ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր միակ փրկությունը կրթությունն է

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը ստեղծվել է 1975թ. Մոսկվայում՝ հեռուստապրոդյուսեր և հաղորդավար Վլադիմիր Վորոշիլովի և Նատալյա Ստեցենկոյի կողմից: Հայաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ շարժումը սկսել է 80-ականների կեսերին իրարից անկախ, միանգամից երեք քաղաքաներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Հետագայում Երևանի և Գյումրու ակումբները լուրջ զարգացում են ապրել և մասնակցել հեռուստատեսային «Բրեյն-ռինգի» նկարահանումներին։ 1992 թվականի մարտին հայկական առաջին թիմը մեկնել է հեռուստատեսային «Բրեյն-ռինգ»-ի նկարահանումների։ Հետագայում այս ինտելեկտուալ խաղը դարձավ կյանքի, կենցաղի կարևոր բաղադրիչ՝ ուղեղամարտի սիրահարների համար: Գյումրիում ստեղծվեցին մի քանի նմանատիպ ակումբներ՝ «Նոյ», «Արամազդ», «Խորան Արդ»… Ինտելեկտուալ խաղերում ընդգրկված հայտնի անուններ են Աշոտ Գոմցյանը, Սեյրան Մարտիրոսյանը, Գևորգ Պետրոսյանը, Արմեն Մարտիրոսյանը, ավելի երիտասարդներից՝ Խորեն Տիգրանյանը, Հովհաննես Ֆրանգուլյանը, Տիգրան Բարսեղյանը… ցանկը կարելի է երկար թվարկել:

Պանդեմիայից և պատերազմից հետո մի պահ դադարել և «լռել» էին ինտելեկտուալների «մարտերը»: Սակայն պիտի նշենք, որ արդեն իսկ նոր ալիքներ են բարձրացել, և ինտելեկտուալ խաղը բացել է իր «դռները»… «Շրջապատը» զրուցել է «Պոլիտեխ» թիմի անդամ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ:

— Տիգրան, դու IT կազմակերպություն ունես և որքան գիտեմ՝ «այթիիշնիկները» բավականին ծանրաբեռնված են: Ե՞րբ եք հասցնում և գործերը, և ինտելեկտուալ խաղերի պարապմունքներ, առաջնություններ կազմակերպելը:

— Իրականում, աշխատանքային գերհոգնածությունը լիցքաթափելու լավագույն միջոցներից է ինտելեկտուալ խաղերով զբաղմունքը: Ու թիմով որոշեցինք, որ նման հնարավորություն կարելի է տալ նաև մեր հասակակիցներին, ուսանողներին:

— Ուզում ես ասել, որ ուղեղը մարզելն հանգստությո՞ւն է…

— …նաև անհրաժեշտություն է: Ո՞նց են մարզիկները իրենց սիրելի սպորտաձևում պարբերաբար մարզվում, մկաններն են մարզում ու դրանից բավականություն են ստանում, նույնպես ուղեղն է անհրաժեշտ մարզել, և ինտելեկտուալ ոլորտի մարդկանց համար այն լիցքաթափվելու միջոց է:

— Երբվանի՞ց եք սկսել առանձին հանդես գալ, որովհետև, որքան հիշում եմ՝ «Խորան Արդ» ակումբում էիք:

— Մենք սկսել ենք 2022 հոկտեմբերի վերջերից: Դրանից առաջ «Խորան Արդ»-ի հետ էինք համագործակցում, սակայն պասիվության շրջան առաջացավ, ինչը մեզ համար արդեն անտանելի էր, իսկ հայաստանյան առաջնություններում էլ սկսեցինք ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցնել, դա էլ հետևանք էր քիչ պրակտիկայի, և որոշեցինք վերսկսել: Խաղերը ամեն շաբաթ օր են, ուղղակի երկու շաբաթը մեկը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» է անցկացվում, թեպետ դրանով էլ չենք բավարարվել, կան նաև այլ խաղեր՝ սեփական, «Բրեյն ռինգ» և այլն: Այս խաղերը, հանդիպումները մենք անցկացնում ենք դոկտոր Օյունջյանի կողմից կառուցված «Աղավնի» արվեստների կենտրոնում: Գեղեցիկ ընդարձակ ու լուսավոր սենյակներ են: Ֆեյսբուքյան էջ էլ ունենք, որտեղից խաղալ ցանկացողնրը տեղեկանում են հերթական առաջնություններից: Ու պատկերացրեք, բավականին շատ նամակներ ու զանգեր են մեզ ուղղվում՝ մասնակցել ցանկացողների կողմից:

— Այսինքն, կազմավորված թիմեր կան, որոնք ամեն անգամ փորձում են իրենց ուժերը հերթական ուղեղամարտո՞ւմ:

— Եվ կազմավորված թիմեր կան, և մշտական նույնը չեն, տարբեր են մասնակիցները: Անցած տարվա խաղաշրջանում 8 խաղ ենք անցկացրել, յուրաքանչյուրին նոր թիմերով ենք համալրվել: Այս խաղաշրջանում որոշել ենք ունենալ 8 խաղափուլ, մոտ 4 ամիս տևողությամբ, և հաղթող թիմին սիմվոլիկ նվեր տալ:

— Բայց կա՞ն կազմավորված թիմեր, որոնք մարզվում են, որպեսզի խաղերի մասնակցեն:

— Թիմեր կան, որ հաճույքի համար են խաղում, ուղղակի որպես խաղ: Իսկ օրինակ, մեր թիմը, երբ ժամանակին երևանյան ակումբների դեմ էինք խաղում, ծանր պարապմունքներ էինք անցկացնում, որի ղեկավարն էր Սեյրան Մարտիրոսյանը, շաբաթվա մեջ 2-3 օր համալսարանում էինք պարապմունքներ անցկացնում: Հիմա նույնկերպ այլ թիմեր կան, որոնք լուրջ են մոտենում, օրինակ, «Սըբմարինը» (թարգմ. սուզանավ,- հեղ.): Ու լավ արդյունքներ ցույց տալիս են:

— Հաճախացել են դժգոհությունները կրթական համակարգից, անգամ փաստեր են ներկայացվում, որ այս կամ այն առարկայից խայտառակ ցածր արդյունքներ են գրանցվել: Ըստ քեզ, ինչպիսի՞ վիճակում է, ինչո՞ւ է ուսումնական մակարդակը անկում ապրում, միգուցե համակարգն է թերի, ներմուծված ծրագրերը տեղային մակարդակում չեն տեղավորվում: 

— Ես 7 տարի դասավանդել եմ Պոլիտեխնիկական համալսարանում ու կփաստեմ, որ կրթական համակարգը գտնվում է խայտառակ վիճակում: Մեր մոտ դեռ պահպանված է սովետական ժամանակահատվածի բյուրոկրատական մոտեցումները՝ համեմված ներկայիս բյուրոկրատական պահանջներով. դասավանդողն ավելի շատ զբաղված է թուղթ լրացնելով, էլեկտրոնային մատյան վարելով, քան աշակերտի, ուսանողի հետ զբաղվելով: Ու դրա համար, մեկը ես՝ դուրս եկա այդ համակարգից, ու իմ նման մարդիկ դժվարություններ են ունենում նման համակարգում աշխատելու, ու ով փախել է, ծրագրավորման ոլորտում են ավելի շատ: Մինչդեռ պետք է ուսանողի, աշակերտի կարծիքն հարցնել, ճշտել, թե ինչպիսի բարեփոխումներ կուզենային տեսնել:

— Ինտելեկտուալ խաղը՝ դա լավ հիշողությո՞ւն է, շատ ընթերցանությո՞ւնն է, թե՞ գիտելիքն է…

— Պարոն Մարտիրոսյանը հաճախ էր մեզ ձևակերպումը տալիս՝ ինչու է 6 հոգուց կազմված «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» թիմը. թիմում 2-ը պիտի լինեն շտեմարան՝ բազա, 2-ը՝ տրամաբանողներ, մեկը՝ «վելիկի մալչուն», որը վերլուծում է հնչած պատասխանները կամ «փախած» ինֆոների կրողն է, և մեկը կարգավորում է թիմը: Ու հավասարապես հաճույք է հարցին ճիշտ պատասխան գտնելը, նաև չիմանալը, որից հետո հնչում է խաղավարի բացատրությունը: Այսինքն ավելին սովորելու, իմանալու հաճույքը նույնպես գրավիչ է:

— Հեռուստախաղ չե՞ք նախատեսում:

— Իրականում գաղափարներ կան, բայց ոչ այդ ֆորմատով: Օն-լայն անցկացմանն ենք հակված:

— Իսկ հարցերի կազմումն ինչպե՞ս եք կազմակերպում:

— Դա իրոք ահռելի աշխատանք է: Թիմային աշխատանք է, Տիգրանյան Խորենի և Հակոբյան Հրայրի ջաքերն են, որ երկու շաբաթում 30 չկրկնվող հարց են կազմում:

— Ի՞նչ կավելացնեիք մեր զրույցին:

— Մեր միակ փրկությունը կրթությունն է: Կապ չունի՝ ուսումնական հաստատությունը կրթում է, թե՝ ոչ, թե ինչով ես զբաղված, ընթերցիր, կրթվիր, իմացիր ավելին: Կարդալ, շփվել, իրար հետ բանավիճել, գաղափարներ ծնել, ստեղծել, արարել: Գտեք ձեզ համապատասխան թիմ, շրջապատ, քանզի միայնակ մարդը քիչ բանի կհասնի, իսկ թիմը մեծ քայլերի է պատրաստ: Իսկ ինչ վերաբերում է ժամանակակից հնարավորություններին՝ համացանց, ապա այն օգտագործեք տեղեկություններ ձեռք բերելու, նոր մարդկանց գտնելու, նոր աշխարհներ հայտնաբերելու համար: