Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլում Դանիայի կրած պարտությունից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, բավական վրդովված, չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին և միայնակ հեռացավ ստադիոնից: Մխիթարյանը հեռացավ մեզ համար մղձավանջային դարձած մի միջավայրից, որտեղ գտնվելը ոմանց համար նույնիսկ ամոթ է: Հայաստան-Դանիա հանդիպումը նման էր հայկական ֆուտբոլի հոգեհանգստին, որին կհաջորդի հուղարկավորության արարողությունը:
Շատերը խայտառակ պարտության մեջ շարունակում են մեղադրել ֆուտբոլիստներին, գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին՝ փորձելով հասկանալ տապալման պատճառները: Այս տապալումն ունի մեկ հեղինակ և մեկ պատճառ՝ «Նեմեց Ռուբո», ով պետք է հեռանա: Նա դեռևս երկու տարի առաջ տղավարի խոսք էր տվել, որ այս շրջափուլում ձախողվելու դեպքում կգնա: Կրկին անգամ մեջբերենք նրա խոսքերը. «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»:
Հավաքականի նման ելույթից հետո Հայրապետյանը պետք է հեռանար երեկ: Հայտարարեր իր հրաժարականի մասին և լքեր «Հանրապետականը»: Բայց դա տեղի չունեցավ, նրա փոխարեն մարզադաշտից «գլուխը բռնած» հեռացավ ազգային թիմի ավագը: Սովորույթի համաձայն՝ բոլոր հանդիպումներից հետո մեր ֆուտբոլիստները մոտենում էին տրիբունաներին և շնորհակալություն հայտնում երկրպագուներին աջակցության համար: Այս անգամ ֆուտբոլիստներն ուղղակի ծլկեցին հանդերձարան: Ամաչեցին ֆուտբոլասերներից: Գոնե լավ է, որ ֆուտբոլիստները չեն կորցրել ամոթի զգացումը, ինչը չես ասի ՀՖՖ նախագահի մասին:
Պարտություններից հետո հավաքականի մարզիչներից շատերը ներողություն էին խնդրում ֆուտբոլասերներից: Այս անգամ Արթուր Պետրոսյանը ներողություն չխնդրեց: Մեր մարզիչը կրկին խոսեց ֆուտբոլիստների ցածր որակների մասին՝ նշելով, որ ուղիղ պաս տալ ֆուտբոլիստները պետք է սովորեն իրենց թիմերում: «Մենք ունեցել ենք 4 օր, այդ 4 օրում ոչինչ փոխել հնարավոր չէ, հատկապես տեխնիկայի հետ կապված հարցերը»,- ասում էր Պետրոսյանը: Նա գոնե ձևի համար իր վրա չվերցրեց խայտառակության պատասխանատվությունը: Դե, բնական է, Նեմեց Ռոբոյի մոտ աշխատելիս դժվար է պահպանել բարձր մարդկային որակները:
Այժմ անդրադառնանք մի խնդրի, որը դարձել է քննարկման լայն առարկա: Խոսքը Հենրիխ Մխիթարյանի՝ վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականում ոչ այնքան տպավոիչ ելույթների մասին է: Ոմանք այն կարծիքին են, որ Մխիթարյանն ուղղակի «վիզ չի դնում» մեր ազգային թիմում՝ վնասվածքներից խուսափելու համար: Հակառակ նման պնդումների՝ նշենք, որ Մխիթարյանը խաղում է այնքան, որքան կարող է: Երբ հավաքականում խաղում էր Յուրա Մովսիսյանը, դաշտում էր Գևորգ Ղազարյանը, իսկ Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիզելին լավ մարզավիճակում էին գտնվում, Մխիթարյանը խաղում էր, քանզի առջևի գիծը մեկ մարմին էր: Իսկ ո՞ւմ հետ կամ ինչպե՞ս խաղա Մխիթարյանը: Կամո Հովհաննիսյանի՞, ով գնդակն առած՝ գլուխը կախ «էս ծերից են ծերն է վազում», թե՞ Արտակ Գրիգորյանի, ով գնդակով «քշում է» մրցակցի 3-4 խաղացողների վրա: Այսօր հավաքականում չունենք մտածող, ֆուտբոլային ինտելեկտ ունեցող խաղացողներ, որոնց հետ մեր սիրելի Հենոն կարող է խաղալ և արդյունքի հասնել:
Այո, թույլ մրցակիցների դեմ խաղում Մխիթարյանը կարող է միայնակ բեկել հանդիպման ընթացը, բայց Դանիան ամենևին էլ թույլ չէր: Ղազախստանի հետ հանդիպմանը Մխիթարյանը միայնակ հաղթանակ կերտեց՝ ստիպելով մրցակցին կարմիր քարտ ստանալ և դառնալով մեր թիմի առաջին գոլի հեղինակը:
Հասկանալ է պետք՝ Հայաստան-Դանիա հանդիպումներ դեռ շատ են լինելու, քանի դեռ հայկական ֆուտբոլը Հայրապետյան Ռուբենի բռի մեջ է: Իսկ երկրպագուն կանգնած է ճակատագրական ընտրության առջև՝ կա՛մ պետք է վերադարձնի ֆուտբոլը ժողովրդին, կա՛մ հանդուրժի, որ Հայաստանի ազգային հավաքականը վերջնականապես դառնա Նեմեց Ռուբոյի դուքանը:
Հեղինակ՝ Նարեկ Մկրտչյան