիտեմ, որ չունևորությունից ընկել են կորցրած բանականությունը գտնելու խենթ դեգերումների մեջ: Ու այնպես են տարվել դրանով, որ անճանաչելի են դարձել հարազատների ու ընկերների համար:
Երևի փոքր-ինչ այս սոցիալական տեսակը ներկայացնողներին ճանաչելու համար ճիշտ կլիներ, եթե մեր իշխանավորներն անճանաչելիորեն հանդերձավորվեին, քաղաք դուրս գային ու տեսնեին, թե ժողովրդի զգալի մասն ինչպես է գոյատևում: Չէ՞ որ համբերությունը առաձգական չէ և անվերջ երկար չի կարող ձգվել: Ու Հայոց ոստանը լքողների շարքերն արդեն կսկսեին անվերջության կարգով ձգվել: Ու դրա վերջը տեսնելու հույս այլևս չէր մնա: Իսկ այնտեղ` մեզ օթևանած այլ երկրներում, այլընտրանք չէր մնա այլևս, քան զբաղվել հայի ինքնության գովազդով:
Ընկերս Ֆրանսիայում էր եղել և մի հուշ էր բերել այնտեղից, որ ավելի շուտ առակ է հիշեցնում: Գյուղերից մեկում այցելելով մի հյուրանոց, նկատել էր պատից կախված Վիլյամ Սարոյանի լուսանկարը, որի տակ մակագրված էր. «Նա էլ է հայ»: Դա, ըստ ընկերոջս, իր հյուրանոցի գովազդը պետք է լիներ: «Ինչպե՞ս»,- հարցրել էր նա հյուրանոցատիրոջը: Նա էլ թե` «Կենվորը մտնելով հյուրանոց, կկարդա լուսանկարի տակ գրվածը ու անպայման կհարցնի, թե է՞լ ով է հայ, իսկ ես հպարտությամբ կպատասխանեմ` «Ես էլ»:
ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ