ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկա Սահմանադրությունն ուղղակի փորձանք է մեր գլխին, այն դեռ բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

Պարոն Աբրահամյան, մեր հարցազրույցը վերաբերելու է այսօրվա ամենաակտուալ թեմային՝ հանրաքվեին: Երկրի գլխավոր դատարանում փոփոխություն կատարելու այն միա՞կ ճանապարհն էր, թե՞ հեղափոխությունը կարող էր ավելի վաղ թելադրել իր խաղի կանոնները, և այսօր ՍԴն չէր հայտնվի ճգնաժամի մեջ:

— Մենք արտահայտել ենք ՀԱԿ-ի դիրքորոշումը մոտ մեկ տարի առաջ. անհրաժեշտ է փոփոխություններ կատարել իշխանության բոլոր ճյուղերում: Օրենսդիր իշխանության խնդիրը լուծվեց լեգիտիմ ընտրությունների միջոցով: Կառավարությունն արդեն ձևավորվեց խորհրդարանի կողմից: Դատական համակարգը բաց մնաց… Երրորդ իշխանությունում, ըստ էության, լուրջ փոփոխություն չկատարվեց: Սահմանադրական դատարանի, որպես այդ համակարգի առանձին մի կառույց, որը սահմանադրական արդարադատության լիազորություն ունի, խնդիրը պետք էր շատ արագ լուծել: Ակնհայտ էր, որ այս ՍԴ-ն նախկին ռեժիմի ժառանգությունն է, այն ձևավորվել էր հատուկ առաքելությամբ: Սերժ Սարգսյանը, երբ փոխում էր համակարգը, ամբողջ Սահմանադրությունն էր փոխում, բնականաբար, նա ուներ իր համար մշակած որոշակի ռազմավարություն. դա և՛ կառավարման համակարգի, և՛ այլ փոփոխություն էր, բայց իր համար շատ կարևոր էր ՍԴ-ի խնդիրը: Ինչո՞ւ: Որովհետ Սահմանադրական դատարանը պետք է դառնար իր իշխանության հարատևության գլխավոր երաշխավորը: Եվ Սարգսյանն առաքելություն էր դրել, որ պիտի փակեր բոլոր հնարավոր ճանապարհները՝ այս կամ այն կերպ իրեն ոչ հարմար, ոչ ձեռնտու փոփոխություններ Սահմանադրությունում կամ օրենքներում կատարելու համար: Որովհետև իրավիճակը կարող էր փոխվել, և նա իր իշխանության հարատևությունը գուցե և կարող էր ապահովել, բայց քաղաքական գործընթացները նա չէր կարող կանխատեսել: Կարող էին ստեղծվել իրավիճակներ, ստեղծվեր ուժեղ ընդդիմություն, խորհրդարանում առաջանար քիչ, թե շատ կշիռ ունեցող ընդդիմադիր խմբակցություն: Իհարկե, ըստ Սերժի, նա իշխանություն չէր տա: Բայց նրանք կարող էին փորձել փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ: Եվ ՍԴ-ի գլխավոր խնդիրն այն էր, որպեսզի բացարձակապես թույլ չտար որևէ մեկը մոտենա սիստեմին, որը Սերժ Սարգսյանը ձևավորել էր իր հավերժ իշխանությունը ապահովելու համար:




Հիմա, բնականաբար, այս ՍԴ-ն չէր կարող վայելել վստահություն, առավել ևս, որ կային առնվազն երեք հանգամանք, որոնք միանգամից կասկածի տակ էին դնում ՍԴ-ի լեգիտիմությունը:

  1. Սահմանադրության անցումային դրույթներում հայտնի 213-րդ հոդվածը, որով Սերժ Սարգսյանը այս ՍԴ-ի լիազորությունները երկարաձգել էր մինչև 2035 թիվը: 213-րդ հոդվածում առկա հակասությունն, այնուամենայնիվ, իրենք աչքաթող էին արել: Եվ այդ հակասության հետևանքով առաջանում էր բնական խնդիր, որի մասին շատ մանրամասն խոսեց Վահե Գրիգորյանը, որ այս ՍԴ-ն չի կարող համարվել լեգիտիմ Սահմանադրական դատարան, որովհետև նոր Սահմանադրությամբ, նրանք պետք է լինեն դատավորներ, իսկ այս մարդիկ ուղղակի ՍԴ-ի անդամներ են: Հակասությունն արդեն բավարար էր, որպեսզի ՍԴ-ի լիազորությունները կասկածի տակ դրվեին:
  2. Մենք այս մասին ևս բարձրաձայնեցինք և ուշադրություն հրավիրեցինք. Հրայր Թովմասյանը ՍԴ-ի ղեկավար ընտրվել է զեղծարարությամբ, թեկուզ միայն այն, որ Գագիկ Հարությունյանը, որին մնացել էր պաշտոնավարել 25 օր, անսպասելի հրաժարական է տալիս… Այսպիսով, ՍԴ-ի ղեկավարը նշանակվել է զեղծարարությամբ և դեռ պետք է քննություն գնա՝ հանգամանքները պարզելու: Եվ չի բացառվում, և մենք պնդում ենք, որ այդտեղ քրեական հետապնդում պետք է լինի:
  3. ՍԴ-ի լիազորությունների իրավաչափությունը կասկածի է ենթարկվում, որովհետև այս Սահմանադրությունը, որի գլխավոր հեղինակն հենց Հրայր Թովմասյանն է, ՍԴ-ին տրված են այնպիսի լիազորություններ, որոնք կարելի է համարել վերպետական: Այսինքն, նա ունի անսահմանափակ իշխանություն, կարող էր թույլ չտալ Սերժ Սարգսյանին ոչ հաճո ցանկացած փոփոխություն: Այսպիսի գերլիազորություններ ոչ մի ՍԴ աշխարհում չունի:

Այս 3 հանգամանքները լրիվ բավարար էին, որպեսզի ՍԴ-ի  նկատմամբ անվստահություն ձևավորվեր և նրա լեգիտիմությունը չճանաչվեր, ինչը և տեղի է ունեցել: Իշխանությունն ուներ լուծում, որը թե մենք, թե շատերն առաջարկում էին, պետք էր շատ արագ այդ որոշումները կայացնել, որովհետև այս ՍԴ-ն դառնում էր ցնցումների գեներատոր:

Ստացվում է, որ մեզ հայտնի սուպերնախագահ, սուպերվարչապետ հասկացության փոխարեն մենք ունեինք սուպերՍԴ:

— Այդպես էլ կա՝ սուպերՍԴ, որի ձեռքն էր հանձնվել անսահմանափակ իշխանություն: Այս խնդիրը լուծելն անհրաժեշտ էր:

Ճգնաժամն հաղթահարելու համար ԱԺն փորձեց վաղ թոշակի ուղարկել ՍԴ անդամներին, բայց պարզվեց, որ այն ժամանակի անտեղի կորուստ էր:

— Միանշանակ՝ ժամանակի կորուստ էր, ընդ որում, չարդարացված: Այն ռազմավարությունը, որն ընտրեց իշխանությունը, չընդունելով մեր առաջարկները, չընդունելով Վահե Գրիգորյանի առաջարկներն ու փաստարկները, չընդունելով բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչների առաջարկը, ինքը փորձեց գնալ, այսպես ասած, թավշյա ճանապարհով: Այսինքն, ոչ թե կտրուկ լուծում տալ խնդրին, այլ գնալ մի այնպիսի ճանապարհով, որն իր կարծիքով, կմեղմեր Արևմուտքին, որ հնարավոր բացասական արձագանքներ չստացվեին: Սակայն այդպես չեղավ, և ոչ միայն կորցրեցին ժամանակ, ոչ միայն երկրում լարվածության օջախ պահպանեցին, այլ նաև, ի վերջո, չստացան Եվրոպայի միանշանակ աջակցությունը: Այսինքն, իրենց նախընտրած ռազմավարությունը սխալ էր:

Երբ լուծվի ՍԴի հարցը, այն կազդի՞ ողջ դատական համակարգի վրա:

— Տեսեք, այս ՍԴ-ի հարցի լուծումը նախևառաջ երկրի կայունության ապահովման խնդիր է: Երբ որ այսպիսի մի կարևոր մարմին լեգիտիմ չէ, հետևաբար նա չի կարող  կայացնել նաև լեգիտիմ որոշումներ: Նրա որոշումների օրինականությունն անընդհատ վիճարկվելու է հասարակության կողմից: Պատկերացրեք, ինչպես այն կարող է հանգեցնել անկայունության: Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև համոզված եմ, որ նախկին ռեժիմը, որ ուզում է պահպանել այս ՍԴ-ն, պաշտպանում է ատամներով, ինքն էլ ունի իր ռազմավարությունը՝ կապված ՍԴ-ի հետ: Բացատրեմ, թե ի՞նչ հետևաք կարող է ունենալ: Հիմա մենք ունենք ճգնաժամ, իշխանության կարևոր մարմինները որոշել են դիմել ժողովրդին՝ հանրաքվեի հարցով, բայց այս ՍԴ-ն շատ հանգիստ կարող էր կասեցնել դրա ընթացքը: Հիմա, պատկերացրեք, գալիս են ընտրություններ, արդյունքները տարբեր ուժեր վիճարկում են այս ՍԴ-ում: Այս ՍԴ-ի վճիռները, այդ քվեարկության արդյունքներով, ակնհայտորեն, շատերը չեն կարող ընդունել: Չընդունելու հետևանքով առաջանալու է քաոս: ՍԴ-ի կարևորագույն քաղաքական գործառույթն այն է, որ նա հաստատում է իշխանության լեգիտիմությունը: Ընտրություններից հետո, եթե լինում են վեճեր, իսկ վեճերը կապված են արդյունքների օրինականության հետ, ի վերջո, ձևավորվող իշխանության օրինականության հետ: ՍԴ-ն իր վճռով լուծում է այդ լեգիտիմության հարցը, ասում է՝ այս իշխանությունը լեգիտիմ է: Երբ որ այդ Սահմանադրական դատարանի լեգիտիմությունն ինքն է կասկածի տակ, ապա նրա որոշումներն արդեն ունենում են լրջագույն հետևանքներ: Սա բերելու է ցնցումների, քաոսի, ապակայունության: Մեր դիրքորոշումն է՝ քանի որ մենք երկրում ունենք դանդաղ կամ արագ գործողության մի ռումբ դրված, որն անընդհատ առաջացնելու է ցնցումներ, ապակայունացնելու է վիճակը, ուրեմն առաջնային խնդիրն է՝ շատ արագ լուծել լեգիտիմ Սահմանադրական դատարանի խնդիրը:

Ըստ Ձեզ, խորհրդարանական ընդդիմադիր ուժերն ինչո՞ւ են հակասահմանադրական համարում հանրաքվեն:

— Այդպիսի հայտարարություններ են անում այն ուժերը, որոնք ըստ էության նախկին ուժերն են. դա Քոչարյանն է՝ իր թիմով, դա Սերժ Սարգսյանն է՝ ՀՀԿ-ով, դա Դաշնակցությունն է, և հիմա էլ «Լուսավոր Հայաստանը», որի թիկունքում ով լինելու մասին բոլորն են խոսում, և ԲՀԿ-ն, որը նախկին ռեժիմի ներկայացուցիչ է: Այսինքն, կրկնվեմ, հանրաքվեի օրինականությունը կասկածի տակ է դնում նախկին ռեժիմը: Մենք այդ ռեժիմին 20 տարի է՝ շատ լավ գիտենք, ոչ մեկը մեզ չի կարող համոզել, որ նրանք օրինականության, արդարության մարտիկներ են կամ ջատագովներ: Ի՞նչ խնդիր են իրենք լուծում: Դա այն է, որ կապված է ՍԴ-ի՝ ապագայում ունեցած իրենց առաքելության հետ: Նրանք գիտեն, որ իշխանության գալու մեկ ճանապարհ կա՝ երկրում ներքին իրավիճակն ապակայունացնելու, ցնցումներ առաջացնելու, խառնաշփոթ ստեղծելու միջոցով, ինչն ամբողջությամբ կվերագրվի ներկա իշպանությանը, և այդ իրավիճակում իրենք կուզենան փորձել իշխանության ռեստավրացիայի հարցը: Եվ քանի որ հիմա գնում է գործընթաց, որ այս ՍԴ-ն կարող ենք արանքից հանել, հետևաբար ձախողվում է նաև իրենց ամբողջ պլանը:

Ձեր նշած ուժերի կողմից «ՈՉ»-ի ճամբարն, այսպես ասած, «անտեր» թողնելը, կարո՞ղ ենք կապել նրա հետ, որ իրենք հասկանում են, որ իրենց ակտիվությունն առնվազն կբերի ժողովրդի գերակտիվության:

— Տեսեք, Մարուքյանը մոտավորապես ինչ ասաց. «Մենք չենք մասնակցի, «Ոչ»-ի ճակատ չենք ձևավորի, որպեսզի իրենք չհաղթեն»: Մարուքյանի անկեղծությունը կարելի է գնահատել: Իր ասելով, մասնակցությունը կբերի հակառակորդի հաղթանակին: Ըստ էության, մոտ նույն պահվածքն են դրսևորում նաև մյուսները: Ես կարող եմ արդեն շնորհավորել «Այո»-ի կողմնակիցներին: Ժողովուրդը պիտի կայացնի որոշում, հակառակ ճամբարն արդեն համոզված է ժողովրդի որոշման դրական լինելու մեջ: Ես վստահ եմ, որ ժողովուրդն անպայման ճիշտ վճիռ կկայացնի: Երբ ժողովուրդը ճիշտ է ընդունում խնդրի կարևորությունը, ոչ թե ճոռոմ կոչերով պետք է նրանց դիմել, այլ պետք է մարդկանց բացատրել խնդիրը, հնարավոր հետևանքները, առավելությունները, սրանով պետք է զբաղվի «Այո»-ի ճակատը: Մարդուն կոչ անելն անիմաստ է, եթե նրա համար անհասկանալի է, թե իրենից ինչ է կախված: Կրկնում եմ. լեգիտիմ ՍԴ-ի հարցը հրատապ է, այն պիտի լուծվեր դեռ 1,5 տարի առաջ: Բայց սա դեռ մասնավոր հարց է, իսկ գլխավոր խնդիրը դեռ մնում է, այն է՝ ամբողջ Սահմանադրության վերանայումը: Սա մեր հետագա ամբողջ ընթացքի, պետության ապագայի խնդիրն է: Ներկա Սահմանադրությունն ուղղակի փորձանք է մեր գլխին, այն դեռ բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու: