ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նյարդերից շատ բան է կախված

Հարցազրույց «Վիա սաքրա» նյարդաբանական կլինիկայի տնօրեն, նյարդաբան ԳԱԼՈՒՍՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Բժիշկ, բազմաթիվ մասնագետների հետ զրուցելով, իմ մոտ կարծիք է ձևավորվել, թե շատ հիվանդությունների պատճառ կամ սկզբնաղբյուր հանդիսանում են նյարդերը:

— Առհասարակ, առողջապահության կազմակերպության որակում կա, որի մեջ մտնում են ֆիզիկական, հոգեկան և սոցիալական առողջությունները, և որևէ կոմպոնենտի խախտումն արդեն իսկ հիվանդություն է առաջացնում: Նյարդերն ավելի շուտ հոգեբանական, հոգեկան աշխարհի հետ են առնչվում, իսկ մնացածը սոցիալական կամ ֆիզիկական են: Բոլոր դեպքերում, նյարդերից շատ բան է կախված, բայց դա որպես առաջնային պատճառ չեմ կարող որակել:

Ի՞նչ մակարդակում է նյարդային հիվանդացությունները, տարածվածությունը, եթե ցուցանիշներ ունեք, կխնդրեի ներկայացնել:

— Կարելի է ասել, որ հարաբերականորեն նյարդային հիվանդացություններն աճել են: Իսկ ինչու եմ ասում հարաբերական, որովհետև այստեղ հաշվի եմ առնում բնակչության թվի նվազումը, սակայն դրան համեմատ, դիմողների թիվը չի նվազել, չի պակասել:

Այս դեպքում կարելի է նկատել, որ տարածված է, քանզի, ըստ բնակչության առկա թվով, ասում եք, որ թիվը չի նվազել:

— Այո, տոկոսային հարաբերությամբ՝ բարձր է:

Կարելի՞ է ենթադրել, որ երեխաների մոտ էլ է նկատվում նյարդային հիվանդությունների աճ:

— Այստեղ խնդիրն այլ կերպ պետք է դիտարկել. 20-30 տարի առաջ շատ դեպքերում բժշկի չէին դիմում, երեխայի մոտ որևէ նյարդային անհանգստություն ուշադրության չէին առնում՝ կապելով լոկ մանկական կամ հասունացման շրջանի հետ: Իսկ հիմա մի քիչ մոտեցումները փոխվել են, դրան էլ գումարած այն, որ բանակի համար պարտադիր հետազոտություններ անցնում են տղաները, որպեսզի ինչ-ինչ խնդիրների դեպքում որպես հիմնավոր փաստաթուղթ ձեռքի տակ ունենան:




Բացի այս, մեր սովորության համաձայն, հավանաբար նյարդերի հետ կապված խնդիրները՝ որպես հիվանդություն, բանի տեղ չենք դնում, մանավանդ, եթե ցավ չունենք: Ասում ենք՝ նյարդեր են, էլի, տրամադրության, հոգեկան վիճակի հետ կապված այսօր վատ են, վաղը լավ կլինեն, է՞լ ինչի գնանք բժիշկների դռները: Ու երևի դիմում են այն ժամանակ, երբ բարդություններ են առաջ գալիս:

— Չէի ասի: Գոնե մեր դեպքում ծառայություններն էժան են և ժողովրդի գրպանին հասանելի: Սակայն լինում են նաև վիրահատական միջամտություններ կամ ավելի բարդացված վիճակներ, որի դեպքում ֆինանսական ծախսեր պահանջվում են:

Այսինքն, եթե դեղորայքային բուժում է ցուցված, նաև դեղորա՞յքն է համեմատաբար էժան:

— Այո: Ծառայության մատուցման ձևերն էլ են էժան:

Իսկ մարդը ինչպե՞ս պետք է հասկանա, որ իր մոտ ոչ թե անցողիկ ջղայնություն է կամ հոգեկան ծանր իրավիճակ, այլ նյարդային հիվանդացություն:

— Նյարդային հիվանդությունները պետք է բաժանենք օրգանականի՝ գլխուղեղի, ողնուղեղի, վերջույթների ծայրամասային ախտահարություն, և կան ֆունկցիոնալ խախտումներ՝ դա արդեն օրգանի ախտահարում չէ, այլ օրգանի գործունեության, կա նաև հոգեկան բնույթի ախտահարումը, որով մենք չենք զբաղվում, այլ ուրիշ պրոֆիլի մասնագետի գործառույթն է: Եվ ամեն մի խմբի դեպքում կլինիկան տարբեր է լինում, որը մասնագետի հետազոտությունից հետո է ախտորոշվում: Եվ, բնականաբար, հիվանդը դիմում է բժշկի այն ժամանակ, երբ ցավեր ունի:

Բժիշկ, վերջին շրջանում Ձեզ ավելի շատ ո՞ր նյարդային ախտանիշներով հիվանդներն են դիմել:

— Ավելի շատ տարածված են լարվածության ցավերը՝ մկանների լարվածությունով, որը մարմնային ցավեր է առաջացնում, գլխացավերով, ֆիբրոմիալգիայով (տարածուն մկանակմախքային ցավերով բնորոշվող ֆիբրոմիալգիան կարող է անբացատրելի ախտանշաններ հարուցել, որոնք ոչ մի ակնհայտ ֆիզիկական պատճառ չեն կարող ունենալ,- հեղ.):

Իսկ այն, որ ասում են «նյարդերը հանգիստ պահել»… Դա հնարավո՞ր է:

— Դե, դա ասում են ոչ թե ասելու համար, այլ ուղղակի խորհուրդ են տալիս՝ կարողանալ զսպել էմոցիաները: Սահման ունենալ՝ զայրույթը զսպելու:

Արդյո՞ք իրականության հետ աղերս ունի «միայն նյարդային բջիջներն են, որ չեն վերականգնվում» արտահայտությունը:

— Սովորաբար նյարդային բջիջները չեն բազմանում: Սաղմի զարգացող ուղեղում նեյրոնների մեծ «պաշար» է առաջանում, որի 70 տոկոսը մեռնում է դեռ մինչև երեխայի ծնունդը: Ուղեղը շարունակում է նյարդային բջիջներ կորցնել նաև ծնունդից հետո, սակայն դա գենետիկորեն ծրագրված գործընթաց է, որի ժամանակ մեռնում են ոչ միայն նեյրոնները, այլ նաև օրգանիզմի մյուս բջիջները: Եվ գիտությունն ապացուցել է, որ նյարդային բջիջները վերականգնվում են: Գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը, ինչպես նաև կենդանիներինը, անընդհատ զարգացման մեջ է: Կարծրատիպ դարձած այն կարծիքը, թե սթրեսն ազդում է բջիջների վրա, և դրանք մեռնում են՝ սխալ է, նեյրոններն ընդհանրապես չեն մեռնում գերծանրաբեռնվածությունից, այլ դանդաղում է նրանց գործունեությունը, հանգստանում են:

Ձեզ մոտ ծա՞նր հիվանդներ են բերում:

— Լինում է, որ բերում են, բայց մենք միայն ամբուլատոր ծառայություն ենք մատուցում, իսկ ծանր հիվանդների համար ստացիոնար բուժում է անհրաժեշտ: Ռադիկուլոպատիաներով, պոլինեյրոպատիաներով հիվանդներն են, ներգանգային հիվանդություններով, արյան շրջանառության, տարածված է ողնուղեղի կանալի նեղվածությունը, որը վերջույթներում ձգվածություն է առաջացնում, դժվարանում է քայլքը:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ նշեցիք դրա տարածվածությունը:

— Մենք քիչ ենք շարժվում, իներտ ենք, շատ ենք մի դիրքով նստում, հատկապես համակարգիչներն ու բջջային ու այլ ժամանակակից սարքերն են մեր կյանք ներխուժել, ինչն էլ բերում է օրգանների ախտահարման… կենցաղավարությունից է:

Հաճախ նյարդն ու մկանը շփոթում ենք: Ցավերը նո՞ւյնն են:

— Մկանի ցավ սովորաբար հազվադեպ է լինում, հիմնականում սպորտսմենների և ծանր ֆիզիկական աշխատանքով մշտական զբաղվածների մոտ է այն արտահայտված լինում, անոթային հիվանդությունների ժամանակ է, որ մկանը սնուցում չի ստանում, ցավ է առաջանում: Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը: Եվ բնականաբար, հիվանդ նյարդերի հետևանքով որևէ օրգանի սնուցում չի հասնում և արդեն կլինիկան ի հայտ է գալիս:

Բժիշկ, որ ասում են «ներվերից ծխում է, խմում է»…

— Տեսեք, նյարդային հիվանդների համար ոչ մի առանձնահատուկ սննդակարգ չի նշվում: Միայն թե ամեն ինչ չափի մեջ՝ լինի կծու, թթու, թե յուղային: Եթե ծխել, օրական չափաբաժինը պետք է սահմանել, եթե խմել, օրական մեկ բաժակ կոնյակը կամ գինին հակասկլերոտիկ էֆեկտ ունեն, միայն թե չափն անցնել պետք չէ: Եվ հոգու բավարարության համար սիրելի աշխատանք, զբաղմունք ունենալը չափից դուրս կարևոր է:

Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր պացիենտներին:

— Թող բոլորն էլ հիշեն, որ որքան էլ բժիշկը դեր ունենա, այն 30-40 կամ 50 տոկոս է, հիմնականում ամեն ինչ կախված է հենց հիվանդից, նրա ներքին տրամադրվածությունից:

 

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Պիտակներ՝