Հարցազրույց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:
— Քաղաքում մշակութային կյանքը բավականին ակտիվ է՝ համերգներ, ցուցահանդեսներ, թատերական և երաժշտական փառատոներ, ոչ պակաս ակտիվ են նաև թանգարանները և համայնքապատկան մշակութային մյուս կառույցները: Կարծում եմ՝ գյումրեցին գոհ է Ձեր աշխատանքից՝ մանավանդ, նման կարծքիներ շատ հաճախ եմ լսել:
— Շնորհակալություն գնահատականի համար… Իրականում, ինձ համար միշտ քիչ է արվածը, ավելին կարելի է անել, եթե քաղաքի ֆինանսական, մարդկային, նյութատեխնիկական ռեսուրսները թույլ տան: Մենք ժամանակակից պահանջների հետ հակասությունների մեջ ենք՝ ռեսուրսների բացակայության պատճառով: Մեր քաղաքը մշակութային կառավարում իրականացնում է շատ փոքր բյուջեով և սա բարդացնում է աշխատանքը, թեև սովորեցնում է կառավարման հմտություններ՝ ինչպես գումար չունենալով կամ փոքր միջոցներով կազմակերպել, ստեղծել մեծը, ինչպես անել, որպեսզի թիրախային լսարանի որևէ սեկտոր նեղացած չմնա, որևէ անկյուն բաց չմնա: Մյուս կողմից ստիպում է հավատալ այն սկզբունքին, որ եթե փոքրով հնարավոր է այսպես անել, ապա պետք է անել ամեն ինչ, որպեսզի հնարավորությունները, միջոցներն ավելանան և ավելի շատն անել: Այո, չեմ բացառում, որ ինձ օգնում է նաև իմ երիտասարդական ավյունը, բայց չանձնավորելով և միայն իմ վրա չվերցնելով, պիտի ասեմ, որ հաճելիորեն ընդգրկվածություն տեսնում եմ մշակութային բոլոր կառույցների, համագործակից կազմակերպությունների կողմից:
— Ասել է թե՝ Ձեր ոգևորությունն ինչ-որ տեղ խթան է, մոտիվացիա է, որպեսզի դիմացինն էլ ոգևորվի:
— Եվ, եթե ինչ-որ տեղ հանկարծ դադար ես ունենում, արդեն իրենք են փորձում լցնել, առաջարկել՝ բացը լրացնել: Եվ վստահաբար կարելի է ասել, որ նրանց համար՝ ում համար աշխատում ենք, տեղ է հասել մեր արածը: «Արթ շաբաթ» դասական երաժշտության փառատոնն օրինակ բերեմ, որն ի սկզբանե Դուք լուսաբանել եք, հիմնվեց այն գաղափարի վրա, որ որևէ օղակ, որն իրականացնում է երաժշտական կրթություն, դուրս չի մնալու, և ներգրավվածություն է ունենալու «Արթ շաբաթում»՝ կլինի պատանի երաժիշտ-կատարողների տեսքով, թե նվագախմբերի կամ երգչախմբերի տեսքով: Մենք սկսեցինք ընդամենը Գյումրու ներուժերով, բայց այսօր արդեն բավականին լուրջ ընդգրկվածություն ունեն մայրաքաղաքի երաժշտական խմբերը, ոլորտի մասնագետները, երաժշտագետները, արվեստագետները, ինչպես, օրինակ, պետական ֆիլհարմոնիան, որն օգնեց կազմակերպել վարպետության դասերը: Այս շղթայի լայնացումը խոսում է այն մասին, որ այն ստացվել է: Գյումրուց ընդհանուր թվով բեմել են 200 և ավել երաժիշտ-կատարողներ, ընդգրկված էին Գյումրու արվեստի և երաժշտական բոլոր հաստատությունները, այդ թվում պետական նվագախմբերը, իսկ պետական սիմֆոնիկ նվագախումբը սիրահոժար համագործակցությամբ փակեց «Արթ շաբաթ» երաժշտական փառատոնը: Սա միասնականության և երաժշտական տոն ունենալու մեր բոլորի ընդհանրական ցանկությունն է եղել, և դրանով է պայմանավորված, որ կայացավ:
Դրանից մեկ ամիս առաջ մենք Գյումրիում իրականացրեցինք Հայաստանի երգչախմբային փառատոնը, բեմ բարձրացան 700 երգող երեխա, հանրապետության 14 համայնքներից 25 երգչախումբ Գյումրի էր ժամանել՝ երգելու հայկական երաժշտություն: Փառատոների հիմքում գաղափարն է. «Արթ շաբաթի» հիմքում դասական արվեստն է, Հայաստանի երգչախմբային փառատոնի հիմքում ազգային, հայկական երաժշտության պրոպագանդան է, որի աշխարհագրությունն ու ռեզոնանսն այնքան լայն էր, որ մենք նույնիսկ անակնկալի եկանք. չէինք հաշվարկել, և կամերային երաժշտության դահլիճում անհնար էր տեղավորել այդ քանակով հյուրերի: Մրցանակաբաշխության ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Այս ամենը մի կողմից ուրախացնում է, մյուս կողմից ի դրև են բերում այն բացերը, որ կան քաղաքում. համերգասրահի բացակայություն, ինչն էլ հակասության մեջ է բերում Մշակութային քաղաք տիտղոսի հետ՝ չունենալով համերգասրահ, պատկերասրահ, ֆիլհարմոնիա, ցուցասրահ, այնպիսի տեխնիկական ռեսուրս, որի անհրաժեշտությունը շատ-շատ է: Այս ալիքը մեզ ստիպելու է Մշակութային քաղաքը ձևակերպումից վերածելու իրականության: Արժանի ենք այդ տիտղոսին, բայց տիտղոսը կրելու համար բավականին ճանապարհ ունենք անցնելու: Այո, անբացատրելի մշակութային քաղաք ենք, դա ես չեմ ասում, դրա մասին են փաստում հազարավոր հյուրերի գնահատումը:
— Բացի երաժշտական արվեստի հաջողություններից, խոսենք նաև այլ ոլորտներից:
— Արձանագրենք համայնքային ցուցասրահի գերակտիվ կյանքը, և դա որպես ձեռքբերում է: Այս տարվա ընթացքում այդ ցուցասրահում բացվել է 7 ցուցահանդես, շուտով 8-րդը: Բոլորն եղել են մեկը մյուսից արժանի, պատվաբեր: Արդարացիորեն պիտի նշեմ Արաքս Մարգարյանի անունը՝ ում համառ ջանքերով, նախարարության ֆինանսավորմամբ իրականացվեց գյումրեցի նկարիչների՝ «Սերունդների երկխոսություն» ցուցահանդեսների շարքը, և նախագծից դուրս՝ «Գյումրեցի նկարիչներ» վերտառությամբ մենք ունեցել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ ևս: Սա խոսում է համայնքային ցուցասրահի՝ ֆիզիկական տարածքից արվեստային միջավայրի վերածվելու մասին: Որի շնորհիվ նկարիչ արվեստագետներն այս սրահն արդեն ընդունում են և հերթագրվում են ցուցահանդես բացելու համար: Քիչ չեն եղել, երբ նրանցից յուրաքանչյուրի դիտարկումը, թե այս անկյունն այսպիսի լուսավորության կարիք ունի, կամ այս պատը կարելի է այսպես օգտագործել՝ հաշվի են առնվել և իրականացվել են, և արդյունքում ոչ միայն փորձն է կուտակվում, նաև դառնում ենք ավելի հմուտ և փորձառու:
Թանգարանների զարգացման մասով. ինձ համար այս տարվա ամենակարևոր ձեռքբերումը Ասլամազյան քույրերի թանգարանի պատշգամբի վերանորոգման հարցն էր, որովհետև այս անձրևների ժամանակ անգամ չեմ ուզում մտածել, թե ինչ կարող էր լինել: Տիկնիկային թատրոնում վերանորոգման աշխատանքները ևս առաջնային են, որն արվել է, և դեռ արվելու է պետական սուբվենցիայի շնորհիվ: 2024թ-ին արդեն ամբողջ առաջին հարկն է վերանորոգվելու, և Տիկնիկայինի 100-ամյակին ընդառաջ մենք կունենանք ամբողջովին վերանորոգված, կենսունակ թատրոնի շենք:
Երևանի հետ կապի, համագործակցության իմաստով շատ կարևորում եմ մեր երեխաների պարբերական ելույթները մայրաքաղաքային բեմահարթակներում, որը հնարավոր է դառնում և մշակույթի նախարարության հետ ծրագրերի համագործակցությամբ, և քույր-դպրոցների, և անձնական, ձևավորված կապերի շնորհիվ, որն հասցրեցինք կուտակել այս մի քանի տարվա ընթացքում: Իսկ կամերային երաժշտության դահլիճի առկայությունը, արդեն վստահորեն կարելի է արձանագրել՝ փոխել է քաղաքի մշակութային կյանքը: Որովհետև այդ բեմահարթակից հասցրել են ելույթ ունենալ հայ և համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները՝ Ալեքսեյ Լյուբիմով, Խաչատրյան քառյակ, Կոմիտաս լարային քառյակ, Հմայակ Դուրգարյայն և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ, և շատ-շատերը, տասնյակ միջոցառումներ: Անգամ այստեղ ունենք հերթագրություն, թե հետո որ երգչախումբը կամ երաժիշտն է բեմելու: Շատերը կամերային դահլիճի բացումից հետո արձանագրեցին, որ հերթի մեջ պետք է լինի պատկերասրահը, համերգային ռոյալի ձեռքբերումը… պահը հասունացել է:
— Լիլիթ, շատ զբոսաշրջիկներ են քաղաք այցելում, արդյո՞ք քաղաքի մշակույթի բաժինն անելիք ունի, որպեսզի նրանք թե՛ մշակութային տպավորություններով վերադառնան, թե՛ քաղաք բերեն մշակութային զբոսաշրջիկների:
— Այն, ինչ կարող է անել մշակույթի բաժինը զբոսաշրջային ոլորտի զարգացման համար՝ պրոֆեսիոնալ և բարձրարժեք մշակույթ սպասարկելն է, ուրիշ մանդատ, գործառույթ մենք չունենք:
— Իսկ բացօթյա փառատոնե՞րը, օրացույցային ֆիքսված օրով չի՞ նպաստում:
— «Հայաթ ջազ», «Արթ շաբաթի» երկու օրերը բացօթյա են եղել: Մենք ունենք հաստատված ամառային բացօթյա ֆիլհարմոնիաների ծրագիրը, որը հուլիսի կեսերից մինչև սեպտեմբեր՝ ուրբաթից-կիրակի, համերգային բացօթյա համերգներ են լինելու, կարծում եմ սա ևս մշակութային զբոսաշրջային ոլորտին նպաստող քայլեր են:
— Վերջին շրջանում շատ հաճախ ինչ ասում-խոսում ենք, զբոսաշրջիկներին գոհացնելու մասին է, սակայն, ի՞նչ կարծիքի եք, քաղաքի բնակիչը, որը մշակույթի գործիչ չէ, արդյո՞ք բավարարված է, իրեն հասո՞ւ է քաղաքային մշակույթը, նկատի ունեմ այն, որ համերգները, ներկայացումները դահլիճներով են սահմանափակված…
— Մշտապես հակված եմ եղել նրան, որ մեր գործունեությունը պետք է նախ և առաջ միտված լինի տվյալ համայնքի բնակչի կյանքի որակի փոփոխությանը, որովհետև երբ դա փոխվի, ավտոմատ կերպով կփոխվի զբոսաշրջիկների նկատմամբ ընկալումները: Իսկ մենք թիրախային առաջնահերթություն մեզ համար չենք համարել զբոսաշրջիկը, այլ մեր համայնքի բնակիչն է: Ինչ խոսք, Ձեր հարցադրման իմաստը հասկանում եմ, այստեղ ևս շատ անելիք կա, չեմ ասում, թե բոլորին հասանելի է, պետք են ավելի շատ համաքաղաքային միջոցառումներ, մեծ թվով հանդիսատեսի սպասարկող համերգասրահ, որ նոր վստահ լինես, թե ամենուրեք հասանելի է: Իրականում, մեր քայլերը, որ ուզում ենք փառատոնային քաղաք դարձնել Գյումրին, հենց դրան են միտված: Օրացույցային ֆիքսված փառատոները մարդ են բերում քաղաք և քաղաքային ակտիվություն առաջացնում: Դրա համար էլ շատ ծրագրեր ենք մշակում, օրինակ, Դալան-ֆեստին ենք ուզում կենդանություն տալ, որը 2019-ին սկսվեց, ռոք երաժշտության սիրահարների համար էր այն նախատեսված: Թատերական միջազգային փառատոնը, որն իրականացվեց Գյումրիում, ճիշտ է, դա նախարարության ֆինանսավորմամբ և ոլորտի պատասխանատուների, կարկառուն գյումրեցիների ջանքերով էին, բայց դա ևս մեր քաղաքի համար նշանավոր իրադարձություն էր: Եվ երբ թվարկում ես. Հայաթ-ջազը՝ ջազի սիրահարների համար, Դալան-ֆեստը՝ ռոքի սիրահարների համար, Արթ շաբաթը՝ դասականի սիրահարների համար, այս մի քանիսին ևս մի քանիսն ավելացնելով՝ կարծում եմ լուրջ արձանագրումներ կունենանք:
— Տարիներ առաջ Գյումրիում Դուդուկի փառատոն անցկացվեց, շատ լավն էր: Ի՞նչ կարծիքի եք, ժողգործիքների, անգամ, այսպես ասած, «մեռնող» գործիքների վերակենդանացման համար հետաքրքիր չի՞ լինի նման ծրագիր ևս իրականացնելը:
— Հերթական նորությունը Ձեզ ասեմ՝ մտածում ենք Ժող-ֆեստի մասին, որտեղ բաց հարթակ կլինի, մարդիկ կհերթագրվեն, հերթով ժողովրդական երաժշտություն հնչեցնելու համար, որը կլինի քաղաքի մի քանի հատվածներում՝ սկսած պատանի դուդուկահար, դհոլահարներից և վերջացրած պրոֆեսիոնալ խմբերի մասնակցությամբ: Մյուս ամբիցիոզ գաղափարը, որն ինձ հուշել է Կոնսերվատորիայի ռեկտոր Հասմիկ Հարությունյանը, և մենք ճանապարհներ ենք մտածում այն իրականցնելու համար, աշուղական մեջլիսների վերականգնումն է մեր քաղաքում: Մենք ունեցել ենք Շերամ, Ջիվանի, Հավասի, պատմությունից վեր հանելով այդ ժամանակաշրջանները, թե ոնց են տարբեր տարածաշրջաններից եկել, մեջլիս մտել, պատմության թանգարանում պաստառներ ունենք պահպանած և այլն, սա Ալեքպոլյան մշակույթի վերհանման շատ գեղեցիկ ձևակերպում կլինի, մի քիչ դժվար է, բայց հնարավոր է:
— Մեկ փառատոնի հուշում էլ… էթնիկ երաժշտական գործիքների փառատոն կարելի է կազմակերպել. քամանչա, սազ, թառ, բանջո, սիտարա, բալալայկա՝ տարբեր ազգային գործիքների փառատոն, որն այդ ազգերի ներկայացուցիչների կբերի քաղաք:
— Այսպիսի համարձակ գաղափարներ կարելի է, բայց սկզբի համար միջավայր պետք է ստեղծել, լուրջ ու զգույշ քայլերով:
— Վերջում խոսենք «Քաղաքի օր» կարևոր մշակութային միջոցառումից…
— Այս տարվա բյուջեն ավագանու որոշմամբ՝ 9մլն դրամ է: Ինչպես գիտեք, չպետք է համեմատենք անցած տարվա միջոցառման հետ, քանզի անցածը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ էր, և միայն բեմի և լուսաձայնային տեխնիկայի ոչ պաշտոնական արժեքը 70մլն և գուցե ավել էր: Դեռ քննարկման փուլում է, տարբեր, բազմաբնույթ միջոցառումներ կլինեն՝ պահպանելով ունեցած ավանդականը և ավելացնելով նորը: Սա այն օրն է, որ քաղաքի բարձրարժեք մշակույթը պիտի բեմ բարձրանա, ցուցասրահներում լինի, թանգարաններում, բակերում, փողոցներում լինի, պրոպագանդվի, որին մասնակից պիտի լինեն ոչ միայն մեր քաղաքի բնակիչները, այլև հյուրերը: Եվ բոլոր ոլորտները պետք է ընդգրկված լինեն՝ թե արվեստը, թե սպորտը, թե արհեստը: