ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Յուրաքանչյուր բիզնես, առանց տեխնիկական գիտելիքների, չի կարողանալու ինտեգրվել ապագայի մեջ»

Հարցազրույց «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» (ԳՏԿ) ծրագրի ղեկավար ԲԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

ՏՏ ոլորտը տնտեսության այն ճյուղերից է, որին կարանտինը չէր կարող լուրջ անհարմարավետություններ ստեղծել. խոսքն, իհարկե, աշխատանքի բնույթին է վերաբերում, քանզի ծրագրավորողները գործում են վիրտուալ տիրույթում: Այդպես է, չէ՞:

— Այո, շատ ոլորտներ ծանր տարան, ճգնաժամ ապրեցին ստեղծված իրավիճակում: Իսկ IT ոլորտի համար կարծես որպես հնարավորություն ենք դիտարկում, այլ ոչ թե որպես դժվարություն: Այո, շատ բարդ է, անհասկանալի ու անկանխատեսելի իրավիճակում աշխատաոճ փոխելը: Պարզ է, չէ՞. հիմա բոլորը սպասում են նորարություների, բոլորի ուշադրությունը սևեռված է ՏՏ ոլորտին, որովհետև այս իրավիճակը ցույց տվեց, որ յուրաքանչյուր բիզնես կամ անհատ առանց ինչ-որ տեխնիկական գիտելիքների՝ ապագայում չի կարողանալու ապրել, ինտեգրվել ապագայի մեջ:

Ուզում եք ասել, որ ապագայում տնտեսությունը, կրթությունը, բիզնեսը անցնելու են ավտոմատացմա՞ն, օնլայն հարթակի՞:

— Այո, կյանքի զարգացման ընթացքը տանում է դրան: Ինչպես գիտեք, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը աշխատում է 3 հիմնական ուղղություններով՝ գործարարության խթանում, կրթական ծրագրերի իրականացում և տարածաշրջանային զարգացում: Կրթության բլոկն անցել ենք օնլայն. բոլոր թրեյնինգները հեռավար են անցկացվում: Ունենք հարթակ, որտեղ կոմունիկացվում ենք մեր ուսանողների հետ, ոչ մի ընթացիկ դասընթաց չենք դադարեցրել: Նաև մեկնարկել են նոր ծրագրեր. ոսկերչության ոլորտում: Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Բաղեշյան» ընկերության հետ իրականացնում ենք մի նոր նախագիծ, որը ոսկերչության ոլորտում տեխնոլոգիական գործիքների կիրառմանն է միտված:

Դա նանոտեխնոլոգիաների մասո՞վ է:

— Ոչ: Դա զարդերի նախագծման փուլին է վերաբերում. զարդը, նախքան ֆիզիկական արտադրությունը, նախագծվում է: Մենք այս պիլոտային ծրագիրն իրականացնում ենք Շիրակի և Լոռու մարզերում: Ունենք 100-ից ավել դիմորդ: Մենք դասավանդում ենք 3D մոդելավորման ծրագրեր, և ուսանողները կարճ ժամանակահատվածում կտիրապետեն այդ ծրագրերին, իսկ լավագույնները կկարողանան գործնական աշխատանքի անցնել «Բաղեշյան» ընկերության հետ՝ հեռավար կարգով: Այս ծրագիրը հնարավոր է ռեպլիկացիա անել այն ոլորտներում, որոնք առաջին հայացքից կարծես կապ չունեն տեխնոլոգիաների հետ:

Մեր մյուս բլոկը, որը կապված է գործրարության հետ… աշխատում ենք և՛ տեղական ստարտափների, և՛ անհատների, և՛ միջազգային ընկերությունների հետ՝ խրախուսելով, որ իրենց մասնաճյուղերը բացեն Գյումրիում: Մեր վերջին խոշոր հաջողություններից մեկը «Սինոփսիս» ընկերությանը Գյումրի բերելն էր: «Սինոփսիսը» նաև կրթական ծրագրեր է իրականացնում Պոլիտեխնիկ համալսարանում: Նախատեսում ենք մեծ ծրագիր՝ Պոլիտեխնիկի ՏՏ դեպարտամենտների ամբողջական փոփոխության և վերազինման հետ կապված: Համագործակցում ենք Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության, «Սինոփսիս» ընկերության, մի շարք միջազգային համալսարանների հետ:

Իսկ ինչպե՞ս է կազմակերպվում աշխատանքներն այն ընկերությունների հետ, որոնք տեղակայված են ԳՏԿում:

— Ընկերություններն աճ են ապրում, ինչպես և նորարությունները: Եվ այս ընթացքում մենք աջակցել ենք ընկերություններին, որ կարողանան դիմել ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի, որ իրենց գաղափարները ճիշտ փաթեթավորեն, ճիշտ մատուցեն: Մի քանի գրանտային ծրագիր թողարկեցինք, որից մեկը, եթե մարզում ես փորձում բիզնես սկսել, ապա 15 տոկոս համաֆինանսավորմամբ դրամաշնորհ է՝ մինչև 50 հազար դոլար: Այսինքն, այս ծրագրերով փորձում ենք խթանել նոր ստարտափների ստեղծմանը: Առաջին փուլն արդեն մեկնարկել է, շուտով հայտնի կլինեն հաղթողները: Ունենք նույն գրանտի 2-րդ փուլի հայտարարում: Այնպես որ, նրանք, ովքեր ունեն գաղափարներ և ցանկանում են դիմել, խրախուսում ենք: Իսկ մենք ընթացքում կաջակցենք, որպեսզի ճիշտ մատուցեն: Այս և այլ հանգամանքներ նկատի առնելով եմ փաստում, որ մեր մոտ տեղակայված ընկերությունների մոտ աճ է գրանցվում, որովհետև ոլորտները, բիզնեսները ձևափոխվելով, անցում են կատարում ավտոմատացման, և իրենց անհրաժեշտ են սկսած պարզ վեբ-կայքերից, վերաջացրած կոմպլեքս լուծումներ:

Ինչպես և կայքերի, ծրագրերի վրա աշխատող մասնագետների կարիքը կունենան, որոնց ապահովումը ևս կկարողանաք լուծել:

— Այո, իհարկե: Հենց ընկերությունների հետ համատեղ վերապատրաստում ենք մասնագետներ, անցնում են պրակտիկ շրջան, իսկ լավագույններն աշխատանքի են տեղավորվում: Մենք նկատում ենք նաև ներհոսք. եթե մինչ այս մասնագետները Գյումրիից գնում էին, ասենք, Երևան, հիմա արդեն հակառակ տենդենցն է նկատվում, քանի որ տեսան, որ Գյումրիի տեխնոլոգիական հնարավորությունները զարգանում են, և իրենք այստեղ ունեն նույն այն հնարավորությունները, ինչ Երևանում, կամ այլ երկրում: Այսինքն, ֆիզիկական ներկայության գաղափարն ամբողջությամբ կորում է, ինչը պանդեմիայի ընթացքում առավել քան ակտուալ էր:

Կենտրոնի առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Այս առումով տարեկան 100-ից ավել միջոցառումներ ենք կազմակերպել՝ 200-ից ավել մասնակիցներով: Եվ այս ամենը տեղափոխել ենք օնլայն հարթակ: Հրավիրել ենք մասնագետների, ովքեր թրեյնինգներ, վեբինարներ, սեմինարներ են անցկացնում հեռավար կերպով:

Մի ծրագրից էլ խոսեմ. այն վերաբերում է կին-ձեռներեցներին: Համաշխարհային բանկի հետ համատեղ ենք իրականացնում՝ Գյումրիում, Վանաձորում և Երևանում, չնայած մարզային սահմանափակում չկա: Խրախուսում ենք բոլոր կին-ձեռներեցներին, օգտագործել այս հնարավորությունը, ու այս իրավիճակում իրենց գաղափարները վերածեն բիզնես-մոդելի ու կարողանան հիմնադրել իրենց բիզնեսը: Իսկ նրանք, որ արդեն ունեն, աջակցելու ենք, որ տեխնոլոգիական լուծումներ ինտեգրեն իրենց բիզնեսի մեջ: