ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Միայն թե չասեք՝ խանդը սիրո նշան է

Արդեն 60-անց կին եմ, ունեմ զավակներ, թոռներ: Կարելի է ասել` երջանիկ կյանք եմ ունեցել (եթե ոմանք երջանկություն ասելով նկատի ունեն տուն պահող ամուսին, առողջ, խելացի զավակներ ունենալն ու նրանցով հպարտանալը): Սակայն ներքուստ ինձ ինչ-որ բան հուշում է, որ ես… դժբախտ մարդ եմ: Ինչո՞ւ… հիմա ասեմ:

Մորս այն խոսքը, թե գեղեցկությունը դժբախտություն է, կարծես հենց ինձ համար էր ասված: Ինձ ամուսնացրին 17 տարեկանում` անտեսելով անհամաձայնությունս: Դարձյալ «մեղավորը» շատ սիրուն լինելն էր: Ծնողներս վախենում էին, թե` «եսիմ ի՞նչ խուժան փախցնի, դժբախտանամ» ու որոշեցին ինձ գիտեցած մարդու տալ:

Ամուսնացա հորս ընկերոջ որդու հետ: Ինձանից մեծ էր 7 տարով: Թեպետ չէի համակրում  նրան, բայց հնազանդվեցի:  Ոչ խմող էր, ոչ ծեծող-ջարդող: Պետք է, որ լավ ամուսին լիներ: Բացի այդ, նա շատ ուշադիր, աշխատող ու թասիբով տղա էր: Բայց ահվոր խանդոտ էր. տեղի-անտեղի վեճեր ու անհարկի խանդի տեսարաններ էր սարքում: Պատկերը երևի կամբողջանա, եթե ասեմ, որ անգամ բարեկամներին էր խանդում իմ նկատմամբ: Մի օր հորեղբոր տղային, բառիս բուն իմաստով, մեր տանից դուրս շպրտեց, ինչ է թե՝ վերջինս մեր լուսանկարը նայելով, ասաց, թե ես կյանքում ավելի գեղեցիկ եմ, քան լուսանկարում: Գուցե ոմանք ծիծաղեն, եթե ասեմ, որ իմ զարմիկները կամ եղբայրս ինձ տեսնելիս` չէին գրկում, համբուրում. դա կարող էր արյունահեղության պատճառ դառնալ: Սկեսուրս միշտ ասում էր. «Ա՛յ բալա, քո սիրուն էղնելդ ցավ ու կրակ եղավ գլխիդ»:

Երբ զավակներս դպրոցահասակ էին, նոր միայն իրավունք ստացա նրանց հետ տանից դուրս գալ, իհարկե` միայն խանութ կամ ծնողական ժողովի, այն էլ` նախքան ոտքս շեմքից դուրս դնելը, երկար-բարակ քննություն անցնելուց հետո (զգեստիս բացվածքը պետք է մեծ չլիներ, շրթներկս պարտադիր աննշան էր լինելու, ու վայ ինձ, եթե հանկարծ հագուստս թափանցիկ լիներ): Ես լուռումունջ հարմարվում էի, հո չէ՞ի կարող երեք երեխաներիս անհայր թողնել: Մտածում էի, թե տարիքի հետ ամեն ինչ կփոխվի, ի վերջո, կհասկանա, որ կնոջը չարժե խանդի պատճառով ճնշել կամ նվաստացնել:

Տարիներն անցան ու ոչինչ էլ չփոխվեց: Ամուսինս մնաց նույն խանդոտը: Արդեն թոռներ ունենք, հասուն զավակներ, սակայն… ես դարձյալ այն նույն հլու-հնազանդ, քաշված ու խոնարհ կինն եմ մնացել, որն իրավունք չունի մազերը ներկել, միայնակ տանից դուրս գա: Ի զարմանք այս ամենի, դստրերիս հանդեպ այդպիսին չէ: Իսկ ինձ շարունակում խանդել` դա չթաքցնելով անգամ հարսից ու փեսաներից: «Երբևէ եղե՞լ է մի օր, որ ես քեզ անվստահություն ներշնչեմ, որ այդպես ես վարվում ինձ հետ»,- մի օր ասացի նրան: Պատասխանեց. «Հը՜մ: Եթե հանկարծ կասկածեմ քո հավատարմությանը կամ էլ չվստահեմ քեզ` կսպանեմ»: Ի՞նչ դավաճանության մասին է խոսքը, երբ ես այնքան եմ հոգնած իմ կյանքից, որ ուզում եմ այս տարիքում, երբ զավակներս արդեն իրենց ընտանիքներն ունեն, բաժանվել: Միայն թե` գոնե կյանքիս մի քանի տարիներն ապրել ազատ ու մարդավայել:

Ս.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: