ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներքին կանոնադրությամբ ու չգրված օրենքներով

Գործազրկության, աշխատանք փնտրողների եւ ցածր աշխատավարձերի ցուցանիշներով պատվավոր առաջին հորիզոնականից արդեն քանի տարի չիջնող Գյումրիում գտնել մեկին, ով առանց վախենալու, անուններ տալով ու հստակ փաստերով կխոսի սեփական իրավունքների ոտնահարման մասին՝ գրեթե անհնար է. քաղաքը փոքր է, մարդիկ՝ տեսուծանոթ, մեկի գործատուն մյուսի հարեւանն է, մեկի աշխատակիցը՝ բարեկամի ընկերը. աշխատանքային իրավունքներն էլ իրավաբանական փաստաթղթերի, պարտականություննների ու սահմանված նորմերի փոխարեն հաճախ կարգավորվում են ներքին՝ քաղաքին բնորոշ չգրված օրենքներով։

 ԱՆպայմանաԳԻՐ

Առանց պայմանագրի, անգիր ու բանավոր սկսվում, կարգավորվում ու վերջանում են գործատու-աշխատակից հարաբերությունները։ Գյումրիում բնակչության թիվը թղթի վրա 120 000-ին է մոտ, փաստացի ապրողների թիվը  ամենատարբեր հարցումների տվյալներով չի անցնում 70 000-ը։ 70 000-ից մոտ 17 000-ը  ըստ ազգային վիճակագրական ծառայության վերջին զեկույցի՝ աշխատանք է փնտրում։ Ֆիքսենք. 70 000-ից 17 000-ը՝ ըստ թղթերի, թե քանիսն են ազգ-բարեկամ-ծանոթ շրջանակում փնտրում աշխատանք՝ չհստակեցվող թվերի շարքից է. 45 տոկոս աղքատություն ունեցող մարզում կարեւորը օրվա հացի հայթաթումն է, թե պետք է՝ նաեւ գործատուի քիթ ու մռութի հետ գնալու գնով։

ԱՌԱՆՑ ձևակերպման

Հարկային պարտավորություններից խուսափելով ու բանավոր համաձայնությամբ. այսպես ձեռնտու է գործատուին։ Աշխատանք փնտրողը գտնելիս չի մտածում ստաժի, աշխատանքային վեճերի ժամանակ հարաբերությունների կարգավորման եւ կամ անհրաժեշտության դեպքում աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցելու մասին։ Առանց լրացուցիչ հիմնավորումների ու պարզաբանումների՝ գործազրկության բարձր ցուցանիշի պատճառով  առավել բարենպաստ դիրքում հայտնված գործատուն երբ ուզի կազատվի անցանկալի աշխատողներից։ Աշխատողը բացի բարոյական դատարանից, ուրիշ որեւէ տեղ հարցը վիճարկելու տարբերակ չունի. թղթեր չկան, պարտավորություններ՝ եւս։

ԱՆտեղյակ՝ իրավունքին

«Չգիտեի», «եթե շուտ իմանայի», «որ խելացի մեկն ասեր». այսպես գրեթե միշտ՝ աշխատանքը կորցնելուց հետո։ Տարածաշրջանային սպեցիֆիկա է. աշխատանքը թափված չէ, փնտրողները լիքն են, չես անի դու, կանի մեկ ուրիշը։ Իրավունք պաշտպանողները վտանգում են մեկ այլ տեղ աշխատանք գտնելու հավանականությունը։ Գործատուն միշտ շահեկան դիրքում է, երբ աշխատանքի պահանջարկը մեծ է առաջարկից։ Աշխատատեղը կորցնելու վախով պայմանավորված ու եղածն էլ չկորցնելու տրամաբանությամբ՝ աշխատողը համաձայնում է գործատուի պայմանին։ Ավել գրել-քիչ տալուց մինչեւ աշխատեցնել-չվճարելը, կամայական հետպահումներն ու աշխատանքը պատշաճ չկատարելու հիմքով կրճատված աշխատավարձերը բնական են ու զարմանք վաղուց չեն հարուցում։ Փորձն է ցույց տվել՝ գործատուն առանց աշխատողի չի մնում, բայց հակառակը միշտ լինում է։

Զրուցակիցս տաքսու վարորդ է արդեն 9 տարի. ասում է՝ «ախպոր պես, նկար-մկար չդնես էդ ինտերնետները՝ 4 հատ թոռ ունիմ, տերն էլ սաղ օրը ըդոնց մեջն է »/համացանցը նկատի ունի/։ Ինձ էլ պատմում է, որովհետեւ վստահ է՝ ինքը չասի, ուրիշից կիմանամ. «խնդիրը մենակ իրենով չէ»։ Ծիծաղում ենք ու անցնում առաջ։ Աշխատանքային պայմանագիր ունի, գործատուն աշխատավարձը չի ուշացնում, դժգոհելու տեղ չունի՝ ասում  է, բայց արտաժամյա աշխատանքի դիմաց երբեք ավել չի վարձատրվել։ Հարցնում եմ՝ տեղյա՞կ է արդյոք, որ արտաժամյա մեկ ժամը գնահատվում է աշխատանքային օրվա մեկ ժամից 50 տոկոսով ավելի, ասում է՝ ավելի լավ է չիմանար ու սկսում է հաշվել «չստացած փողերը»։ Վերջում էլ թե՝ «նայե է՞, հարուստ տղա կեղնեի, էդ ե՞բ 8 ժամից ավել չեմ քշե»։ Հորդորում եմ հետեւողական լինել, բայց ապարդյուն՝ «էղածից գոհ եմ, աղջիկ ջան, էս էլ չէղնի սոված կմնանք»։

ՀԱԿԱփաստարկ

Գյումրիում ՏՏ ոլորտի մասնագետները ամենապահանջվածներից են։ Տեխնոլոգիական կենտրոն մտնելուն պես թիվ մեկ ու քեզ ուղեկցող նախադասությունն է՝ լավ աշխատողը երբեք գործազուրկ չի մնա։ Միջազգային կազմակերպություններ, ներդումներ, տեխնոլոգիական թռիչք ու զարգացում. այս ամենն, իհարկե, ֆանտաստիկ է, բայց ֆանտաստիկայի ժանրից չէ։ Այս շենքում արդեն գործատուներն են բողոքում. երազում են՝ երբ է գալու այն օրը, երբ Գյումրու տեխնոթռիչքին այլեւս պետք չեն լինի դրսից հրավիրված մասնագետները. գյումրեցի երիտասարդները ընդունակ են, բայց միայնակ թռիչքի դեռ պատրաստ չեն։ Բարձր աշխատավարձով, պայմանագրով, հավելավճարներով ու հրաշալի աշխատանքային պայմաններով աշխատանք ունեն եւ կունենան բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են միջազգային կազմակերպությունների միջազգային չափանիշներին։

ԱՊարդյուն

Արդյուքնում ապարդյուն է խոսել աշխատանքային իրավունք-պարտակությունների իրավական նորմերից, քանի դեռ գործատուն շահեկան դիրքում, աշխատակիցն էլ եղածը պահելու սկզբունքով է կարգավորում հարցը։ Արդյուքնում ապարդյուն է իրավական լուծումներից խոսել մի քաղաքում, որտեղ մեկի գործատուն մյուսի հարեւանն է, մեկի աշխատակիցը՝ բարեկամի ընկերը։ Ու այստեղ է, որ ոչ մի կերպ չեն հավասարկշռվում որակյալ աշխատանքի ու գործատուի պահանջների նժարները։ Խախտված իրավունքներով, ցածր վճարվող աշխատակիցը անորակ գործ է անում, գործատուն անորակ գործի դիմաց բարձր չի վճարում։ Բողոքում են բոլորը, բայց դատարանն այս քաղաքի համար չէ. այստեղ ապրում ու աշխատում են չգրված օրենքներով ու համաձայն ներքին կանոնադրության։

Լիլիթ Թովմասյան