ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Միանգամից ամեն ինչ հնարավոր չէ անել, բայց հերթով կանենք

Սեպտեմբերի 8-ին համապետական շաբաթօրյակ էր: Այս անգամ ևս քաղաքում ցանկալի ակտիվությունը չկար, բայց մարզային ու քաղաքային ենթակայությամբ գործող հաստատությունները, ինչպես նաև Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը, ողջ աշխատակազմով, լծվել էին քաղաքը մաքրելու աշխատանքներին: Գյումրու քաղաքապետարանն այս տարի որոշել էր մաքրություն իրականացնել Բուլվարային թաղամասում՝ «Կուրսկի այգուց» սկսած, մինչև «Մուշ» թաղամաս տանող ճանապարհահատվածը:



Երբ նախկին «Ռադիո գործարանի» հանրակացարանի շենքերի մոտակայքում էինք, առիթը բաց չթողնելով, քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը հո չի՞ փոշմանել, հաստա՞տ վերցնելու է հանրակացարանի զույգ շենքից մեկը, որը մտադիր էր «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցի դետալների արտադրամասի վերածել: Քաղաքապետը պատասխանեց.

— Այո, նա վերցնելու է, արդեն իսկ տվել ենք մեկնարկը, որպեսզի սկսեն բնակիչ-գործավար-մեր համապատասխան բաժին աշխատանքը: Շենքերից մեկը մեր բալանսի վրա էր, եթե հիշում եք, դատական կարգով ետ վերցրեցինք: Իսկ մյուսը կառավարության բալանսի վրա է, դիմել ենք, խնդրել ենք՝ այն անհատույց տրամադրել քաղաքին, որպեսզի այն ևս նպատակային օգտագործվի: Սրմաքեշն իդեալական կառուցելու է, ծրագիրը կա, ուղարկել են: Ժամացույցի փոքր դետալներ են արտադրելու, աշխատատեղեր են ստեղծելու: Մենք գյումրեցիավարի ենք մտածում՝ հենց ասացին, պիտի արագ սարքեն: Բայց ծրագրերն այդպես չեն իրականացնում, այլ պետք է գան, ուսումնասիրեն, առավել ևս բիզնեսը… Շուկան ուսումնասիրում են, ծրագրեր մշակում՝ ինչ դնեն, ինչ անեն, որպեսզի գումար ներդնեն, հաշվարկներ կատարեն: Այնպես չէ, որ պատրիոտիզմով բոլորը գան, նվեր անեն, գնան:

Քաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքներ են սկսված, դա տեսանելի է: Դուք էլ մտահոգություն էիք հայտնել, թե գյումրեցիները չեն ուզում աշխատել, ասում են՝ էժան է վարձատրությունը

— … Հա՜, հիմա գյումրեցիք չեն ուզում, չեն համալրի, թող սիսիանցին ու երևանցին գան, դրսից գան… Ափսոս չէ՞ր, թող մեր համաքաղաքացիներն էդ գումարն աշխատեին… Էժան է… Գործ չեղածից լավ չէ՞:

Իսկ որ նման խնդիր կա, ի՞նչ ժամկետներում կհասցնեն աշխատանքներն ավարտին հասցնել:

— 210 օր է տրված, գիշեր-ցերեկ են աշխատում, թե ոնց, դա մեր խնդիրը չէ: 210 օրը ժամանակացույցով անցավ, եթե օբյեկտիվ պատճառներով չեն ուշացրել՝ եղանակ է, եսիմ ինչ է, տույժ ու տուգանքներ կկիրառվեն:

Պարոն քաղաքապետ, քանի ջրմուղը գծեր է անցկացնում, փողոցներն էլ քանդված են, հնարավո՞ր է ոռոգման ջրերի հարցը կարգավորեք, որպեսզի մեր քաղաքը վերջապես կանաչ տարածքներով ապահովվի:

— Ապրես, որ այդ հարցին ուշադիր ես: Հենց հասան «Հայուհու» հրապարակ, Սայաթ-Նովա, մինչև «Բարեկամության այգի», անպայման ոռոգման համակարգն անցկացնելու ենք: Կանաչապատված հատվածները մեքենաներով էինք ջրում, որ էլ այդպես չջրենք, անհրաժեշտ է ոռոգման համակարգ:

Իսկ մյուս փողոցներո՞ւմ:

— Որտեղ կկարողանանք՝ կանցկացնենք, քանի որ հատվածներ կան, որ չենք կարող… Մինչև «Հայուհու» հրապարակ սնուցում ունեինք, հետո ունենք Վարդանանց հրապարակին կից, այնպես որ, հատվածաբար պիտի փորձենք այդ բացը լրացնել:

Փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն անցավ մարզպետարանի՞ն:

— Այդպես չէ: Ես եմ նամակով խնդրել Տարածքային նախարարությանը, որպեսզի նրանք ևս իրենց մասնակցությամբ, համապատասխան մարմնով՝ մարզպետի գլխավորությամբ, մասնակցություն ունենան: Որովհետև միայնակ հնարավոր չէ այսքանը վերահսկել, հիմա լուրջ թիմ ենք՝ քաղաքապետարան, մարզպետարան, իրար հետ ենք իրականացնելու, այստեղ ոչ մի քաղաքական խնդիր չկա:

Տեղեկացա, որ ճանապարհային նշանները ևս ՎԶԵԲի ծրագրով է:

— Այո, լրիվ իրենք են անելու, գծանշումներից սկսած, վերջացրած եվրոպական ստանդարտներով նշանները, ու հանձնելու են մեզ:

Անդրադառնանք տարիներ շարունակ չարչրկվող հարցին, մանավանդ, որ միշտ խոսում ենք զբոսաշրջության զարգացումից, սակայն քաղաքային զուգարանների հարցն այդպես էլ մնում է չլուծված:

— Էլի ասեմ՝ շատ ճիշտ հարց ես բարձրաձայնում. այսօրվա դրությամբ փորձում ենք համապատասխան տեղեր ընտրել, թեկուզ վճարովի պետքարան լինի, բայց կանենք հերթով: Միանգամից ամեն ինչ հնարավոր չէ անել, շատ բան կա անելու:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ